Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ջավախքցուն մեղադրում են ադրբեջանցուն թաքցնելու և զենք պահելու մեջ



Մայիսի 11-ին վրացի իրավապահները ձերբակալել են Ջավախքի Փարվանա գյուղի 54-ամյա բնակիչ Խաչատուր Առաքելյանին: Նրան մեղադրում են ադրբեջանցի գերուն թաքցնելու և զենք պահելու մեջ:

Խ. Առաքելյանի փաստաբան Սուրեն Բարեգյանը «Հետքին» պատմեց, որ մեղադրանքի համաձայն՝ Մառնեուլի շրջանում բնակվող ադրբեջանցիները առևանգել են Ադրբեջանի քաղաքացի՝ ներկայիս Աղստաֆայի (Աղստևի շրջանի) շրջանի բնակիչ Ջեյհուն Նովրուզովին, և Ռուսաստանի Դաշնությունում նրա մեծահարուստ եղբորից պահանջել են սկզբից 500, այնուհետև 200 հազար դոլար գումար: Սակայն եղբայրն այդ մասին տեղյակ է պահել և Վրաստանի, և Ադրբեջանի իրավապահներին, ինքն էլ ժամանել է Վրաստան:

Չնայած առևանգողները սահմանն անցել և Ադրբեջանից են առևանգել գերուն և ամեն օր գերուն մի տեղից մյուսն են տեղափոխել, վրացի իրավապահները հեռախոսազանգերին հետևելով կարողացել են բացահայտել նրանց և հայտնաբերել գերուն:

«Եվ Վրաստանում է գործը բացված, և Բաքվում, հիմա Բաքվում սպասում են, թե էստեղ գործն ինչ է լինում: Իրավապահները ամեն ինչ լսել են հեռախոսազանգերով, իմացել են, թե ոնց են փող պահանջել, բայց Խաչատուրը դրա հետ գործ չունի, նրա արարքը շատ փոքր է, որ իր տունն են բերել և մի գիշեր պահել: Բայց դրանից առաջ այդ տղային մի ամիս ուրիշ տեղեր են պահել»,-հստակեցրեց փաստաբանը:

Մառնեուլի ադրբեջանցիներին Խաչատուրը ճանաչել է վաղուց: Նրանք ամառային տաք եղանակներին իրենց անասունները բերում են Փարվանայի շրջակայք և վրաններ՝ տեղացիների ասած՝ «բինաներ» տեղադրում այնտեղ: Վրաստանաբնակ ադրբեջանցիները Խ. Առաքելյանին մեկ օրով խնդրել են կացարան տալ իրենց: Խաչատուրն էլ տրամադրել է իր չբնակեցված տունը: Երեկոյան, երբ վերջիններս, փոքրիկ հավաք-խնջույք են կազմակերպել, Խաչատուրին իրենց հյուրի հետ են ծանոթացրել և ասել, որ վերջինս գերի է, ինչին Խաչատուրը չի հավատացել և մտածել է՝ իր հյուրերի հերթական կատակն է: Երբ ամեն ինչ բացահայտվել է, և իրավապահները սկսել են մասնակիցներին և վկաներին որոնել, եկել են Առաքելյանների տուն և խուզարկել այն: Մեղադրանքի համաձայն՝ խուզարկության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ է հայտնաբերվել: Առաքելյանին ձերբակալել են: Ընթանում է նախաքննություն:

Խ. Առաքելյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը: Փաստաբան Սուրեն Բարեգյանի խոսքով, Առաքելյանի կալանքը գրավով փոխարինելու իր միջնորդությունը հունիսի 16-ին կայացած նիստում դատարանը մերժեց, որովհետև դեռևս 6 կասկածյալներից որևէ մեկը ցուցմունք չի տվել: Ցուցմունք չի տվել նաև Խաչատուր Առաքելյանը:  

Փաստաբանի խոսքով՝ երեք վրաստանաբնակ ադրբեջանցիները մեղադրվում են առևանգման մեջ, ևս երեքը՝ որպես ապաստան տվողներ՝ գերուն թաքցնելու մեջ:

Վրաստանի քրեական օրենսգիրքը Խաչիկ Առաքելյանին առաջադրված մեղադրանքների համար նախատեսում է՝ առաջինի դեպքում 1-3 տարի ազատազրկում, երկրորդի համար՝ մինչև 4 տարի:

Փոկայի վրացական եկեղեցու քահանան իր կողմից դրական բնութագիր-խնդրագիր է գրել՝ խնդրելով գրավի դիմաց ազատ արձակել Խաչատուր Առաքելյանին: Այդ գրությունը փաստաբանն այսօր հանձնել է Վրաստանի գլխավոր դատախազություն: 

Լուսանկարը՝ Լաշա Գաբելայի 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ