HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աշտարակ-կաթ»-ը Պրիվոլնոյեի գյուղացիներին պարտք է 34 մլն դրամ՝ մթերած 315 տոննա կաթի գումարը

«Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն Պրիվոլնոյե համայնքի գյուղացիներից օրը 7 տոննա, ամսական՝ 210 տոննա կաթ է գնում: Այս մասին մեզ հայտնեց «Աշտարակ-կաթ»-ի Պրիվոլնոյեի կաթի կետի մենեջեր Վարդան Տոմեյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ ընկերությունը Պրիվոլնոյեի կաթ արտադրողներին չի վճարել 1,5 ամսվա ընթացքում իր գնած 315 տոննա կաթի գումարը՝ 34 մլն դրամ: Այսօր մեր հարցմանը ընկերության կաթի մթերման բաժնի աշխատակիցներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, պատասխանեց. ««Աշտարակ- կաթ» ընկերությունն ունի լուրջ խնդիրներ՝ հարկային մուտքերի, վարկերի, գազի, ջրի, լույսի վարձերի և այլն: Ամսի 1-ից սկսելու ենք վճարել»: Մեր հարցին, թե ինչու Պրիվոլնոյեի կաթ արտադրողները «Աշտարակ- կաթի»-ին պետք է կաթ մատակարարեն ապառիկ, մթերման բաժնի աշխատակիցը չպատասխանեց և անջատեց հեռախոսը:

«Աշտարակ- կաթը» հունիսի 1-ից 1 կգ կաթի գինը սահմանել է 120 դրամ: Մինչ այդ Պրիվոլնոյեի կաթ արտադրող գյուղացիներից կաթ գնել է 1կգ-ը 100 դրամով: «Մի շիշ ջերմուկը 250 դրամ է, մի լիտր կաթը՝ 120 դրամ: Մասնավորը 100 դրամով կաթ է հավաքում մեզանից: Փաստորեն, մենք 2,5 լիտր կաթով մեկ լիտր ջերմուկ ենք առնում: Այ, էս վիճակում ենք»,-ասում է կաթ արտադրող Գևորգ Մանուկյանը: «Պրիվոլնոյեի կաթը ընտիր կաթ է: Ես էլ եմ ֆերմեր, 30 կով ունեմ: Իմ կովերի տված կաթը լրիվ հանձնում եմ «Աշտարակ-կաթ»-ին: Ինձ էլ նույն ձևով են վճարում, 15-օրով ենք հաշվում, 3-րդ 15-օրյակ է փակվում: Բա ոնց, գյուղացիները դժգոհում են: Ես ուղղակի հետևում եմ կաթի որակին»,-բացատրեց Վարդան Տոմեյանը:

«Մայիս, հունիս ամիսներին շուրջ մեկ տոննա կաթ եմ վաճառել «Աշտարակ-կաթ»- ին: Կաթի փողը արդեն 1,5 ամիս է ինձ չեն վճարել: Հա ձգձգում են: Ընկերության իմ պարտքը կազմում է 150 հազար դրամ»,- հայտնեց Սերժիկ Կիրակոսյանը:

Անահիտ Բարոյանը «Աշտարակ-կաթին» ամիսը 1,5 տոննա կաթ է վաճառում: Ընդհանուր հաշվով «Աշտարակ-կաթը» ինձ պարտք է 200 հազար դրամ: «Չէ, կաթի փողը ժամանակին չեն տալիս: Մեծ ընտանիք ենք՝ 8 անձ ենք: Երեխեք են, թոռներ են, հարսներ են, չենք կարողանում ծայրը ծայրին հասցնել»,- բացատրեց Անահիտը:

«Մենք կաթը շատ էժան ենք հանձնում «Աշտարակ-կաթին», բայց ընկերությունը, մեկ է, ձգձգումներով է վճարում կաթի գումարները: Դա դժվարություն է ստեղծում մարդկանց համար: Գալիս է սեպտեմբերը, ծնողները աշակերտների համար չեն կարողանում գնել աշակերտական համազգեսներ, դասագրքեր: Այն, ինչ որ մենք տքնանքով արտադրում ենք, չենք կարողանում արդյունքները ստանալ»,- դժգոհեց Պրիվոլնոյեի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Մաքսիմովնան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter