HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորին մեղադրեց ՌԴ շահերը պաշտպանելու մեջ

Պերմյակովի գործով դատական նիստը մեկամսյա ընդմիջումից հետո շարունակվեց տուժողների իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների համար «սառը ցնցուղի» էֆեկտով: Բանն այն է, որ մայիսի 27-ին կայացած նիստի ժամանակ Ավետիսյանների սպանության գործով ներգրավված փաստաբան Արամազդ Կիվիրյանը ներկայացրել էր քաղաքացիական հայցը եւ միջնորդել տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանին, Անահիտ Կոշտոյանին, Նարինե եւ Անդրանիկ Պողոսյաններին քաղհայցվոր ճանաչելու որոշում կայացնել, իսկ քաղաքացիական պատասխանող ճանաչել ՌԴ-ին:

Ավետիսյանների ընտանիքի սպանված յուրաքանչյուր չափահաս անդամի համար փաստաբանը պահանջել էր 50 հազար եվրո, իսկ անչափահասներից յուրաքանչյուրի համար՝ 100 հազար եվրո փոխհատուցում: Քաղհայցը թարգմանվելու եւ ուղարկվելու էր պատասխանող կողմին՝ ՌԴ համապատասխան կառույցներին, որի համար էլ դատարանը մեկ ամիս ժամանակ էր պահանջել՝ միաժամանակ վարույթ ընդունելով ներկայացված հայցը:

Այս դատական նիստին սպասվում էր, որ դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակելու է պատասխանող կողմի՝ ՌԴ-ից ստացված պատասխանը: Սակայն նիստը սկսելուն պես դատավորը կողմերին ներկայացրեց մի որոշում, որով մերժում է մայիսի 27-ին տուժող կողմի ներկայացուցիչների կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ նշելով, որ այն չի կարող քննվել ՀՀ դատարանում, քանի որ չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներին:

«Ակնհայտ է որ այս ընթացքում ճնշումներ են եղել ձեր նկատմամբ եւ դուք ակնհայտորեն կաշկանդված եք՝ գտնվելով ռազմաբազայում: Հենց հիմա դուք հիմնավորեցիք, որ Ռուսաստանի Դաշնության շահերն եք պաշտպանում»,-հայտարարեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

Փաստանաբանը միջնորդեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել պատասխան միջնորդությամբ հանդես գալու համար: Արդեն լրագրողների հետ առանձնազրույցում նա հստակեցրեց, որ նման որոշում դատարանը չէր կարող կայացնել, քանի որ քաղաքացիական հայցն արդեն իսկ ընդունել էր, եւ սա ապօրինի որոշում է: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանք, որ դատավորը նշում է, թե հրապարակվող որոշումը կայացրել է մայիսի 27-ին:

«Նա իրավունք չուներ նման որոշում գրելու, եթե պիտի նման որոշում կայացվեր, ուրեմն չպիտի նախորդ նիստի ժամանակ ներկայացված քաղհայցն ընդուներ,-նկատեց Լուսինե Սահակյանը,-այս որոշումն էլ պետք է կայացվեր խորհրդակցական սենյակում, ոչ թե դատարանից դուրս: Ակնհայտ է, որ հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս դատարանի, ապացուցեց, որ Ռուսաստանի Դաշնության դեմ իրենք ոչ մի գործողություն չեն կարող կատարել»:

Փաստաբանը շեշտեց, որ քաղհայցը ներկայացվել է օրենքի շրջանակներում՝ այլապես դատավորն այն վարույթ չէր ընդունի: Լուսինե Սահակյանը նշեց նաեւ, որ հայցը ՀՀ դատարանում պատշաճ կերպով քննության չառնելու դեպքում իրենք Եվրոպական դատարան դիմելիս գանգատ կներկայացնեն ոչ միայն ՌԴ-ի, այլեւ Հայաստանի Հանրապետության դեմ: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են հաջորդ դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Հարություն Մովսեսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter