HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սնանկացած բանկի պատմությունից

(սկիզբը` «Առավոտի» հերքման հետքերով)

Ինչպես արդեն հայտնի է, կալանված է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության դեպարտամենտի նախկին պետ Արտաշես Դավթյանը: Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Դավթյանը 1995-2001թթ. աշխատել է երեք տարբեր բանկերում, եւ երեքն էլ` «Հայսնունդը», «Միավորված բանկը» եւ «Կրեդիտ-Սերվիսը» ասպարեզից դուրս են մղվել:

«Կրեդիտ-Սերվիս բանկ» ՍՊԸ-ն հիմնադրել են 4 բաժնետեր: Հիմնադրման առաջին իսկ օրից բանկի կառավարման մարմիններում ընդգրկված էր Բորիս Առաքելյանը: Նա բանկի հիմնադիրներից մեկի բարեկամն է: Մինչեւ 1997թ. գործադիր տնօրենը Բ. Առաքելյանն էր: Բանկի հիմնադիրները նրան լիովին վստահում էին: Մինչեւ 1997թ. բանկի գործունեության մեջ գրեթե թերություններ չեն եղել: 1997թ., Բ. Առաքելյանի առաջարկով, բանկի գործադիր տնօրեն է նշանակվել Արտաշես Դավթյանը, որին Բ. Առաքելյանը ներկայացրել է որպես լավ մասնագետ եւ մտերիմ ընկեր: Իսկ ինքը նշանակվել է բանկի խորհրդի նախագահ: 2001թ. հունվարից բանկի հաճախորդներից ահանզանգեր են ստացվում, թե բանկի ղեկավարությունը տարաբնույթ օրինախախտումներ է թույլ տալիս: «Կրեդիտ-Սերվիսի» հիմնադիրներից մեկն անձամբ է սկսել վերահսկել բանկի գործունեությունը: Բանկի իրավախորհրդատու Տիգրան Զալինյանին հանձանարարվել է կատարել ուսումնասիրություն: 1997-1999թթ. բանկի գործունեության ուսումնասիրությունների արդյունքում Տ. Զալինյանը պարզել է, որ բանկի գործադիր տնօրեն Ա.Դավթյանը օրենքի խախտումներով վարկերի տրամադրման գործարքներ է իրականացրել: Այդ ժամանակ Ա. Դավթյանն արդեն աշխատում էր ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես վերահսկողության դեպարտամենտի պետ: Ահա վարկեր տրամադրելու մի քանի դեպքեր.

 1998թ.- 30 000 ԱՄՆ դոլար,

 1998թ.- 8 400 ԱՄՆ դոլար,

 1999թ.- 50 000 ԱՄՆ դոլար,

 1999թ.- 100 000 ԱՄՆ դոլար:

Նշված վարկերը տրամադրվել են Արտաշես Դավթյանի հարազատներին, բարեկամներին եւ ծանոթներին: Օրենքը չի թույլատրում հրապարակել վարկ ստացողների տվյալները, ուստի մենք առայժմ զերծ ենք մնում այդ եւ բազմաթիվ այլ տվյալների հրապարակումից: Ա.Դավթյանի` նման մեխանիզմներով տրամադրած վարկերի եւ դրանց հավելագրված տոկոսների հանրագումարը կազմում է մոտ 442 հազար 500 ԱՄՆ դոլար: Կան դեպքեր, երբ Ա.Դավթյանի հարազատների անվամբ տրված վարկի տոկոսադրույքը ամսական նույնիսկ 1 տոկոս չի կազմել: Իսկ բանկն այդ ժամանակ քաղաքացիներից ավանդ էր ընդունում 3-4 տոկոսով:

Այսինքն, նման ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելով` բանկին դիտավորյալ վնաս է հասցվել: «Վերը հիշատակված վարկային գործարքներում ոչ միայն կեղծված են ստորագրությունները, այլեւ Ա.Դավթյանի ստորագրությամբ գրված են ինչ-որ որոշումներ, որոնք, ըստ երեւույթին, փոխարինում են բանկի խորհրդի որոշումներին, սակայն Դավթյանը բանկի խորհրդի կազմում երբեւիցե չի եղել եւ դրա իրավասությունը չի ունեցել»,-ասում է «Կրեդիտ-Սերվիս» բանկի իրավախորհրդատու Տիգրան Զալինյանը: Իսկ ինչպե՞ս պետք է վերադարձվեին այս վարկերը: Ամենայն հավանականությամբ, սցենարը հետեւյալն էր լինելու` անել ամեն ինչ, որպեսզի բանկը սնանկ ճանաչվի, իսկ հետագայում՝ ինչ-ինչ մախինացիաներով մարել դրանք: Ա.Դավթյանը 1997թ. սեպտեմբերին վարկային պայմանագիր էր կնքել մի ՓԲԸ-ի հետ՝ հատկացնելով մոտ 40 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարկ: Չնայած «Կրեդիտ-Սերվիսի» վարկային դեպարտամենտի պետ Պ. Պողոսյանը դեմ է եղել վարկը տրամադրելուն, այնուամենայնիվ, Ա. Դավթյանի ճնշմամբ վարկը տրամադրվել է: Փոխարենը, մեր ունեցած տեղեկություններով, ՓԲԸ-ի փոխտնօրենը Ջրվեժում գտնվող իր առանձնատունը իբրեւ սեփականություն հանձնել է Ա.Դավթյանին:

2001թ. հունիսի 19-ից «Հունաստանի առեւտրային բանկի» «Կրեդիտ-Սերվիս» բանկի բացված դեպո հաշվում պահպանվում էր հունական բանկին սեփականության իրավունքով պատկանող 127 մլն 475 հազար դրամ արժողությամբ Պետական կարճաժամկետ պարտատոմսեր (ՊԿՊ): ՊԿՊ-ի հաշվառումը օրենքով կատարում է ՀՀ կենտրոնական բանկը: Նա է պարզում, թե որ բանկը որքան ՊԿՊ ունի, եւ ում են պատկանում դրանք: 10.10.2001 թ. եւ 02.11.2001 թ. «Կրեդիտ-Սերվիս» բանկը 3 օրով 202 հազար ԱՄՆ դոլար վարկ է վերցնում «Արցախբանկից» եւ դրա դիմաց գրավ դնում Հունական բանկի պարտատոմսերը: «Կրեդիտ-Սերվիս»-ը գիտեր, որ դրա իրավունքը չուներ, եւ որ այդ գումարը չի կարողանալու վերադարձնել «Արցախբանկին»: ՊԿՊ-ները գրավ դնելու բոլոր գործարքները կատարում եւ գրանցում է ԿԲ-ն: Վերջինս այդ ընթացքում տեղեկանք է տվել «Արցախբանկին», որ այդ ՊԿՊ-ները «Կրեդիտ-Սերվիս» բանկի սեփականությունն են: ԿԲ-ն միաժամանակ տեղեկանք է տվել Հունական բանկին, որ այդ նույն արժեքով նույն թողարկման ՊԿՊ-ները պատկանում են նաեւ Հունական բանկին եւ գտնվում են «Կրեդիտ-Սերվիս» բանկում բացված դեպո հաշվում: Ինչպես է պատահել, որ ԿԲ-ն նման տեղեկանք է տվել՝ առայժմ չի հաջողվել պարզել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter