HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հռոմի պապի այցի տնտեսական օգուտները

Այսօր՝ մի քանի ժամ հետո, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Հայաստանում կլինի։ Այս այցը տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկն է Հայաստանի համար։ Որոշ գնահատականներով՝ հենց ամենակարևորը։ Քաղաքական, հոգևոր-մշակութային և այլ ոլորտներում կարևորությունից զատ Հռոմի պապի այցը ուշագրավ է նաև տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից։ Այստեղ չենք «չափի» կարևորությունները տարբեր ոլորտներում, այլ՝ պարզապես արձանագրենք մի քանի փաստ զուտ տնտեսական տեսանկյունից։

Անվճար գովազդ, որի  համար մի քանի միլիոն դոլար կպահանջվեր

Երբ որևէ հանրահայտ դեմք է այցելում Հայաստան, գովազդվում և շրջանառվում է Հայաստանի անունը միջազգային լրատվամիջոցներում։ Դրա հետ մեկտեղ, շրջանառվում է  ոչ միայն երկրի անունը, այլև՝ այն վայրերը, որտեղ այցելում է նշված անձը։ Այդ ամենի արդյունքում Հայաստանի անունը տեղ է գտնում այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների հոդվածներում ու ռեպորտաժներում, որոնք պատվիրված գովազդի դիմաց սովորաբար կլորիկ գումարներ են պահանջում։ Իսկ նման այցեր լուսաբանելով՝ նրանք անուղղակիորեն անվճար գովազդում են մեր երկիրը։ Ընդ որում՝ հաճախ ոչ միայն զուտ այցերն են լուսաբանում, այլև ճանաչողական նյութեր պատրաստում Հայաստանի մասին։ Այսինքն՝ դա գովազդ է, որի արդյունքներին համապատասխան գովազդ կազմակերպելու համար նույնիսկ մի քանի միլիոն դոլար կպահանջվեր:

Հինգ օր առաջ՝ հունիսի 19-ին, ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության Twitter-ի միկրոբլոգում հայտարարվեց, որ մոտ 600 լրագրող է հավատարմագրվել` լուսաբանելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան։ Նրանց թվում, անկասկած, կլինեն նաև միջազգային  հեղինակավոր լրատվամիջոցներ։ Այդպիսով, առնվազն երկու օր միջազգային լրատվամիջոցներով Հայաստանի անվան շրջանառությունն ապահովված է։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը Հայաստանում կմնա երկու օր:

Նմանատիպ այցերը համարվում են «լավ աշխատող» անուղղակի գովազդներ։ Գովազդվող երկրի համար դա աշխարհին ներկայանալու լավագույն տարբերակներից մեկն է։ Թող անհամեմատելի չթվա օրինակը, բայց երբ ամերիկահայ հեռուստատեսային դեմք և բազմաթիվ բարոյախրատական քննադատությունների արժանացած Քիմ Քարդաշյանը 2015 թվականին Հայաստան եկավ, Հայաստանի անունը մի քանի օր շարունակ տեղ գտավ միջազգային մամուլի էջերին:

Գովազդի տեսանկյունից Հայաստանի համար բավականին կարևոր է նաև Հռոմի պապի ուխտագնացության կարգախոսը՝ «Այց դեպի առաջին քրիստոնյա երկիր»։ Ըստ որոշ մասնագետների՝ առաջին քրիստոնյա երկիր լինելու փաստն ընդգծելը կարող է նպաստել, որ երկիրն առավել գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար։

Հռոմի պապի այցը՝ զբոսաշրջության կարճաժամկետ աշխուժացման հիմք

Նախնական տեղեկություններով և մոտավոր հաշվարկներով՝Հռոմի պապի հետ Հայաստան կժամանի ավելի քան 3 հազար ուխտավոր։ Այս մասին ավելի վաղ գրել է The Catholic Register-ը։ Իհարեկ, սա մոտավոր հաշվարկ է և հնարավոր է՝ ուխտավորների թիվը ավելի մեծ կամ փոքր լինի։ Ամեն դեպքում, այցը ժամանակավոր աշխուժություն կապահովի Հայաստանի զբոսաշրջության ոլորտում։ Դա համարվում  է իրադարձային զբոսաշրջություն։ Արդեն իսկ աշխուժություն է ապահովվել հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար, հատկապես՝ Գյումրիում ու Երևանում։ Ըստ տեղեկությունների՝ այս քաղաքներում հյուրանոցային համարների ամրագրումը սկսվել է շատ ավելի վաղ։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին նախատեսված է Սբ. Պատարագ Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Հռոմի պապի այցը, ենթադրվում է, հետագայում էլ որոշակի դրական ազդեցություն կունենա Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա։ Դրան կնպաստեն նաև միջազգային մամուլի հոդվածները, որոնց շնորհիվ բազմաթիվ պոտենցիալ զբոսաշրջիկներ կարող են իմանալ Հայաստանի տեղը:

Հայաստան եկող և մինչև մեկ շաբաթ մնացող 1 զբոսաշրջիկն, ըստ ոլորտի փորձագետների ու գործակալությունների հաշվարկների, մոտավոր ծախսում է 0,5-1 հազ. ԱՄՆ դոլար, փոքր-ինչ ավելի երկար մնալու դեպքում ՝ շուրջ 1,5 հազ. դոլար։ Հիմա վերադառնանք սպասվող 3 հազ. ուխտավորի թվին։ Քանի որ Հռոմի պապի այցը նախատեսված է երկու օր, հետևաբար ենթադրենք, որ ուխտավորները կծախսեն յուրաքանչյուրը 0,5-1 հազ. դոլար։ Այսինքն՝ ընդհանուր և մոտավոր հաշվարկով՝ Հայաստանում նրանք կծախսեն մինչև 3 մլն ԱՄՆ դոլար։

Համեմատության համար նշենք, որ վերջին տարիներին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատականներով, Նովրուզը նշելու համար մինչև 30 հազար իրանցի է գալիս Հայաստան։ Նրանց այցի օրերին, հատկապես Երևանում, զբոսաշրջային աշխուժություն է նկատվում։ Սա ևս համարվում է իրադարձային զբոսաշրջություն։ Իհարկե, իրանցիների հոսքը և նրանց այցի արդյունքում Հայաստանում ծախսվող գումարը շատ ավելի մեծ է լինում՝ մինչև 30 մլն դոլար, ու նպաստում դրամի կարճաժամկետ արժևորմանը։ Եվ չի բացառվում, որ ուխտավորների սպասվող այցի արդյունքում ևս դրամի որոշակի ու ժամանակավոր արժևորում նկատվի։ Հռոմի պապի Հայաստան այցի արդյունքում տնտեսական նշված օգուտների մասին որոշ ժամանակ անց հնարավոր կլինի խոսել ստույգ թվերով ու փաստերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter