HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Միշել Քոլոն. «Պատերազմի մարկետինգը, կամ ինչպես վերացավ մի ամբողջ համաշխարհային շարժում»

«Լավ կլիներ լուծարեինք ՆԱՏՕ-ն և մեկ այլ անվտանգության կառույց հիմնադրեինք, որը միաժամանակ կներառեր և՛ անդրատլանտյան դաշինքի երկրները և՛ Ռուսաստանը»,- այս առաջարկն է անում Եվրախորհրդարանի Եվրոպական միացյալ ձախի փոխնախագահ Անդրեյ Հունկոն:

«Բայց քանի դեռ դա անհնար է, ապա անհրաժեշտ է դադարեցնել Եվրոպայի միության ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը»,- ասել է Սպառազինության տեղեկատվության կենտրոնի անդամ Տոբիաս Ֆլուգերը (Tobias Pflüger):

Եվրոպայի Միացյալ ձախը Եվրախորհրդարանի թվով հինգերորդ քաղաքական ուժն է: Այն համախմբում է սոցիալիստ, հակակապիտալիստ, հակալիբերալ, բնապահպանական-սոցիալիստական, կոմունիստական ու պոստ-կոմունիստական կուսակցությունները:

Անհանգստացած ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականության և մասնավորապես ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության համար Եվրոպայի Միացյալ ձախը Եվրախորհրդարանում խորհրդաժողով է կազմակերպել, որի խորագիրն է «Այլընտրանք կա»: Նպատակն է ազդել հուլիսի 8-9 Վարշավայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումներին:

Խորհրդաժողովի մասին տեղեկությունները պատրաստվել են  http://www.investigaction.net/ կայքի նյութերի հիման վրա:

Բազմաթիվ զեկուցողներ քննադատեցին ՆԱՏՕ-ի ռազմատենչ գործողությունները, հատկապես՝ Ռուսաստանի շրջափակմանն ուղղված:

«Անընդունելի է այն փաստը, որ ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարներից մեկը «հավանական» է համարում 2017-ին Ռուսաստանի դեմ ատոմային պատերազմը»,-բացման խոսքում հայտարարեց Եվրախորհրդի պատգամավոր Սաբին Լոզինգը:

«Ռուսաստանը ժողովրդավարական և մամուլի ազատության որոշ խնդիրներ դեռևս  ունի, բայց արդյո՞ք Եվրոպան ու Միացյալ Նահանգները այնքան անթերի են, որ իրենց իրավունք են վերապահում նման կատաղությամբ դատելու ու վերահսկելու նախկին ԽՍՀՄ-ը»,- ասել է Անդրեյ Հունկոն: Նա հիշեցրել է, որ  2009-ին Ռուսաստանը վերացրել է մահապատիժը, իսկ մինչ այդ 10 տարուց ավել չէր կիրառում՝ ի տարբերություն Եվրոպայի հիմնական դաշնակից ԱՄՆ-ի, որի  31 նահանգում մահապատիժը գործում է:

Հունկոն ճշգրտել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացումը անդրատլանտյան կազմակերպության անորոշ քաղաքականության արդյունքն էր. 1990-ին Գերմանիայի վերամիավորումից անմիջապես հետո ՆԱՏՕ-ի բազմաթիվ ղեկավարներ ասում էին, որ իրենք ցանկանում են ամուր ու միացյալ Եվրոպա, և որ լարվածությունից խուսափելու համար չեն տարածվի դեպի Արևելք՝ Ռուսաստան կամ Բալկաններ: Սակայն, Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան 1999-ին մտան ՆԱՏՕ, 5 տարի անց նրանց հաջորդեցին Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան: Դեպի ռուսական սահմաններ այս շարունակվող ընդարձակմանը նախորդել էր Անդրատլանտյան դաշինքի հակահրթիռային ծրագիրը: Կրեմլը, երկար ժամանակ հակադրվելով ծրագրին, այսուհանդերձ, 2010-ին ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում հայտնեց, թե գուցե համագործակցի, եթե «հստակ պատկերացում կազմի, թե ինչ է այդ հակահրթիռային եվրոպական համակարգը»:

4 տարի անց սկսված ուկրաինական ճգնաժամը վերջնականապես խափանեց ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունները: Անդրատլանտյան կազմակերպությունն, այդուհանդերձ, շարունակեց իր հակահրթիռային համակարգի ներդրումը ռուսական սահմանների մոտ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական ժողովի վերջին հայտարարությունները մեղադրում են «Ռուսաստանին հարևանների նկատմամբ ուժի կիրառման համար, և որ նա իր դաշնակիցների համար սպառնալիք է»: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը թունդ ռեակցիա է առաջացնում Կրեմլում, որն իրեն շրջափակված է զգում, հատկապես Ուկրաինայով, որին Վլադիմիր Պուտինը որակում է որպես «ՆԱՏՕ-ի լեգեոն»: Ուրեմն, վերջին լարվածությունների մեջ ՆԱՏՕ-ն խաղացել է «պիրոման հրշեջի դեր»:

Խորհրդաժողովի մասնակիցներն ասում են, որ ՆԱՏՕ-ն շահ ունի ճգնաժամը խորացնելու մեջ:

Հատկապես, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվացումը ռազմավարական հատվածներում «Արևելքի կողմից կարող է դիտվել որպես սպառնալիքի փորձ և Արկտիկայի ռեսուրսների համար պայքարի նախապատրաստություն». այս միտքն ընդգծել է Տոբիաս Ֆլուգերը, ով Սպառազինության տեղեկատվության կենտրոնի անդամ է:  Նա նկատել է, որ  2015-ին ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայի ու Շվեդիայի («չեզոք» կոչված երկրներ) հետ համատեղ օդային զորավարժություններ արեց՝ «Arctic Challenge Exercise » վերնագրով, իսկ դրանից քիչ անց Շվեդիան համաձայնագիր ստորագրեց, որով թույլ տվեց ՆԱՏՕ-ին իր ափերը որպես նավահանգիստ օգտագործել: Սրան է գումարվում նաև Էգեյան ծովի զավթումը անդրատլանտյան կազմակերպության ստորաբաժանումների կողմից, որի պատճառը պաշտոնապես գաղթականների հոսքի վերահսկողությունն է: Բայց, ըստ շատ դիտորդների, խոսքն այստեղ հատկապես Բոսֆոր նեղուցի վերահսկողության մասին է Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո:

Եվրոպական միացյալ ձախը  պրոռուսական դիսկուրս չունի, ուղղակի ձգտում է  ճշմարտությունը տեսնել: «Այլևս անհանդուրժելի է, որ ՆԱՏՕ-ում գտնվող եվրոպական ակտիվները ծառայեն ամերիկացիների շահերին, որոնք ակնհայտորեն գործում են հանուն ԱՄՆ-ի գերակայության Եվրասիական պետությունները ապակայունացնելու համար»,- ավելացրեց Մարիա Սոկորո Գոմեսը (Համաշխարհային Խաղաղության խորհուրդ):

  Հետաքննող լրագրող, investigaction.net կայքի խմբագիր Միշել Քոլոնի (Michel Collon) ելույթը խորհրդաժողովում

70 տարի առաջ ԱՄՆ ստրատեգներից մեկը՝ Ջոն Քենոնը, շատ կոպիտ կերպով խոսում էր ԱՄՆ ռազմավարության մասին, որն էլ իրագործվում է մինչև այսօր. «Մենք՝ ԱՄՆ-ն, աշխարհի հանրային հարստության 50 տոկոսին ենք տիրապետում, իսկ բնակչության՝ 6 տոկոսին: Մեր քայլերը պետք է ուղղված լինեն հաստատելու այնպիսի մի համակարգ, որը պահպանի այս անհավասարությունը, մենք չենք կարող մեզ թույլ տալ ալտրուիզմի և աշխարհի բարեկեցության մասին մտածելու շռայլությունը»: 

Մի քանի տասնամյակ անց, Ջեյմս Բեկերը՝ հայր Բուշի նախարարը, Գորբաչովի հետ բանակցությունների ժամանակ ասաց, որ ՆԱՏՕ-ն մի մետր անգամ չի առաջանա դեպի ռուսական սահմաններ: Իսկ այժմ Ռուսաստանը շրջապատված է, ամերիկացիները նրա դռան առջևում են, և սա մեզ կանգնեցրել է շատ վտանգավոր մի հակամարտության առաջ:

Այս գործընթացի առաջին հանգրվանը Հարավսլավիայի դեմ պատերազմն էր՝ անշուշտ «մարդասիրական» պատերազմը: Բոսնիայի փորձը մոդել կծառայի ՆԱՏՕ-ի ապագա գործողությունների համար: Ամեն ինչ կանխամտածված էր, հիշեցնեմ, որ այդ ժամանակ ռմբակոծվեց Չինաստանի դեսպանատունը՝ «սխալմամբ», անշուշտ, մի բան, որ ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն դառնալու է աշխարհի գլխավոր ոստիկանը՝ վերազգային ընկերությունների բանակը: Դրանից հետո մի պատերազմ եղավ Եվրոպայում՝ Հարավսլավիայում, մեկ այլ պատերազմ՝ Ասիայում՝ Աֆղանստանում, ևս մեկը՝ Աֆրիկայում՝ Լիբիայում, և ՆԱՏՕ-ի զորավարժությունները անմիջապես Վենեսուելայի սահմանների մոտ: Սա Բժեզինսկու ռազմավարության կիրառումն է, մարդ, որն ասել է, թե եթե մենք ուզում ենք մնալ միակ գերտերությունը, ուրեմն պետք է միմյանցից բաժանենք վասալներին և նրանց խանգարենք տարածաշրջանային դաշինքների մեջ մտնել: Սա անելու համար ԱՄՆ երկու մեթոդ է կիրառում՝ ուղղակի և անուղղակի պատերազմները: Ուղղակի պատերազմը միշտ չի, որ ցանկալի արդյունք է տալիս: Տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ Իրաքում ու Աֆղանստանում:

Մյուսը, ինչպես հենց իրենք են անվանում փափուկ ուժը՝ soft power-ն է, անուղղակի պատերազմը: Եվ Բժեզինսկին դրա մոդելը ստեղծեց՝ հենց նա կազմակերպեց Բեն Լադենի գործուղումը Աֆղանստան, որպեսզի նախկին իշխանությանը տապալեր և ռուսներին ներքաշեր պատերազմի մեջ: Այս մարտավարությունը այնպիսի հաջողություն ունեցավ, որ որոշեցին այն կիրառել Բոսնիայում, Կոսովոյում, Կովկասում և Ուկրանիայում՝ Ռուսաստանի դեմ:

Լիբիայում ռմբակոծությունների ժամանակ ես անձամբ ներկա էի: Ու տեսանք. Քադաֆիին տապալելու և այն «հրաշալի ժողովրդավարությունը» հաստատելու համար, որ հիմա ստեղծվել է Լիբիայում, միակ ձևը «Ալ Քաիդա»-ի հետ դաշինք կազմելն էր, և իրենք դա արեցին: Ինչպես նաև Սիրիայում, ուր միակ հնարավոր դաշինքը «Ալ Քաիդա»-ի հետ եղավ, նույնիսկ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ասաց՝ «Ալ Քաիդա»-ն լավ գործ է անում Սիրիայում: Այդպես էլ ասաց. ««Ալ Քաիդան» լավ գործ է անում Սիրիայում»:

Եվ հենց նույն մարդիկ են անում այն, ինչ եղավ Բրյուսելում ու Փարիզում: Նույնիսկ Հիլարի Քլինթոնն է ընդունել, որ «Իսլամական պետություն»-ը իրենց ոչ պաշտոնական բանակն է, որն օգնում է ապակայունացնել, քաոսային վիճակ ստեղծել տարածաշրջանում և գործադրել Բժեզինսկու՝ միակ գերտերություն մնալու մարտավարությունը:

Եվ ուրեմն, ինչպե՞ս է հնարավոր, որ 18, 20, 22 տարեկան երիտասարդները, որ պետք է իրենց ապագայի, կարիերայի, սիրո ու ճամփորդությունների մասին մտածեին, ի՞նչ է պատահում, որ պատրաստ են ինքնասպանության՝ ուրիշ մարդկանց սպանելու համար: Ինչո՞ւ են այդ մարդիկ, որ հարձակումներ են կատարում Ֆրանսիայում, Բելգիայում կամ այլուր, մտածում ինքնասպանության մասին: Ես կարծում եմ, որ սա կապված է նեոլիբերալ ու հակասոցիալական քաղաքականության հետ, որը կազմակերպում ու վարում են Բրյուսելում՝ հենց այս շենքում տեղակայված հաստատությունները՝ մարդկանց դարձնում են աղքատ, գործազուրկ, դրան գումարած երիտասարդ գաղթականներն էլ զոհ են ռասիզմի և խտրականության: Եվ ուրեմն, վերջիններիս ուղղակի մղում են տեռորիզմով ինքնասպանությանը և հետո օգտագործում են դա իրենց շահերի համար: Եվ սա է խնդիրը:

Մենք այստեղ ենք, ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնում, իսկ ովքե՞ր են մեր դաշնակիցները. Իսրայելը, իսլամական պետությունները, Ուկրանիայի ռասիստները և նացիստների ժառանգորդները, Կոլումբիայի թմրանյութերի առևտրականները և կարելի է դեռ շարունակել այս ցանկը: Ահա սրանք են ժողովրդավարության և մարդու իրավունքների գործընկերները:

Նման հանցագործ արարքները վաճառելու համար որպես այսպես կոչված մարդասիրական պատերազմներ անհրաժեշտ է շատ մարկետինգ անել, իսկ նրանք դա կարողանում են: Պատերազմ վաճառելու մարկետինգը, ինչպես ցանկացած այլ վաճառք, հիմնված է 5 սկզբունքների վրա, որոնք ես անվանում եմ պատերազմի պրոպագանդայի 5 սկզբունքներ:

Առաջինը՝ թաքցնել իրական շահերը: Ձևացնել, թե սա պատերազմ է կանանց, ժողովրդավարության, ազգային փոքրամասնությունների պաշտպանության համար և, իհարկե, բեստսելլերը ահաբեկչության դեմ պատերազմն է:

Երկրորդ սկզբունքն է՝ թաքցնել պատմությունը: Թաքցնել, թե ինչեր է արել գաղութատիրությունը այս ժողովուրդներին բաժանելու ու շահագործելու համար՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով:

Երրորդը հրեշային կերպարի ստեղծումն է: Թշնամուն ներկայացնել հրեշի կերպարով՝ պատրանք ստեղծելով, թե նրանից մեծ վտանգ է սպառնում:

Չորրորդ՝ ձևացնել, թե օգնում են զոհերին՝ թաքցնելով, թե իրենց դաշնակիցներն իրականում ինչ են անում այդ տարածաշրջանում:

Հինգերորդը և վերջինը՝ բանավեճի մենաշնորհ և տեղեկատվության վերահսկում:

Ահա սրանք են պրոպագանդայի այն հինգ սկզբունքները, որոնք կարելի է գտնել ցանկացած հակամարտության ժամանակ, ու կարծում եմ՝ այս հինգ սկզբունքները ներկայացնելը լավ մեթոդ է վերլուծելու իրավիճակը և հատկապես երիտասարդներին կրթելու, թե ինչպես ճանաչեն բոլոր այն կեղծիքները, որ մեդիան տարածում է պատերազմ վաճառելու նպատակով:

Իմ վերջին ցանկությունը հետևյալն է: Ինչպե՞ս է հնարավոր, որ աշխարհում, ուր յուրաքանչյուր տարի մեկ պատերազմ է սանձազերծվում, երբ մի պատերազմից մեկն ենք անցնում և հնարավոր է կրկին մի մեծ հակամարտություն ծագի, ուրեմն ինչպե՞ս է հնարավոր, որ նման վտանգավոր աշխարհում մի ամբողջ համաշխարհային շարժում վերանա: Մենք միլիոններ էինք Վիետնամի պատերազմի դեմ, միլիոններ՝ իրաքյան պատերազմի դեմ, բայց ոչ ոք դիմադրություն ցույց չտվեց լիբիական կամ սիրիական պատերազմներին: Սա շատ կարևոր նյութ է միասին վերլուծելու համար, նկատի ունեմ ձախ կազմակերպություններին, և ոչ միայն սոցիալ-դեմոկրատներին, այլ նաև նրանց, ովքեր իրենք իրենց կոչում են ձախերի ձախ շարժում: Ինչպե՞ս եղավ, որ նրանք արտատպում ու արտատպում են մեդիայով տարածվող ստերը: Կարծում եմ՝ սրա պատճառը գաղութատիրական մտայնությունն է. մենք՝ Արևմուտքը, մենք՝ եվրոպացիներս, լուծում ենք բոլոր խնդիրները: Ոչ, խնդիրը հենց դուք եք:

Ես իսկապես կարծում եմ, որ պետք է վերլուծենք այսպես կոչված ձախերին, թե ինչու՞ են  արտատպում ՆԱՏՕ-ի պրոպագանդան ու մարկետինգը, ու թե ինչպես են անմիջապես պիտակավորում, երբ փորձում ես քննադատել պատերազմները, պիտակն էլ ՝ դավադրության տեսություն. վերջացավ, որևէ բանավեճ այլևս հնարավոր չէ:

Եվ որպես եզրակացություն. եթե մենք ուզում ենք այլընտրանք լինել միջազգային քաղաքականության մեջ որպես խաղաղության ու չեզոքության կողմնակից, ինչպես նաև համերաշխ՝ զարգացող հարավի հետ, առաջին ճակատամարտը տեղեկատվության և բանավեճի դաշտում է:

Նյութերը ֆրանսերենից թարգմանեց Եվա Հակոբյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter