Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Սպիտակում չգիտեն անվճար բուժօգնության մասին կամ գիտեն, որ այն չի գործում



Պետպատվերով անվճար բուժօգնության և սպասարկման վերաբերյալ շարքային սպիտակցիների և «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, բժիշկ Արսեն Մկրտչյանի կարծիքները հակասում են իրար:

Տնօրենն ասում է, որ հիվանդանոցային անվճար բուժօգնության և սպասարկման համար 2016թ.-ին ԲՀԿ-ին պետբյուջեից հատկացված ամբողջ պետպատվերի գումարը՝ 348,8 մլն. դրամը, չի բավականացնում, բայց ըմբռնումով են մոտենում պետության հնարավորություններին և բավարարվում են եղածով. «Վերջիվերջո էսօր մեր պետության հնարավորությունը դա է: Մենք պետպատվերի համար այդ գումարների մեջ տեղավորվում ենք: Ուրիշ բան, որ մենք ճոխություններ թույլ չենք տալիս: Եթե բավարար լինի, մենք օգուտով աշխատենք, ավելի որակյալը կբերենք՝ ոչ միայն դեղորայք, այլ բուժպարագաներ ու  բուժսարքավորումներ»,- ասում է նա:

Երկրաշարժ տեսած շարքային սպիտակցիներին, անկախ պետպատվերի գնային ծավալից, հետաքրքրում է իրենց մատչելի պետպատվերը: Արսեն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ Սպիտակի բժշկական կենտրոնին 2016թ.-ին պետբյուջեից հատկացված 50,4 մլն. դրամով հունիսի 1-ի դրությամբ անվճար բուժօգնությունից օգտվել են կառավարության N 318-Ն որոշումով  սահմանված սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված մոտ 1000, 2015 թ.-ին՝ 2000 քաղաքացիներ:

Տնօրենի ասելով՝ համավճարով բուժվող հիվանդների 80 տոկոսը նույն 318-Ն օրենքով ազատվում են համավճարից: Հունիսի 1-ի դրությամբ  համավճարով բուժում են ստացել 28 հիվանդներ: «Ի՞նչ պետպատվերի մասին եք խոսում, Սպիտակում չկա էտենց բան։- ասաց տաքսիստ Արմեն Դավթյանը և պատմեց,- Գրիժա ունեի, օպերացիայի համար 180 հազար դրամ փող վերցրին: Սպիտակի նորվեգական հիվանդանոցում եմ վիրահատվել: Ես նպաստառու էի, իմ աղքատության միավորները համապատասխանում էին: Վիրահատությունս 1,5 տարի առաջ է եղել: Ասացի թղթեր եմ ներկայացրել, աղքատության նպաստառու եմ: Գլխավոր բժիշկը չընդունեց ոչ մի բան: Ասավ՝ 180 հազար դրամ պետք է վճարես, որ օպերացիան արվի»:

Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող Ռոբերտ Շմոյանը տեղյակ չէր հիվանդանոցային անվճար բուժօգնություն ստանալու իր իրավունքներից: Ասաց՝ փողի պատճառով չի գնում հիվանդանոցային բուժման: Ռոբերտին հիշեցրի, որ պետպատվերով հիվանդանոցային անվճար բուժում ստանալու իրավունք ունի։

«Չկա էտենց բան, փողը հենց բուժող բժիշկն է վերցնում»,- միջամտեց Արմենը։

«Հիմա ես  կարա՞մ էդ անվճար բուժօգնությունից օգտվել»,- հարցրեց Ռոբերտ Շմոյանը:

«Մայրս 2-րդ կարգի հաշմանդամ է, տանում ենք Սպիտակի հիվանդանոց, զուտ փող է»,- պատասխանեց Արմենը:

«Սենց իմանում եմ, որ հաշմանդամությունս անց չի կենում, դրա համար էլ չեմ գնում բժշկի»,- մոլորվեց Ռոբերտը:

Քարվաճառում 1998թ.-ին զոհված սպիտակցի զինվոր Սաղաթել Գևորյանի մայրը՝ տիկին Ա. Գևորյանը պատմեց, որ որդին ծառայության ավարտի վերջին օրերին է զոհվել։ «Ես չեմ ցանկացել Սպիտակի հիվանդանոցում բուժվել: Հիվանդանոցային անվճար բուժօգնություն մի 4-5 անգամ ստացել եմ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում՝ բժշկուհի Ֆլորա Էլիզբարյանի մոտ: Շատ գոհ եմ նրանից: Ամեն բուժումից հետո մոտ մեկ տարի լավ եմ զգում: Ես այնտեղ ենթարկվել եմ նաև լաբորատոր հետազոտությունների, ոչ մի անգամ փող չեմ վճարել»,- հայտնեց զոհված զինվորի մայրը:

Անահիտ Սարգսյանն էլ ասաց, որ աղքատության իր 36 միավորի արտոնությամբ Սպիտակի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում ենթարկվել է կանացի ու լեղապարկի վիրահատության և ոչ մի դրամ չի վճարել:

Սպիտակում հիվանդանոցային անվճար բուժում ստացող հիվանդները իրենց բուժման համար նշանակվող դեղերի որակից  չդժգոհեցին: Հարցը դեռ դրան չէր հասել: Նրանց համար առաջնահերթը անվճար բուժում ստանալու համար ԲՀԿ-ի տնօրենի համաձայնություն ստանալն է։ «Ես, իմիջայլոց միակ տնօրենն եմ հանրապետությունում, որ նախագահի առաջ դեղորայքի գնումների հարցը բարձրացրել եմ նախընտրական քարոզարշավում՝ հասկանալով, որ էս օրենքը լավ օրենք է, ճիշտ օրենք է, բայց բժշկության համար մի քիչ այլ բան պետք է լինի, այսինքն մեզ պետք է թույլ տան գնենք այն, ինչ ուզում ենք: Որոշ բաներ փոխվեց, տեխնիկական քարտեր մտցվեց, կատետրները ես հիմա գրում եմ, որ իմեննը այ էս ձևի եմ ուզում»,- ասաց Ա. Մկրտչյանը:

«Հիվանդները դժգոհու՞մ են դեղորայքի անորակությունից»,- հարցրի:

«Դուք երևի կհիշեք՝ մի երկու տարի առաջ ամբողջ մի տարի կրկնում էին, թե «Թետրաքսիոն» 200 դրամանոց դեղը մենք 800 դրամով ենք առել: էտենց բան չէր եղել, մենք պարզապես 200 դրամանոցը չէինք առել, առել էինք 800 դրամանոցը, որը ասենք ռուսական կամ եվրոպական էր, իսկ 200 դրամանոցը չինականն էր»:

Տնօրենի՝ ասելով իրենց առողջապահության նախարարությունից չեն ասում ամենաէժան դեղը պետք է գնեք, այլ ասում են՝ մրցույթով ամենաէժան առաջարկվող դեղորայքը առեք. «Այսինքն, մենք մեր պայմաններն ունենք, որ դեղորայքը էսպես պետք է լինի, էս ժամանակով, էս խարակտերիստիկայով: Ես հիմա գնում եմ եվրոպական արտադրության կամ համարժեք դեղորայքը, եթե Հայաստանի Հանրապետությունում դա անցել է փորձարկումը, սերտիֆիկատ ունի և ներկայացնում է: Էնպես է լինում, որ մեկ-երկու դրամի տարբերությամբ, 5 դրամի կամ 100 դրամի տարբերությամբ գնում ենք»,- բացատրեց նա:

Վերադառնալով հիվանդանոցային բուժման դեղերի որակին՝ Ա.Մկրտչյանը հայտնեց. «Բայց որակն ով է որոշում այստեղ: Ցանկացած հիվանդ էլ էդ հնարավորությունն ունի, որ ասի՝ ես իմեննը սա եմ ուզում, կամ սա է ուզում: Մենք իրեն համարժեք դեղորայք տալիս ենք: Միգուցե լինում են դեպքեր, որ հիվանդները իրենց դեղորայքով են բուժվում, բայց ես դրանից տեղյակ չեմ, որովհետև աշխատում ենք ամեն կերպ դեղորայքով ապահովել»,- ասաց նա:

Սպիտակում հաշմանդամություն ունեցողները շատ են. «Մեր մոտ պետպատվերը ավելի քիչ է, քան հիվանդների քանակը: Եթե մարդիկ անհետաձգելի բուժման կարիք են ունենում, անկախ նրանից հաշմանդամության խնդիր ունեն, թե՝ չէ, անհետաձգելի բուժում են ստանում: Ովքեր պլանային բուժման համար են գալիս՝ հերթագրվում են»,- բացատրեց Արսեն Մկրտչյանը:

Սպիտակի հիվանդները 10 տարի էխոկարդիոգրաֆիայի հետազոտության են ենթարկվել Սպիտակի ԲՀԿ-ում: Մկրտչյանի ասելով՝ այդ տարիներին պետպատվերով ստացիոնար բուժվող հիվանդների էխոկարդիոգրաֆիայի հետազոտությունը անվճար են արել, բայց ամբուլատոր բուժվող հիվանդների դեպքում վճարովի ծառայություն է եղել: Հիմա 1-ին տարին է, ինչ ԲՀԿ-ում գործում է էխոկարդիոգրաֆիայի անվճար հետազոտությունը: «Այժմ անվճար էխոկարդիոգրաֆիայի հետազոտության դժվարամատչելի ուղեգիրը տրվում է նրանց, ովքեր անվճար հետազոտման իրավունք ունեն»,- ասաց Ա. Մկրտչյանը:

«Պետպատվերով ամբուլատոր բուժվող հիվանդը հիմա իրավունք ունի՞ անվճար էխոկարդիոգրաֆիայի հետազոտություն անցնելու»,- հարցրի:

«Ամբուլատոր բուժում ստացողը  մտնում է պետպատվերի ցանկի մեջ, եթե օգտվում է պետպատվերի իրավունքից»,- պատասխանեց նա: Արսեն Մկրտչյանը ոգևորությամբ հայտնեց, որ իր ղեկավարած  բժշկական կենտրոնում այնպիսի լաբորատոր-գործիքայի սարքավորում չկա, որ չունենան:

«Ես 3-րդ խմբի հաշմանդամ եմ, սրտի առիթմիայով հիվանդ եմ: Այս տարի Սպիտակի բժշկական կենտրոնում եմ բուժում ստացել: Բա առանց փողի բա՞ն է լինում: Էդ Հոլտեր-ԷՍԳ  հետազոտությունը 9 հազար դրամ է: Տեղադրում են  սրտի վրա, 24 ժամ մնում է: Վերջին անգամ Սպիտակի հիվանդանոցում մեկ ամիս առաջ եմ Հոլտեր-ԷՍԳ սարքավորումով ստուգվել: Դե հմի տհենց ա, մեզ մոտ՝ Սպիտակի հիվանդանոցում մուծում են: Չեմ ուզում խորանալ, ինձ կնեղացնեն»,- ասաց Աղունիկ Աթիկյանը:

Աղունիկը նաև ասաց, որ մի քանի անգամ բուժում է ստացել Երևանի Մալաթիայի հիվանդանոցում. «էնտեղ էլ է ամեն ինչ փող: Մալաթիայի հիվանդանոցում ասում են՝ սա սեփական հիվանդանոց է, ասենք այցը, որ մտնում ես հիվանդանոց՝ 5 հազար դրամ ես մուծում, Հոլդեր-ԷՍԳ սարքով հետազոտվելու համար 9 հազար դրամ ես մուծում, էխոն 6 հազար դրամ է: Մի խոսքով ԷԿԳ եմ անցել, մինչև չես մուծում հիվանդանոց չեն թողնում: Վերջին անգամ՝ հերու հունիսի 28-ին, Երևանի հանրապետական հիվանդանոցում եմ բուժվել: Հանրապետականում բուժումներիս համար ոչ մի կոպեկ չմուծեցի: Դե մեր Սպիտակի հիվանդանոցում էլ, որ բժշկի մոտ մտնում ես, այցդ 3 հազար դրամ է, անկախ այն բանից՝ հաշմանդամ ես, ով ես, մուծում ենք: Եսիմ, դե վեր են ունում»,- հայտնեց հաշմանդամություն ունեցող Աղունիկ Աթիկյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. yura07:53 - 27 հունիսի, 2016
Ալան-Թալան
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ