HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անվտանգության վակուումը կարող է ավելի մեծ բռնությամբ լցվել ամռանը». Թոմաս դե Վաալ

«Հետքի» հարցերին պատասխանում է «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող, փորձագետ Թոմաս դե Վաալը:

-Պարոն դե Վաալ, Հայաստանում տեսակետ կա, որ Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիան իրավիճակ է փոխել տարածաշրջանում: Համամի՞տ եք այդ կարծիքին: Ի՞նչ փոփոխություններ են կատարվում Հարավային Կովկասում:

-Կարծում եմ՝ Հարավային Կովկասը թևակոխել է վտանգավոր շրջան, որտեղ պատերազմի հավանակությունը զգալիորեն աճել է: Շփման գիծը չափազանց ռազմականացված է և մեխանիզմները, որոնք ստեղծվեցին 1990-ական թթ. խաղաղություն ապահովելու համար, բավականաչափ ուժեղ չեն:

-Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին նախագահներ Սարգսյանը, Ալիևն ու Պուտինը: Այդ հանդիպումից հետո միակ բանը, որ հայտարարվեց այն էր, որ միջազգային դիտորդների թիվը կավելացվի: Եվ բառ անգամ չկար հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմներ ստեղծելու մասին, որն առաջին պլան էր մղվել Երևանի կողմից: Ի՞նչ եք կարծում՝ այդ հանդիպումն արդյունավե՞տ էր՝ հաշվի առնելով այդ փաստը:

-Պետերբուրգյան հանդիպումը հիասթափություն էր նրանում, որ փոքր առաջընթաց կար մայիսի 16-ին Վիեննայում համանախագահների հետ հանդիպմանը: Այնտեղ (Սանկտ Պետերբուրգում- հեղ.) չկար որևէ հիշատակում Վիեննայում խոստացված երկու էական միջոցների մասին: Դրանք էին՝ համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման հանձնառությունը և հրադադարի խախտումների հետաքննական մեխանիզմների ստեղծումը: Սա մեծացնում է այն մտահոգությունը, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ առաջացած անվտանգության վակուումը կարող է ավելի մեծ բռնությամբ լցվել ամռանը:

-Հավատո՞ւմ եք, որ կոնֆլիկտը կարող է լուծվել բանակցություններով: Եվ որքա՞ն հեռու են կողմերը շրջանակային համաձայնագրից:

-Ես լավատես չեմ հաջող բանակցային կարգավորման հնարավորությունների վերաբերյալ: Այդուհանդերձ, այլընտրանք չեմ տեսնում: Նույնիսկ եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ինչը կհանգեցնի սարսափելի մարդկային տառապանքների, միեւնույնն է՝ հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժետություն կլինի, երբ թնդանոթները նորից լռեն:

Շրջանակային համաձայնագիրը քաղաքական կարգավորման հիմքն է, սակայն փոքր է հավատը, որ այն կարող է հաջողություն բերել: Սա է հիմնական պատճառը, որ այժմ խոսում են փուլային ծրագրի մասին, որի պարագայում ամենադժվար խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, կարող է հետաձգվել:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter