HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքան և ինչ որակի խոզի միս ենք ուտում

Դիանա Ղազարյան

2015-ին ՀՀ ներկրվել է, վերջին չորս տարիներին ամենաքիչ ծավալով խոզի միսը, արտադրվել՝ ամենամեծ՝ 13 հազար տոննա ծավալով տեղական միս:

Տարիներ շարունակ խոզի միսն ընդգրկվել է ՀՀ ներմուծվող առավել բարձր արժեք ունեցող ապրանքների ցանկում։ 2010 թվականից խոզի մսի ներկրման ծավալները տարեցտարի մի քանի տոննայով ավելացել են, ինչպես, օրինակ, եթե 2010-ին ներկրվել է 4 հազար տոննա խոզի միս, ապա արդեն 2012-ին այն կազմել է  8 հազար տոննայից ավելին։  Սակայն, ինչպես վկայում են ԱՎԾ տվյալները, 2013-ից դրա ներկրման ծավալներում նվազան միտումներ են նկատվում, ինչը կարելի է պայմանավորել տեղական խոզի մսի արտադրման մեծ թափով։

Ստորև ներկայացնում ենք  խոզի մսի ներմուծման ծավալները 2010-2015 թվականներին։

Untitled chart
Create column charts

Ծանոթանալով պաշտոնական վիճակագրությանը՝ պարզ է դառնում, որ 2015-ին գրանցվել է վերջին չորս տարիների խոզի մսի ներմուծման ամենացածր ցուցանիշը՝ 6,4 հազար տոննա։ Նշենք, որ խոզի մսի ներմուծման ամենամեծ ծավալը վերջին վեց տարիներին եղել է 2012-ին՝ 8,2 հազար տոննա և հաջորդաբար՝ 2013 թվականին՝ 8,1 հազար տոննա ցուցանիշով։

Բացի խոզի մսից, նաև Հայաստան է ներծուծվում կենդանի խոզ, սակայն որոնք մեծ քանակ չեն կազմում։ Դրա պահանջարկի և ներմուծման ծավալների մասին մոտավոր պատկերացում կազմելու համար նշենք, որ եթե 2010-ին ներմուծվել է 9 կենդանի խոզ, ապա 2012-ին՝ 3,128, իսկ 2013-ին՝ 223 անգամ քիչ՝ 14 խոզ,  թեև 2014-ին կրկին կտրուկ ավելացել է կենդանի խոզերի ներմուծումը։

Ներմուծվում է Բրազիլիայից

Հայաստանցիների՝ խոզի մսի պահանջները բավարարելու համար խոզի միս է ներմուծվում նաև արտերկրից։ Սառեցված խոզի մսի հիմնական պահանջը բավարարում են Եվրոպայի և Հյ․ Ամերիկայի երկրները։ Մեծ ծավալների խոզի միս ՀՀ ներմուծվում է Բրազիլիայից, Կանադայից, Իսպանիայից, Գերմանիայից։ 

Ոչ մեծ քանակի, ոչ մշտական հաճախականությամբ ներմուծվում է նաև ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ավստրիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ 

ՀՀ ներմուծվող խոզի մսի 50 %-ից ավելին ներմուծվում է Բրազիլիայից։ Համեմատության համար նշենք, եթե 2013-ին ՀՀ ներմուծվել 8 հազար տոննա միս, ապա 6 հազար տոննան՝ Բրազիլիայից, 2014-ին՝ 7,2  հազար տոննա, 4,8 հազարը՝ կրկին Բրազիլիայից և այսպես շարունակ։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ)՝ «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն՝ այս երկրից խոզի միս են ներմուծում 14 ընկերություններ։

Ներմուծող ընկերությունների ցանկում տեղ են գտել նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված խոշոր ընկերությունները՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն և դեղատների ցանցի «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։  «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն «Մոյա Սեմյա» ապրանքանիշի մսամթերք արտադրող ընկերությունն է  և, կարելի է ենթադրել, որ խոզի միս ներմուծում է մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու, ինչպես նաև «Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառելու համար։

Ներմուծող ընկերություններից 13-ը նաև թռչնի միս ներկրողներ են : Ընկերությունների շարքում են «Պարգև», «Արմեն Համիկ եղբայրներ ՀՁ», «Բի և Ջի Ֆուդ», «Դիուս», «Գոռհակ Թրեյդ», «Միթ Իմփորթ», «Աթենք», «Բաբիկ-90», «Լավելինա», «Լյուքս Էռա Գրուպ», «Մուշ», «ՋԻԷՍ Ընդ Վիզի Գրուպ» ՍՊԸ-ները։

Տեղականը հաղթում է սառեցված խոզի մսին

2011-2013 թվականներին Հայաստանում խոզի մսի պահանջարկը բավարարելու համար, տեղական խոզի միս արտադրելուն զուգահետ, ընկերությունները գրեթե նույն ծավալի սառեցված միս են ներմուծում։ Սակայն վիճակագրական տվյալները փաստում են՝ 2013-ից սկսած տեղական խոզի մսի արտադրությունը 1,5-2 անգամ աճել է, որի հետևանքով նվազել են նաև ներմուծման ծավալները։ Արդյունքում՝ 2015-ին ՀՀ ներմուծվել է վերջին չորս տարիների ամենաքիչ ծավալով խոզի միսը, արտադրվել՝ ամենամեծ՝ 13 հազար տոննա ծավալով տեղական միսը:  2015-ին Հայաստանը սպառել է նաև խոզի մսի՝ վերջին 6 տարիների ամենամեծ՝ 20 հազար տոննա քանակությունը։ Արտադրվող խոզի միսը միայն բավարարում է ՀՀ բնակչությանը, այդ իսկ պատճառով այն չի արտահանվում։

Տեղական խոզի մսի արտադրության ծավալների մեծացման հետ մեկտեղ ավելանում է նաև դրա մանրածախ միջին գինը։ Եթե 2013-ին մեկ կիլոգրամ՝ միջինացված գնահատվում էր 3112  դրամ, ապա 2015-ին այն արժեցել է 3620 դրամ, չնայած այն փաստին, որ տեղական խոզի միսը նախորդ տարի գրանցեց իր՝ 13 հազար տոննա ռեկորդային ցուցանիշը։

Պարզաբանում է մասնագետը

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը հայաստանցիների համար մեծ դժբախտություն է համար ՀՀ ներմուծվող արտադրանքի իրական ուսումնասիրության բացակայությունը։ Վստահ է՝ ներկրվող խոզի մսի ոչ բոլոր խմբաքանակներն են ԳՄՕ-ի նկատմամբ ստուգումներ անցնում։ «Ներկրված էժան մսի մասով՝ անմիխթար վիճակում ենք։ Պետբյուջեից լիազոր մարմնին տրամադրվում է միլիոնավոր դրամներ՝ իրացման ցանցում և արտադրություններում ստուգումների ընթացքում նմուշառելու և լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար։ Բացի սա, ներմուծման փուլում լիազոր մարմինը իրավասու է տնտեսվարող սուբյեկտի հաշվին փորձաքննություններ իրականացնել, սակայն գործնականում չի արվում։ Հանրային սեկտորը այդքան ֆինանսական միջոցներ չունի, որ ինքնուրույն անի այդ փորձաքննությունը»,-ասում է Բ. Պիպոյանը։

Ներմուծված խոզի մսի որակում մեծագույն վտանգներ է տեսնում՝ սկսած մսի գույնից, սառեցված մսի պահպանման համապատասխան ջերմային պայմաններից, վերջացրած՝ հակաբիոտիկ դեղերի մնացորդներով ու հորմոնային հավելումներով։

Բ.Պիպոյանը կարծում է, որ խոզի մսի անվտանգությունը դիտարկելիս միայն իրացման ցանցի վրա չպետք է կենտրոնանալ, քանի որ այդ մսի հիմնական մասը վերամշակվում և օգտագործվում է մսամթերքի արտադրությունում։ Այսինքն՝ գնորդը մեծամասամբ չի տեսնում այդ մսի տեսքը և չի պատկերացնում դրա որակը, չգիտի՝ քաղցկեղածին ինչ տարրեր է պարունակում այն, հակաբիոտիկներ կա՞ն դրանում, ինչ վտանգներ են իրենից ներկայացնում։

Պիպոյանը սննդի անվտանգության կարևորությունը ընդգծելու համար շեշետում է՝ վաղուց ամբողջ աշխարհում մթերքի անվտանգությունը հավասարեցվում է  դեղի անվտանգությանը: Նա ցավով է փաստում՝ այս մասով մենք մեծ հետընթաց ունենք: «Նման անտարբեր վերաբերմունքն ուղղակի անթույլատրելի է։ Մենք սննդի անվտանգությունը քննարկում ենք սիրողական հարթության մեջ՝ մատների արանքով վերաբերելով այս խնդրին։ Բժիշկները, գիտահետազոտական ինստիտուտներն անըդհատ պետք է ուսումնասիրեն սննդի ոլորտը։ Ցավոք, այս անտարբերության հետևանքները շատ ուշ ենք տեսնելու և մարսելու»,- նշում է մասնագետը։

Վերջինս համոզված է՝ ներմուծման նման գնով հնարավոր է ներկրել առավել անվտանգ և որակյալ միս և գինն-որակ, գին-անվտանգություն համադրության մեջ առավել լավ պատկեր ունենալ։ Իսկ բրազիլական  խոզի մսի հաջողության գրավական է համարում մատչելիությունը և մեր շուկայում ընկերությունների այլընտրանքի բացակայությունը։

Բ.Պիպոյանը ծանոթ է շատ հետազոտությունների, որոնք հավաստել են՝ բրազիլական խոզի մսում կան դեղերի մնացորդներ, հորմոնային հավելումներ։ Նման մսի ներմուծումը ՀՀ ո՛չ կարող է բացառել, ո՛չ էլ հաստատել, սակայն լիազոր մարմնի կողմից պարտադիր քայլ է համարում սպառողներին զգուշացնելը՝ ինչպիսի միս և սննդամթերք են նրանք օգտագործում՝ հետագա անախորժություններից և վտանգներից խուսափելու համար։ 

Գնորդներին հորդորում է՝ խոզի միս  գնելիս ուշադրություն դարձնել

➀.Մսի գույնին։ Այն չպետք է ունենա բաց մանուշակագույն երանգ, քանի որ դրանք հակաբիոտիկների մնացորդի արդյուքն են։

➁. Շատ կարևոր է նաև գնելիս հաստատվելը, որ այն սառած-հալեցրած չէ, քանի որ սառեցված միսը պետք է պահված լինի 0-ից ցածր ջերմաստիճանում, և գնորդը պետք է հասկանա, հետաքրքրվի դրա պահպանման ժամկետով՝ պատկերացնելու համար, թե դրա խմբաքանակը երբ է արտադրվել։

➂.Սառեցված միսը մինչ մեկ տարի պահպանման ժամկետ ունի։

Մասնագետը մտավախություն ունի նաև տեղական մսի մասով, քանի որ արդեն տևական ժամանակ է այդ մսի վրա ևս նկատելի է մանուշակագույն երանգ, և որ գյուղացիներից ոմանք էլ անկեղծացել են՝ կովը սատկում էր, մորթեցին և միսը վաճառեցին, այնինչ լիազոր մարմինը հաստատում է, որ արգելվում է սատկած մսի վաճառքը։

Պիպոյանը կարծում է, որ տեղական խոզաբուծարանները նաև կիրականացնեն իրենց չարաբաստիկ գործը՝ խոզերի մեծ քաշաճ ապահովելու, քիչ սննդով բավարարվելու համար «ապավինել» հորմոնների հզորությանը։

Լուսանկարը՝ National Geographic Creative-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter