HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան ուղարկվող փողը մեկ տարում 42,5%-ով պակասել է

Այս տարվա մայիսին բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտները կազմել են մոտ 109,5 մլն դոլար։ Նույն ամսում Հայաստանից դեպի արտերկիր փոխանցվել է մոտ 67 մլն դոլար։ Արդյունքում զուտ ներհոսքը կազմել է մոտ 42 մլն դոլար։

Ինչպես տեղեղկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի տվյալներից, ապրիլի համեմատ զուտ ներհոսքը 8,6%-ով աճել է։ Սակայն տարեկան համեմատեությամբ (2015թ. մայիսի համեմատ) կտրուկ նվազում է արձանագրվել՝ 42,5%: Ի հակառակ երկրում մնացած փողի՝ զուտ տրանսֆերտների, դուրս եկած փողը՝ տրանսֆերտների արտահոսքն, աճել է։ Այսպես, ապրիլի համեմատ այն աճել է  2,6%-ով, իսկ 2015-ի մայիսի համեմատ՝ 14,6%-ով։ Ինչպես ավելի վաղ գրել ենք , ներհոսքի նվազումն և արտահոսքի նկատելի աճը սկսվել է 2014-ի տարեվերջից, երբ նավթի համաշխարհային գների նվազման հետևանքով ռուսական ռուբլու դիրքերն ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացան։

Պատճառն այն  է, որ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։ Այս տարվա մայիսի տվյալներով՝ Հայաստան ուղարկված տրանսֆերտների զուտ ներհոսքի 80%-ը (33,7 մլն դրամ) Ռուսաստանից է, 20%-ը (8,5 մլն դոլար) ՝ ԱՄՆ-ից։

Զուտ ներհոսքը հավասար է ներհոսքի և արտահոսքի տարբերությանը: Տվյալները՝ ՀՀ ԿԲ:

Մայիսի վիճակագրության մեջ ուշագրավ է այն, որ ապրիլի համեմատ տրանսֆերտների զուտ ներհոսքն աճել է, ոչ թե Ռուսաստանից ուղարկված փողի հաշվին, այլ ԱՄՆ-ից։ ՌԴ-ից ուղարկված տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը մայիսին, ապրիլի համեմատ, աճել է 8,2%- ով։ Սակայն արտահոսքի աճն ավելի մեծ է եղել՝ 26%։ Արդյունքում զուտ ներհոսքը Ռուսաստանից  նվազել է 5,3%-ով։ ԱՄՆ-ից կատարված տրանսֆերտների զուտ ներհոսքն էլ աճել է մոտ 25%-ով։ Իսկ արտահոսքը դեպի Ռուսաստան 2015թ. մայիսի համեմատ աճել է 72,3 %-ով։

Ինչ վերաբերում է տրանսֆերտների դրամով արտահայտված մեծությանն, ապա մայիսին ՀՀ դրամով ներհոսքը կազմել է մոտ 53,4 մլրդ դրամ, արտահոսքը՝ 32,3 մլրդ դրամ, զուտ ներհոսքը՝ 20,1 մլրդ դրամ։ Տարեկան համեմատությամբ՝ դրամով արտահայտված զուտ ներհոսքը կրճատվել է մոտ 43%-ով, իսկ արտահոսքն՝ աճել 14,2%-ով։

Հիշեցնենք, որ  առավել կարևորվում է տրանսֆերտների զուտ ներհոսքի ցուցանիշը։ Դա այն գումարն է, որը փաստորեն մնում է երկրում։ Ու քանի որ շատ ընտանիքներ ապում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի աշխատանքի մեկնած հարազատների ուղարկած փողերով, այդ գումարները էապես ազդում են այդ ընտանիքների գոնղունակության, հետևաբար նաև՝ երկրի ներքին առևտրաշրջանառության ծավալի վրա։ 2015 պաշտոնական վիճակագրությունը ցույց տվեց, որ տրանսֆերտների անկմանը զուգահեռ անկում է ապրել դրանց հույսին ապրող ընտանիքների գնուղունակությունն ու  երկրի ներքին առևտրաշրջանառությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter