HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառի դատարանում լրագրողին առանց հիմնավորման արգելել են լուսաբանել բաց դատական նիստը

Իսկ նիստերն անցկացվում են դատավորի սենյակում

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացավ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն ընդդեմ Գավառ քաղաքի բնակիչներ Նորիկ Հայթյանի, Սուսաննա Կատվալյանի և Աննա Կատվալյանի» գործով դատական նիստը: Հայցվոր կողմը՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, չէր ներկայացել դատական նիստին ՝ խնդրելով հայցը քննել իրենց բացակայությամբ, չէին ներկայացել նաև Նորիկ Հայթյանը և Աննա Կատվալյանը, այդ իսկ պատճառով դատավորը որոշեց նիստը հետաձգել մինչև օգոստոսի 2-ը:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի տասնյակ բնակիչներ հայտնվել են դատարանում՝ միլիոնավոր դրամների հասնող վարկերի գումարը չմարելու մեղադրանքով: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը յուրաքանչյուրից պահանջում է մոտ 3 մլն ՀՀ դրամ՝ 2014թ. վերցրած և չմարած վարկերի դիմաց: Մինչդեռ բնակիչները պնդում են, որ իրենք խաբեության զոհ են դարձել և գումարներն իրենց փոխարեն վերցրել են Գավառ քաղաքի բնակիչներ Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը:

Նույն դատարանում դատավոր Արթուր Թամրազյանի նախագահությամբ ընդամենը մեկ ժամ անց կայացավ մեկ ուրիշ դատական նիստ, որի ժամանակ նորից հայցվոր կողմը« Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ն էը, որը սույն դատական նիստին նույնպես չէր ներկայացել՝ խնդրելով նիստն անցկացնել առանց իրենց ներկայության: Պատասխանողներն էին քաղաքացի Ռազմիկ Կատվալյանը, ով եղել էր վարկառու և Սուսաննա Կատվալյանն ու Նորիկ Հայթյանը, ովքեր եղել են երաշխավորներ: Ռազմիկին, ըստ փաստաթղթերի, տրվել է 9.8 մլն դրամի վարկ, նրան երաշխավորել են կինը ՝ Սուսաննան և Նորիկ անունով մի մարդ, որին իրենք չեն ճանաչել: Ռազմիկ Կատվալյանը պնդում է, որ իր անունով «Ակբա» բանկում ոսկի են գրավադրել Գավառի բնակիչներ Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը, Ռազմիկ Կատվալյանը պնդում է նաև, որ իրենք չեն տեսել նույնիսկ գրավադրված ոսկիները, միայն ստորագրել են պայմանագիրը:

Դատական նիստը տեղի էր ունենում նախագահող դատավոր Արթուր Թամրազյանի աշխատասենյակում: Նիստի ընթացքում դատավորը կողմերին ներկայացնելուց հետո քննեց այն հարցը, թե արդյոք թույլատրել լուսանկարահանել դատական նիստի ընթացքը: Թեեւ պատասխանողներ Կատվալյանները դրական արձագանքեցին, այնուամենայնիվ, դատավորը որոշեց արգելել լուսանկարահանելը՝ պատճառաբանելով, թե առկա է բանկային վեճ, բայց սրանով չսահմանափակվելով՝  արգելեց նաև ձայնագրություն իրականացնել՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. «Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն և ձայնագրություն»:

Երբ փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու է նախագահող դատավոր Արթուր Թամրազյանը արգելում ձայնագրություն կատարել, նա որոշեց սանկցիա իրականացնել և կարգադրիչին ասաց, որ ինձ դուրս հրավիրի դատական նիստի «սենյակից»:

Եվ մինչ շարունակվում էր «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն ընդդեմ Ռազմիկ Կատվալյանի, Սուսաննա Կատվալյանի և Նորիկ Հայթյանի» գործով դռնբաց դատական նիստը, շրջեցի դատարանով: Թեև երևում էր, որ շենքում վաղուց վերանորոգում չի իրականացվել, այնուամենայնիվ, այնտեղ գտա նիստերի դահլիճը՝ դռան վերևում փակցրած հայտարարությամբ. «Նիստերի դահլիճ մտնելիս խնդրվում է անջատել բջջային հեռախոսները»:  

Իսկ մինչև դատավորի՝ իմ նկատմամբ սանկցիայի կիրառումը, դատավորի՝ դատարան մտնելուց առաջ չհնչեց «Ոտքի՛, դատարանն է գալիս» նախադասությունը, նիստի քարտուղարին նկատեցի միայն արձանագրություն կամ նշումներ կատարելու ժամանակ: Նա նստել էր դատավորի առաջ դրված սեղանի մի անկյունում և սպիտակ թերթի վրա գրիչով ինչ-որ բան էր գրում:

 Այնուամենայնիվ, ««Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն ընդդեմ Գավառի բնակիչներ Ռազմիկ Կատվալյանի, Սուսաննա Կատվալյանի, Նորիկ Հայթյանի» գործով հերթական նիստը հետաձգվեց: Պատասխանող Ռազմիկ Կատվալյանը դատարան միջնորդություն էր ներկայացրել, որտեղ նշված էր, որ իրենք նույնպես տուժող են.  «Բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, և խնդրում ենք դատարանից քաղաքացիական այս գործը կասեցնել մինչև քրեական գործի ավարտը»:

«Միջնորդություն էինք ներկայացնում, բայց դատավորն ասաց, որ հաջորդ դատին կվերցնի», -ասաց Ռազմիկ Կատվալյանը:

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter