HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քաղցրաշենի ծրագիրն այլընտրանք ունի, չնայած ներկայացվածը լավագույն այլընտրանքը չէ

Մինչեւ մայիսի 21-ը Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) համար «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին այլընտրանք չկար: Այդ օրը, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծրագիրը դադարեցնելու պահանջով Գառնի-Երեւան ավտոճանապարհը փակած գառնեցիների մոտ հայտարարեց, որ ծրագիրը դադարեցվում է, ՋՏՊԿ-ն մոտ մեկ ամիս հետո տեղեկացրեց նոր նախագծի մասին: Հունիսի 23-ին տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ առաջացել է փոխզիջումային տարբերակի ընտրության անհրաժեշտություն: 

«Փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքեւ` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաեւ՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին: 

Նախագծի համաձայն՝ գետում նոր ջրառի հանգույց չի կառուցվի, այլ կօգտագործվեն գոյություն ունեցող պոմպակայանի ենթակառուցվածքները` Ազատ գետից ջրառ իրականացնող առկա գլխամասային հանգույցը, ինչպես նաեւ՝ պահպանվող տարածքում առկա շենք-շինությունները, ճանապարհները, էլ. սնուցման գծերը եւ ենթակայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի օրը Գառնի ժամանած «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ի աշխատակիցները բնակիչներից մի քանիսին ծանոթացրին ընտրված տեղանքին: ԾԻԳ-ի նախագծային ճարտարագետ Սամվել Կարապետյանը նոր նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց, որ այս տարբերակով էներգիայի 70% խնայողություն կունենան, միաժամանակ Քաղցրաշենի ջրանցքը վերանորոգելու անհրաժեշտություն չի առաջանա, ջուրը կհոսի խողովակով: Ծրագիրը կիրականացվի նախկին գլխամասային հատվածից մոտ 5·2 կմ ներքեւ, այստեղ պոմպակայանը կհզորացվի, եւ ջուրը պոպմով կմղվի Քաղցրաշենի պոմպակայանի ջրավազան, որտեղից էլ ինքնահոս եղանակով կմատակարարվի Արտաշատի տարածաշրջանի համայնքներին:

Այսպիսով, նոր նախագծային տարբերակով գառնեցիների պահանջը բավարարվել է: Ջրընդունիչ կայանը, որը նախորդ նախագծով նախատեսված էր կառուցել Գառնիի հեթանոսական տաճարի ուղղությամբ, երկու գետերի միացման հատվածում, չի կառուցվելու, Ազատի կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն» (Քարերի սիմֆոնիա) բնության 4 հուշարձաններին ոչնչացնելու վտանգը չի սպառնա, Ազատ գետը եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, հիմնական մասով, զերծ կմանան բնապահպանական վտանգներից: Գառնիում կվերանորոգվի ոռոգման ջրի ներտնտեսային ցանցը եւ Գառնիի ջրանցքը, որով կնվազեն ջրակորուստները համայնքում:

Ջրային կոմիտեն, փաստորեն, ընդունեց, որ Քաղցրաշենի ծրագիրն այլընտրանք ունի: Ավելին, համոզված ենք, որ այդ այլընտրանքը գոյություն ուներ ավելի վաղ, բայց այն ներկայացվեց այն ժամանակ, երբ նրանց չհաջողվեց կոտրել գառնեցիների անկոտրում կամքը: Նրանք երկու տարի շարունակ պայքարի ու փորձությունների մեծ ճանապարհ անցան գեղատեսիլ Գառնին պահպանելու համար: Երկրորդ վճռորոշ գործոնը՝ գառնեցիների ներկայացրած բողոքն էր Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակի բողոքարկման հանձնաժողովին` ծրագրի հիմնավորվածությունը եւ իրականացման ընթացակարգային խախտումները քննության առնելու պահանջով:

Մինչ ՀԲ-ի որոշում կայացնելը, վարչապետն շտապեց անձամբ ցուցարարներին ավետել ծրագիրը դադարեցնելու մասին, իսկ մեկ ամիս հետո հայտարարվեց, որ Քաղցրաշենի ծրագիրն այլընտրանք ունի, ընդ որում ավելի քիչ ծախոսով:

Հիշեցնենք, որ պայքարի երկու տարիների ընթացքում Քաղցրաշենի ծրագրին այլընտրանքներ առաջարկվել են, սակայն Կառավարությունը չի ցանկացել քննարկել դրանցից որեւէ մեկը: Այդ թվում, ջրընդունիչը կառուցել ոչ թե հեթանոսական տաճարի ուղղությամբ, այլ տեղափոխել ավելի ներքեւ` Ազատի կիրճում բնապահպանական վտանգներ չստեղծելու համար:

Այս առաջարկը քննարկվել էր ծրագրի նախագծային աշխատանքներն իրականացրած «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունում բոլոր կողմերի մասնակցությամբ: Նախագծի հեղինակները եւ քննարկմանը մասնակցող «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ի ճարտարագետ-հիդրոտեխնիկ Համլետ Հարությունյանը պնդեցին, որ 1218 մ բարձրությունն է ընդունվել ջրառի համար եւ այդ նիշը նվազեցնելու դեպքում հնարավոր չէ ինքնահոս ջուր ապահովել:

Գառնեցիների եւ բնապահպանների պայքարը միայն Ազատ գետն ու Ազատի կիրճն անխաթար պահելու համար չէր, այլ ընդհանրապես Քաղցրաշենի ծրագիրն իրականացնելու նպատակահարմարության ու արդյունավետության: Նրանք պնդում են, որ Ազատ գետում առկա ջրի քանակությունը հնարավորություն չի տալիս այդ  ծրագիրն իրականացնել: Ջրատար խողովակով մոտ 980լ/վրկ քանակությամբ ոռոգման ջուր պետք է ինքնահոս եղանակով տեղափոխել Քաղցրաշենի պոմպակայանի տակ գտնվող ոռոգման ենթակա հողատարածքներ՝ Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքների 967 հա հողատարածքները ոռոգելու համար: Ընդ որում, ծրագրում նշվում է, որ ոռոգվող հողերի պոտենցիալը ավելացվելու է՝ հասցնելով 1380 հա-ի: 

Հնարավո՞ր է, արդյոք, Ազատ գետում առկա քիչ ջրաքանակով այդպիսի ծրագիր իրագործել: Գառնեցիները պնդում են, որ Ազատ գետում բավարար ջրաքանակ չկա, որպեսզի ե՛ւ Գառնի գյուղը ոռոգման ջրով ապահովվի, ե՛ւ բնապահպանական թողքը պահպանվի գետում, ե՛ւ Ազատի ջրամբարը լցվի, եւ 980լ/վրկ քանակությամբ ջուր խողովակով մղվի Արտաշատի տարածաշրջանի գյուղեր:

Այս հարցի պատասխանը դարձյալ կտա օգոստոս ամիսը, երբ պարզ կլինի, թե գետում որքան ջուր կա: Ծրագիրն իրականցնողները միաբերան պնդում են, որ այս տարի Ազատի ջրամբարը լցվել է, ջրի պակաս չկա, բայց դա չխանգարեց, որ Կառավարությունը հունիսի 2-ին դարձյալ որոշում կայացնի Սեւանից մինչեւ 170.0 մլն մ3 ջուր վերցնելու մասին: Ընդ որում ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց՝ «բարենպաստ (ջրառատ) եղանակային պայմաններում ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրառի նախընտրելի մեկնարկային ժամկետ սահմանել 2016 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակը»

Հունիսի 19-ին, երբ գառնեցիների ներկայացրած բողոքը քննելու համար ՀԲ-ի Վաշինգտոնի գրասենյակի բողոքարկման հանձնաժողովը դիտարկումներ էր կատարում Ազատի կիրճում, ջրի առատությանը «չկասկածողներն» իրենց ապահովագրելու համար Երեւան գնացող խմելաջուրը գետն էին լցնում (այդ խարդավանքը նրանք կատարել էին մեկ տարի առաջ): Նշենք, որ «Երեւան Ջուր» ընկերությունը Երեւան քաղաքի ջրամատակարարման համար Գառնիից  1,560 լ/վրկ ջուր է վերցնում: Այստեղից խմելու ջուր է մա­տա­կարարվում նաեւ Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներին:

Իհարկե, «Երեւան ջուր» ընկերության աշխատողը հայտնեց, որ ջուրը շատ է, դրա համար են գետը լցնում, բայց ոչ ես եւ ոչ էլ գյուղացիներից որեւէ մեկը չհիշեց, որ այդ քանակի խմելաջուր երբեւէ գետը լցվի: Գյուղում այդ օրը շատ քիչ քանակի ոռոգման ջուր է եղել: ՋՕ-ի տնօրենի ասելով՝ պահանջարկ չի եղել, դրա համար էլ քիչ են վերցրել գետից, բայց իրականում, պահանջատերերին չի հաջողվել գտնել ՋՕ-ի աշխատակիցներին` ջուր պահանջելու համար:

Ազատ գետը վարարած է լինում մայիս եւ հունիս ամիսներին, իսկ հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին, այսինքն` ջրի ամենապահանջված շրջանում գետը գրեթե ցամաքում է: Մայիս, հունիս ամիսներին, եթե բավարար է ջրի քանակությունը, ապա հաջորդ երեք ամիսներին գետը չափազանց սակավաջուր է դառնում, որն էլ կասկածի տակ  է դնում ծրագրի արդյունավետությունը: Լավագույն դեպքում 3 ամիս ջուրը ինքնահոս կտրվի, հաջորդ 3 ամիսներին, երբ ջուրն ամենապահանջվածն է՝ 980 լ/վրկ ջուր է պահանջվում, պոմպով պետք է մղեն ջուրը:

Այս մտահոգությունը փոխանցել ենք նաեւ ՀԲ-ի բողոքարկման հանձնաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter