
Միհրան Պողոսյանը օֆշորներից դուրս գալու փորձեր է անում. ո՞վ է «Քեթրին գրուպ»-ի նոր բաժնետերը
Նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը օֆշորներից դուրս գալու փորձեր է անում: Պանամայում գրանցված նրա ընկերությունները Հայաստանում ունեցած իրենց բաժնեմասը փոխանցել են այլ անձանց:
Հիշեցնենք` Պանամայում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում էին Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն էր իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատումը ԴԱՀԿԾ-ի վարույթի շրջանակներում, ինչպես նաև անշարժ ու շարժական գույքի գնահատում էր իրականացնում ԴԱՀԿ-ի այլ վարույթների շրջանակներում:
Հունիսի 6-ին պանամյան նշված ընկերություններն իրենց բաժնեմասը փոխանցել են 26-ամյա Գոռ Արթուրի Տոնոյանին: Գոռ Տոնոյանը նաև ընկերության տնօրեն է դարձել:
Վերակազմավորումներ են եղել նաև «Քեթին գրուպ»-ում: «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունը ևս նոր բաժնետեր ունի: Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հունիսի 2-ին Պանամայում գրանցված «Սենդոլինե կորպ. » ընկերությունն իր բաժնեմասը փոխանցել է Անտոնիո Ռիկարդո Մերինոին: Այժմ վերջինս ընկերության միանձնյա բաժնետերն է, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք` այս ընկերության հիմնադիրը ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանն էր, ով «Հետքի»` Պանամայում նրա ունեցած ընկերություննների և դրանց գործունեության վերաբերյալ հրապարակումից հետո հրաժարական տվեց:
Անտոնի Ռիկարդո Մերինոն պատահական անձ չէ: Նա Միհրան Պողոսյանի մտերիմներից է, ով ղեկավարել է «Ֆրեշ» ՍՊԸ-ն: «Ֆրեշ» ՍՊԸ-ի բաժնետերը Միհրան Պողոսյանին պատկանող պանամյան «Բանջիո ինվեստ» ԲԸ-ն է: «Ֆրեշ» ՍՊԸ-ն շահագործում էր «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը: Այժմ «Ֆրեշ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցից գործում է միայն Կոմիտաս 1 հասցեի մասնաճյուղը, որը շահագործում է «Քեթրին գրուպ»-ը:
Որոշակի փոփոխություններ եղել են նաև Միհրան Պողոսյանի հետ առնչություն ունեցող այլ ընկերոթյուններում:
Թե ինչու է բաժնետերերի այսպիսի փոփոխություններ կատարվել, դեռևս հայտնի չէ: Սակայն ակնհայտ է, որ Միհրան Պողոսյանը օֆշորներից ձերբազատվելու փորձեր է անում, և իր ընկերությունները մտերիմ անձանց անուններով ձևակերպում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել