HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքային բյուջեից վճարվում է համայնքապետի ու այլ աշխատակիցների զավակների ուսման վարձը

Համայնքի ավագանու կողմից քաղաքացիներին սոցիալական օգնություն հատկացնելը համարվում է կամավոր լիազորություն: Համայնքապետարաններն իրենք են որոշում, թե ինչ եղանակով նյութապես աջակցեն իրենց բնակիչներին: Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի ավագանին բյուջեով սոցիալական օգնությունների համար, որպես այդպիսին, քիչ գումար է հատկացրել: Փոխարենը տարեց տարի ավելացնում են «բարձրագույն կրթություն» տողով նախատեսված գումարները, որը ևս սոցիալական օգնություն է, սակայն միայն պետական բուհերում սովորող ուսանողների համար:

Ինչպես պարզվում է` «բարձրագույն կրություն» տողի գումարները հիմնականում ծախսվում են համայնքապետի, նրա ազգականների, ավագանու անդամների ու գյուղի մանկավարժների ուսանող երեխաների ուսման վարձերի 50%-ը վճարելու համար: Քանի որ նպաստառու և կարիքավոր ընտանիքները, թեկուզ 50% ծախսերով, ուսանող պահելու հնարավորություն չունեն, արտոնությունից օգտվում են քիչ թե շատ ապահովածները:

Երասխահունի համայնքապետ Արմեն Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մոտ 10 տարի է` այդ տողով գումար են հատկացնում ուսանողների համար:

Ա. Ավետիսյանն ասում է, որ նախկինում գյուղում գրեթե ուսանող չունեին, իսկ այժմ նրանց թիվը հասնում է 20-ի: Համայնքապետի խոսքերով՝ համայնքապետարանը վճարում է պետական բուհերում սովորող բոլոր ուսանողների ուսման վարձի 50%-ը՝ անկախ նրանց նյութական վիճակից:

Հարցին, թե արդյոք նպատակահարմար է համայնքի միջոցների հաշվին վճարել նաև ապահովված ընտանիքների երեխաների ուսման վարձը, համայնքապետը հետևյալ պատասխանը տվեց. «Այդ որոշումը, որ հանել ենք, չենք ասել, որ գյուղապետի երեխան իրավունք չունի սովորի: Մենք ասել ենք՝ բարձրագույն ընդունված երեխու ուսման վարձը գյուղապետարանը տալու է՝ անկախ սոցիալական վիճակից»:

Երասխահունի համայնքապետը չհիշեց` արդյոք այդ երեխաների ցանկում կան նպաստառու ընտանիքների երեխաներ, թե ոչ: Ասաց, որ ուսանողների անուններն առանձին-առանձին քվեարկության չեն դնում, ամբողջ ցանկը միանգամից ներկայացվում է, իսկ ավագանին հաստատում է՝ առանց քննարկելու: Համայնքապետը փոխարենը չթաքցրեց, որ այդ ցանկում ընդգրկված են իր դուստրերը և այլ մերձավորները, օրինակ՝ քրոջ, եղբոր զավակները, վարորդի դուստրը, համայնքապետի տեղակալի, ավագանու անդամի, դպրոցի ուսուցիչների զավակները և այլն: «Ավագանու անդամն էլ է գյուղացի, ինքն էլ վիճակ չունի»,-պատճառաբանեց համայնքապետ Ավետիսյանը:

Նշենք, որ այս տարվա մարտի 10-ի որոշումով Երասխահունի ավագանին որոշել է 50%-ի չափով վճարել 13 ուսանողի ուսման վարձերը: Ուսանողներից երկուսը համայնքապետ Արմեն Ավետիսյանի դուստրերն են, երկուսը՝ համայնքապետի տեղակալ Ջիվան Զաքարյանի որդին ու դուստրը, մեկը՝ համայնքապետի քրոջ դուստրն է, մեկը՝ ավագանու անդամ Արթուր Առաքելյանի որդին: Մյուսները ուսուցիչների և «ոչ պատահական» ընտանիքների երեխաներ են:

Ուշագրավ է այն, որ այս տարի ավագանին չի նշել, թե այդ նպատակի համար որքան գումար է դուրս գրվել համայնքային բյուջեից, որքան է կազմում մեկ ուսանողի վարձավճարի 50%-ը, որը և հանձն է առել վճարել:

Նույն պատկերն է նաև նախորդ տարիներին, տարբերությամբ, որ նշված է ուսանողների ուսման վարձերի հատուցման ենթակա չափը: Այսպես. 2015թ. փետրվարին ավագանին որոշել է կիսով չափ վճարել 16 ուսանողի ուսման վարձը: Սակայն, պարզվում է համայնքային բյուջեից ամենաթանկը համայնքապետ Արմեն Ավետիսյանի դստեր (երկրորդ դուստրը ուսանող է դարձել 2016թ.), վերջինիս տեղակալ Ջիվան Զաքարյանի որդու ուսման վարձն է հատուցվել՝ 200,000-ական դրամ: Իսկ ավագանու անդամ Արթուր Առաքելյանի որդու ուսման վճարի կեսը կազմել է 170,000 դրամ:

Համայնքապետի վարորդի դուստրը ևս ուսանող է և 2015թ. համայնքի հաշվին վճարվել է նրա ուսման վարձը 130,000 դրամի չափով, իսկ համայնքապետի գործավարուհու եղբոր համար վճարվել է 100,000 դրամ և այլն: Նշենք, որ համայնքապետի քրոջ դրստեր ուսման վարձը 2013թ. ընթացքում՝ 130,000-ական դրամով երկու անգամ է վճարվել, ինչը նշանակում է, որ տարեկան վարձավճարն է վճարվել համայնքի հաշվին:

«Ապահովված ընտանիքը գյուղում չի մնա, արխային: Եթե Երևանում տուն ունեն, ուրեմն ապահով են»,-ասում է համայնքապետ Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter