Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Երասխահուն գյուղի վերամբարձ կռունկն ու արագիլները դարձել են «հուշարձան»



Մարգարա գյուղի ուղղությամբ՝ հայ-թուրքական սահման տանող ճանապարհով երթևեկելիս աջ կողմում գրեթե բոլորն են նկատել լքված շինարարական վերամբարձ կռունկն ու դրա վրա հյուսված արագիլների մոտ մեկ տասնյակի հասնող բները: Երասխահունցիները կատակով նշում են, որ կռունկն ու դրա վրա «տնավորված» արագիլներն իրենց համար հուշարձան են դարձել, չկառուցված մշակույթի տան հուշարձանը:

1985թ. գյուղում սկսվել է  մոտ 400 տեղանոց մշակույթի տան կառուցման աշխատանքները, սակայն Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շինարարությունը կանգ է առել: Կռունը մինչ օրս իր տեղում է, բայց ոչ շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով: Արագիլները գրավել են ոչ միայն կռունկը, այլև մշակույթի տան կիսակառույց շենքի պատերը: Դրանից հետո պետք է կառուցվեր նաև մանկապարտեզ, սակայն մինչ օրս ոչ մշակույթի տուն ունեն, ոչ մանկապարտեզ:

Երասխահունի համայնքապետ Արմեն Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 2004-2005թթ. նախահաշիվ են արել և պարզել, որ մանկապարտեզի կառուցումը կարժենա 150 հազար, իսկ մշակույթի տունն ավարտին հասցնելու համար՝ 1 մլն 200 հազար դոլարին համարժեք դրամ: Այժմ դպրոցին կից գործում է նախակրթարան: Համայնքապետարանը գումարներ է հատկացնում նախակրթարանի գործունեությունն ապահովելու նպատակով:

2300 բնակիչ ունեցող Երասխահուն գյուղի բյուջեն կազմում է 44 մլն 556 հազար դրամ, որից 33 միլիոն դրամից ավելին պետության կողմից տրամադրվող դոտացիան է:

Համայնքապետի խոսքերով, նախկինում գյուղը խմելաջուր չի ունեցել: Անցկացրել են նոր ցանց և այժմ գյուղն ունի մշտական ջրամատակարարում: Արդեն երրորդ տարին է խմելաջրի համար գումար են գանձում, ինչը լրացուցիչ եկամուտ է գյուղի համար: Ջրի ցանց կառուցելու համար 20 մլն դրամի չափով ներդրում է ունեցել համայնքը, իսկ 75 միլիոնը հատկացրել է կառավարությունը: Համայնքը այդ գումարը ներդրել է հողերի օտարումից ստացված եկամուտներից: Արմեն Ավետիսյանն ասում է, որ այժմ հող գնողներ չկան, հողի նկատմամբ հետաքրքրությունը կորել է, հետևաբար այդ աղբյուրից չեն կարողանում լրացուցիչ եկամուտ ունենալ:

Հարցին, թե բյուջեի միջոցներով ինչ հարցեր են կարողանում լուծել, համայնքապետը նշեց, որ դրա մեծ մասը աշխատավարձերի վճարմանն է բաժին ընկնում: Մնացածով հազիվ կարողանում են ճանապարհները հարթեցնել, աղբահանություն և ջրամատակարարում իրականացնել և այլն: Լուրջ ներդրումների համար բյուջեի միջոցները շատ սուղ են:

Նշենք, որ «Հետքն» օրեր առաջ անդրադարձել է Երասխահունի բյուջեից հատկացվող «սոցիալական» օգնություններին: Երասխահուն գյուղի ավագանին բյուջեով սոցիալական օգնությունների համար, որպես այդպիսին, քիչ գումար է հատկացրել: Փոխարենը տարեց տարի ավելացնում են «բարձրագույն կրթություն» տողով նախատեսված գումարները, որը ևս սոցիալական օգնություն է, սակայն միայն պետական բուհերում սովորող ուսանողների համար: «Բարձրագույն կրություն» տողի գումարները հիմնականում ծախսվում են համայնքապետի, նրա ազգականների, ավագանու անդամների ու գյուղի մանկավարժների ուսանող երեխաների ուսման վարձերի 50%-ը վճարելու համար: Քանի որ նպաստառու և կարիքավոր ընտանիքները, թեկուզ 50% ծախսերով, ուսանող պահելու հնարավորություն չունեն, արտոնությունից օգտվում են քիչ թե շատ ապահովածները:

Անդրադառնալով բյուջեի ծախսային մասին համայնքապետը նշեց, որ հնարավորությունների չափով աշխատանքներ տարվում են, սակայն միջոցները բավարար չեն:

«Ճանապարհները պարտադիր ավազապատում ենք: Տնտեսում ենք ինչքան հնարավոր է ու տնտեսածից էլ առաջնահերթ գործերն ենք անում: Ծախսերն անում ենք այնպես, որ գյուղացին զգա: Այսօր ինչքան գումար ունենայի կներդնեի ոռոգման ցանցի բարելավման վրա: 22 կիլոմետր ներտնտեսային ցանց հողային հունով է: Եվրասիական ծրագրով նախատեսել ենք կիսախողովակներ շարենք: Եթե ստացվի լավ կլինի: Մեկ ամիս հետո ոռոգման ջուրը խնդիր է լինելու: Գյուղացու համար ջուրն է կարևորը: Հողը տվել ենք, եթե ջուր չկա, էլ ինչի՞ է մնում իր հողի վրա»,-ասում է համայնքապետ Արմեն Ավետիսյանը:

Ամառվա ամիսներին, երբ մարզում 2-3 օրը մեկ ոռոգում են բանջարա-բոստանային կուլտուրաները, ռոգման ջրի պակաս համայնքների մեծ մասում է զգացվում: Գյուղացին գարնան ամիսնրին մշակում է հողը, ներդրումներ իրականացնում, իսկ երբ գալիս է բերքահավաքի ժամանակը, ջուր չլինելու պատճառով 3-4 օրում կորցնում են ամբողջ եկամուտը:

Երասխահունի համայնքապետ Արմեն Ավետիսյանն ասաց, որ իրենց գյուղի համար այսօր թիվ 1 հարցը ոռոգման ջուրն է: Համայնքն իր միջոցներով հնարավորություն չունի կարգավորել հարցը, լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, ինչն առանց կառավարության օգնության անհնար է իրականացնել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ