HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Sinnerman». Սոուլի քրմուհու անգերազանցելին

Նաիրա Հայրապետյան

“ Oh sinner man, where you gonna run to”… այս տողերը հնչել են և դեռ շարունակում են հնչել բազմաթիվ կատարողների շուրթերից՝ հայտնի, թե անհայտ, հաջողակ, թե մոռացված, և, իրենց գործում, երգի հերոսի պես մեղավոր, թե անմեղ: Բազմաթիվ ֆիլմերի, ներկայացումների, արվեստի և նրա հետ բոլորովին կապ չունեցող կոմերցիոն ամենատարբեր նախագծերի մեջ ընգրկվել և գործածվել է այս տողերով սկսվող երգը, որը մեկ բառով կոչվում է «Sinnerman»:

20-րդ դարասկզբին ստեղծված աֆրոամերիկյան ավանդական այս սպիրիչուելը «Ահեղ դատաստանից» փախչող մեղավորի մասին է, ով փրկության ակնկալիքով, փորձելով փախչել դեպի բոլոր հնարավոր թաքստոցները, ի վերջո, ապավինում է Աստծուն: Վերջինս էլ, ինչպես «խոստացված է» մարդկությանը, ուղղորդում է նրան այնտեղ, որտեղից փախչում էր՝ սատանայի մոտ:

Երգի պահպանված ամենահին ձայնագրությունները կատարվել են 1950-ական թվականներին՝ «Sinner man» վերնագրով: Դրանք ժանրային բազմազան մեկնաբանությունների մեջ էին՝ ջազ, գոսպել, ֆոլկ, ռեգգի, փոփ, հարդ ռոք և այլն: Հայտնի և անհայտ կատարողների մի ողջ խումբ այս ընթացքում անդրադարձավ երգին՝ հայտնի ու սիրված դարձնելով տարբեր լսարաններում, հոգևոր դաշտից տեղափոխելով ժամանակակից երաժշտության ամենատարբեր դրսևորումների մեջ: Սակայն ոչ մեկին չհաջողվեց հաղորդել նրան այն փայլն ու ազդելու ուժգնությունը, ինչպես դա արեց անփոխարինելի Նինա Սիմոնը՝ 1965թվականին: Հենց նրա տարբերակում էլ երգն արդեն միավորել էր մարդ-մեղավորին՝ ձուլելով դրանց որպես մեկ իրականության, չառանձնացվող բնորոշմամբ ու նրա մեջ ապրող այդ հավերժական հատկանիշի և անվանելով մեկ բառով՝ «Sinnerman»:

«Sinner Man» խորագրով ձայնագրության ամենահայտնի տարբերակը պատկանում է «Les Baxter Orchestra»-ին: Այն լույս տեսավ 1956 թվականին՝ սինգլներից մեկի հակառակ երեսին: 50-ականներին շատ հայտնի ամերիկացի դաշնակահար և կոմպոզիտոր Լես Բաքսթերը, երգը մշակելիս, համագործակցեց ֆոլկ ժանրի երգիչ Ուիլ Հոլթի հետ: Վերջինս ոչ միայն հանդես եկավ որպես երգի համահեղինակ, այլև՝ առաջատար վոկալ կատարող: Սակայն հայտնի է, որ երգը փոքր-ինչ այլ տարբերակով՝ մեկ-երկու բառի, նախադասության փոփոխությամբ, ձայնագրվել էր 1954թ., ավանդական գոսպելի ժանրում հանդես եկող «The Sensational Nightingales» խմբի կատարմամբ և  թողարկվել մեկ տարի անց: Այս կատարումն իր հերթին, չնայած նոր հեղինակների, ներշնչվել էր մեկ ուրիշից, որը իբր ձայնագրվել էր դեռևս 1928թ.՝ «Old South Quartette» անվամբ ճանաչված սպիտակամորթ առաջնորդով սևամորթերի մի հին ու հայտնի քառյակի կատարմամբ: Պարզապես 20-ականներին այս երգը մեկ այլ անուն ուներ՝ «No Hiding Place Down Here»: Համենայն դեպս, երկուսն էլ, իրենց աննշան փոփոխություններով, բայց տարբեր համահեղինակներով գրեթե նույնն էին, ինչ «Old South Quartette»-ից տեղ հասած «No Hiding Place Down Here» անվանումով և ճիշտ «Sinner man»-ի բովանդակությամբ սպիրիչուելը:

Երգի՝ այս տարիների ամենահետաքրքիր մեկնաբանություններից էր ամերիկյան «The Weavers» ֆոլկ քառյակի քավըրը: Այն թողարկվեց 1959թ. և հետագայում ընդգրկվեց խմբի «Gospel» և «Reunion at Carnegie Hall Part 2» ալբոմ-հավաքածուներում: Սակայն մինչ այս կատարումն, իհարկե, ձայնագրվել են մի քանի տարբեր մեկնաբանություններ ևս, որոնց մեջ առավել հաճախ հիշատակվում են շվեդական ծագմամբ ամերիկացի ֆոլկ երգիչ Ուիլյամ Քլոզընի և նույն ժանրում հայտնի Գայ Քերըվընի կատարումները (1956 և 1958թթ.): Վերջինս, ի դեպ, «Songs with Guy Carawan» հավաքածուի առիթով նշել է, որ «Sinner man»-երգն ինքը առաջին անգամ լսել է ամերիկյան ֆոլկի ամենավառ և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկից՝ Բոբ Գիբսընից:

«Sinnerman»-ը Նինա Սիմոնի ամենահայտնի կատարումներից մեկն է: Նա երգին ծանոթ էր դեռևս մանկության տարիներից: Այն եկեղեցում, որտեղ մայրն էր ծառայում, աղջիկը դաշնամուրի նվագակցությամբ հաճախ էր կատարում այս երգը, հատկապես՝ մեղավոր հավատացյալների խոստովանությունների ժամանակ: Սիմոնի մեկնաբանությունը առանձնահատուկ է նաև գործիքավորման տեսանկյունից: «Sinnerman»-ն ընդգրկվեց երգչուհու՝ 1965թ. թողարկված «Pastel Blues» ալբոմի կազմում: 10 րոպեից ավել տևողությամբ այս կատարումն ընդգրկում է վոկալի և գործիքավորման տարբեր զարգացումներ, հզոր ալիքների զարկ և անակնկալ տեղատվություն հիշեցնող զգացումներով՝ լի տագնապի ու անսպասելիի անորոշությամբ, ապշեցնող, երգի հնչյունին գամող լարվածությամբ: Ասես վերջին ճիգերով բռնվում ես այդ հնչյունից՝ անկանխատեսելի հետոն բացահայտելու ու հաղթահարելու. ճիշտ երգի հերոսի նման: Այդպես տագնապով նա էր փախչում՝ փրկության հույսը հոգում, բայց ամենուր բախվում էր դատաստան-անխուսափելիությանը: Սիմոնի հերոսը այս պատմության մեջ, դրամատիկ հերոս է:

«Sinnerman»-ը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն ունկնդիրների մոտ. բազմաթիվ երաժիշտներ և արվեստի այլ բնագավառի ներկայացուցիչներ են ազդվել, ներշնչվել Սիմոնի կատարումից: Այն օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում և ներկայացումներում, և երգի հետագա մեկնաբանությունների մեծ մասն արդեն հիմնված էր հենց այս կատարման վրա:

60-ականներից, «Sinner man»-ը սկսեց հնչել նաև ռեգգի ժանրում, Նինա Սիմոնի շռնդալից մեկնաբանությունից հետո, «The Wailers» խմբի հանրահայտ տարբերակը թերևս ամենասիրվածներից մեկն է համարվում: Այն ձայնագրվեց Յամայկայում, 1966թ., Փիթեր Տոշի մասնակցությամբ:  Տոշը հետագայում ներկայացրեց նաև երգի իր մեկնաբանությունը, որը սինգլով լույս տեսավ 1971թ. «Oppressor Man» անվամբ: Այս յուրահատուկ երաժշտական «գունապնակում» հայտնվել են նաև կանադացի հանրահայտ ֆոլկ-ռոք երգիչ Գորդոն Լայթֆուդը, իռլանդացի Շինեիդ Օ’ Քոնըրը, ճապոնական, ավստրալիական, բրազիլիական և այլ մայրցամաքների պատկանող աստղային հին ու նոր անուններ:

Մինչդեռ Նինա Սիմոնի «Sinnerman»-ը մինչ օրս անգերազանցելի է:

Հեղինակավոր «The Guardian» պարբերականը  «Sinnerman»- ը բնորոշել է որպես երգչուհու ամենանշանավոր երգերից մեկը: «Ունկնդրելով 11 րոպեների մեջ խտացրած  հոգեցունց ռիթմերը, հուզումնառատ զգացումների հեղեղը, ներշնչվելով նրա ինքնաբուխ կատարմամբ՝ դժվար չէ հասկանալ, թե ինչպես է նա վաստակել «Սոուլի մեծագույն քրմուհին» տիտղոսը»,- գրում է «The Guardian»-ը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter