HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավորների կանաչ «ՈՒղին» Հայաստանում

«Էյ Թի Փի»-ն ոչ միայն բնապահպանական կազմակերպություն է: Այն կերտել է եզակի պատմություն, որի մաս կազմելը պատիվ կբերեր յուրաքանչյուրին: Հիմնադրամը ստեղծվել է 1990-ականներին, երբ ամերիկահայ ակտիվիստ Քերոլին Մուգարի իմաստուն եւ հեռատես ծրագիրը վերածվեց մի կազմակերպության, որի հետագա տարիների հիմնական գործունեությունը ուղղված էր լինելու Հայաստանում անապատացման դեմ պայքարին:

Հետադարձ մեկ հայացքը բավարար է գիտակցելու համար, որ կազմակերպությունն իր գործունեության՝ մեկ ակնթարթ թվացող 22 տարիների արդյունքում արդեն պատասխանատու է Հայաստանում եւ Արցախում տնկած ավելի քան 5 միլիոն ծառերի համար: Այս տարիների ընթացքում «Էյ Թի Փի»-ն նաեւ ստեղծել է հարյուրավոր աշխատատեղեր, ինչպես նաեւ` զգալի ներդրում է ունեցել բնապահպանական կրթության զարգացման գործում: Կազմակերպության առաքելությունը կյանքից էլ տարողունակ է. ծառի տնկում եւ խնամք… առանց բնության այս միստիկ տարրերի անհնար կլիներ պատկերացնել կյանքը երկրի վրա:

Ավելին, այս կազմակերպությունը ոգեշնչման աղբյուր է դարձել բազմաթիվ մարդկանց եւ կազմակերպությունների համար, ինչպիսիք են «Դեպի Հայք» հիմնադրամը, Հայ կամավորների միությունը եւ ԱՄՆ խաղաղության կորպուսը: Այս ծրագրերում ներգրավված բազմաթիվ կամավորներ տարիներ շարունակ կիսում են իրենց փորձն ու  հմտությունները «Էյ Թի Փի»-ի հետ:

«Դեպի Հայք» հիմնադրամի գլխավոր նպատակն է կապել սփյուռքահայ երիտասարդությանը հայրենի հողի հետ եւ պահպանել նրանց ինքնությունը՝ կազմակերպելով տարատեսակ կամավորական եւ գործնական աշխատանքներ: Հետեւաբար, բնական է Դեպի Հայք հիմնադրամի հետ տարիների շարունակական համագործակցությունը:

«Յուրաքանչյուր կազմակերպության ստեղծած ազդեցությունը, հեղինակությունն ու ընդգրկումը բազմապատկվում է գործընկերային կապերի շնորհիվ: Դրա վկայությունն է «Էյ Թի Փի»-ի հետ մեր շուրջ 12-ամյա համագործակցությունը, - նշում է «Դեպի Հայք» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սեւան Կաբակյանը:

«Էյ Թի Փի»-ում կամավորելը հնարավորություն է ընձեռում հայրենիքում սեփական ներդրումն ունենալ եւ փորձ ձեռք բերել մեր գործունեությանն առնչվող տարբեր ոլորտներում, անկախ նրանից՝ ցանկանում եք ճանաչել Հայաստանը, կիսել ձեր փորձը մեզ հետ, աշխատել գյուղական համայնքներում, թե բնապահպանական կրթության դասընթացներ անցկացնել երեխաների համար: Ավելին, «Էյ Թի Փի»-ն կանաչ աշխատանք ունի ձեզ համար՝ անկախ նրանից դուք բնապահպան եք, թե պարզապես բնության սիրահար» - ընդգծում է կազմակերպության հանրային կապերի ղեկավար Քրիստինե Հովսեփյանը, որն ի դեպ, նաեւ կամավորական ծրագրերի համակարգողն է:

Հիմնադրամն առաջարկում է կամավորական աշխատանքների հնարավորություն հետեւյալ բաժիններում՝ Համայնքային ծառատունկ ծրագիր, Անտառվերականգնման ծրագիր, Բնապահպանական կրթություն, Հանրային կապեր կամ պարզապես կազմակերպության տնկարաններից որեւէ մեկում:

Մեր նախորդ կամավոր հայազգի Նաթալի Շահբոլն, օրինակ, Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ էր Կալիֆոռնիայից: Կամավորության երկու ամիսների ընթացքում նա շաբաթական մի քանի անգամ այցելում էր Կարինի տնկարան՝ աջակցելու Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահապանական կրթական կենտրոնում անցկացվող դասընթացների անցկացմանը: Այնտեղ նա օգնում էր մեր վերապատրաստողին կազմակերպելու շնորհանդեսներ եւ ինտերակտիվ խաղեր դպրոցահասակ երեխաների համար:

«Էյ Թի Փի»-ում կամավորելու իմ ամենասիրելի պահերից մեկը երեխաների հետ շփվելն ու նրանցից նոր բաներ սովորելն էր», - պատմում է Նաթալին:

Կամավորության վերաբերյալ տեղեկությունները առկա են կազմակերպության պաշտոնական կայքի «Միացիր» կոճակի ներքո:  Սովորաբար, կամավորներից պահանջվում է ընդգրկվել «Դեպի Հայքի» ծրագրերում, քանի որ ծրագիրը կամավորներին տրամադրում է ֆինանսական աջակցություն, այդ թվում՝ ապահովում ժամանակավոր կացարանով, ինչպես նաեւ լեզվի ուսուցման, արշավների, էքսկուրսիաների եւ խմբակային միջոցառումների մասնակցելու հնարավորություն:

«Էյ Թի Փի»-ի ծրագրում ընդգրկվելու համար թեկնածուները պետք է լինեն 20-32 տարեկան եւ դիմելու պահին ավարտած լինեն միջնակարգ դպրոցը եւ առնվազն մեկ ամիս բնակվեն Հայաստանում: Դիմորդների տեղաբաշխումը ըստ ծրագրերի կախված է նրանց նախասիրություններից եւ մասնագիտական հմտություններից: Ուստի պահանջվում է դիմումի ձեւում նշել այդ բոլոր տվյալները:

«Հասարակական կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր փոքրիկ ներդրում ինչ-որ նոր ու մեծ բանի սկիզբ կարող է դառնալ: Ի վերջո, «Էյ Թի Փի»-ում կամավորելիս Դուք աջակցում եք Հայաստանի կանաչապատմանը, ուստի, եթե Ձեզ բախտ վիճակվի մասնակցելու մեր ծառատունկից որեւէ մեկին, պատրաստ եղեք «ցեխոտվելու»: Եթե ձեզ տեսնում եք այն ամենում, ինչ մենք նկարագրեցինք, ապա շտապեք գրանցվել եւ միանալ մեզ կայուն եւ կանաչ Հայաստան ստեղծելու գործում», - հավելում է  Հովսեփյանը:

1994թ.-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան հինգ միլիոն ծառ: Հիմնադրամը Հայաստանում ծառատունկեր իրականացնող խոշորագույն ծրագիրն է, որն իր գործունեության 22 տարիների ընթացքում հաջողությամբ հիմնել է 4 տնկարաններ, երկու բնապահպանական կրթության կենտրոններ եւ կանաչապատել Հայաստանի եւ Արցախի բոլոր մարզերի 1000-ից ավելի համայնքային տեղամասեր: Այս ընթացքում կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց եւ հազարավոր գյուղաբնակների ապահովել կենսական անհրաժեշտության միջոցներով: 

Նյութը՝ Անի Մելքոնյանի 

Լուսանկարում՝ «Դեպի Հայքի»-ի կամավորներն օգնում են «Էյ Թի Փի»-ին Պարույր Սեւակ գյուղում համայնքային անտառ ստեղծել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter