HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակակից արվեստի էքսպո՝ «Սովետի» կնիքը կրող «Երազ» գործարանում

Մանե Գևորգյան

«Երազ» գործարան հասնելիս ճանապարհին տեսա մի կապույտ ավտոֆուրգոն, որը նոր մեքենաների կողքին թվում էր արվեստի գործ՝ պարզապես առանց շրջանակի։
Շրջանակներ չկային նաև «Երազ» գործարանում, որտեղ փոշոտ, երկաթապատ, ապակեկոտրված միջավայրում «Yerevan Art Expo 2016»-ի հետքերն էին։

Ժամանակակից արվեստ եզրը սովորաբար ասոցացվում է արվեստի հետ, որի դեպքում անցյալի «սովորությունները» մի կողմ են դրվում ու հայտնվում են նորարարություններն ու «փորձարարությունները»։ Գուցե հնարավոր է ազատվել անցյալի սովորություններից, բայց պատմությունից՝ մի քիչ ավելի դժվար։ «Սովետ»-ի կնիքը կրող «Երազ» գործարանում  երաժշտության ու բեմադրությունների ցուցահանդես էր, ներկայացված էին  քանդակագործների, նկարիչների, խեցեգործների աշխատանքներ՝ տարբեր ինստալացիաների ու համադրությունների տեսքով։

Գաղափարի հեղինակը՝ արվեստագետ Նարինե Իսաջանյանն արդեն 18 տարի է` ապրում է Լոս Անջելեսում, բայց ամեն տարի վերադառնում է հայրենիք նոր ցուցադրություններ, աշխատանքներ ներկայացնելու, հարազատ քաղաքի փողոցներով քայլելու և հայերեն խոսելու համար։

2015 թ. ամռանը մորաքրոջ տղայի՝ «Երազ» գործարանի ճարտարապետներից Արա Կարապետյանի հետ որոշել են, որ այդ տարածքը ափսոս է ու պետք է ճիշտ օգտագործել, արվեստագետների համար դարձնել  մի վայր, որտեղ կարող են ստեղծագործել ու ինքնաարտահայտվել։

Այսօր այդ գաղափարը դարձավ իրականություն՝ արտահայտման ամենայուրահատուկ ու տարբեր միջոցներով. բեմադրություններ, էքսպերիմենտալ երաժշտություն, առաստաղից կախված նկարներ, ինստոլացիաներ փոշու ու ջրի մեջ։

Նարինե Իսաջանյանը նշում է. «Ցուցադրությունների համար Եվրոպայում շատ են օգտագործում նմանատիպ տարածքներ։ Օրինակ՝ Գերմանիայում շատ են արվեստագետները, որոնք ստեղծագործում են լքված տարածքներում, պատկանում այդ տարածքին հենց այդ ժամանակի մեջ։ Ուրախ եմ, որ հետ չկանգնեցի իմ այս մտքից։ Հաջողված սկիզբ եմ համարում։ Շատ արագ կազմակերպեցինք, նույնսիկ մինչև վերջին պահը հստակ չգիտեինք՝ ով ինչ է անելու, բայց, ինչպես տեսնում եք, հիմա բոլորը համախմբված իրենց գործին են։ Հույս ունեմ՝ սա շարունակական կդառնա ու Հայաստանը կվերածվի արվեստի կենտրոնի բոլորի համար»։

Մինչ մենք զրուցում ենք, սկսվում է հերթական բեմադրությունը՝ լողազգեստով երիտասարդներ, փոքրիկ լողավազան ու «կուկուռուզ» վաճառող աղջնակ. գաղափարն այնքան նյութական չէ, որքան մեզ հաճախ թվում է։  

Նախագիծը տարածողներից մեկն էր նաև Գեղագիտության ազգային կենտրոնի խեցեգործության բաժինը ներկայացնող մանկավարժ, Նկարիչների միության անդամ Վահագն Բաղդասարյանը, որն իր աշակերտների հետ միասին ներկայացնում էր ժամանակակից արվեստի մեջ իրենց ինքնաարտահայտման ձևերը, որի ժամանակ չեն տեսնում նյութի, ծավալի, մոտեցման ոչ մի սահմանափակում։

«Հիանալի տարածք է, որը ժամանակի ընթացքում արդեն ձեռք է բերել այն մաշվածությունն ու կուլտուրան, որ այսօր մատուցի նման ժամանակակից արվեստ։ Ընտրել ու ներկայացնում ենք աշխատանքներ, որոնք հարիր ու համահունչ են տարածքին։ Որպես տարածք՝ սա ինձ համար էլ էր նոր կտավ, ու ես ընդունում եմ այդ կտավը։ Այս տարածքում հիսունից ավելի տարիներ մարդիկ աշխատել ու հիշողություններ են տարել։ Այսօրվա ցուցահանդեսի ներկաները նույնպես լավ պահեր են տանելու իրենց հետ, որովհետև գուցե հիմա գործարանը արտասովոր, ոչ հասարակ տարածք է թվում, բայց ժամանակին այն մարդկանց կենցաղն է եղել, ամեն օրը։ Կարևոր է, որ արվեստագետը հասկանա՝ ինչ պատմություն է կրում, ինչ է ստեղծում ու ինչ է տալու նոր սերնդին»։

Նոր սերնդի ներկայացուցիչներն էլ ուրախ էին, որ նման միաջավայրում իրենց գործերը ներկայացնելու հնարավորություն ունեին։ Նրանցից շատերի խոսքերով միջավայրը մոտիվացնող է, մուսայաշատ ու տարբերվող։

 Մի քիչ շփոթված (դեռ փորձում եմ միջավայրին հարմարվել) շարունակում եմ քայլել «ցուցասրահում» ու խառնվել աջուձախյան ու վերևներքևյան ցուցադրությանը. իրական արվեստի էքսպո, որի համար օգտագործել էին միջավայրում հնարավոր գրեթե բոլոր «տարածքները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter