HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է արել քրեակատարողական համակարգը դատապարտյալին ուղղելու համար

Թեև 21-րդ տարին բանտում պատիժը կրող, վերջին 5 տարիներին տույժ ու տուգանք չունեցող նախկին մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանը իրավունք ունի օգտվել պայմանական ազատման իր իրավունքից, այդուհանդերձ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մայիսի 31-ին որոշել է 1 տարով հետաձգել նրա ազատման հարցի քննարկումը: Հանձնաժողովի պատճառաբանությունն այն է, որ ցմահ բանտարկյալը բնութգրվում է միջին, ուստի կարող են հետաձգել հարցի քննարկումը:

Ցմահ դատապարտյալի պայմանական ազատման հարցի քննարկումը հետաձգվել է նաև անցյալ տարվա մայիսին, երբ նույնպիսի որոշում կայացրել էր «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական հանձնաժողովը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա հետաձգման որոշումները Ստեփան Գրիգորյանը վիճարկում է դատարաններում: Անցյալ տարի դատական երեք ատյաններում էլ մերժվել են Գրիգորյանի բողոքները, այսինքն՝ դատական կարգով նույնպես նա չի կարողացել հասնել պայմանական ազատման:

Այսօր նա երկրորդ անգամ է դատարանում վիճարկում ՔԿՀ վարչական հանձնաժողովի՝ պայմանական ազատման հարցի քննարկումը հետաձգելու մասին որոշումը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ստեփան գրիգորյանի շահերը ներկայացնում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

«Հետքի» հետ զրույցում փաստաբան Ռևազյանը նշեց, որ ապրիլ ամսից Ստեփան Գրիգորյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ: Նախկինում պատիժը կրել է «Նուբարաշենում»՝ երկար տարիներ, ապա վերջին մի քանի ամիսը նախ տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ՝ կիսափակ ռեժիմային գոտի, ապա «Արմավիր»: Փաստաբանի խոսքով, նախ պետք է պարզել, թե ինչ աշխատանքներ են տարվել դատապարտյալի հետ 20 տարի նրա վերականգնման և ուղղման համար, ապա պահանջեն դատապարտյալից դրական բնութագիր. «Այնինչ հայտնի է, որ նման վերականգնողական ծրագրերի մասին խոսելը մեր բանտային համակարգում, այն էլ փակ ռեժիմում, ճոխություն է»,-ասաց Ռոբերտ Ռևազյանը: Այլ կերպ ասած, ի՞նչ է արել բանտային համակարգը, որ 20 տարի անց հասարակություն վերադառնա մտքով, մարմնով, հոգով առողջ քաղաքացի:

Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է 1996թ.: 1997 թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961թ. Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով: Նա մեղադրվել է սպանության գործով' որպես մասնակից: «Ինքս ոչ մեկի չեմ զրկել կյանքից: Հարկ եղած դեպքում Ձեր դատին կարող եմ ներկայացնել քննիչների կողմից անհեթեթ եզրակացությունների հիման վրա կայացված դատավճիռս: 2003-ի օգոստոսի 1-ին Ա-103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ. Քոչարյանը «ներման հրամանագրով» առավելագույն պատիժը փոխարինեց մեկ այլ առավելագույն պատժատեսակով»,- մեզ հասցեագրված նամակում գրել է Ստեփան Գրիգորյանը:

Ըստ քրեական օրենսգրքի հոդված 76-ի կետ 5-ի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և, փաստորեն, կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին: Մինչդեռ  դատապարտյալները, այդ թվում նաև՝ պատժի առավելագույն չափի դատապարտվածները պարբերաբար «Հետքին» ահազանգում են, որ կա հոդվածային խտրականություն, չգրված օրենք, ըստ որի՝ մի խումբ հոդվածներով դատապարտվածները, այդ թվում և ծանր ու առանձնաապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածները չեն ներկայացվում պայմանական ազատման: Այսպես՝ մոտ 15 ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին թեպետ լրացել է, այդուհանդերձ, պայմանական ազատման որևէ նախադեպ դեռ չկա: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը կամ հետաձգվում է, կամ վարչական հանձնաժողովները մերժում են նրանց ներկայացնել պայմանական ազատման:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter