HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կանայք հրաժարվել են մեծամասնական ընտրապայքարից

Սակայն հույս ունեն կուսակցությունների հաշվին ավելի մեծ թվով կանանց տեսնել խորհրդարանում

Երկրի հասարակական-քաղաքական կյանքում ճանաչում գտած կանայք, որ ընտրապայքարի մի քանի փորձառություն են անցել՝ այս խորհրդարանական ընտրություններում հրաժարվել են մեծամասնական կարգով առաջադրվելուց: Նրանց մեջ բացառություն է կազմում բոլոր գումարումների ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը, որին մինչեւ այժմ հաջողվել է մեծամասնական կարգով ընտրվել: Ազգային ժողովում կին ներկայացուցիչների թիվն ավելացնելու ուղղությամբ կատարված փորձերի արդյունքում ընդունվել է օրենք, որի համաձայն երաշխավորվում է կանանց առնվազն 5%-ի ներկայությունը խորհրդարանում: Կին լիդերների կարծիքով, սա միակ փրկօղակն է այսօր, որից կարող են կառչել կանայք՝ խորհրդարան մտնելու համար:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների համամասնական ցուցակների անցողիկ համարվող տեղերում ընդգրկվել են 13 կին: Առաջադրվածները հիմնականում հասարակական-քաղաքական կյանքի փորձառություն ունեցող կանայք են՝ «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակով՝ Հերմինե Նաղդալյան, Հրանուշ Հակոբյան, ՀՅԴ՝ Ալվարդ Պետրոսյան, Արմենուհի Հովհաննիսյան, «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինք՝ Լյուդմիլա Հարությունյան, «Արդարություն» դաշինք՝ Էմմա Խուդաբաշյան, «Oրինաց երկիր»՝ Թամարա Պողոսյան, «Րաֆֆի Հովհաննիսյան» դաշինք՝ Անահիտ Ժամկոչյան, Հրանուշ Խառատյան, ՀՌԱԿ՝ Շամիրամ Աղաբեկյան եւ այլն: Կանանց շարժման լիդերների կանխատեսումներով կանանց համար այս ընտրությունները ոչնչով չեն տարբերվի նախորդներից:

«Կանայք պատրաստ չեն դրան: Ընտրական գործընթաց մտնելուց պետք է պատկերացում ունենաս մեթոդների, ամբողջ գործընթացի կազմակերպման մասին: Սա գիտություն է, չի կարող կինը գնալ ընտրական գործընթացի՝ դրան չնախապատրաստվելով գոնե մեկ տարի առաջ: Այդ պատճառով գրագետ կանայք անգամ տուժում են, որովհետեւ չգիտեն ինչպես նախընտրական գործընթացը կազմակերպել: Մյուս կողմից` այն տեխնոլոգիաները, որոնք տղամարդիկ գործածում են՝ կնոջն անհարիր է»,- ասաց «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ æեմմա Հասրաթյանը:

Չնայած երկրի ղեկավարի պնդումներին, որ նշանակովի պաշտոններում կանանց ներկայացվածության տոկոսը բավականաչափ բարձր է, æ. Հասրաթյանը գտնում է, որ գործադիր ոլորտում տոկոսը բարձր է ի հաշիվ քարտուղարուհիների, հավաքարարների, գործավարների եւ միջին մակարդակի մասնագետների: «Գործադիր իշխանության համակարգը պատրիարխատ կադրերով է համալրված: Նրանք չեն պատկերացնում, որ տղամարդկանց այդ ակումբում որեւէ մեկը մտնի, որովհետեւ կանանց ներկայությամբ չեն կարող խոսել այն թեմաների մասին, որ կարող էին խոսել կնոջ բացակայությամբ»,- նշեց տիկին Հասրաթյանը: Վերջինս ներկայացրեց անցնող տարում հրապարակված մի քարտեզ, որը պատկերում էր քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության տոկոսն աշխարհում:

Այնտեղ Հայաստանը հարցականով է նշված, այսինքն՝ քաղաքականության մեջ կանանց տոկոսն այնքան փոքր է, որ հարեւան հանրապետությունների, Միջին Ասիայի թվերը կան, մեր երկրինը՝ ոչ: Ապագա խորհրդարանում կանանց ներկայացվածության վերաբերյալ «Կանանց հանրապետական խորհրդի» նախագահ Նորա Հակոբյանի կանխատեսումները չեն տարբերվում գործընկերոջ տեսակետներից: «Նախկինում ունեինք 4 կին պատգամավոր եվ, ըստ իս, այդ էլ կունենանք: Մեծամասնականում անուններ չկան, անգամ միակ միշտ անցնող կնոջ համար ես լավատես չեմ այս անգամ»,-ասաց նա: Շարունակելով բնութագրել ապագա խորհրդարանին՝ Ն. Հակոբյանը նշեց, որ ներուժ ունեցող կանայք այս անգամ չառաջադրեցին իրենց թեկնածությունը հասկանալով, որ անհնար է առանց փողի ընտրվել: «Ընտրությունները կոշտ են ու կոռումպացված, եւ մի մասը հասկացան, որ պետք է ցուցակներով առաջադրվեն: Այս տարբերակով էլ լավագույն դեպքում 10-ը կանցնեն խորհրդարան»: «Կանանց հանրապետական խորհրդի» նախագահը հիշեցրեց, որ կանանց մի զանգված վիրավորված էր կուսակցական ցուցակներում հատկացվող 5%-ի համար եւ առաջարկում էին հրաժարվել նաեւ 5%-ից: «Բարեբախտաբար չհրաժարվեցինք, որովհետեւ կուսակցությունները ստիպված են լինում գտնել այդ 5%-ին ու տեղավորել ցուցակների անցողիկ տեղերում»,-հայտնեց Ն. Հակոբյանը:

Չնայած ընտրությունից՝ ընտրություն, երկրի կառավարման համակարգում կանանց ներկայացվածության նահանջ է արձանագրվում՝ նախորդ տեղական ինքնակառավարման ընտրություններում 455 կին ավագանիների թիվը վերջին ընտրություններում իջավ 170-ի, նախկինում 12 կին գյուղապետ կար, ներկայումս՝ 9-ը: Նախորդ՝ 99թ. ԱԺ ընտրությունների ժամանակ 75 ընտրատարածքներից 32-ում իր թեկնածությունն էր առաջադրել 44 կին: 2003թ.-ին՝ 56 ընտրատարածքներում մեծամասնական ըտրակարգով առաջադրվել է 22 կին: Նորա Հակոբյանն, այնուամենայնիվ, արձանագրում է, որ վերջին տարիների մեր պատմության մեջ առաջին անգամ է ՀՀ նախագահն իր ուղերձում մաղթում, որ Հայաստանի կանայք ավելի մեծ ակտիվություն դրսեւորեն եւ ավելի լիարժեքորեն ընդգրկվեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Այս ընտրություններում «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը գլխավորող «Արժանապատիվ ապագա», կուսակցության նախագահ, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչպիսին կլինի այս ընտրապայքարը կանանց համար եւ ինչու չմասնակցեց մեծամասնական ընտրապայքարին: «Մեծամասնական ընտրապայքարը գլադիատորների պայքար է, պատմությունը չգիտի կին գլադիատոր»,- ասաց նա: Տիկին Հարությունյանի դիտարկումներով ընտրությունների առեւտուրը կանանց ստիպում է լրջորեն կշռադատել իրենց ներուժը: Ժողովուրդը հաշտվել է այն մտքի հետ, որ ընտրությունները գործարք են: Եթե գործարք է՝ կինն ի՞նչ գործ ունի գործարքի մեջ: Ընտրությունների բիզնեսը, ինչպես ամեն մի բիզնես, Հայաստանում դարձել է տղամարդու բիզնես, ընդ որում խոշոր բիզնես, որտեղ կանայք չկան: «Կանայք պարտվում են նաեւ այն պատճառով, որ չեն կարողացել համոզել քվեարկելու իրենց համար: Կանանց շարժումը ուժեղ չի եւ չի պաշտպանում կին թեկնածուներին: Կանանց շարժումը չի գիտակցել իրեն որոշակի պահանջատեր լոբբիստական ուժ, որը հասարակության մեջ կկարողանա այդ արժեքը ներարկել»,-հայտնեց կուսակցության առաջնորդը:

Նրա կարծիքով, նաեւ կանանց ռացիոնալիզմն է մեծամասնական ընտրակարգով չառաջադրվելու պատճառը: «Ես ցանկություն չունեմ չարչարվեմ՝ ինձ անընդհատ մղեն, որ եթե իմ հակառակորդի կեսը ծախսեմ՝ կընտրվեմ: Ինձ համար ընտրությունը քաղաքական մրցակցություն է, հնարավորություն է նորացնելու քաղաքական կուրսը, ոչ թե գործարք է: Մտավորականությունը չի մտնում ընտրության մեջ, որովհետեւ ընտրությունը գործարք է դարձել»: Սոցիոլոգիայի պրոֆեսորը հույս ունի, որ կուսակցությունների հաշվին այս անգամ ավելի մեծ թվով կանայք կանցնեն խորհրդարան: 

«Հազարաշեն» Հկ նախագահ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այս ընտրություներին կմասնակցի «Րաֆֆի Հովհաննիսյան» դաշինքի կազմում: «Իմ խորին համոզմամբ, ընտրությունների մեկնարկն հիմա ավելի ու ավելի է պատճառաբանված մարդկանց ունեցած ֆինանսներով: Գլոբալ իմաստով սա է պատճառը, որ կանայք մեծամասնականին չեն մասնակցում, նախապես իմանալով, որ դրանք անիմաստ ջանքեր են, անիմաստ ներդրում»,-ասաց տ. Խառատյանը: Նրա կարծիքով, վարքի այն նորմերը, որ իշխում են մեծամասնական ընտրությունների ժամանակ ավելի անահասնելի է կանանց՝ գուցե իրենց սեռային վարքի իմաստով, գուցեեւ ռեսուրսային հնարավորությունների իմաստով: Նշեց, որ Հայաստանում ռեսուրսային կապիտալի 80%-ից ավելին տղամարդկանց ձեռքին է, ֆինանսական կապիտալի ռեսուրսներին տիրապետող կանայք չունենք:

«Գուցեեւ ինչ-որ կանայք մոտենում են, բայց նույնիսկ նրանք իրենց հնարավորությամբ չեն մոտենում հիմնական կապիտալ ստեղծող տղամարդկանց: Ոչ թե պետականորեն անհրաժեշտ եվ օրենսդրորեն ամրագրված ֆինանսների չափով, այլ՝ ընտրությունների վրա ծախսվող ստվերային գումարներով եւ նաեւ՝ իշխանական լծակների օգտագործմամբ: Սա նույնպես մի ռեսուրս է, որը տղամարդկանց ձեռքին է»: Անդրադառնալով այն փաստին, որ մեծամասնական ընտրապայքարում առայժմ միակ հաջողություն ունեցած կինը Հրանուշ Հակոբյանն է, որ այս անգամ էլ առաջադրվել է՝ Հ. Խառատյանը նկատեց, որ Մարտունու տարածքում, որտեղ նա առաջադրվում է՝ վաղուց ձեւավորված կլանային, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների շատ խոշոր բազային հնարավորություն կա:

«Դա երկու անգամ ակտիվ աշխատած, փորձություն ստացած հնարավորություն է, երրորդ անգամ էլ, ըստ երեույթին, կաշխատի»: Ընտրություններին կանանց սակավաթիվ ներգրավվածութունն, ըստ նրա, պայմանավորված է նաեւ կանանց պասիվությամբ՝ թե համամասնականով, թե մեծամասնականով: «Նույնիսկ եթե ցուցակներով ներկայացված են, այնուամենայնիվ նրանք պասիվ տեղերում են իրենց զբաղեցրած տեղերով: Դա վկայում է այն մասին, որ քաղաքական կուսակցություն կոչվածի վարքը նույնպես ընդհանուր առմամբ բավական տղամարդկայնացված է եւ կանայք այստեղ, կոպիտ ասած, հրավիրովի մասնակցություն ունեն: Հրավիրովի մասնակցությունը մասամբ պայմանավորված է 5% անհրաժեշտ տեղերի տրամաբանությամբ, գուցե մի քանի խիստ մասնավոր դեպքերում արդեն նախկին ունեցած կուսակցական կապերով, կամ գուցե կանանց քիչ թե շատ ունեցած ազդեցության հնարավորություններով»: Նա ուշադրությունը հրավիրեց եվս մի կարեւոր երեւույթի՝ համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց մեծ մասը հիմնականում երեւանցիներ են: «Սա Երեւան եւ ոչ Երեւան խզման դրսեւորումն է: Այսինքն, տարածքային կառավարման զրոյական մակարդակը բերում է նաեւ սոցիալ-մշակութային քաղաքական խզման, որի արդյունքում մեր հանրապետությունն ընդհանրապես կտրվում է Երեւանի կյանքի ռեժիմից»: Հրանուշ Խառատյանի դիտարկումներով, երկրում ձեւավորվել են վարքի որոշակի նորմեր՝ կանայք երկրի կյանքին մասնակցելու իրենց վարքով սկսել են իմիտացնել տղամարդկանց վարքը: «Ըստ երեւույթին նրանք կարծում են, որ դա քիչ թե շատ դերակատարում ունենալու միակ ձեւն է՝ եթե ասելիք ունեն: Իսկ իմիտացիան օրիգինալի շատ թույլ պատճենն է: Սրանով մենք ունենում ենք վարքի մշակույթի խեղումներ, որն ի վերջո երբեք դրական էֆեկտ չի կարող ունենալ»: Ո՞րը կարող է լինել լուծումը՝ æեմմա Հասրաթյանը գտնում է, որ բարձրաստիճանան ղեկավարները պետք է քաղաքական կամք ունենան՝ վիճակը փոխելու: «Պետք է լինեն գենդերային քվոտաներ, ինչպես արել են սկանդինավյան երկրները՝ մեկ սեռը մյուսի նկատմամբ չպետք է գերազանցի, քան 70 %-ը»:

«Ըստ ինձ, կանանց շարժումը պետք է անցնի կին թեկնածուների ակտիվ պաշտպանությանը, սա է կանանց շարժման առաքելությունը: Այլապես կանանց ձայնը երբեւիցե լսելի չի դառնա: Կանայք անընդհատ կդիտվեն սոցիալական ուժ, ոչ թե քաղաքական»,-գտնում է Լյուդմիլա Հարությունյանը: Նա գտնում է, որ եթե կան կանանց կազմակերպություններ եւ նրանք քաղաքական նպատակներ են իրենց առջեւ դնում՝ պետք է ծառայեն քաղաքական նպատակներին: «Ավելին, այսօր կանայք շատ ուժեղ են, երբ մտնում են քաղաքական պայքարի մեջ՝ պաշտպանելու հասարակական քաղաքական խնդիր եւ օգտվելով համընդհանուր աջակցությունից: Ես կարծում եմ, որ կանաց ձայնը լսելի է դառնում, հասարակությունը հավատում է, որ կանայք խոհեմ են: Հասակության մոտ կա այն պատկերացումը, որ եթե հասարակությունը ծանր վիճակում է՝ կանայք են փրկելու»,-համոզված է պրոֆեսորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter