HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցիներն անցկացրին բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի

Գայանե Սարգսյան

«Քիչ էր մնում՝ ասեին, որ Էֆելյան աշտարակն էլ է ուզում վերցնել Սեֆիլյանը»

Հունիսի 23-ին Վանաձորի Դիմաց թաղամասից մեկնարկեց լոռեցիների բողոքի երթը՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի: «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին», «Մահ դավաճաններին», «Ոչ Թալիշը վաճառողներին» բովանդակությամբ պաստառներով երթի մասնակիցները ոտքով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն՝ ճանապարհին հանդիպող քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց: Շուրջ մեկ ժամ տևած երթի վերջին կանգառը Հայքի հրապարակում էր:

Բողոքի ակցիայի նախաձեռնությունը «Նոր Հայաստանի» և «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու գրասենյակի անդամներինն էր: Նրանց էին միացել նաև ՀԱԿ-ի ու «Ժառանգություն» կուսակցության Լոռու տարածքային գրասենյակների  անդամները: Շուրջ 4 տասնյակ ցուցարարների պահանջը մեկն էր՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

Հիմնադիր խորհրդարանի Լոռու գրանսենյակը ներկայացնող Ռազմիկ Էվոյանի խոսքով՝ Ժ. Սեֆիլյանը ձերբակալվել է երկու պատճառով.

«Առաջինը, որ հենց նա բացահայտեց քառօրյա պատերազմի ընթացքում մեր ղեկավարության դավաճանական բնույթը. պատերազմի ընթացքում բացահայտվեցին այնպիսի փաստեր, որոնք մեր ժողովուրդը չընդունեց: Այսինքն՝ մեր քաղաքական ու ռազմական ղեկավարները փորձեցին կոծկել որոշ փաստեր: Ժ. Սեֆիլյանը ճշմարտության այն ջատագովն էր, որ կարողացավ իր մեջ ուժ գտնել ու բացահայտել ճշմարտությունը՝ կապված միլիոնավոր մետրերի ու այլնի հետ: Եվ երկրորդ հանգամանքը, ինչի պատճառով այսօր գործող իշխանությանը ձեռք չէր տալիս Ժ. Սեֆիլյանը, դա այն էր, որ համախոհների ու սատարող կազմակերպությունների կողմից Ժ. Սեֆիլյանն առաջադրանք ուներ ձևավորել Ազգային ընդդիմության կոմիտե, ավելի ընդլայնել «Նոր Հայաստան» ճակատը: Եվ այսօրվա իշխանությունները մեծ վախ զգալով, որոշեցին վնասազերծել նրան՝ շինծու մեղադրանք առաջադրելով»:

Հայ Ազգային կոնգրեսի Վանաձորի խորհրդի անդամ Աշոտ Մանուկյանն էլ մտավախություն ունի, թե «հնարավոր է՝ պատրաստվում են գրավյալ տարածքներից ինչ-որ բաներ զիջել ու ումից լուրջ վտանգ են զգում, փորձում են մեկուսանցել»:

Առաջադարված մեղադրանքը բողոքի ակցիայի մասնակիցներն անհիմն են համարում:

«Քիչ էր մնում՝ ասեին, որ Էֆելյան աշտարակն էլ է ուզում վերցնել Սեֆիլյանը»,- կատակում է Ռ. Էվոյանը:

«Ժառանգություն» կուսակցության Լոռու տարածքային գրասենյակի ղեկավար Գառնիկ Սահակյանը Ժ. Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը որակում է աբսուրդ:

«Աբսուրդ է, սա ոստիկանության պրիմիտիվության մասին է խոսում: Սա նաև նախագահական նստավայրի անուղեղերի մասին է խոսում: Ամբողջ պետական ապարատը դարձել է ուռճացված թալանչիների իշխանություն»,- ասում է նա:

Վերջինս վստահ է՝ ՀՀԿ-ի գործելաոճը բումերագի էֆեկտ է ունենալու:

«Ժ. Սեֆիլյանը մեծ հայրենասեր է, ազգային հերոս է: Նա անխոցելի է ու ժամանակը դա ցույց կտա: Դատական համակարգը, ոստիկանությունը, որը  ՀՀԿ-ի իշխանությունը ամրապնդելու գործիք է դարձել, բումերանգի նման խփելու է նույն ՀՀԿ-ի հեղինակությանը»,- նշում է Գ. Սահակյանը:

Ազգային հերոսին սատարող լոռեցի ցուցարարների թիվը չէր անցնում 4 տասնյակը: 

«Էս փողոցով անտարբեր անցնողները պետք է իմանան, որ ցանկացած պահի կարող են արժանանալ Սեֆիլյանի ճակատագրին, - ասում է Աշոտ Մանուկյանն ու հավելում,- մեր ժողովուրդը պետք է սովորի իր արդարացի բողոքի ձայնը բարձրացնի իշխանության բոլոր ոտնձգությունենրի դեմ, որովհետև չի կարող այսպես շարունակվել: Իշխանությունը թույլատրելի բոլոր սահմաններն անցել է, օրենքը օգտագործվում է որպես մահակ համարձակ,ազնիվ, բարոյական մարդկանց ճնշելու համար: Այս ձևով շարունակելու դեպքում մենք շատ կարճ ժամանակում հրաժեշտ կտանք Հայաստան պետությանը»:

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Վարդան Վարդանյանի կարծիքով՝ մարդկանց անտարբերությունը պայմանավորված է ամենօրյա հոգսերով:

«Մարդիկ էսօր թմբրի մեջ են, մեծ մասն իրենց հանապազօրյա հացի հայթայթման հետևից են ընկած»,- ասում է նա:

Ու եթե շարքային քաղաքացու անտարբերությունը Վ. Վարդանյանը ներելի է համարում, ապա մտավորականության բացակայությունը՝ ոչ:

«Մեր քաղաքի ինտիլիգենցիան ո՞ւր է: Որ իրենց գրող են համարում, չգիտեմ ինչ հավակնություններ ունեն: Մեր ունեցած ինտիլիգենցիա, ո՞ւր ես, ինչո՞ւ ազգիդ կողքին չես, ինչո՞ւ ազգիդ հերոսին չես պաշտպանում»,- հռետորական հարցեր է բարձրաձայնում Վ. Վարդանյանը:

Հայքի հրապարակում մոտ մեկ ժամ տևած բողոքի ակցիան ցուցարարներն ավարտեցին ակնկալիքով, որ նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև հանրապետության մյուս քաղաքներում ու ի վերջո կհասնեն սպասված արդյունքին՝ Ժիրայր Սեֆիլյանի ազատմանը:                                             

Մեկնաբանություններ (1)

Սիրանուշ
Ապրեք բոլորդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter