HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրանք ազատ էին` ինչպես թռչունը

Նաիրա Հայրապետյան

Մի առիթով լեգենդար «Lynyrd Skynyrd» խմբի կիթառահար Գերի Ռոսինգթոնը հիշել է, որ հանրահայտ «Free Bird» երգն իրականում, մինչ հայտնի դառնալը, լուրջ գլխացավանք էր ռադիոկայանների համար: Դրանցից ոչ մեկը չէր համաձայնում ընդգրկել այն իր ձայնադարանում. պատճառը տևողությունն ու ռադիոյի համար անսովոր ձևաչափն էր (գրեթե 9 րոպե): Երգը նույն պատճառով դուրս էր մնում նաև ձայնագրման պրոցեսից. պրոդյուսերները ամեն գնով աշխատում էին չընդգրկել այն որևէ ալբոմի կազմում: «Եթե ինչ-որ բանի մասին չես կարողանում հիշել, ուրեմն այն հիշատակման բան չէ»,- ասում էր խմբի հիմնադիրներից Ռոնի Վան Զանտը, ով նաև գլխավոր վոկալիստն էր և երգերի հեղինակը: Նրա դավանած այս սկզբունքը հակադարձ արտահայտությամբ, բայց միևնույն բանաձևով, ասես ապացուցեց Ռոնիի մոտեցման ճշմարտացիությունը՝ եթե ինչ-որ բան արժանի է հիշատակման, ապա չի կարող չհիշվել: «Free Bird»-ը հենց սրա ապացույցն էր:  

Չնայած վերը նշված խոչընդոտներին` երգի տևողության հանդեպ ռադիոկայանների դժկամ և ամեն կերպ խմբագրման պատրաստ վերաբերմունքին՝ ոչինչ և ոչ ոք չխանգարեց նրան ճանապարհ դուրս գալ, դառնալ երաժշտական ամենասիրված բալադներից մեկը, ռոքի դասական գործերից մեկն ու ամենամեծ իմաստով՝ «Lynyrd Skynyrd»-ի խոսուն այցեքարտը: Ի դեպ, խումբը ևս մտքով անգամ չէր անցկացնում, որ այն հիթ դառնալու թեկուզ փոքր նշույլի չափ հավանականություն ունի: Երաժշտական աշխարհում հեղինակավոր «Rolling Stones» ամսագիրն այն համարել է խմբի ստորագրությունը, որտեղ կիթառի կրակոտ մենանվագներն անխոս վկայում են նրա ամենապահանջված երգը լինելու մասին:

Երկրպագուների պահանջով խումբը անպայման «Free Bird»-ը երգը կատարում էր իր բոլոր համերգների ամենավերջում ևս, իսկ հետագայում այն սկսեցին պահանջել համերգների ժամանակ կատարել գրեթե բոլոր սիրված խմբերին, անգամ նրանց, որոնք բոլորովին տարբեր ժանրերի մեջ էին հանդես գալիս:

«Free Bird»-ը (կամ «Freebird») «Billboard Top 100»-ում հասավ 19-րդ հորիզոնականին, թողարկումից 3 տարի անց, նույն հիթային տարածքում այն զբաղեցնում էր 38-րդ հորիզոնականը՝ համերգային կատարմամբ: Վերջինս, ի դեպ, տևողությամբ գերազանցում էր ոչ միայն սինգլի, այլև ալբոմային տարբերակը՝ գրեթե 14 րոպե: «Guitar World» ամսագիրն իր «Կիթառի 100 լավագույն սոլոները» շարքում «Freebird»-ին հատկացրել է 3-րդ տեղը:

Ամեն ինչ սկսվեց աղջկա մի հարցից՝ « Եթե ես վաղը հեռանամ, արդյոք հիշելու՞ ես դու ինձ»: Աղջիկը Քեթի Ջոնսն էր՝ խմբի կիթառահար և բազմաթիվ երգերի հեղինակ Ալեն Քոլինզի այն ժամանակվա ընկերուհին (հետագայում՝ կինը): Այս հարցը մեխվեց Քոլինզի հիշողության մեջ, որը կարճ ճամանակ անց վերածվեց նոր երգի սկզբնատողի՝ «If I leave here tomorrow, would you still remember me?»: Այսպես է ծնվել «Free Bird»-ի գաղափարը, որը, սակայն, երաժշտական ստեղծագործություն դարձավ երկու տարի անց, երկար ու, ինչ-որ տեղ, համառ աշխատանքից հետո:

«Ալենը ուներ սկզբի համար նախնական ակորդները, շատ գեղեցիկ մի կտոր, որը նա գրել էր ու պահում էր արդեն երկու տարի,- ասում է Գ. Ռոսինգթոնը «Guitar World»-ի հետ հարցազրույցում,- մենք այն ժամանակ նոր-նոր էինք սկսել երգեր գրել և «Free Bird»-ն իրականում մեր առաջին երգերից մեկն է: Բայց Ռոնին շարունակում էր պնդել, որ այնտեղ ակորդները չափազանց շատ էին, որն էլ դժվարություն էր ստեղծում նրա համար որևէ մեղեդի հնարել: Նա մտածում էր, որ եթե ինչ-որ բան ստացվի, ապա միայն այն դեպքում, եթե ինքն ամբողջովին փոխի այդ ակորդները: Մենք շարունակում էինք խնդրել, որ նա, այնուամենայնիվ, մի բան գրի հենց դրանց համար, որին ի պատասխան՝ նա ասում էր՝ մոռացեք դրա մասին»:

Եվ ահա օրերից մի օր, պատահաբար լսելով մոռացության գիրկն ուղարկած այդ հնչունները, Ռոնի Վան Զանտը, հմայված դրանց ներդաշնակությունից, վայրկենապես մտափոխվեց: «Հիանալի է, նորից նվագիր»,- Ռոնիի զարմացած կոչն ավելի ոգևորեց Ալենին, ով հերթական փորձերից մեկի ժամանակ սկսել էր նվագել ապագա «Free Bird»-ի մերժված ակորդները: Ռոսինգթոնի վկայությամբ, չանցած երեք-չորս րոպե, և Ռոնին արդեն երգը գրել-ավարտել էր:

Երգը եզրափակող կիթառային հայտնի մենանվագի հատվածը հետագայում ավելացավ, Վան Զանտի առաջարկով: Խումբը այն ժամանակ նվագում էր տարբեր ակումբներում՝ հիմնական երգացանկում ընդգրկվեց նաև «Free Bird»-ը: Մի երեկո Ռոնին նրանց առաջարկեց երգի վերջում մի բան նվագել այնպես, որ ինքը այդ ընթացքում հասցնի մի քանի րոպե շունչ առնել, հանգստանալ: «Այսպիսով, ես մտածեցի ավելացնել այդ երեք ակորդը երգի վերջում, որոնք Ալենը նվագեց,- հիշում է Ռոսինգթոնը նույն հարցազրույցում,- ապա ես եմ մտնում իմ մենանվագով, որին հաջորդում է Ալենի կատարումը… Այդ ամենը ծնվեց մի երեկոյի ընթացքում, ջեմինգից և շարունակեցինք այս կերպ կատարել հաջորդ համերգների ժամանակ: Ռոնին, սակայն, պնդում էր, որ տևողությունը բավարար չէր և անհրաժեշտ էր ավելի երկար նվագել: Բանն այն էր, որ մենք մի գիշերվա ընթացքում երեք, թե չորս ամբողջական հավաքածու էինք նվագում, ուստի նա փորձում էր նաև ժամանակը լցնել»:

Որոշ ժամանակ անց երգի այս նոր գործիքավորումն ու մեկնաբանությունը համալրվեց դաշնամուրով ևս՝ Բիլի Փաուելի մասնակցությամբ:

«Free Bird»-ն առաջին անգամ թողարկվեց 1973թ. խմբի դեբյուտային՝ «Pronounced 'Lĕh-'nérd 'Skin-'nérd» ալբոմի կազմում, դա երկար՝ 9ր. 8 վրկ. տևողությամբ տարբերակն էր, որի պատճառով երգը խնդիրներ ունեցավ: 1974թ. թողարկվեց երգի սինգլը. այն գրեթե կիսով չափ պակաս էր նախորդից (4ր. 41 վրկ.), հավանաբար` ընդունված չափանիշների համաձայն երաժշտական շուկա մուտք գործելու նպատակով:  «Free Bird»-ի սինգլի թողարկմամբ հիմնովին հարթվեց ամերիկյան այս լեգենդար խմբի ճանապարհը երկրի սահմաններից դուրս՝ հաստատելով իր անփոխարինելի տեղը ռոք երաժշտության պատմության մեջ: Կարճ ժամանակ անց հիթային բարձունքներ նվաճեց երգի համերգային տարբերակը, որը, ինչպես սկզբում նշեցինք, 14 րոպե տևողությամբ էր:

Խմբի համերգների անբաժանելի գործն էր «Free Bird»-ը, երկրպագուների կողմից ամենասպասվածը: Տարիների ընթացքում, չկորցնելով իր փայլը, այս երգն ընդգրկվել է երաժշտական տարբեր և հեղինակավոր ցանկերի մեջ՝ «500 երգեր, որոնք ձևավորել են ռոքնռոլը»՝ այսպիսով ապահովելով իր կարևոր տեղը Փառքի սրահում, «Բոլոր ժամանակների լավագույն 500 երգ», «Բոլոր ժամանակների լավագույն 100 կիթառի սոլո» և այլն: Երաժշտության տեսաբաններից մեկն այն անվանել է «ռոք երաժշտության պատմության մեջ ամենապահանջված երգը»:

Չնայած երգի ստեղծման նախապատմությանը՝ այն հետագայում նվիրվեց իրենց երաժիշտ ընկերների՝ Դուեյն Օլմենի և Բերի Օքլիի հիշատակին: «The Allman Brothers Band» ռոք խմբի այս երկու երաժիշտն էլ տարօրինակ զուգադիպությամբ մահանում են մոտոցիկլետի վթարից, ընդամենը մեկ տարվա տարբերությամբ և գրեթե նույն վայրում: 1975թ. համերգներից մեկի ժամանակ, Ռոնին «Free Bird»-ը նվիրեց նրանց հիշատակին՝ ասելով, որ նրանք երկուսն էլ ազատ թռչուն էին: Երկու տարի անց՝ 1977թ. ավիավթարի հետևանքով զոհվում են «Lynyrd Skynyrd»-ի անդամներից մի քանիսն ու օդանավի անձնակազմը: Նրանց թվում էր նաև Ռոնի Վան Զենտը: Այս ողբերգական պատահարից հետո տարիներ շարունակ խմբի անդամները «Free Bird»-ը նվագում էին առանց վոկալի: Երաժշտությանը ձայնակցում էր միայն դահլիճից հորդող երկրպագուների երգը: Այս, այսպես ասած, ավանդույթը պահպանվեց երկար ժամանակ, անգամ երբ խմբի կազմում որպես վոկալիստ հաստատվեց Ռոնիի եղբայրը՝ Ջոնի Վան Զենտը:

Երգը մինչ օրս կատարվել է բազմաթիվ երգիչների մեկնաբանությամբ և հնչում է մի քանի հայտնի ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter