HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Ասկարյան. «Հողն է ուժ տալիս քեզ»

Ստեփանակերտի նոր կառուցվող եկեղեցու դռան վրա է աշխատում քանդակագործ, նկարիչ Ռոբերտ Ասկարյանը: Փայտյա դռան վրա ասեղնագործի աշխատանք է տանում: Ամեն մի դետալը գաղտնագիր է: Եթե հասկանում ես դրանց լեզուն, կարող ես իմանալ ասելիքը:

Ասկարյանը մի քանի եկեղեցիների դռների հեղինակ է, այդ թվում՝ Գանձասարի եկեղեցու դռան: Փայտյա դռների մոտ անավարտ նկարներ են դրված, դրանց մոտ՝ պատին, փակցված է Ղարաբաղի առաջին վարորդների նկարը: 1984 թվին է նկարել: Ասում է՝ «նայի, մեջտեղինը Չոփ Անդոն է, ուտող-խմող մարդ էր»: Մեքենան էլ բերել էին տվել Գերմանիայից:

Ամեն մի գործի հետ երկխոսություն է ունենում: Ցույց է տալիս աղջիկների քանդակներ, ասում է՝ նրանցից մեկը տուն է տարել, որովհետև մյուսները նախանձում էին նրան, կռվում էին: Ծիծաղում ենք: Ինքը թե՝ լուրջ եմ ասում:

Ռոբերտ Ասկարյանը ծնվել ու մեծացել ու ապրում է Արցախում: 60 տարեկան է: Մինչև հիմա շատ հնարավորություններ է ունեցել արտասահմանում ստեղծագործելու, ապրելու, բայց հրաժարվել է: Համոզված է, որ մեկ է՝ քո հողից լավ տեղ չկա: «Էդ հողն է ուժ տալիս քեզ»,- նշում է նա: Բրազիլիայում երկու անգամ մասնակցել է քանդակի միջազգային սիմպոզիումի, ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական մի շարք երկրներում, բայց Արցախից երբեք չի մտածել հեռանալ:

Ռ. Ասկարյանի նկարչությունը կուբիզիմի տարրերով է ու ընդգծված վառ գույներով, թեև ինքը ոչ մի «իզմ»-ի չի վերագրում իր արածը: Ասում է՝ կարևորը ոչ թե նյութն է, այլ ասելիքը: Հետո շարունակում է, թե չի սիրում, երբ իրեն խնդրում են մեկնաբանել այս կամ այն աշխատանքը: Դիմանկարներում տխրություն կա, ինքը սկզբից չի համաձայնում, հետո թե՝ «հա, թախիծ կա»: «Տխրությունը շատ ժամանակ չես զգում, երբ նկարում ես»,- նկատում է նկարիչը:

Երբ հիշողություններն արթնանում են, թախիծը խտանում է: Արվեստագետը, Ռորբերտ Ասկարյանի կարծիքով, ապրում է այդ հիշողություններով և «մի քիչ էլ ուրիշ ռակուրսով է նայում իրերին»: Մինչ օրս հիշում է մանկապարտեզի իր դաստիարակի օծանելիքի բույրը: Կան բաներ, որ չեն մոռացվում: Հարցնում եմ՝ ի՞նչն է կարոտում ամենաշատը, մտածում է, մի քանի վայրկյան անց պատասխանում. «Ծնողներիս, մանկությունս»: Հետո նշում է, որ կարոտը մարդկային զգացողություն է, ողբերգություն չէ:

Հետքերը

«Տունը, որտեղ ապրում էինք, պատուհանը ցածր էր: Այնպես որ, անցուդարձը տեսնում էինք: Ֆիլմ էի ուզում նկարել, չարեցի: Ամեն առավոտ ժամը 05:30-ին սայլակով մի կին էր անցնում: Անցնելիս սայլակը դըխկդըխկում էր: Մի օր աղջիկս ասաց՝ պապ, էդ կինը չի երևում, դըխխդըխկոցը չկա, երևի մահացել է: Մենք հաճախ չենք էլ նկատում, բայց մեր շուրջը կատարվող բաները հետքեր են թողնում մեզ վրա»,- ասում է զրուցակիցս:

Ինչ-որ տեղ գնալուց էլ այդ վայրը հետքեր է թողնում քեզ վրա: Այդպիսին է մարդը՝ ըստ արցախցի նկարչի: Ցույց է տալիս մի նկար. տրոհված պատկեր է: Մանկության տարիների լուսաբացն է՝ ծառերի ճյուղերի միջից:

Ծառը, ընտանիքը Ռ. Ասկարյանի գործերում հիմնաքարային են: Շարքի մեջ հղի կանանց քանդակներ են: Դրանցից մեկը հղի կնոջ և դեռևս չծնված երեխայի երկխոսությունն է: Այդ պատկերն իրականում եղել է, հիվանդանոցի բակում է տեսել:

Մարդը, կարծես, թաց կավի պես կլանում է իր շուրջը կատարվող գործողությունները, հետո՝ չգիտես, թե երբ, կդրսևորվեն դրանք:

Ընտանիքում 5 եղբայր են եղել (նրանցից մեկը կինոռեժիսոր Դոն Ասկարյանն է, «Կոմիտաս» ֆիլմի հեղինակը): Զրուցակիցս ասում է՝ մեծ ընտանիքը մասամբ նպաստում է երեխայի ազատ լինելուն, մեկը մյուսից սովորում է: «Հերս երգում էր Օֆելյա Համբարձումյանի հետ երգչախմբում... Հերս շինարար էր, բայց ամեն իրիկուն ճաշին երգում էին: Էն ժամանակ Ղարաբաղում ո՞վ էր իմանում՝ գուսան Շերամն ով է: Ղարաբաղի ռադիոն ժամը 2-3-ն էր՝ մի ժամ էր, որ հայերեն էր խոսում, և 7-8-ը: 2:30 հայկական համերգ էր, հերս ասում էր՝ նստենք, լսենք: Ընտանիքի միջավայրը շատ կարևոր է»,- նշում է նկարիչը:

Ստեփանակերտի արվեստի դպրոցում է դասավանդում, որտեղ, իր խոսքով, մեծահարուստների երեխաներ չկան: Հիմնականում կարիքավորների երեխաներն են արվեստով հետաքրքրվում. «Քեզ տված լույսը փոխանցում ես մյուսներին: Ուրախալին դա է: Նույնը պիտի լինի մյուս բնագավառներում»:

Ապրիլի 2-ից հետո

Ապրիլի 2-ը կարմիր գծի պես անցնում է արցախյան մեր գրեթե բոլոր զրույցների միջով: Ռ. Ասկարյանի կարծիքով՝ եթե նախկինում բաներ կային, որոնք չէինք ասում, հիմա արտահայտվում ենք: «Նախկինում վախենում էին ասել՝ հերիք ա լափեք, գողանաք, հիմա չէ, ասում են: Էսօր հայ զինվորը պետք է շատ գումար ստանա՝ շարքային զինվորը պետք է ստանա ոչ թե 3100 դրամ, այլ 30000 դրամ: Մյուս հարցերը պետք է ուրիշ ձևով լուծվեն»,- նշում է արցախցի քանդակագործը:

Չի հաշտվում գողության և խաբեության հետ: Դրանք մեկը մյուսի շարունակությունն են: «Վատը պիտի մաքրենք մեր միջից: Ասելով չէ, անելով է: Ծառի էն ճյուղը, որ թույլ է, ջարդվում է, իսկ էն ճյուղը, որ ամուր է, չի ջարդվում: Դարեր շարունակ քանի՜ մայիսներ եղան, բայց մնացել ենք»,- ասում է զրուցակիցս: Քաղած դասերի մասին ասում է, թե դասը շոր չէ, որ հանգնես: Եթե հիվանդ մարդուն կոստյում հագցնեն, շրթներկ քսեն, դրանից նա չի բուժվի: «Առողջ լինենք, դա է կարևորը»,- շարունակում է:

Ասում է՝ մենք միշտ խոսքեր ենք լսում, իսկ գործ քիչ ենք անում: Հիմա ազգը աղքատության մեջ է, մարդկանց համար մի ճար պիտի անեն:

Հետո շրջում ենք ցուցասրահում: Ասկարյանը հերթով պատմում է գործերից մի քանիսի մասին: «Եթե ասելիք չունես, գործ պիտի չանես»,- ավելացնում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter