Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Արցախյան գյուղում փորձում են պայմաններ ստեղծել՝ տուրիստների գրավելու համար


Հադրութի շրջանի Մեծ Թաղլար (պաշտոնապես՝ Մեծ Թաղեր) համայնքը, ինչպես գյուղապետ Վլադիկ Դանիելյանն է ասում, «տուպիկովի»՝ փակուղային բնակավայր է: Իշխանագետի ափին՝ լանջի վրա փռված գյուղը գտնվում է ԼՂՀ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուց 3 կմ հեռու, ու դա, կարծես, բավարար է, որ համայնքը դուրս մնա տուրիստական հիմնական երթուղիներից, որոնք անցնում են հարեւան գյուղերով՝ քարանձավով հայտնի Ազոխով եւ մելիքական ապարանք ունեցող Տողով: Սակայն այնպես չէ, որ Թաղլարը զբոսաշրջիկին ցույց տալու բան չունի. ընդհակառակը՝ արհեստագործությամբ, իր պատմությամբ եւ բնությամբ հայտնի գյուղը այն բնակավայրերից է, որտեղ վերջին տարիներին փորձ է արվել տուրիզմի բարենպաստ միջավայր ստեղծել:

Առաջին երկու տեղը, ուր ուղղորդում են դրսից եկածին, գյուղի թանգարանն ու էթնոկենտրոնն են: Մեծ Թաղլարում է ծնվել ԽՍՀՄ հերոս, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը, ով պատմության մեջ ավելի հայտնի է իբրեւ Սերգեյ Խուդյակով: Հենց նրա անունով էլ կոչվում է գյուղի թանգարանը, որն իբրեւ մասնաճյուղ ենթարկվում է Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանին:

Մասնաճյուղի վարիչ Արծվիկ Լալայանը պատմում է, որ թանգարանի գործունեությունը սկսվել է 1984-ից, սակայն պատերազմի ժամանակ՝ 1992-ին, երկհարկանի շենքը վեր է ածվել շտաբի ու զորանոցի: Երկրագիտական ցուցանմուշները՝ հնագիտական տարբեր տեսակի առարկաները, այդ ընթացքում տեղափոխվել էին գյուղապետարան: Թանգարանը վերաբացվել է 2002-ին, Ա. Լալայանն այն ղեկավարում է 2003-ից: Երկրորդ հարկում, որն իրենից դահլիճ է ներկայացնում, ցուցադրված են մարշալ Խուդյակովին նվիրված ցուցանմուշներ, ինչպես նաեւ թաղլարցի զինվորականների մասին պատմող ցուցանակներ: Այս գյուղից է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, այժմ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Թանգարանի մուտքի մոտ «ՄիԳ» տիպի ռազմական ինքնաթիռ է կանգեցված, մարշալի հուշարձանն էլ ծածկված է սավանով: Ա. Լալայանն ասում է, որ այն վերանորոգել են, սակայն բացի դրանից՝ նաեւ շենքի շրջակա տարածքը պիտի բարեկարգվեր, սալապատվեր, հետո բացումն արվեր, այնինչ ապրիլյան պատերազմն իր խմբագրումներն արեց՝ աշխատանքները հետաձգվել են: Թանգարանի առաջին հարկում երկրագիտական նմուշներն են ցուցադրված, բայց ամեն ինչ մի տեսակ կիսատ է ու, կարծես, ժամանակավոր: Պատճառն այն է, որ շենքը հրատապ վերանորոգման կարիք ունի, առաջին հարկի սենյակներից մեկի հատակի մի մասը քանդել են, խոնավությունից տախտակները փտել էին: 1984-ից ի վեր շենքը չի հիմնանորոգվել, վերջին անգամ կոսմետիկ նորոգում եղել է 2003-ին: Թանգարանի վարիչը պատմում է, որ թանգարանի վերանորոգումն, ըստ էության, դպրոցի հետ նույն ծրագրի մեջ է, քանի որ քաղաքաշինության նախարարության աշխատողները իրար հետ են չափագրել այդ երկուսը. «Հազար անգամ չափումներ են արել, գնացել»:

Թանգարանի այցելուները գլխավորապես տեղի դպրոցականներն են, որոնցից ամեն մեկը, Ա. Լալայանի ասելով, երեւի մի հարյուր անգամ եղել է այստեղ: Բայց նշում է, որ Արցախից, Հայաստանից ու արտերկրից եկողներ էլ կան՝ տարեկան մի 2000 հոգի: Օրինակ՝ Ռուսաստանից եկողներին հատկապես գրավում է մարշալ Խուդյակովի գործոնը:  

Արծվիկ Լալայանը համոզված է, որ Մեծ Թաղլարը տուրիստներին գրավելու մեծ հնարավորություններ ունի. «Պատմական հայտնի բերդերի, վանքերի կողքին ենք ապրում՝ Գտիչ բերդը, Գտչավանքը, Կատարո վանքը Դիզափայտ լեռան վրա, բնությունը…»:

Գյուղի կենտրոնից մինչեւ Տող սարի վրա գտնվող հայտնի Գտչավանք 10 կմ է: Թանգարանի վարիչն ասում է, որ եթե վանքի վերանորոգման աշխատանքները շուտ ավարտվեն, տուրիստները կշահեն: Նշում է նաեւ, որ տուրիստական ընկերություններն այժմ հիմնականում կենտրոնացած են հյուսիսային երթուղու կետերի վրա՝ Գանձասար, Դադիվանք եւ այլն:

Գյուղի էթնոկենտրոնի տնօրեն Գարիկ Ոսկանյանը, սակայն, նշում է, որ Մեծ Թաղլարը «Ասպար տուր» ընկերության հիմնական զբոսակետերից է: Իր հերթին գյուղապետ Վլադիկ Դանիելյանն ասում է, որ տուրիստների հոսքը համակարգված չէ. «Մեկ-մեկ, հատուկենտ այցելուներ ունենում ենք արտասահմանից, գյուղում շրջում են, թանգարան, էթնոկոմպլեքս մտնում: Բայց համակարգված չեն գալիս, որ ասենք կոնկրետ խումբ գա գյուղի ուսումնասիրման համար»: Վ. Դանիելյանի կարծիքով՝ թե Հայաստանում, թե Արցախում տուրիզմը տարերայնորեն է զարգանում, համակարգված զարգացման միտում չկա: Այս տեսակետը չի կիսում ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը: Իսկ հարցին, թե ինչ է արել համայնքում տուրիզմին զարկ տալու համար, գյուղապետ Դանիելյանը պատասխանում է, որ զարգացման ծրագիր պատկան մարմիններին չի ներկայացրել. «Ինչի՞ մասին ներկայացնեմ, երբ հյուրանոց չունեմ»: Հետո ավելացնում է, թե միթե հիմա դրա ժամանակն է (ակնարկում է ապրիլյան պատերազմն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը, չնայած փոխնախարար Շահվերդյանի համոզմամբ՝ կռիվն այժմ տնտեսական դաշտ է տեղափոխվել):

Մեծ Թաղլարում, ըստ գյուղապետի, տուրիստների գիշերակացի հնարավորություն չկա, չնայած Արծվիկ Լալայանը կարծում է, որ իրենց տներն այդ նպատակով (իբրեւ տուրիստական տուն) տրամադրող գյուղացիներ կլինեն: Մյուս կողմից, ըստ թանգարանի վարիչի, Թաղլար եկողների համար գիշերակացի լավագույն վայր կարող է լինել հարեւան Տող գյուղի ձորակում գտնվող «Նոր կյանք» ջրաշխարհի հյուրանոցը (ջրաշխարհն Արթուր Աղաբեկյանի նախաձեռնությունն է): Վ. Դանիելյանն իր հերթին հերքում է գյուղում շրջող լուրերը, թե Մեծ Թաղլարում հյուրանոց է կառուցվելու. «Առայժմ նման բան չկա»:

Այնինչ պարզվում է՝ կա: Էթնոկոմպլեքսի տնօրեն Գարիկ Ոսկանյանն ասում է, որ նպատակ ունեն գյուղի տներից մեկը հյուրատուն դարձնել ղարաբաղյան ավանդական ոճով, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան հենց տեղում գիշերել: Ծրագրում են նաեւ ջրաղաց կառուցել, որով կաղան տեղական ցորենն ու կվաճառեն ցանկացողներին:

Գարիկը, ով անասնաբույժ է, «Կաժ» էթնոկոմպլեքսի տնօրենն է: Կաժը գյուղի հին անունն է, նշանակում է մանած թելի կծիկ: Մեծ Թաղլարը ավանդաբար հայտնի է եղել իր արհեստներով՝ գորգագործությամբ, դարբնությամբ, համետագործությամբ, կլայեկչագործությամբ, բրուտագործությամբ: 2006-ին Արթուր Աղաբեկյանի նախաձեռնությամբ գյուղի տներից մեկը վերածել են թեյարան-գորգագործարանի՝ «Կաժ» անունով: Առաջին հարկում թեյարանն էր, որտեղ առաջարկվում էին նաեւ տեղական ուտեստներ, իսկ երկրորդում՝ գորգագործարանը:

Տնօրենը պատմում է, որ խորհրդային տարիներին գյուղի գորգագործարանում մինչեւ 60-70 աշխատող կար: «Հին աշխատողներին հրավիրեցինք, նորերին վերցրինք, մի որոշ ժամանակ աշխատեցին»,- պատմում է Գարիկը: Նոր գործարանում մինչեւ 12 հոգի էր աշխատում, սակայն մի քանի տարի անց գորգերն իրացնելու խնդիր է ծագել, ինչի պատճառով էլ գործարանը փակվել է: Խոնավության պատճառով վերանորոգման խնդիր է առաջացել նախկին երկհարկանի տանը, ինչից հետո թեյարանը տեղափոխել են նորակառույց համալիր: 2013-ին հիմնված «Կաժ» էթնոկոմպլեքսի կազմում այսօր գործում են դարբնոցը, օղու թորման արտադրամասը, թոնիրը, թեյարանը:

Դարբնոցում աշխատում է տեղացի դարբին Արթուրը, որը տարբեր տեսակի իրեր է պատրաստում գյուղացիների համար, թեյարանում խոհարարն է իր ամուսնու հետ, իսկ թոնրատանը՝ հացթուխը: Օղու արտադրամասում, որը նախկինում բնակելի տուն է եղել եւ հին պատմությունի ունի, այսօր տեղական հումքով թթի, հոնի, ծիրանի, վայրի տանձի օղի են թորում, որն առաջարկվում է այցելուներին, երբեմն էլ հանվում է վաճառքի տարբեր ցուցահանդես-փառատոների ժամանակ:

Տնօրենի պատմելով՝ էթնոկոմպլեքսում եղել են նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, նախարարներ, գործարար Ռուբեն Վարդանյանը, ՌԴ պետական գործիչ Անատոլի Չուբայսը: Տուրիստներ են գալիս Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, ԼՂՀ ժամանող տարբեր պաշտոնյաներ նույնպես երբեմն հրավիրվել են այստեղ: Եվ չնայած նախկինում թե թաղլարցիների, թե դրսից եկողների շարժն ավելի մեծ էր, Գարիկ Ոսկանյանը հույս է հայտնում, որ աստիճանաբար այս նախաձեռնությունը կարդարացնի իրեն:

Լուսանկարները՝ հեղինակի եւ Քնար Բաբայանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Աննա09:25 - 24 հունիսի, 2016
Ինչու գյուղը չեն վերանվանում Կաժ? Ինչու են օգտագործուըմ կիսաթուրքական Թաղլարը?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։