HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզի համայնքներում կտեղադրվեն 6 հակակարկտային կայաններ

Կառավարության այսօր ընդունած որոշմամբ գումար կհատկացվի Արարատի մարզպետարանին՝ մարզում կարկուտի և ուժեղ քամու հասցրած վնասի հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծման, Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հողօգտագործողները ՀՀ վարչապետին ներկայացրել են մարզում հակակարկտային կայաններ տեղադրելու խնդրանք: Այսպիսով՝ հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Դվին (2), Վերին Արտաշատ (2) Հնաբերդ (1), Այգեզարդ (1) համայնքներում տեղադրել 6 հակակարկտային կայաններ:

Իսկ «Լուսնթագ» մանկապարտեզը կառուցվել է 1975թ.-ին: 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են պատուհանների փոխարինման և ներքին հարդարման, ինչպես նաև համայնքի միջոցներով՝ ջեռուցման անցկացման և խոհանոցի վերանորոգման աշխատանքներ: Անհրաժեշտ է կատարել նաև խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման աշխատանքներ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում հողերի մշակության և գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կազմակերպումն ապահովելու նպատակով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքի գյուղատնտեսական տեխնիկան ֆիզիկապես մաշված է, հաճախակի խափանման պատճառով գյուղատնտեսական աշխատանքները լիարժեք չեն իրականացվում և վարելահողերի զգալի մասը չի մշակվում: Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռի ցանքաշրջանառության մեջ ընդգրկել համայնքի չօգտագործվող վարելահողերը, մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական աշխատանքներն իրականացնել որակով, ինչն էլ իր հերթին կնպաստի բերքատվության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter