HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Լեհերի հետ պայմանագիրը չի երկարացվել. կենսաչափական անձնագիր ստանալու պարտադիր պայմանը մի քանի տարով հանվել է

Կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր արտադրող լեհական «PWPW S.A.» ընկերության եւ Հայաստանի կառավարական մարմինների բանակցություններն արդյունք չեն տվել: Ընկերության հետ 2011 թվականին կնքած պայմանագիրը չի երկարացվի: Այս մասին «Հետքը» տեղեկացավ ոստիկանությունից: 

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում սպառվել է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի խմբաքանակը: Նոր անձնագրեր ստացող կամ արտասահաման մեկնող քաղաքացիներին տրվում է հին նմուշ անձնագիր: Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել էր, որ նոր պայմանագիր կնքելու եւ կենսաչափական անձնագրի նոր խմբաքանակ պատվիրելու համար սպասում են լեհ գործընկերների այցին։ 

Հունիսի 15-ին դեսպան Է. Ղազարյանը  «PWPW S.A.»
ընկերությունում ծանոթացել էր հայկական անձնագրերի
տպագրության գործընթացին

«PWPW S.A.» ընկերությունն իր հերթին, իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 24-ին պատվիրակներ կժամանեն Հայաստան, ովքեր հանդիպումներ կունենան ոստիկանության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ: Լավատեսության հիմք էր տալիս «PWPW S.A.» կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանն այցելել է ընկերություն, ծանոթացել հայկական անձնագրերի տպագրության գործընթացին: 

Հունիսի 24-ից հետո, սակայն, այս թեմայով քար լռություն էր բոլոր գերատեսչություններում: Հունիսի 27-29-ի դրությամբ որեւէ կառույցից անհնար եղավ ճշտել, թե ինչ եղան բանակցությունների արդյունքները: Ոստիկանությունում ասում էին, որ իրենց հետ հանդիպումներ չեն եղել, նույնը լսեցինք նաեւ ԿԲ-ից ու վարչապետի աշխատակազմից: 

Երեկ պարզել ենք, որ հանդիպում տեղի է ունեցել, բայց «PWPW S.A.» ընկերության հետ նոր պայմանագիր չի կնքվելու, չնայած որ գործող պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ համագործակցությունը հնարավոր էր շարունակել առանց նոր մրցույթ հայտարարելու, եթե դրա անհրաժեշտությունը լիներ:

Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պայմանագրի ժամկետը չերկարացնելը հայկական կողմի դիրքորոշումն է: Բիչախչյանն այդ որոշումը մեկնաբանեց նրանով, որ ցանկանում են նոր՝ ավելի որակյալ կենսաչափական անձնագրեր պատվիրել, որը 2011թ. մրցույթի արդյունքում լեհական ընկերության հետ կնքած պայմանագրի պայմաններից դուրս է: 

«Մենք մտադիր ենք բարելավել կենսաչափական անձնագրերի որակը, որպեսզի համընթաց քայլենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: Չենք ասում, թե մերը վատն է, բայց աշխարհում տարեցտարի փոփոխություններ են տեղի ունենում: Մենք ուզում ենք, որ կենսաչափական անձնագրի լուսանկարով էջը լինի պոլիկարբոնատ, որն ավելի դիմացկուն է, սահմանային կետերում ստուգելիս բազմակի օգտագործման դեպքերում չի փչանում: Աշխարհի մեծ քանակությամբ երկրներում անցում են կատարել դրան, ինչը նշանակում է, որ լեհական ընկերության հետ ունեցած գործող պայմանագրից շեղվում ենք: Հետեւաբար, պետք է նոր մրցույթ հայտարարել, հստակեցնել նոր պայմաններ եւ գործել ըստ դրա»,-ասում է Մնացական Բիչախչյանը:

Լեհերը դժգոհ չե՞ն 

Մինչեւ Հայաստանի ոստիկանությունից պարզաբանում ստանալը, ստեղծված իրավիճակի վերաբերյալ լեհական կողմից տեղեկություն ստանալու փորձեր էինք արել: Լեհերը հետեւողականորեն լռում են: Ընկերության քարտուղարությունից դեռեւս հունիսի 28-ին մեզ հայտնել էին, որ երեւանյան հանդիպումը կայացել է, սակայն մանրամասների վերաբերյալ մեր գրավոր հարցումն անպատասխան է մնացել: 

Առայժմ գրավոր հարցմանը պատասխան չի եկել նաեւ Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից: 

Մնացական Բիչախչյան, լուսանկարը՝ police.am-ից

Մնացական Բիչախչյանն ասում է, որ լեհերը դժգոհ չեն, վիրավորված չեն հայկական կողմից: «Մենք իրենց էլ ենք ասել: Նոր մրցույթին կարող են մասնակցել, ու միգուցե հենց իրենք էլ հաղթեն: Եթե լեհերը կշահեն, մենք վատ տրամադրվածություն չունենք»,-ասում է ոստիկանության փոխգնդապետը: 

«PWPW S.A.» ընկերության հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2017 թվականի հունվարի 1-ին, բայց, ինչպես արդեն հայտնել ենք, ընկերությունն իր պարտավորութունները կատարել է՝ ավելի քան 300 հազար կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը Հայաստանին մատակարարելով: 

Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչները լեհ գործընկերներին խնդրել են մի փոքր խմբաքանակն էլ տպագրել: Առայժմ որոշված չէ, թե ինչ թվի մասին է խոսքը: Մնացական Բիչախչյանի խոսքով՝ լեհերը չեն մերժել: 

Նոր որակի կենսաչափական անձնագրերի գնման մրցույթը, ըստ ոստիկանության պաշտոնյայի, կհայտարարվի ընթացիկ տարում: Ավելի հստակ ժամկետ հայտնի չէ:

Կենսաչափականը՝ ոչ պարտադիր 

Այս օրերին եթե որեւէ մեկը ցանկանում է նոր անձնագիր ձեռք բերել, պարտադրված է դիմում գրել ԱՎՎ պետի անունով, որպեսզի կենսաչափական անձնագրի փոխարեն ստանա հին նմուշի անձնագիր:

Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերմամբ ընդունել է «Քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2019թ. հունվար, ինչը նշանակում է, որ փոփոխությունների ուժի մտնելուց հետո պարտադիր չի լինի 25 հազար դրամ պետտուրք վճարելն ու կենսաչափական անձնագիր ստանալը:

Հիշեցնենք, որ 25 հազար դրամ պետտուրքով կենսաչափական անձնագիր ստանալը, եթե քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է, պարտադիր էր դարձել 2014 թվականի հունվարի 1-ից: 

Եթե այս օրերին նոր անձնագիր ստանալ կամեցող յուրաքանչյուր քաղաքացի առանձին-առանձին դիմում է գրում ԱՎՎ պետին, որպեսզի ստանա հին նմուշի անձնագիր, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրա կարիքը չի լինի: 

Փոփոխությունը, ըստ Մնացական Բիչախչյանի, արվել է մի քանի պատճառներով, որոնցից, թերեւս, ամենակարեւորը արտացոլված է Սահմանադրական դատարանի որոշումներից մեկում: 

ՍԴ-ն Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննել է «Նույնականացման քարտերի մասին» օրենքի եւ «Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի որոշ հոդվածների անհամապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Հայցի էությունն այն է, որ կրոնական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ հրաժարվում են կենսաչափական անձնագիր կան նույնականացման քարտ ստանալ, իսկ օրենքը նման դեպքերի համար ոչինչ չի սահմանում:

Սահմանադրական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման համաձայն՝ նշված հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը: Սակայն դատարանը նաեւ նշել է, որ կա իրավակարգավորման հարց, որին պետք է ուշադրություն դարձնեն Ազգային ժողովը եւ կառավարությունը: 

Եվ ահա գոնե մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանա կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալ, 1000 դրամ պետտուրք վճարելով՝ կստանան հին նմուշի անձնագիր:

Մեկնաբանություններ (3)

Նարեկ
Իսկ եթե հին անձնագրի տասնամյա ժամկետը լրանում է, արդյոք նույն հին անձնագիրը հիմա հինգ տարով չեն երկարացնում ? Բայց, հին անձնագիրը հինգ տարով երկարացրածները Շենգենի երկրների վիզաների համար չի ընդունվում: Արդյոք դա նշանակում է, որ պետք է վերցնել հին մոդելի նոր անձնագիր ?
vardan
եթե ունենք նույնականացման քարտ,կարող ենք դիմել ու ստանալ հին նմուշի անձնագիր 1000 դրամով
ՀՀ Քաղաքացի
իսկ հին նմուշի անձնագրի դեպքում էլի 25000 պիտի վճարենք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter