HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անգրագետ նկարչի գործը անգրագետ մասսային բավարարում է»

Ազատուհի Խաչատրյան

-Գրիգորյան Մարիա՞մ:

Նայում եմ նկարի անկյունի ստորագրությունն ու փորձում գուշակել անունը:

-Ոչ, անունս Մարիամ չէ, Մարիամը էն վերջում է լինում,-չոր պատասխանում է կինը:

-Իսկ ի՞նչ է ձեր անունը:

-Կարևոր չէ:

Սարյանի այգով անցնելիս շատ քիչ կնկատես կին նկար վաճառողների: Հիմնականում տղամարդիկ են, խմբված նարդի, շախմատ են խաղում:

Սկսում եմ հարցեր տալ այգում այդ պահին հանդիպած միակ կին նկարչուհուն: Անտրամադիր է, խոսել չի ուզում, համառում եմ, շարունակում եմ հարցեր տալ:

-Ինչու՞ ձեր նկարներում կանայք ձեռքեր չունեն:

-Իսկ ով ձեռք ունի որ…բոլորս էլ անձեռ ենք:

-Ներեցեք, բայց չեմ հասկանում՝ ինչ նկատի ունեք:

-Չգիտեմ, ես տենց եմ պատկերացնում:

Թվում էր՝ պետք է հրաժեշտ տա ինձ, ասի, որ ժամանակ չունի խոսելու, բայց անսպասելի առաջարկում է նստել ու զրուցել:

-Իմ նկարները դեկորատիվ ոճի մեջ են: Ամուսինս նույնպես նկարիչ էր՝ իմպրեսիոնիստ: Տասնվեց տարի է՝ մահացած է: Նկարիչը պետք է իր ձեռագիրը ունենա, ասենք, ոնց Մանեն, Վան Գոգը, Մոդիլիանին: Այդպես են հռչակավոր դառնում, երբ ստեղծում են իրենց ձեռագիրը:

Այստեղ քչերն ունեն իրենց ձեռագիրը: Այ, այն (ձեռքով դիմացը շարված նկարներն է ցույց տալիս. Հեղ.)  հեղինակը տաղանդավոր երիտասարդ է, բայց ձեռագիր դեռ չունի, դրա համար շատ է պետք աշխատել:

-Իսկ դուք ինչպե՞ս եք ստեղծագործում: Նախապես մտածում եք՝ ինչ նկարել, թե՞ հենց մոտենում եք կտավին, ինքնըստինքյան ստացվում է:

-Էդ անբացատրելի է, ուղղակի ուզում ես նկարել ու նստում- նկարում ես: Բայց վերջերս չեմ կարողանում աշխատել. հղի հարս ունեմ,  վատ է զգում  ներկի հոտերից:

-Իսկ ձեր երեխաները նկարու՞մ են:

-Երկու տղաս էլ լավ ձեռք ունեն, բայց չուզեցին նկարիչ դառնալ: Ասում են՝ դու ու պապան ինչ արեցիք, որ մենք ինչ անենք:

-Նկարները վաճառվու՞մ են:

-Այսօր շատ անհաջող օր է: Ամբողջ վերնիսաժից երկու նկար է դուրս եկել: Ասում են՝ անցյալ շաբաթ լավ առևտուր է եղել: Ընդհանրապես շատ դժվար է լավ նկարչի համար. նրա գործերը քչերն են գնահատում, իսկ անգրագետ նկարչի արած գործը անգրագետ մասսային բավարարում է:

-Ովքե՞ր են գնում ձեր նկարները:

-Հետաքրքիր է՝ հասարակ գնորդ չունեմ: Հաճախ հենց նկարիչներն իրենք են գնում: Բժիշկներ, արվեստագետներ: Արտասահմանից են շատ առնում: Եղել է, որ քսան հատով վաճառել եմ:

-Ի՞նչն է պակասում տեղի արվեստագետին հաջողության հասնելու համար:

-Մարդկանց ընդհանուր սոցիալական վիճակը: Եթե մարդիկ լավ ապրեն, արվեստն էլ կնկատեն, իսկ արվեստին հերթ չի հասնում: Մարդիկ օրվա հացի խնդիր ունեն: Հիմա էլ լույսն են թանկացրել: Վրաստանին ավելի էժան են վաճառում, քան իրենց երկրին: Գնում ես Վրաստան, փողոցները լուսավոր են, էստեղ գիշերվա ժամը մեկից չի լուսավորվում: Պետությունն էլ ասում է, թե մենք վճարում ենք ձեր փոխարեն, ուր է թե վճարում են…Հիմա բոլորը բարոյազրկված են՝ պետությունը կառավարողներից մինչև հասարակ քաղաքացի:

-Կա՞ն նկարիչներ, որ ունևոր են, բայց էստեղ նկար են վաճառում:

-Չէ, էստեղ բոլորը օրվա հացի խնդիր ունեն: Դեռ ես ուրիշ տեղ աշխատանք ունեմ, կողքից էլ սա եմ անում: Մյուսները ընկնում են հաճախորդների ոտքի առաջ, ստորանում են, որ նկար վաճառեն: Մի բան էլ ասեմ, իսկական նկարիչները շաբաթ-կիրակի են այստեղ լինում, քանի որ մնացած օրերին նկարում են, մյուսները վերավաճառողներ են:

Անցյալ շաբաթ մեկը, որ նոր էր Անգլիայից  եկել, էստեղ ելույթ էր ունենում: Ասում էր, որ տղաներս Անգլիայում են, տներ ունեն, իսկական կորիզը գնացել ա Հայաստանից, էստեղ մնացել են թափթփուկները, էստեղ նկարիչ չի մնացել: Պատահական մեկն էր, ուզում էր ասել, թե ինչ լավ են ապրում: Ոչինչ չկարողացա ասել, ի՞նչ ասես, իրոք մենք թափթփուկի կարգավիճակում ենք, որ հանդուրժում ենք էս ամենը:  Ես էնքա՜ն վիրավորվեցի:

 -Կասե՞ք ձեր անունը:

-Մարի:

Մեկնաբանություններ (1)

արվեստասեր
Խնդրում եմ, որևէ անկիրթի թույլ մի տվեք ձեզ վիրավորեն, վերադարձրեք իրենց իսկ բառապաշարով ու պահանջեք, որ ներողություն խնդրեն, որ հասկանան... դուք ձեր լռությամբ ակնհայտ եք դարձնում, որ դուք ավելի բարձր մարդ եք, բայց հավատացեք այդ տգետները դա չեն ընկալում,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter