Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կառավարությունը մոնոպոլացնում է խմելու ջրի համակարգը



Հանրապետության խմելաջրի ցանցը կվարձակալի մեկ ընկերություն, 15 տարի ժամկետով

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքային համայնքի ավագանին մայիսի 16-ին որոշում է կայացրել «Նոր Ակունք» ՓԲԸ-ում ունեցած համայնքային սեփականություն հանդիսացող 6,41% մասնաբաժինը՝ 1077 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը` 100.000 դրամ անվանական արժեքով, նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության:

Մեծամորի ավագանին որոշել է նաեւ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ 1630 քմ ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցը, անհատույց հանձնել համայնքի ջրամատակարարումն ապահովող «Նոր Ակունք» ՓԲԸ-ին:

Ներկայումս Հայաստանում սեփական ջրամատակարարման ցանցը տնօրինող մոտ 600 համայնք ավագանու որոշումներով սեփական գույքը նվիրատվության պայմանագրով հանձնում է կառավարող ընկերություններին՝ «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ներին, ընդառաջելով ՀՀ կառավարության ապրիլի 28-ի 16-40 արձանագրային որոշմանը:

Համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը Կառավարությունը 1990-ական թվականների վերջին համայնքներից վերցրել էր անհատույց օգտագործման, բարեփոխումներ կատարելու, ավելի լավ ջրամատակարարում իրականացնելու նպատակով: Այդ ընթացքում ոչ միայն հիշյալ ընկերությունները, այլեւ որոշակի թվով համայնքներ սեփական բյուջեից, ինչպես նաեւ պետական բյուջեից հատկացված գումարներով որոշակի ներդրումներ են կատարել համակարգի գործունեությունը բարելավելու նպատակով: Կան համայնքներ, որոնք ամբողջությամբ արդիականացրել են ներքին ցանցը:

Ներկայումս Կառավարությունը «առաջարկի» անվան տակ նրանց պարտադրում է համայնքի սեփական գույքը` օրվա կարգավորման ջրամբար, խմելու ջրի ջրատար, կոլեկտոր եւ այլն, սեփականության իրավունքով, անհատույց նվիրել ջրամատակարար ընկերություններին, իսկ այդ ընկերություններում ունեցած բաժնետոմսերը՝ պետությանը:

Մայիս ամսից սկիզբ առած այս գործընթացը բոլոր համայնքներում չէ, որ հարթ է ընթանում: Քաղաքներում որոշում կայացնելու գործընթացը, երբեմն, բուռն քննարկումներով ու բանավեճերով է ընթանում, քանի որ ավագանին մի շարք մտահոգություններ ունի դրա հետ կապված· Կառավարությունը ոչ մի բացատրություն եւ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչո՞ւ է սեփականացնում համայնքային գույքը, ինչո՞ւ է մոնոպոլացնում հանրապետության ջրային համակարգը, ի՞նչ երաշխավորություններ ունի դրա դիմաց բնակչությանը, գնահատվե՞լ են արդյոք, ռիսկերը եւ ինչպիսին կարող են լինել դրանք:

Ավագանիներից ոմանք ճիշտ չեն համարում առանց նախապայմանների գույքը հանձնելը: Սակայն, վերջնահաշվարկում որեւէ բացատրություն չստանալով Կառավարության հիշյալ նախաձեռնության մասին, ավագանիները մեծամասնությամբ քվեարկում են գույքը հանձնելու օգտին եւ առանց նախապայմանների: Լավագույն դեպքում, հույս հայտնելով, որ կբարելավվի ջրի որակը, եւ ցանցն ամբողջովին կհիմնանորոգվի: Համայնքները մեկ ընդհանուր մտավախություն ունեն, որ այդ ընկերություններում իրենց սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն սկզբում ամբողջությամբ պետական կլինեն, իսկ հետագայում դրանք հնարավոր կլինի նաեւ վաճառել:

«Ահռելի հարստություն ենք նվիրում առանց նախապայմանների, առանց հասկանալու, թե դրա դիմաց ինչ են մեզ տալու»,- մտահոգություն է հայտնել Գյումրու ավագանու անդամներից միակ ընդդիմախոսը:

Մարտունի քաղաքի ավագանու անդամների մտավախությունն այն է, որ սույն պայմանագրով լծակ չունեն հետագա թանկացումները կանխելու եւ կամայականություններից ապահովագրվելու համար: Չեն բացառել, որ մենաշնորհի պարագայում կառույցը կվաճառվի, ջրի սակագինը կփոփոխվի:

Վանաձոր քաղաքում որոշմանը դեմ արտահայտված ավագանու անդամի կարծիքով՝ Կառավարությունը պետք է փոխահատուցի գոնե համայնքային բյուջեից շուրջ 55 մլն դրամի ներդրումը: «Ինչ արել ենք, գոնե այդ համամասնությամբ թող հետ վերադարձնեին համայնքային բյուջե: Բոլորս էլ հասկանում ենք, որ վաղը, մյուս օրը պետք է վարձակալությամբ տրվի ինչ-որ մեկին, շահույթ պետք է ստանան, ինչո՞ւ մեր համայնքը շահույթ չստանար այդ գործարքից ···»,- փոխանցել է նա լրագրողին:

Հայաստանում գործում են 5 ջրամատակարար ընկերություններ, որոնք կառավարում են 3 մասնավոր օպերատորներ· «Երեւան Ջուր» ՓԲԸ՝ կառավարիչ «Վեոլիա» ընկերություն, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ՝ կառավարիչ «Սաուղ» ընկերություն , «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ներ՝ կառավարիչներ` «Էմ-Վի-Վի Դեկոն», «Էմ-Վի-Վի էներջի» «Էյ-Ի-Ջի Սերվիս» եւ «Սաուղ» ընկերությունների կոնսորցիում:

Վատն այն է, որ ողջ գործընթացն իրականացվում է համայնքի ղեկավարի եւ ավագանու մակարդակով՝ անտեսելով համայնքային կառավարմանը բնակչության մասնակցության պարտադիր պահանջը, որն ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում: Ընդ որում, հիշյալ օրենքի դրույթների հիման վրա՝ ավագանիները  համայնքներում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգ են հաստատել, որով համայնքի համար կարեւոր բոլոր որոշումները պետք է կայացվեն հանրային լսումների արդյունքում: Այս հարցով որոշ համայնքներում ավագանու անդամներն առաջարկել են նախքան քվեարկությունը հանրային լսումներ իրականացնել, սակայն առաջարկը առայժմ ոչ մի համայնքում ավագանու մեծամասնության հավանությանը չի արժանացել:

Տեղական ինքնակառավարման ոլորտում գործընթացները ներկայումս զարգանում են համայնքները խոշորացնելու ուղղությամբ, քննարկվում է նաեւ միջհամայնքային միավորումներով կառավարումը դյուրինացնելու հարցը: 2015 թ· հունվարի 21-ին, ավելի քան 150 համայնքի ղեկավարներ եւ ավագանու անդամներ, Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 2014 թ. մարտի 26-ին ընդունած թիվ 351(2014) հանձնարարականը քննարկելուց հետո, ուղերձով դիմեցին Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով պետական լիազորությունների որոշ մասը փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին, հզորացնել համայնքների կարողությունները հանրային ծառայությունների զգալի մասի մատուցման նկատառումով:

«Այսօր ամբողջ աշխարհը գնում է հակառակ ճանապարհով, եւ պետական լիազորությունների որոշակի մասը փոխանցվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ավելի մոտ են բնակչին եւ կարող են ավելի արդյունավետ կառավարվել, իսկ մեր դեպքում, երբ անվերջ խոսվում է ապակենտրոնացման մասին, տեղի է ունենում լիազորությունների կենտրոնացում»,- ասվում է ջրային ցանցը մոնոպոլացնելու վերաբերյալ ՀաՄաՏեղ (Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը) ծրագրի համընկերության հունիսի 3-ին տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ սույն որոշման իրականացումն առանց քննարկումների, հանրային լսումների կազմակերպման, հակասում է տեղական ինքնակառավարման օրենսդրությանը, ինչպես նաեւ հակասում է ՀՀ կառավարության որդեգրած ապակենտրոնացման եւ հակամենաշնորհային քաղաքականությանը:  

«Ամբողջ ջրամատակարարման համակարգը մեկտեղ կենտրոնացնելու դեպքում, բնական է, կլինի մի ընկերություն, որը կսկսի զբաղվել դրանով, ինչը ձեւավորելով մենաշնորհային վիճակ հետագայում կարող է հանգեցնել գնային որոշակի փոփոխությունների եւ բնակիչը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ այդ ծառայությունների մատուցման պայմանների վրա՝ ներառյալ գներն ու որակը: Կարճ ժամանակ անց կլինի այն պատկերը, ինչ ունենք էլեկտրացանցերի եւ գազամատակարարման ցանցերի հետ կապված:

Հայաստանում մոնոպոլների ձեռքում են բնական գազի, էլեկտրականության մատակարարումը, փոստային ծառայությունը, եւ դրանց կառավարիչները օտարերկրյա կազմակերպություններն են: Հայաստանյան հանրությունը դրա բացասական հետեւանքները երկար է զգացել «Արմենտելի» օրինակով, երբ 1997 թվականին հիմնականում պետական սեփականություն հանդիսացող ընկերությունը սեփականաշնորհելու նպատակով նրան տրվեց 15 տարվա մենաշնորհային իրավունք: Մեկ տարի անց «Արմենտելի» արժեթղթերի 90%-ը վաճառվեց հունական «OTE» ընկերությանը: Այդ մենաշնորհը մասամբ վերացվեց 2005-ին, երբ «Արմենտելը» զրկվեց բջջային հեռախոսակապի նկատմամբ մենաշնորհից:

Այսօր նույնը կրկնվում է հանրապետության ջրային ցանցի հետ: Կառավարությունը համայնքներից սեփական գույքը վերցնելու գործընթացին զուգընթաց նոր օպերատոր ներգրավելու մրցույթ անցկացրեց: Հունիսի 15-ին Ջրային կոմիտեն հայտարարեց խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումն ավարտելու մասին: Հաղթող հայտատուն ՀՀ-ում կհիմնի տեղական ընկերություն, որը 15 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կկնքի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ:

Հաղթող ընկերությանը կառաջարկվի կնքել «Երեւան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի եւ այլ գույքի վարձակալության պայմանագիր։ Պայմանագիրն ընդգրկելու է այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են 15 տարի ժամկետով ջրային համակարգերը կառավարելու, շահագործելու եւ պահպանելու համար:

Նախատեսված ծառայությունները կառնչվեն թե՛ ներկայումս սպասարկման տարածքում գոյություն ունեցող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերին, եւ թե՛ սպասարկման տարածքում պայմանագրի ընթացքում նոր կառուցված լրացուցիչ օբյեկտներին, թե՛ սակագներին։

Կառավարությունը հայտարարում է, որ մտադիր է շարունակել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը այս ոլորտում եւ 2016-2020 թթ. ակնկալում է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում: Ներկայումս Ասիական Զարգացման Բանկի, Եվրոպական Միության, Եվրոպական Ներդրումային Բանկի, KFW բանկի, Համաշխարհային Բանկի եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի տրամադրած դրամաշնորհային եւ վարկային միջոցներով ՀՀ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում իրականացվում են մի շարք ներդրումային ծրագրեր:

Այս տարվա ապրիլի 28-ին Կառավարությունը եւս մեկ որոշում ընդունեց (414 – Ն), որով «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ներին ազատեց 2013 թ· դեկտեմբերի 27-ին Գերմանիայի զարգացման վարկերի բանկի հետ կնքած վարկի ու ծրագրի համաձայնագրի 4.2-րդ կետով նախատեսված կառավարման վճարից եւ 2014 թվականի հունիսի 27-ին Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքած ֆինանսական պայմանագրի 1-ին հոդվածի 1.08-րդ կետով նախատեսված գնահատման վարձավճարից։

Այդ մասով նրանց պարտավորությունները Կառավարությունը փոխանցեց Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վախթանգ Սիրադեղյան16:32 - 24 հունիսի, 2016
Սառա ջան, բայց մենաշնորհը գոյություն ունի հենց այսօր. այն ուղղակի տարածքային մակարդակ ունի, և եղածը դարձվում է հանրապետական մակարդակի: Ենթադրում եմ, որ դա կարող է նպաստել կառավարման արդյունավետության բարձրացմանը, իսկ հետո համակարգը օտարումից ձերբազատելու համար անհրաժեշտ է հասնել այն օրենսդրությամբ արգելմանը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ