HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու կին անդամները` համայնքների կարիքների մասին

Արփինե Մինասյան

Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների տարբեր համայնքներում բնակվող 29 կանանց օրերս մեկտեղել էր «Տեղական ժողովրդավարության կայացման հեռանկարները Հայաստանում. կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը ՏԻՄ-երի 2016թ. ընտրություններում» ծրագիրը: Ծրագիրն անցկացվեց Սևանում «Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի կողմից՝ Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ, Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ:

Աղբերք. գյուղը չունի ջրամատակարարում, գազիֆիկացում,  չի գործում մանկապարտեզ և հասարակական տրանսպորտ

Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի մասին խոսելիս Անահիտ Առաքելյանն ասում է, որ այն իսկական «ալպիական մարգագետին է». գյուղը գտնվում է սարի լանջին, որտեղից Սեւանը կարծես հայտնվում է ափիդ մեջ: Աղբերքում, ասում է, Ա. Առաքելյանը, հիվանդ մարդու չես հանդիպի, քանի որ օդը մաքուր է:

Համայնքի ավագանու անդամ և միջնակարգ դպրոցի դասվար Անահիտ Առաքելյանը չի մոռանում թվարկել նաև գյուղի կարիքները: Մանկարպարտեզ չի գործում: Գյուղում ընդամենը 3 աշխատատեղ կա՝ գյուղապետարանը, դպրոցը եւ բուժկետը:

«Գյուղը չունի ջրամատակարարում, գազիֆիկացում, շատ անբարեկարգ վիճակում է, կարծես փլատակներով քայլես: Մեր գյուղը մի ծերանոց է, հիմնականում տարեցներ են, երիտասադրդները քիչ են, հարսանիքներ նույնպես քիչ են լինում: Շատ լավ տեղ է, բայց անշուք է: Մեղք են մեր երեխաները:

Տղաս թոռներիս ամեն օր տանում է Ճամբարակի երաժշտական դպրոց, հետ բերում: Տաղանդներ են, բայց կործանվում են մեր գյուղում»,- պատմում է Անահիտ ԱռաքելյանըՆա Աղբերքի ավագանու անդամ է ընտրվել 1996թ-ից: 

Բնակիչների հիմնական զբաղմունքն այստեղ անասնապահությունն է: Վար ու ցանքով չեն զբաղվում, քանի որ միայն խոտհարքեր են գյուղում: Անահիտ Առաքելյանի խոսքով՝ Աղբերքից արտագնա աշխատանքի մեկնողներ չկան, որովհետեւ «իրենց արտագնա աշխատանքն իրենց գոմն է»: Տարածքը քամոտ է, ծառ ու թուփ չի աճում:

59-ամյա Զոյա Հայրապետյանը Աղբերքի միջնակարգ դպրոցի դասվարն է: 25 տարվա աշխատանքային փորձ ունի: Սեփական փորձից ելնելով է հավաստիացնում՝ երբ 1989թ. ընտանիքով հաստատվել է գյուղում, իրենց դպրոցի նման դպրոց չի եղել հանրապետությունում: Երբեմնի բարեկեցիկ շենքից այժմ ավերակներ են մնացել: 

«Թալիշի դպրոցը ձեզ օրինակ: Պանելները մեկը մյուսից հեռացած են, եթե մի ցնցում լինի, կմնանք փլատակներում: Որ անձրեւը գալիս է, իմ դասարանի դիմաց մի հսկայական գյոլ է  գոյանում: Մի դասարան էլ կա, վաննան դնում են առաստաղի տակը, քաշում են էս կողմ, էն կողմ, որ հանկարծ ջուրը մատյանի վրա չկաթի:

Տնօրենը բազմիցս ասել է վերադաս մարմիններին: Եկել են, տեսել, բայց երեւի շենքը վերանորոգման ենթակա չէ:Շատ լավ երեխաներ կան, ափսոս որ քաղաքից հեռու են, լավ երգում են, պարում, նվագում» -ասում է Զոյա Հայրապետյանը:

Այս տարի, ավելացնում է, ընդամենը 4 շրջանավարտ ունեին: Դպրոցում, Զ. Հայրապետյանի խոսքով,14 ուսուցիչ է աշխատում, դասարանները երկկոմպլեկտ են, եռակոմպլեկտ:

«Վերևից որակ են պահանջում, բայց շատ դժվար է նման պայմաներում աշխատելը»,-ասում է նա:

345 բնակչություն ունեցող Աղբերք համայնքը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին` Սևան- Ճամբարակ (Մ-14) ավտոմայրուղու և Երեւան-Վարդենիս երկաթգծի մոտ: Հարակից է Դրախտիկ, Շորժա, Ճամբարակ համայնքներին և Սևան ազգային պարկին: Ավագանու անդամ Անահիտ Առաքելյանի խոսքով՝ հասարակական տրանսպորտ գյուղում չկա: Բնակիչները մինչև Ճամբարակ հասնելը մայրուղում իջնում են և 3 կմ քայլում մինչև գյուղ:

«Նախկինում այդ ճանապարհն ասֆալտապատ է եղել, հետո սելավներից քանդվել է: Բարձրանալուց ենք հոգում: Ֆիզկուլտուրան մեզ մոտ գերազանց է, էնքան ենք քայլել, որ մարզվել ենք»,-կատակում է Զոյա Հայրապետյանը:

Լճաշեն. համայնքում ստեղծվում է գյուղատնտեսական կոոպերատիվ

Սեւանի տարածաշրջանի 5036 բնակչություն ունեցող Լճաշեն գյուղական համայնքում ավագանու 9 անդամից 3-ը կին է:

«Որքան նկատել եմ՝ հանրապետությունում ավագանու ամենաերիտասարդ անդամը ես եմ»,- ասում է 24-ամյա Արմինե Սարիբեկյանը, ով ավագանու անդամ է ընտրվել 2013թ նոյեմբերի 17-ին Լճաշենում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում:

Ասում է` սիրում եմ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ աշխատել, լսել նրանց կարծիքը, նրանցից շատ բան է սովորում` ի շահ համայնքի:

Արմինեն ավագանու անդամ է ընտրվել 21 տարեկանում, երբ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի քիմիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի էր և համայնքի երիտասարդական նախաձեռնությունների ակումբի համակարգողը: Մասնագիտությամբ չի աշխատել, այժմ գյուղի ամբուլատորիայում համակարգչային օպերատոր է աշխատում: Ավագանու ընտրություններին առաջադրվել է մոր խորհրդով:

«Լճաշենը տարածաշրջանի մյուս գյուղերից տարբերվում է նրանով, որ ՏԻՄ-ի և բնակիչների միջեւ մարդկային լավ հարաբերություններ են ձևավորվել, ամեն ինչ հիմնված է փոխադարձ սիրո, հարգանքի և վստահության վրա: Մենք իգական սեռի 3 ներկայացուցիչ էինք առաջադրվել, երեքս էլ ընտրվեցինք: Իմ կարծիքով դա բավականին լուրջ ցուցանիշ է»,- «Հետքին» պատմում է Արմինեն և ավելացնում, որ գյուղին օգուտ բերելուց բացի այլ շահ չի հետապնդել:

«Որպես ավագանու անդամ առաջարկություններով հանդես չեմ եկել, որովհետեւ Լճաշենում շատ մեծ խնդիրներ չկային: Ունեինք ասֆալտապատ ճանապարհ, գիշերային լուսավորություն և այլն: Հիմա գյուղում ստեղծվում է գյուղատնտեսական կոոպերատիվ»,- ասում է Ա. Սարիբեկյանը:

Լճաշենի ավագանու վերջին նիստի ժամանակ, ըստ Արմինեի, քննարկվել է հենց այս հարցը: Բնակիչները, ասում է, անդամակցում են կոոպերատիվին, ինչը նրանց աշխատանքն ավելի է հեշտացում: «Մեր սկզբունքային հարցը դրա կայացումն է»,- նշում է ավագանու անդամը:

Դդմաշեն. մարդիկ ցնականում են, որ արտադրություն ստեղծվի

Դդմաշենի միջանարգ դպրոցի հասարակագիտություն առարկայի ուսուցչուհի Ժաննա Սարգսյանը 2015թ-ի դեկտեմբերի 6-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում 205 ձայնով ընտրվել է համայնքի ավագանու անդամ: Դդմաշենում ավագանու 7 անդամից միայն մեկն է կին: Ժ. Սարգսյանի խոսքով՝ Դդմաշենը բավականաչափ զարգացած համայնք է, ունի վերանորոգված դպրոց, այժմ վերանորոգվում է մանկապարտեզի շենքը, փողոցներն ասֆալտապատ են:

«Այնուամենայնիվ, գյուղում կան հիմնախնդիրներ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամների աշխատանքի շնորհիվ լուծման գործընթացի մեջ են: Շատ ցանկալի է, որ գյուղում արտադրություն ստեղծվի, մարդիկ աշխատատեղեր ունենան, հիմնականում կանայք, ովքեր աշխատանք չունեն:

Կանանց մեծամասնությունը տնային տնտեսությամբ է զբաղվում: Մինչդեռ մարդն աշխատելով է իրեն լիարժեք զգում եւ այսօրվա սոցիալական ծանր պայմաններում դա մեծ օգուտ կլինի նրանց ընտանիքներին»,- պատմում է Ժաննան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter