HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիս Նատուրալ»-ի ներկայացուցիչ. «Եթե չկարողանանք արտահանել մեր ապրանքները, ռուսական շուկայում մեծ խնդիրներ կունենանք»

Դիանա Ղազարյան

Քարաթափման հետեւանքով հունիս 23­-ից փակ է Վերին Լարսի անցակետը: ԻՆչպես տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը՝ Թերեք գետի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից եւ պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Դեռեւս հստակ հայտնի չէ, թե երբ է բացվելու անցակետը. որոշ աղբյուրներ հայտնում են՝ երկու շաբաթ, ոմանք էլ մեկուկես ամիս ժամանակ են նշում։ Այժմ անցակտի մոտ կուտակվել են հարյուրավոր մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ, որոնց զգալի հատվածը ժամանում էր Հայաստան։

Վերին Լարսի անցակետը Հայասստանը Ռուսաստանի Դաշնությանը կապող միակ օղակն է։ Արտահանողներից ոմանք արդեն ահազանգել են՝ մեծ վնասներ են կրում: Պետք է նկատի ունենալ, որ ամառային այս ամիսներին ՀՀ-­ից արտահանումը Ռուսաստան աճում է՝ նաեւ մրգերի արտահանման հաշվին։ Բնական հյութերի եւ պահածոների արտադրությամբ զբաղվող «Սիս Նատուրալ» ՓԲԸ­-ի արտահանման գծով պատասխանատու Ռուզաննա Նավասարդյանը նշում է, որ պատվիրված 40 տոննա տարողությամբ երկու բեռնված մեքենաներ ունեն, որոնք արտադրված հյութը արդեն իսկ պետք է հասցրած լինեին Ռուսաստանի Դաշնություն, սակայն 10 օրից ավել կանգնած են եւ ոչ մի կերպ չեն կարողանում պատվերը հասցնել պատվիրատուին: «Կան խոսակցությունները, որ բեռ տեղափոխող երեք լաստանավ կա, սակայն բեռնափոխադրողների հավաստմամբ՝ ընդամենը մեկ լաստանավ է աշխատում եւ միայն թարմ հումք տեղափոխում։ Շատ շուտով, եթե չկարողանանք արտահանել մեր ապրանքը, ռուսական ցանցում շատ մեծ խնդիրներ կունենանք։ Այժմ կրած վնասների մասին չեմ կարող խոսել, սակայն երբ դրա՝ պատվիրատուին մոտենալու ժամկետները մոտենան եւ չկարողանանք այն տեղ հասցնել, շատ մեծ վնասներ կկրենք։ Պատվիրատուն հաշվի չի առնում, որ ճանապարհը քանդված է. եթե պատվիրված է այսինչ ամսաթվին, ապա այդ ամսաթվին ապրանքը պետք է լինի»,- ասաց Ռ. Նավասարդյանը։

Որոշ արտահանող ընկերություններ բարձրաձայնել էին՝ լաստանավով տեղափոխման ծախսերը աճել են, Նավասարդյանը փաստում է՝ նման թանկացման պարագայում նախնական հաշվարկներից առավել ծախսեր կանեն՝ նյութական կորուստներ կրելով, արդյունքում զգալի պակասորդ կունենան։ Ընկերության համար նյութական կորուստներից առավել կարեւոր է մթերքը պատվիրատուին հասցնելը, որի համար փորձում են քայլեր ձեռնարկել՝ ապրանքը լաստանավով արտահանելու համար։ «Եթե ասված երկու շաբաթից առավել անցակետը փակ մնա, եւ լաստանավերով արտահանման շեշտը դրվի բացառապես թարմ մթերքի վրա, ապա մեր եւ այլ արտահանողների վնասները իսկապես մեծ կլինեն։ Լաստանավով արտահանելը եւս եկամտաբեր չէ. գումար ես վճարում մի բան համար, որը ցամաքով տեղափոխելիս չի պահանջվում»,-­ նշում է պատասխանատուն։

Ամբողջ տարին արտահանում կազմակերպելով՝ ընկերությունը Լարսի անցակետի հետ կապված մշտապես խնդիրներ է ունենում՝ ձմռան ամիսներին ձյան, ամռանն էլ՝ հեղեղումների պատճառով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter