Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մահապատիժը օրինականացված սպանություն է



Մահապատժի մասին խոսելուց առաջ մի պահ հարկավոր է խորը շունչ քաշել եւ հասկանալ, որ մահապատիժ կիրառելու իրավունք նշանակում է որեւէ մեկին կյանքից զրկելու իրավունք: Սա վերացական վեճ չէ եւ առնչվում է մարդու ամենագլխավոր, ամենահիմնական իրավունքին, բոլոր իրավունքների նախապայման իրավունքին` կյանքի իրավունքին, ապրելու, սեփական մեղքը հասկանալու, մեղանչելու, սեփական սխալները վերլուծելու, ուղղվելու հնարավորության իրավունքին:

Հարկավոր է հասկանալ, որ մահապատիժը, ինչպես եւ ցանկացած սպանություն, որեւէ կերպ շտկման ենթակա չէ:

Թվում էր, թե Հայաստանի` Եվրախորհրդին անդամակցելուց հետո, մահապատժի հարցը մեր իրականության մեջ արդեն լուծված պետք է համարվեր: Լինի՞, թե չլինի մահապատիժ, կիրառվի՞ այն, թե լինի, բայց չկիրառվի: Այս հարցերի պատասխանը Եվրախորհրդին անդամակցելու պահից յուրաքանչյուր պետության համար որոշված կլիներ արդեն: Իհարկե ոչ, իհարկե մահապատիժը Եվրախորհրդի կանոններն ընդունած յուրաքանչյուր երկրի համար անընդունելի է: Յուրաքանչյուր պետության, բայց ոչ` մեր: Մեր եւ՛ պետությունը, եւ՛ հասարակությունը ընդունում են այսպես ասած հայկական խորամանկության տարբերակը` ասենք այո՛, համաձայն ենք, բայց իրականում չհամաձայնենք, ասենք, որ մահապատիժ չենք ունենալու, բայց իրականում եւ՛ ունենանք, եւ՛ հարկ եղած դեպքում կիրառենք:

Այս պարզունակ խորամանկությունն է պատճառը, որ մենք այսօր, Եվրախորհրդին անդամակցելուց այսքան ժամանակ անց, շարունակում ենք քննարկել այս հարցը:

Իրավաբանները պնդում են, թե մահապատիժը իրավաբանական հիմնահարց է, եւ որ ամբողջ օրենսդրությունը կառուցված է հանցագործության եւ պատժի միջեւ հավասարության սկզբունքի վրա, իսկ մահապատժի վերացմամբ կխախտվի այդ սկզբունքը:

Ասել է` եթե մարդ ես սպանել, ուրեմն բարի եղիր կյանքով վճարել: Իրավաբանությունն առաջարկում է կոնկրետ հանցագործությունների համար կոնկրետ պատժաձեւեր եւ պատժաչափեր: Բայց հանցագործությունների տեսակներ կան, օրինակ` մարդասպանությունը, որի համար որպես համարժեք դիտարկում են միայն մահապատիժը. «Իսկ ի՞նչ անենք մարդասպանների հետ, հատուկ դաժանությամբ սպանություն գործածների հետ, մանկասպանների հետ, արդյո՞ք նրանք ապրելու իրավունք ունեն, կամ արդյո՞ք մենք իրավունք ունենք թույլ տալու, որ նրանք ապրեն»: Սա է մահապատժի գոյության կողմնակիցների հիմնական փաստարկը:

Բայց սրանք զգայական դիտարկումներ են, ոչ թե իրավաբանական փաստարկներ: Այնքան զգայական, որքան լինում է վրեժի ցանկացած դրսեւորում: Այստեղ խոսքը ոչ թե հանցանքի եւ պատժի համարժեքության մասին է, այլ` վրեժի: Ասել է թե` քանի որ մենք չգիտենք, թե ինչ արժե մարդու կյանքը կամ քանի տարվա ազատազրկմամբ է հնարավոր այն փոխհատուցել, ուրեմն մենք էլ քեզ կսպանենք: Բայց արդյոք սա պատժաձեւ է:

Երբ գողին դատապարտում են ազատազրկման` խլելով նրանից գողոնը, դա պատիժ է: Սա հասկանում է եւ՛ հասարակությունը, եւ՛ գողը: Երբ կաշառակերից վերցնում ես վերցրած կաշառքի տասնապատիկը ու հետն էլ բանտ ես տանում, եւ՛ հասարակությունն է դա համարում պատիժ եւ՛ կաշառակերն է իրեն պատժված զգում:

Իսկ ո՞վ կարող է ասել` մահապատժի ենթարկվածը իրեն պատժված զգու՞մ է: Ենթադրենք հասարակությունը, հագուրդ տալով վրեժի իր ծարավին, մարդուն ենթարկեց մահապատժի` առանց հասկանալու, թե ինչ է մահը, որով որ պատժում է հանցագործին: Իսկ հանցագո՞րծը, արդյոք նա պատժվեց: Արդյոք մահը պատիժ է: Մահապատիժը պատժաձեւ է, որը ոչ ոք չի հասկանում, ո՛չ պատժվողը եւ ո՛չ էլ պատժողը, եւ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ կանխամտածված եւ «օրինականացված» սպանություն:

Մահապատիժը որպես պատժամիջոց չպետք է գոյություն ունենա ո՛չ մեր, եւ ո՛չ էլ որեւէ այլ հասարակության մեջ: Սա ոչ միայն մարդասիրական խնդիր է, այլ իրավունքի հարց: Հասարակությունը կարող է իրեն իրավունք վերապահել վերցնել հանցագործից այն ամենը, ինչ ինքն է տվել նրան, կամ իր ընձեռած հնարավորությամբ է նա դրանք ձեռք բերել` նրա սեփականությունը, նրա ազատությունը, բայց կյանքը միակ բանն է, որ տրված է մարդուն ի վերուստ, եւ ոչ ոք այն խլելու իրավունք չունի, ո՛չ մարդասպանը, ո՛չ էլ դատարանը: Առավել եւս, որ դատարանները անսխալական չեն, եւ մենք գիտենք մահապատժի սխալ դատապարտման բազմաթիվ օրինակներ: Միայն այս փաստարկը, թվում է` պետք է բավարար լինի մահապատժին դեմ արտահայտվելու եւ այն ընդմիշտ մերժելու համար:

Դրա փոխարեն մենք ամենայն լրջությամբ քննարկում ենք` ունե՞նք արդյոք մենք դատարանի վճռով մարդ սպանելու իրավունք, թե ոչ: Դատարանի վճիռն էլ անհրաժեշտ է մեր խիղճը հանգստացնելու համար, մարդասպանի պիտակը չկրելու համար: Դատավճռով է պատրաստվում հասարակությունը բարոյական երեւալ, մարդասպան չհամարվել: Իսկ դատավճիռը ընդամենը մարդասպանի գործած հանցագործության հանգամանքների նկարագիրն է, ոչինչ ավելի, որն օրենքի ուժ է ստանում եւ մեր աչքերում արդարացնում է մեզ:

Օրինականացված սպանության մերժում. ահա թե ինչ է պահանջվում այսօր մեզանից: Սա նույնիսկ քննարկման թեմա էլ չէ, սա պայման է, որին չբավարարող որեւէ երկիր չի կարող եվրոպական ընտանիքի անդամ լինել, եւ այն պահից, երբ մենք Եվրախորհուրդ մուտքին ասացինք «այո», «ոչ» պետք է ասենք մահապատժին: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ