HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր են խախտում «անմեղության կանխավարկածի» սկզբունքը

«Արդեն 2 տարի է մեր ընտանիքը բլոկադայի մեջ է: 40 տարվա մեր ընկերները միանգամից անհետացան, մեր հեռախոսն այլեւս չի զանգում, որեւէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր ընտանիքի հետ»,- ասում է հայրենիքի դավաճանության մեղադրանքով 10 տարի ազատազրկման դատապարտված, արեւելագետ Մուրադ Բոջոլյանի կինը` Լյուդմիլա Բոջոլյանը: Շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ Բոջոլյանների զավակների կյանքում: «Ես նույնպես կորցրեցի իմ աշխատանքը, մտերիմներիս, հորս հետ կատարվածն անդրադարձավ նաեւ իմ անձնական կյանքի վրա: Այսօր իմ ազգանունն ինձ խանգարում է աշխատանք գտնել եւ ապրել այս երկրում»,- ասում է Մուրադ Բոջոլյանի դուստրը` Ալինան:

Հիշեցնենք, որ արեւելագետ Մուրադ Բոջոլյանը ձերբակալվել է 2002թ. հունվարի 26-ին եւ ՀՀ դատական երեք ատյանների կողմից էլ ազատազրկման դատապարտվեց 10 տարի ժամանակով: Չանդրադառնալով քրեական գործի մանրամասներին, դատավարության ընթացքին՝ նշենք, որ Մ. Բոջոլյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ անմեղության կանխավարկածը խախտվել է հենց նրա ձերբակալման պահից: Մինչ դատարանի վճռի հրապարակումը, ձերբակալումից անմիջապես հետո, նախաքննության մարմինը ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվություն տարածեց, որ Բոջոլյանը Թուրքիայի լրտես է:

«Նախաքննության հենց սկզբում որոշ թերթեր նրան ոչ միայն լրտես, այլեւ թուրք անվանեցին: Որտեղի՞ց նրանց նման ինֆորմացիա, ինչպե՞ս նրանց հաջողվեց դա բացահայտել, երբ նույնիսկ նախաքննությունը չէր ավարտվել, դատարանի համապատասխան վճիռ չկար, ո՞վ է լրատվամիջոցին, առանց ապացույցներ ունենալու, մարդկանց վիրավորելու, վարկաբեկելու իրավունք տվել»,-հարցնում է Լյուդմիլա Բոջոլյանը:

Մ. Բոջոլյանի նկատմամբ անմեղության կանխավարկածը, ինչպես նշեց նրա կինը, խախտել են ոչ միայն լրատվամիջոցները, այլեւ նախաքննության մարմինը. «Իմ ամուսնու ձերբակալումից 10 օր հետո Ազգային անվտանգության փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը մամուլին հայտնեց, որ իրենք բավարար ապացույցներ ունեն, որ Բոջոլյանը Թուրքիայի լրտես է»: Բոջոլյանների ընտանիքը եկել է այն եզրակացության, որ այս երկրում իրենք ապագա չունեն, եւ որ 1937-ի եւ այսօրվա միջեւ որեւէ տարբերություն չկա:

«Անմեղության կանխավարկած» հասկացությունն այսօր Հայաստանում ոչ բոլորին է հասկանալի: Ըստ որոշ իրավաբանների՝ այս հասկացությունն անգամ իրենց կոլեգաները ճիշտ չեն ընկալում: Փաստաբան Ռուբեն Սահակյանը վստահեցնում է, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է. «Բարի լինենք մարդուն չասել հանցագործ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ»: Ռ. Սահակյանն առաջնորդվում է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով, որով ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

«Խորհրդային միության Սահմանադրությունից մինչ ռեալ իրականություն ուղիղ ճանապարհ չկար: Մեզանից շատերն են ականատես եղել, թե ինչպես է անմեղության կանխավարկածը խեղաթյուրվել եւ ինչպես են տարիներ անց վերանայվել քրեական գործերն ու մարդկանց նկատմամբ, սկսած 37 թվականից, արդարացման դատավճիռներ կայացվել, երբ մարդիկ արդեն կրել են այդ զրկանքներն ու պատիժները»,-հիշեցրեց իրավագետ Հրայր Թովմասյանը:

1995թ. անմեղության կանխավարկածի սկզբունքն ամրագրվեց անկախ Հայաստանի Սահմանադրության մեջ: Պարոն Թովմասյանի կարծիքով, օրենսդրական տեխնիկայի առումով, հստակությամբ եւ բովանդակությամբ, անմեղության կանխավարկածի սահմանումը կարելի է համարել կատարյալ, սակայն այլ է պատկերը իրականության մեջ: Անմեղության կանխավարկածի կարեւորագույն բաղադրատարրերից մեկն այն է, որ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, համապատասխան քննչական մարմիններն են պարտավոր ապացուցել վերջինիս մեղավորությունը: Կարեւորագույն սկզբունք է նաեւ այն, որ չփարատված կասկածներն օգտագործվում են ի օգուտ մեղադրյալի: «Եթե նույնիսկ անձն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, ապա դա բավարար պայման չէ, որպեսզի անձին մեղադրեն հանցագործության մեջ: Միայն դատավարության փուլում դատավորը, միմյանց հետ համադրելով բոլոր ապացույցները, կարող է հանգել նման եզրակացության, ապացուցված համարել անձի մեղավորությունը կամ անմեղությունը»,- ավելացրեց Հ. Թովմասյանը:

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, մեր երկրում անմեղության կանխավարկածի սկզբունքը ոտնահարվում է բոլոր փուլերում՝ անձի ձերբակալման պահից մինչեւ նրա նկատմամբ դատավճռի հրապարակումն ու դրա օրենքի ուժ ստանալը:

Շատ հաճախ նախաքննության մարմինն այնքան է ոգեւորվում այս կամ այն գործով հասարակական կարծիք ձեւավորելու հարցով, որ մոռանում է նախաքննության գաղտնիության պահպանման սկզբունքն ու ԶԼՄ-ներին է հանձնում կամ ամբողջ մեղադրականը, կամ շատ կարեւոր փաստեր, կամ էլ անձին անվանում է հանցագործ՝ առանց ձեռքի տակ դատարանի համապատասխան վճիռ ունենալու, այսինքն՝ խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Ըստ իրավագետ Հրայր Թովմասյանի՝ եթե նախաքննության փուլում հրապարակվում են մեղադրականները, այդ դեպքում խնդիրներ են առաջանում դատավարության փուլում: Բազմաթիվ վկաներ, ծանոթանալով մեղադրականներին, կարող են դատարանում փոխել իրենց ցուցմունքները կամ դրանցից ընդհանրապես հրաժարվել:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը գտնում է, որ նախաքննության մարմինն իրավունք չունի գործն ամբողջությամբ տրամադրել հրապարակման. «Գործն ընթացքի մեջ է՝ մեղադրական է տպվում: Լրագրողն ասում է, որ քննիչն է տրամադրել: Քննիչն իրավունք չունի ամբողջ մեղադրականը տալ հրապարակելու համար: Նա միայն կարող է ինֆորմացիա տրամադրել»:

ՀՀ Գլխավոր դատախազության վերահսկողության ծառայության պետ Գագիկ Ավետիսյանը արտահայտված կարծիքների հետ մասամբ է համաձայն. «Ես էլ եմ գտնում, որ այս կամ այն անձի նկատմամբ հապճեպ տեղեկատվություն տրամադրելն առաջին հերթին մարդու արժանապատվության խնդիր է, իսկ հետո նաեւ՝ նախաքննության մարմնի: Մենք պետք է մտածենք, թե այդ հրապարակմամբ որքանով ենք նպաստում նախաքննության գաղտնիության պահպանման սկզբունքին: Իհարկե, բախում կա օրենքի, Սահմանադրության, անձի իրավունքի, անմեղության կանխավարկածի եւ հասարակության իրազեկության միջեւ, բայց կա նաեւ հասարակական պահանջ: Այս բախման արդյունքում ԶԼՄ-ների միջոցով հավաստի տեղեկությունների հրապարակումը անմեղության կանխավարկածի խախտում չէ»: Պարոն Ավետիսյանն իր բազմամյա փորձից դժվարացավ հիշել իր կողմից անմեղության կանխավարկածի խախտման դեպքեր, բայց եւ չբացառեց. «Ես չեմ զգացել, բայց երեւի խախտել եմ: Չեմ հիշում»:

Անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտվում է նաեւ դատարաններում թե՛ մեղադրողի, թե՛ տուժողի եւ թե՛ դատավորի կողմից:

 «Դատարանում ակնհայտ երեւում է, որ մի կողմում գտնվում են մեղադրողն ու դատավորը, իսկ մյուս կողմում ամբաստանյալն ու նրա պաշտպանը: Դատավորը իրավունքի շահի պաշտպանն է, նա չպետք է գտնվի մեղադրանքի կողմը: Կամ տուժողն է լուտանք թափում ամբաստանյալի գլխին: Մարդկային առումով տուժողին հասկանալ կարելի է, սակայն երբ մեղադրողն է լուտանք թափում, եւ դատավորն էլ լսում է, դա անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է»,- ասում է փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Մեղադրող Գագիկ Ավետիսյանը չհերքեց պարոն Սահակյանի ներկայացրած փաստերը. «Մենք էլ երբեմն, տուրք տալով էմոցիաներին, մարդուն անվանում ենք մարդասպան, հանցագործ: Ես էլ դա անմեղության կանխավարկածի խախտում եմ համարում»,-ասաց նա:

Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատավոր Արայիկ Կուբանյանն ասում է, որ դատարանում հնչած ցանկացած դիրքորոշում, կարծիք անուղղակիորեն ազդում է դատարանի վրա: Ըստ պրն Կուբանյանի՝ դատավորն անձամբ անմեղության կանախավարկածը կարող է խախտել հետեւյալ դեպքում. «Եթե դատավորը կարծիք հայտնի մինչեւ դատավարության ավարտը, դա կլինի անմեղության կանխավարկածի խախտում»:

Իրավապաշտպան Վարդան Հարությանյանի կարծիքով մեր դատարաններում անմեղության կանխավարկածի սկզբունքն ի սպառ բացակայում է. « Մեր դատարանները կայացած չեն, մեր դատավորներն այնքան են կախված համապատասխան մարմիններից, որ հենց դատավարության սկզբից պարզ է, թե ինչպիսին է լինելու ավարտը: Այս առումով անմեղության կանխավարկածը որպես այդպիսին գոյություն չունի»:

Անմեղության կանխավարկածը հաճախ խախտում են նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Իհարկե, գործող օրենսդրությունը թույլ է տալիս լրագրողին ինֆորմացիա հրապարակել ձերբակալված անձի մասին, սակայն հակասում է Սահմանդրության 41-րդ հոդվածին՝ խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Եվ այսպես՝ լրատվամիջոցն իրավունք ունի՞ նախքան օենքի ուժ ստացած դատավճռի առկայությունը տեղեկատվություն հրապարակել ձերբակալված անձի վերաբերյալ եւ մանրամասներ հայտնել քրեական գործից:

«Ոստիկանության «02» հաղորդաշարը դիտելիս ամեն անգամ մտածում եմ, որ այդ հաղորդաշարը պատրաստողները տեղյակ չեն, որ Հայաստանում կա Սահմանադրություն, որտեղ ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Հանցագործության մեջ մեղադրվողին ներկայացնում են արդեն հանցագործություն կատարած անձ»,-ասում է իրավագետ Հրայր Թովմասյանը:

Լրացնելով Հրայր Թովմասյանին՝ դատավոր Արայիկ Կուբանյանն ասում է. «Օրինակ՝ ԱՄՆ-ում, երբ մարդուն ձերբակալում են, զգուշացնում են, որ նա չխոսելու իրավունք ունի, քանի որ ասվածը դատարանում կարող է օգտագործվել նրա դեմ: Չխոսելու իրավունքն ի սկզբանե անձին բացատրում են, իսկ մեզ մոտ մարդուն բռնում են ու խոսեցնում են՝ ի՞նչ է արել, ո՞նց է արել եւ միանգամից հեռուստատեսությամբ եթեր հեռարձակում»:

Որպես լրատվամիջոցների կողմից անմեղության կանխավարկածի խախտման վառ օրինակ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նույնպես նշեց «02» հաղորդաշարը. «Բռնում են մարդուն, ամբողջ հանրապետությունով մեկ հայտարարում, որ նա հանցագործ է, հետագայում նա արդարացվում է, բայց արդեն պիտակավորված է: Դա հատկապես ճչացող է, երբ խոսքը վերաբերում է անչափահասներին: Նրանք մի ամբողջ կյանք ունեն իրենց առջեւում եւ որեւէ հանցագործության մեջ նրանց մեղադրելն արդեն պիտակավորում է»:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը գտնում է, որ «02» հաղորդաշարն անմեղության կանխավարկածը խախտում է բոլոր դեպքերում, եթե նույնիսկ կալանավորվածն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել. «Մենք շատ լավ գիտենք, թե մեզ մոտ ինչպես են ցուցմունքներ կորզում»:

ՀՀ Ոստկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը հայտարարում է, որ իրենք երբեւէ անմեղության կանխավարկածը չեն խախտում:

Ըստ մեր զրուցակիցների՝ «02» հաղորդաշարն անմեղության կանխավարկածի խախտման ամենավառ օրինակն է: Նրանց կարծիքով անմեղության կանխավարկածի խախտում է ոչ միայն ձերբակալվածի մասին տեղեկատվություն հրապարակելը, այլեւ նրան լուսանկարելը, երբ նա համաձայն չէ:

«Մարդը, երբ դատապարտված է, նույնիսկ այդ ժամանակ չի ուզում նկարահանվել, ուր մնաց ոստիկանությունում գտնվողը ցանկանա»,- ասաց Միքայել Դանիելյանը:

«Ես չեմ կարծում, որ հանցագործությունների մեջ կասկածվողների մեծ մասը ցանկանա նկարահանվել: Ես ինքս եմ լինում մեկուսարաններում, եւ 90 տոկոսը չի ցանկանում նկարվել, ձայնագրվել, այն էլ դատապարտվածները: Նախաքննության մեջ գտնվողներն ընդհանրապես չեն ցանկանա, որովհետեւ նրանք արդարացվելու հույսեր ունեն»,-վստահեցնում է Վարդան Հարությունյանը:

Անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը այդ սկզբունքին ծանոթ լինելն է, սակայն, թե՛ դատավորները, թե՛ մեղադրողները, թե՛ իրավապաշտպաները եւ թե՛ փաստաբաները իրենց բազմամյա փորձից չկարողացան հիշել մի դեպք, երբ ամբաստանյալը հայտարարի, թե իր նկատմամբ խախտվել է անմեղության կանխավարկածը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter