HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարի օրենքները. նորոգած զուգարանը մեծերին, շարքից դուրս եկածը՝ երեխաներին

Փառանձեմ Հովհաննիսյան

Արևիկին և ևս 9 աշակերտների Շուշիից 20 օրով Հանքավանի «Հասմիկ» ճամբար հանգստանալու են բերել, որտեղ նրանք հանդիպել են այլ դպրոցներից ժամանած երեխաների: Հանգիստը, սակայն, առաջին իսկ օրն էլ վերածվեց անհանգստության: Ճամբարի մյուս բոլոր կանոններից զատ՝ երեխաներին զարմացրեց «զուգարանից օգտվելու կանոնը»: Պարզվում է՝ ճամբարի տնօրինությունը որոշել է թույլ չտալ երեխաներին օգտվել վերանորոգված զուգարաններից, որոնք գտնվում են ճամբարի շենքի ներսում, այդ զուգարանները աշխատակազմի, ջոկատավարների և ուսուցիչների համար են, իսկ երեխաները պետք է օգտվեն գործածությունից դուրս եկած, բակում, առանց լույսի և դռների, կեղտոտ և խցանված զուգարանից, զուգարաններում թուղթ անգամ չկար, և երեխաները իրենք պետք է հայթայթեին թղթի օրվա իրենց պաշարը:

Երբ երեխաները սկսել են բողոքել, ճամբարի աշխատակիցները որոշել են, որ դա էլ շատ է նրանց, զուգարան, որտեղ լույս անգամ չկա, տասնյակ երեխաներ հերթի մեջ, իսկ գիշերը՝ ոչ ոք իրավունք չունի գնալ զուգարան, քանի որ զարմանալիորեն շենքի ներսում քնող երեխաներին արգելված է շենքի ներսում գտնվող զուգարաններից օգտվել, և քանի որ դուրս գալ չի կարելի գիշերը, հարգելի երեխա, պետք է մինչև առավոտ խորը քնի մեջ մտնես ու մոռանաս բնական կարիքների մասին:

Արևիկի համար խիստ զարմանալի էր, թե ինչո՞ւ իրենք չեն կարող օգտվել ներսի զուգարաններից, ինչո՞ւ դրսի զուգարաններում կեղտն այնքան է խցանվել, որ ոտքը դնելուց կեղտի մեջ է հայտնվում ու լույս էլ չկա, որ տեսնի ոտքն ուր է դնում, և ինչո՞ւ ճամբարի նկարները Շուշիում և ճամբարն իրականում երկու տարբեր բաներ էին: Երբ 12-ամյա աշակերտուհին բողոքել է, նրա հետ և ճամբարականների մի մասը,  «Հասմիկ» ճամբարում հավաքել են բոլորի հեռախոսները, թույլ չեն տվել կապ հաստատել հարազատների հետ՝ պատճառաբանելով, թե երեխաներին վիրտուալ աշխարհից են կտրում:

Երեխաներն ավելի համառ են գտնվել և պահանջել կապ ծնողների հետ, ջոկատավարները համաձայնել են թույլատրել խոսել ծնողների հետ պայմանով, որ որևէ բողոք չպիտի հնչի:

Արևիկի զանգի հերթն էր, նա ներկայացրեց զուգարանների, ջոկատավարների վերաբերմունքի, սննդի խառնաշփոթի մասին իր բողոքները, և ջոկատավարը հայտարարել է՝ ստեղ դու խոսելու իրավունք չունես, կգնաս Շուշիում կխոսես...

Երբ գնացինք Արևիկին ճամբարից տուն վերադարձնելու, ընդունարանի աշխատակիցը պահանջեց տետրից պոկած մի էջի վրա դիմում գրել, գրեցինք, և երբ տեսավ, որ նկարում ենք, նախ ձեռնահարեց դիմումն ու փորձեց թույլ չտալ՝ ձեռքը դնելով դիմումի մեկ այս, մեկ այն տողի վրա, ապա տեսնելով, որ Արևիկի հարազատներն իր պես տիրապետում են իրենց իրավունքներին, կանչեց տնօրենին:

«Հասմիկ» ճամբարի տնօրենը եկավ, փորձեց համոզել, որ երեխան ճիշտ չի ասում, ապա սկսեց արդարանալ, վերջում տեսնելով՝ այլ ելք չունի, աշխատակիցներից մեկին հանձնարարեց  ծանոթացնել ճանբարի ու զուգարանների վիճակին: Ուղեկցող երիտասարդը, չգիտես ինչու, որոշեց սխալ ուղղությամբ տանել, նա քայլերն ուղղեց դեպի ճամբարի շենքը, որտեղ և արտոնյալների զուգարաններն են, Արևիկը, սակայն, ուղղեց սխալը՝ ցույց տալով բակում տեղակայված, զգլխիչ հոտով զուգարանը, որքան էլ աշխատակիցը փորձում էր ցույց տալ, թե այդ զուգարանից վաղուց ոչ ոք չի օգտվել, քանի որ գործածությունից դուրս են, չհաջողվեց, հենց այդ պահին երկու երեխա դուրս եկան զուգարանից, այստեղ էլ ևս մեկ աշխատակից հայտնվեց, ով փորձում էր ապացուցել, որ իրավունք  չունենք նկարել զուգարանը:

Մենք Արևիկին ճամբարից տուն բերեցինք, ցավալի է, որ նման վայրերում երեխաներին ուրախացնելու փոխարեն նյարդայնացնում են, մաքուր զուգարանները ափսոսում են, շահագործումից դուրս եկած զուգարաններից օգտվել տալիս, տասնյակ երեխաների տկլորացնում մի լոգարանում, թե սովորեք միասին լողանալ, մյուս կողմից երիցս հպարտացանք, որ տասնյակների մեջ հենց մեր Արևը կարողացավ տեր կանգնել իր իրավունքներին, որ նրան հետևեցին էլի երեխաներ և լքեցին ճամբարը, ոմանք էլ չլքեցին միայն այն պատճառով, որ Երևանում հարազատներ չունեին, որ գային իրենց հետևից, իսկ նրանք, ովքեր լռեցին, այդ թվում՝ ծնողներ, ուսուցիչներ, ջոկատավարներ, նրանցից ավելին չարժի էլ սպասել, միայն մեկ տող այն ջոկատավարին, ով որոշել էր, թե երեխան այստեղ խոսելու իրավունք չունի՝ հարգելի՛ս, Արևի հայրն այն ազատամարտիկն է, ով նաև քո անկախության համար պայքարել ու վիրավորվել է, երբ դու տակավին մանուկ էիր, և այսօր էլ սահմանին կանգնած է որպես կամավոր, որ դու ճանբարում հանգիստ հրամաններ արձակես:

Հ.Գ. Մինչ կապ էի հաստատում «Հետքի» հետ, ճամբարից տեղեկացրին, որ տնօրինությունը որոշել է թույլատրել երեխաներին օգտվել ներսի զուգարաններից, եթե դրսի զուգարանների նկարներն ու դիմումը չհայտնվեն համացանցում: Չգիտեմ՝ որքանով է հավաստի լուրը, ամեն դեպքում ցավում եմ, պարոն Մուրադյան, բայց արդարությունն ու ճշմարտության մասին բարձրաձայնելն ավելի կարևոր են:

Մեկնաբանություններ (2)

Սիրանուշ
Այդ զուգարան պիտի հենց այդ ջոկատավարին իր տնօրենի հետ միասին մտցնեն ու մի 3 ժամ պահեն ամոնիակի հոտի մեջ, որ մարդկային խիղճը մեջներն արթնանա: Հարգելի տգետ ճամբարական մեծահասակներ. չգիտեք որ երեխաներին նեղացնողը Աստծուն է ներղացնում, էդ ինչ ռիսկի տեր եք դուք??? Բա էս երկրում վերահսկող չկան, տեսնում եք ինչքան ձրիակերներ ենք պահում պետբյուջեի հաշվին??? Լրիվ փոխվել է մեր ժողովուրդը, մեջները խիղճ, մարդկություն, գթություն չի մնացել, այս աստիճանի դեգրադացիան արդեն անհանդուրժելի է, հիվանդները սկսել են խժռել առողջներին, այդպիսի ենթակա է մահվան…. Իսկ Արևիկն ապրի, Շուշին էլ հարատև լինի, բալիկ ջան էդ ճիվաղները ոնց սողուն ծնվել են, տենց սողուն էլ սատկելու են, իսկ դու թռչուն ես, միշտ վերև, վերև, վերև…
Ասյա
Կարծում եմ՝ Արևիկի ծնողները իրենց դստրիկով հպարտանալու տեղ ունեն,իսկ մանկավարժներն,ամենայն հավանականությամբ, ուսումնական տարվա սկզբին Արևիկին կդիմավորեն գովեստի խոսքերով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter