HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն»(լուսանկարներ)

Հունիսի 25-ի վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Կաթոլիկ քահանայապետը նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, որտեղ ծաղկեպսակ է տեղադրել: 

Հավերժական կրակի մոտ Հռոմի պապը բարձրաստիճան մյուս հյուրերի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև, կատարվել է էկումենիկ արարողություն և Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապը արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցի առիթով տնկված ծառի հուշատախտակին գրված է՝ «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»: 

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ֆրանցիսկոս Պապը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում գրառում է կատարել:

«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- ասել է Պապը:

Մայր Աթոռ ՍԷջմիածնի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը ներկայացնում է լուսանկարներ Պապի` Ծիծեռնակաբերդ կատարած այցից:

Առաջին լուսանկարը`www.genocide-museum.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter