Կիրակի, 23 սեպտեմբերի

Փնտրվում է գնորդ, կամ Գագիկ Խաչատրյանի որդիների շքեղ առանձնատունը Լոս Անջելեսում


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը (ծնվ. 1983 թ.) եւ Արտյոմը (ծնվ. 1986 թ.), 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում՝ մի փողոցի վրա, որտեղ ծփում է ցոփ ու շվայտ կյանքը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Գ. Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահն էր, նրա ձեռքի տակ էին հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը:

Հսկայական բիզնեսների ու միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքի հետեւանքով մամուլի կողմից «սուպերնախարարի» անուն ստացած Գագիկ Խաչատրյանի հետ բազմաթիվ ընկերություններ են առնչվում, որոնք, սակայն, գրանցված են նրա հարազատների անուններով՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաքսի Կոնցեռն», «Չիմեգ» եւ այլն: Սրանցից մի քանիսի մեջ մասնակցություն ունեն նաեւ Գուրգենն (լուսանկարում) ու Արտյոմը: Վերջիններս իրենց կանանց հետ գրանցված են Տերյան 66 հասցեում՝ տարբեր բնակարաններում: Տերյան 66-ը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող «HSBC» բանկի բարձրահարկն է: Սակայն Լոս Անջելեսի 355 South Mapleton Drive հասցեի համեմատությամբ Տերյանն 66-ը, կարելի է ասել, աղքատանոց է:

South Mapleton Drive-ը համարվում է Լոս Անջելեսի ամենաթանկ հատվածներից մեկը: Այստեղ շարքային մահկանացուներ չեն ապրում: Հսկա առանձնատներից յուրաքանչյուրում կան մի քանի ննջասենյակներ ու լոգասենյակներ, մի քանի հազար քմ հողամասերում էլ՝ լողավազաններ ու թենիսի կորտեր: Variety.com-ը 2014-ին ներկայացրել է, թե ինչ հայտնի գործարքներ են կատարվել այստեղ:

Խաչատրյանների տան հարեւանությամբ երկար տարիներ ապրել են աշխարհահռչակ «Փլեյբոյի» հիմնադիր Հյու Հեֆները (Hugh Hefner) եւ նրա նախկին կինը՝ Քիմբերլի Քոնրադը (Kimberley Conrad): Այստեղ են ժամանակ անցկացրել «Փլեյբոյի» բազմաթիվ մոդելներ: 2013-ին առանձնատունը վաճառվել է 10 մլն դոլարով, նույն փողոցի վրա գտնվող մեկ այլ տուն ամուսինները 2009-ին վաճառել են 18 մլն-ով: Հոլիվուդյան դերասան Գրեգորի Պեկի (Gregory Peck) այրին՝ Վերոնիկը, 7 ննջասենյակ ունեցող առանձնատունը 22 մլն-ով 2013-ին վաճառել է «Գուգլի» միլիարդատեր Էրիկ Շմիդտին (Eric Schmidt): Պրոդյուսեր եւ անշարժ գույքի ոլորտի մասնագետ Նայլ Նայամին (Nile Niami) 2014-ին իր տունը 44 մլն-ով վաճառել է մի սաուդցու: Շուտով Նայամին վաճառել է մեկ այլ տուն 39 մլն-ով, որի համար մինչ այդ վճարել էր «ընդամենը» 13,75 մլն: Ամերիկյան հեռուստատեսության աստղերից Էլեն ԴեՋեներեսը (Elen DeGeneres), 2014-ի հունվարին գնելով 39,9 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, արդեն հուլիսին 55 մլն-ով այն վաճառել է միլիարդատեր գործարար Շոն Պարկերին (Sean Parker): Իսկ ահա հայտնի պրոդյուսեր Աարոն Սփելինգի (Aaron Spelling) այրին՝ հեռուստատեսության աստղ Քենդի Սփելինգը, երկար ժամանակ փորձում էր վաճառել հսկա կալվածքը 150 մլն դոլարով, բայց 2011-ին ոչ պակաս խոշոր գումարով՝ 85 մլն-ով, տունը ծախել է «Ֆորմուլա 1»-ի ղեկավարի 23-ամյա աղջկան՝ մոդել Պետրա Էկլստոունին (Petra Ecclestone):

355 S Mapleton Dr հասցեն

2010 թ. օգոստոսի 6-ին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները 11 մլն դոլարով գնել են 355 S Mapleton Dr հասցեի առանձնատունը: Տան նախկին տերը՝ Բըրնդորֆ (Birndorf) ընտանիքը, այն վաճառքի էր հանել 12,5 մլն-ով, սակայն, փաստորեն, ավելի էժան է վաճառել:

Տունը կառուցվել է 1939-ին, ձեւափոխվել՝ 1949-ին: Շենք-շինությունների մակերեսը 563 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքը՝ 6637 քմ:

Առանձանտունը երկհարկանի է, ունի 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ, մեծ նախասրահ, շքեղ հյուրասենյակ, ճաշասենյակ, խորդանոց, լուսավոր խոհանոց եւ նախաճաշի առանձին սենյակ: Բակում ունի լողավազան եւ մեծ տաղավար` հյուրասենյակով, թենիսի կորտ՝ լուսավորությամբ, մեծ մակերեսով գազոն եւ այգի՝ մեքենաների կայանման հնարավորությամբ:     

Խաչատրյանները տունը գնել են անշարժ գույքի գործակալ Քրիստոֆ Չուի (Christophe Choo) միջոցով, որը հայտնի մասնագետ է այս ոլորտում:

Փոխանցման գործարք

2011-ին Գագիկ Խաչատրյանի որդիներն իրենց վիլլան փոխանցել են Աբրահամ Ստեփանյանին, ով դարձել է դրա հավատարմագրային կառավարիչը (trustee):

Trust-ը (թրասթ, անգլերենից բառացի՝ վստահություն) իրավահարաբերության ձեւ է, երբ տվյալ գույքի, ունեցվածքի սեփականատերը՝ հիմնադիրը, այն հանձնում է հոգաբարձուին կամ կառավարչին (trustee), ով պարտավորվում է ունեցվածքի հետ կատարել այնպիսի գործողություններ, որոնք մաքսիմալ օգուտ կբերեն շահառուներին (բենեֆիցիարներին): Թրասթի յուրահատկությունն այն է, որ հիմնադիրը դրա ստեղծման պահից կորցնում է գույքի հանդեպ սեփականության իրավունքները մինչեւ թրասթի՝ պայմանագրով նախատեսված ավարտը, սակայն նման իրավունքներ չունեն նաեւ կառավարիչն ու շահառուն: Սա, մասնավորապես, լավ է նրանով, որ, օրինակ, հիմնադիրը, իր գույքի մեծ մասը թրասթի վրա փոխանցելով, ցույց է տալիս, որ բավարար ակտիվներ չունի, ինչի շնորհիվ ստանում է հարկային արտոնություններ կամ պետական օգնություն, մյուս կողմից՝ թրասթի անվամբ ձեւակերպված գույքն անհասանելի է դառնում հիմնադրի հավանական պարտատերերի համար: Թրասթը տալիս է այլ հնարավորություններ եւս: Իբրեւ թրասթի կառավարիչ կամ շահառու կամ երկուսը միաժամանակ կարող է հանդես գալ հենց հիմնադիրը: Մասնավորապես, ԱՄՆ-ում բավականին տարածված է ընտանեկան թրասթը (family trust), երբ ընտանիքի ունեցվածքը հանձնվում է անդամներից մեկին՝ կառավարելու համար:

Խաչատրյանները 2010-ին առանձնատունը գնել են հենց «Birndorf Family Trust»-ից եւ դրա կառավարիչ՝ trustee Վիվիան Բըրնդորֆից: 2011-ի մայիսի 19-ին տունը նրանք հանձնել են Աբրահամ Ստեփանյանին (Abraham Stepanian) եւ վերջինիս «Veto Trust»-ին: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերում այս վերջին գործարքի վերաբերյալ գին չի նշվում, սակայն հայտնի է, որ այն եղել է «quitclaim deed» (իրավունքից, հավակնությունից հրաժարվելու գործարք): Որպես կանոն սրանք այն գործարքներն են, երբ հանձնողն ու ընդունողը կապ ունեն կամ նույն անձն են: Նման գործարքներ հաճախ իրականացվում են ընտանիքի անդամների միջեւ որպես նվերի հանձնում, կամ երբ անձն իր սեփականությունը դնում է ձեռնարկության տրամադրության տակ եւ այլն: Ելնելով սրանից՝ պիտի ենթադրենք, որ Խաչատրյաններն իրենց առանձնատունը հանձնել են Աբրահամ Ստեփանյանին կառավարման նպատակով: Իսկ ո՞վ է Ա. Ստեփանյանը:

Աբրահամը Խաչատրյանների մերձավորներից է: Մասնագիտացած է անշարժ գույքի եւ առողջապահական ոլորտներում: Հատկանշական է, որ նա Քրիստոֆ Չուի նման «Coldwell Banker Residential Brokerage»-ի անշարժ գույքի գործակալ է: Որոշ փաստաթղթերում նրա գրանցման հասցե է նշված Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքը (918 N Evergreen St, Burbank, CA): LinkedIn սոցցանցի իր էջում Ստեփանյանը եւս նշել է հայաշատ Բըրբանքը: Սակայն whitepages.com-ից տեղեկանում ենք, որ նրա ներկա հասցեն Լոս Անջելեսի Տոլուկա Լեյք (Toluka Lake) թաղամասն է, ավելի կոնկրետ՝ 4771 Forman Avenue, բնակարան 303: Այս նույնը նշվում է whitepages.com-ում գրանցված Գուրգեն Խաչատրյանի հասցե: 

Այն նաեւ «Veto Trust»-ի հասցեն է:

Խաչատրյանների եւ Ստեփանյանի կապը հաստատվում է նաեւ նրանով, որ եղբայրները հայաստանյան «Ապեյրոնի» պես ժամանակին «Apeyron USA Inc.» անունով ընկերություն են հիմնել Լոս Անջելեսում, որը ներկայում, ըստ համացանցային տեղեկությունների, ակտիվ չէ: Չի գործում նաեւ ընկերության www.apeyronusa.com կայքը: Ընկերության՝ LinkedIn սոցկայքի էջում նշվում է, որ զբաղվում է արտահանմամբ եւ ներմուծմամբ, առանցքային ուղղությունը խանութներին, սուպերմարկետներին բնական սննդի մատակարարումն է: Սակայն bizstanding.com-ի տվյալներով՝ ներկայում նույն անունով մեկ այլ ընկերություն ակտիվ է: Դրա ղեկավարը Աբրահամ Ստեփանյանն է:     

Փնտրվում է գնորդ

2015 թ.-ին, ըստ հարկային փաստաթղթերի, Խաչատրյանների տունը գնահատվել է 11.726.053 դոլար, որից հողի արժեքը 8.528.039 դոլար է, իսկ շենք-շինություններինը՝ 3.198.014: Տակավին վերջերս՝ հունիսի 17-ին, առանձնատունը հանվել է վաճառքի, գինը՝ 35 մլն դոլար: Լոտի ընդհանուր մակերեսը 6720 քմ է, որից 563-ը՝ շենք-շինությունները: Վաճառքով զբաղվում է նույն գործակալը՝ Քրիստոֆ Չուն:

530 S Mapleton Dr հասցեն եւ Գուրգեն Խաչատրյանը

2011-ի օգոստոսի 5-ին Գուրգեն Խաչատրյանը եւ «Veto Trust»-ը 14.400.144 դոլարով ձեռք են բերել 530 South Mapleton Drive հասցեի տունը (նախնական գինը եղել է 14.750.000): Վաճառողները եղել են Ռոբերտ Ա. Հարաբեդյանը (Robert A. Harabedian), Լեսլի Ս. Քլինգերը (Leslie S. Klinger) եւ «Mapleton Trust»-ը: Գործարքի միջնորդը եղել է Քրիստոֆ Չուն: Փաստորեն, տունն անցել է «Veto Trust»-ին եւ դրա կառավարիչ՝ trustee Գուրգեն Խաչատրյանին (թրասթի կառավարիչ կարող են լինել մի քանի հոգի):

Առանձնատունը կառուցվել է 1927-ին: Ընդհանուր տարածքը 5220 քմ է, իսկ շենք-շինություններինը՝ 594: Երկհարկանի տունն ունեցել է 5 ննջասենյակ եւ 6 լոգասենյակ: 2015 թ.-ին, ըստ հարկային փաստաթղթերի, այս առանձնատունը (շինությունները եւ հողը) գնահատվել է 15.049.480 դոլար:

2016-ի փետրվարին արբանյակից արված լուսանկարներում երեւում է, որ առանձնատան տարածքը վերածվել է շինհրապարակի, եւ այլեւս գոյություն չունեցող տան փոխարեն նոր շինություն է կառուցվում:       

Այս տարվա հունիսի 13-ին տեղի է ունեցել նոր գործարք. հողատարածքը «Veto Trust»-ից Գուրգեն Խաչատրյանը փոխանցել է «WRH» ՍՊԸ-ին (գտնվում է նույն Տոլուկա Լեյքում): Փաստաթղթերում գործարքը ներկայացված է իբրեւ «trustee’s deed» (deed of trust` կառավարչի գործարք, թրասթի գործարք): Կալիֆոռնիա նահանգում սա համապատասխանում է հիպոթեքային գործարքին: Այս պարագայում գործող անձինք են պարտապանը, պարտատերը եւ կառավարիչը. վերջինս այս դեպքում անկախ երրորդ անձ է, որի իրավասության ներքո է անցնում պարտապանի գույքը, եւ եթե վերջինս պարտքը չի վճարում, կառավարիչն իրավունք ունի հրապարակային աճուրդով վաճառել գույքը:         

Գլխավոր լուսանկարում՝ 355 S Mapleton Dr հասցեի տունը եւ Գուրգեն Խաչատրյանը (Գ. Խաչատրյանի լուսանկարները՝ wnews.am-ից)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (19)
1. Greg04:58 - 30 հունիսի, 2016
#poxchka
2. Մարտիկ07:59 - 30 հունիսի, 2016
Ժոողվրդի ունեցվածքը թալանելով քաղցր կյանք են վայելում աղքատ երկրի հարուստ զոռբաները
3. Սաշիկ12:35 - 30 հունիսի, 2016
Անիմաստ բաներ եք գրում: Նախ՝ էս փողերի հետ կապված հարկերը լրիվ մուծված են՝ հոպարին, թվերը թափանցիկ են, թաքցրած բան չկա, իր բաժինն էլ ժամանակին տեղ է հասցվել՝ կանխիկ: Բոլորն էլ գիտեն: Հիմա՝ ակնկալում եք որ քր. գործ հարուցեն, կամ Միհրանիկի նման վարվեն? Մի հատ թույլ տեղ կա՝ ԱՄՆ իշխանությունները ընբռնումով մոտենան... թե չէ ՀՀ-ում լրիվ օրինական է:
4. man12:37 - 30 հունիսի, 2016
Горба́того могиила испра́вит
5. MK19:29 - 30 հունիսի, 2016
We have a bunch of crooks running the country as their fiefdom. Regime is corrupt & criminal from top to bottom. They are a bunch of traitors serving the interest of foreign powers ready to sell any part of Artsakh or Armenia.
6. Լուսիկ19:48 - 30 հունիսի, 2016
Կանտեսեն հոդվածը կամ կբացատրեն,որ զավակները բացառիկ տաղադով օժտված բիզնեսմեններ են:
7. H.02:42 - 1 հուլիսի, 2016
Thank you for publishing this, Hetq. If only most of the diaspora knew.
8. Peter11:49 - 1 հուլիսի, 2016
While I value the work being done by Hetq in exposing the ills of the society and government in Armenia, I'm often left wanting more. For instance, this "expose". Is the claim being made by the authors that this family has "stolen" money from Taxpayers in Armenia? If so, then where's the evidence? Where's the money trail? Just showing a house in LA isn't enough when Hetq purports to be an "investigative" news outlet. I understand that such in-depth investigations require resources (financial, technical, human), but without such proof, the connection between the family and any wrongdoing is tenuous at best. Hetq should do a better job at promotion - seeking the assistance it needs to do comprehensive investigative work. Otherwise, it's all conjecture.
9. Donations / Armenia Fund 20:17 - 1 հուլիսի, 2016
Don't donate your hard earned money to corrupt Armenia. Your better off blowing it at a strip club than entrusting it with these thieving blood suckers!!!
10. Anna23:08 - 1 հուլիսի, 2016
It is a lack of decency to buy a 10 million house when you come from a poor country who seek donations from diaspora and aid from developed countries. The consequences of the earthquake in 1988 have not yet been eradicated in Gyumri and there are many armenians who still have no decent place to live. There are also the refugees from Syria who need support, help and solidarity.
11. Gregory23:57 - 2 հուլիսի, 2016
What can one say if true hunnging them is too good. Oh yes someone said to me that some politicians say their wealth was inheritance !
12. serj19:00 - 3 հուլիսի, 2016
Once a thief always a thief...The whole government is CORRUPT...
13. minas20:59 - 3 հուլիսի, 2016
The question is where did they bring this money? I am not a journalist, but I would assume that there should be some way to clarify how did this money entered the US financial system. You cannot just transfer 10 or 15 million from Armenia to US without leaving any trace. Don't get me wrong, I am not trying to justify them or say they are not corrupt. What I am saying is that maybe Hetq can do a bit more, shedding a bit more light on this story and that will put them in a much more embarrassing situation, with no excuses.
14. Assdig 21:55 - 4 հուլիսի, 2016
Please do not comment with holly-er than thou observations that do not amount to hell of beans. If you are not doing something about this, just shut the hell up and go on with your business. This kind of people and this kind of a nation deserve this type of charlatans. The problem is not with those who take advantage but those who tolerate and do nothing to change things.
15. Igor Bakhtamian23:53 - 4 հուլիսի, 2016
Dear Hetq, Why don't you investigate the finances of these individuals in Armenia, It is quite obvious that the source of their finances comes from their father who had a cosy job with the ministry of finances of Armenia who has been milking the treasury of Armenia , and the reason no one in the Authorities is complaining , because they all have their fingers in the honey pot .
16. Robert13:04 - 5 հուլիսի, 2016
I am shocked and disappointed. This is a monumental disgrace. If the evidence is there why not prosecute them? if on the other hand there is no evidence, you cannnot do a thing. But really would government officials be so stupid to allow this sort of thing happen. If the people are aware of these things happening why do they do nothing to bring this to the attention of the diaspora? Whichever way you look at it, it is an absolute disgrace.
17. Nazareth 02:44 - 7 հուլիսի, 2016
That's it, no more donation from our family to Armenia on thanks giving day, obviously our family needs the $500 more than them, Besides all 4 of us can have nice thanksgiving dinner at a restaurant , by the way the bishop of Artsakh you are invited too.
18. Harout04:56 - 10 հուլիսի, 2016
This should be a wake up call to diaspora Armenians. No more donations to Armenia's corrupt government.
19. MK17:46 - 16 հուլիսի, 2016
No more donations to the Armenia Fund,let the regime and its thieves finance the projects by bringing their stolen money from their offshore accounts which amounts to over $10 billion from all the money stolen from the state by these crooks since 2004. http://www.gfintegrity.org/issues/data-by-country/
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։