HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակնաբուժական կենտրոն՝ Սպիտակում

Այսօր ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Այս առիթով ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոն այցելեցին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱՄՆ-ից  ժամանած անվանի ակնաբույժներ եւ ՀԱՆ-ի բարերարներ:  

Հայկական ակնաբուժության նախագիծը տեղեկացնում է, որ Կենտրոնում կգործեն գերժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարանը եւ ակնային զննումների սենյակները՝ ապահովելով ակնային առողջության պահպանման ամբողջական շրջանը։ Վիրահատարանը հագեցած է նաեւ տեսակապի համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչի շնորհիվ տեղի բուժաձնակազմը անհրաժեշտության դեպքում կկարողանա կապ հաստատել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատության ընթացքում:  

«Երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ հիմնելով՝ խթանում ենք ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերի բնակչության բոլոր շերտերի համար եւ ապահովում դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու Աչքի շարժական հիվանդանոցին՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաեւ վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով կենտրոնի ինքնաֆինանսավորումը», - ասաց ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը: 

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական տարաբնույթ ծառայություններ է մատուցում Լոռու մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը վեց անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում շուրջ 40,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, շուրջ 10,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3,000 վիրահատվություն և լազերային բուժում, 10,500 բնակիչ ակնոց է ստացել: Այս աշխատանքները պարներական բնույթ էին կրում եւ իրականացվում էին երկու տարին մեկ հաճախականությամբ: Այսուհետ գերժամանակակից սարքավորումների եւ հատուկ վերապատրաստում ստացած մասնագետի առկայությունը մարզում կլուծի ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիության հարցը ողջ տարվա ընթացքում: 

Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ-ի կենտրոնը իրականություն է դարձել մի շարք կառույցների և անհատների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի եւ Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների թոռնուհու հովանավորության շնորհիվ, ով ցանկանում է անանուն մնալ: 

Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետի վերահսկողությամբ: 

Ակնային տարաշրջանային կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի հիմնական բաղադրիչն է։ Սա հնգամյա ծրագիր է, որը սկսել է 2014թ.-ին Տավուշի մարզից, Լոռու մարզինը երկրորդն է, առաջիկա երեք տարիներին նմանօրինակ եւս երեք կենտրոն կհիմնվի Հայաստանի տարբեր մարզերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter