HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի Տանձուտ գետը ողողել է տնակային ավանը

Գայանե Սարգսյան 

«Կարող ա մի օր էլ քնած էղնենք, սելավը գա մեր վրով քշի տանի: Մենք ո՞ւմ ենք պետք»

Հունիսի 23-ի երեկոյան Վանաձորում տեղացած հերթական հորդառատ անձրևը աղետալի հետևանքներ է ունեցել Սանկտ-Պետերբուրգ անունը կրող տնակային ավանի բնակիչների համար: Ավանի երկայնքով ձգվող Տանձուտ գետը դուրս է եկել ափերից ու մի քանի տասնյակ մետր շառավղով ջրով ողողել հարակից տնակային թաղամասը: Ջրի հոսքն այնքան ուժեղ է եղել, որ բնակիչները չեն կարողացել ինչ-որ բան անել: Ավանի բնակիչների խոսքով՝ կեղտաջրով է ողողվել 20-ից ավելի տնակ, վնասվել է ոչ միայն տնակների հատակն ու գորգերը, այլ նաև գույքը:

Մեզ հետ զրույցում բնակիչները նշում էին, որ անձրևաշատ օրերին գետն ափերից հաճախ է դուրս գալիս: Պատճառը գետի հենապատի բացակայությունն է:

«Մի քանի տարի առաջ բերին ինչ-որ բաներ դրեցին, հենապատ սարքեցին, բայց ժամանակի ընթացքում գետն ամեն ինչ քշեց տարավ: Հիմա տնակները պաշտպանող ոչինչ չկա»,- ասում է ավանի բնակիչներից Գոհար Ղազարյանը ու ցույց տալիս ջրի տակ հայտնված այգին ու գետի երկայնքով ձգվող գազատարը, որն այժմ ամբողջությամբ ջրի տակ է:

Գետին շատ մոտ գտնվող Հերմինե Սարգսյանի տնակի սենյակներից միայն մեկն է չոր մնացել:

«Նոր էինք ռեմոնտ արել: Ամբողջ ջուրը լցվել ա զալը, բալկոնը, բաղնիք: Ինչ գործից եկել եմ, կեղտաջուր եմ դուրս տալիս: Ջուրն էնքան շատ ա եղել, որ ամուսինս սառնարանն ու լվացքի մեքենան քաշել ա տնակի մյուս ծայրը»,- ասում է տնակային ավան վերջերս հարս եկած Հերմինեն:

53-ամյա Էմմա Ասատրյանը աշխատանքից վերադառնալով չի կարողացել հասնել իր տուն: Այն բոլոր կողմերից ողողված է եղել ջրով:

«Գործս բրախել եմ, եկել, չգիտեմ՝ ոնց տուն մտնեմ: Էս ոչ առաջին դեպքն ա, ոչ վերջին դեպքն ա: Քանի անգամ ջուր ա լցվել տները: Քաղաքապետարանը տեղյակ ա: Նախորդ անգամ Պառավյանն էլ ա եկել, Դարբինյանն էլ ա եկել: Գալիս հեռվում կանգնում են, ասում եմ՝ առաջ եկեք, թող էս ջուրը դուք էլ տրորեք: Գալիս նայում են հեռվից: Ափսոս ա իրանց շալվարները, որ ջուրը մտնեն, կոշիկները կմաշվեն: Եսիմ քանի 100 դոլարանոց կոշիկներ ա»,-վրդովված պատմում է Է. Ասատրյանն ու դժգոհում տնակային ավանում ապրողների նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների անտարբերությունից:

«Բացարձակ ոչ մի բանով չեն աջակցում: Ասում են՝ աղետ ա, բնական աղետ ա: Էսքան տարի ա, էսքան ծրագիր ա լինում, մի ելք ու ճար չկա՞ էս մարդկանց: Քանի տարի ընտրվեց, սուտ խոստումներ տվեց, ընտրվեց»,- ասում է բնակչուհին:

«Մենակ ընտրությունների ժամանակ շատ խոստումներ են տալիս, որ ամեն ինչ լավ կըլնի, բայց հետո տեսնում ես, որ ոչ մի բան էլ չկա, դու ես ու դու: Ամեն ընտրության խոստանում են՝ է՛լ նախագահականի, է՛լ պատգամավորների, է՛լ քաղաքապետի…»,- խոստանալու առիթներն ու խոստացողներին է հիշում  Գոհար Ղազարյանը:

Արցախում ծառայող զինվորի մայր Մարիետա Ղումարյանն ասում է, որ որդին մի քանի օրով եկել է հանգստանալու, բայց փոխարենն ամբողջ օրը կեղտաջուր է դուրս թափել:

«Երեխես բանակից օտպուսկ ա եկել 10 օրով: 27-ին պիտի գնա Ղարաբաղ: Ի՞նչ տեսավ: Եկել ա օտպուսկ, ջուր ա մաքրում»:

 Բնակչուհիներից մեկն, ում տանը 6 անչափահաս երեխա կա, մոլորվել է՝ ինչպե՞ս են գիշերելու ջրի մեջ լողացող տնակում:

«Էսքան ջրհեղեղ ա էղել, ես էսքան տուժած չէի: Սաղ սենյակներս ջրի մեջ ա: 6 հատ տանս պուճուր կա: Հիմի ես ի՞նչ անեմ»,-  ասում է Ռիտա տատիկը:

Բնակիչները մտավախություն ունեն, որ նման հեղեղումները կարող են կրկնվել: Նրանք պատրաստվում են դիմել Վանաձորի քաղաքապետարան՝ գետի հիմնապատ կառուցելու ու ավանի բնակիչների անվտանգությունն ապահովելու պահանջով:

 «Կարող ա մի օր էլ քնած էղնենք, սելավը գա մեր վրով քշի տանի: Մենք ո՞ւմ ենք պետք,- հարցնում է տիկին Մարիետան ու ինքն էլ պատասխանում,- ո՛չ քաղաքապետին, ո՛չ էլ էս երկրի նախագահին»:

                                                  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter