HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հեռուստաընկերությունից՝ կուսակցություն

Սովորաբար հակառակ երեւույթն է դիտվում, երբ կուսակցությունը՝ կայանալուց որոշ ժամանակ անց, իրեն սպասարկող լրատվամիջոց է ստեղծում: Գյումրիում գործող լրատվամիջոցներից ԳԱԼԱ հեռուստաընկերության պարագայում քաղաքական ասպարեզ մուտք գործելու ճանապարհին կուսակցության ստեղծումը լրատվամիջոցի ներկայացուցիչները համարում են անհրաժեշտություն, նոր գործիքակազմ, նպատակներին հասնելու եւս մեկ միջոց:

«Գաղափարակից լիբերալների ալյանս ԳԱԼԱ» կուսակցության նախակարապետները ԳԱԼԱ հեռուստաընկերության 6 աշխատակիցներ են՝ հիմնականում լրագրողներ: Խմբի անդամ, լրագրող Արմենուհի Վարդանյանն ասում է, որ կուսակցության ստեղծման միտքը ծագել է դեռ երկու տարի առաջ: «Երկար ճանապարհ ենք անցել մինչեւ կուսակցության մասին հայտարարելը, կարելի է ասել մի երկու տարի առաջ սկսված խմորումների արդյունքն է սա,-մեկնաբանում է Արմենուհին,- իրականում մեր ներսում էլ կային բախումներ, տարաձայնություններ, անհամաձայնություն, նաեւ՝ անվստահություն, թե արժե՞ արդյոք մտնել քաղաքական դաշտ, խաղալ այդ դաշտում, թե՞ ոչ»:

Զրուցակիցս նշում է, որ ամենաշատ տատանվողներից է եղել անձամբ ինքը: Մտածել է, որ լրագրողի աշխատանքն առավել արդյունավետ է եւ թերեւս քաղաքական դաշտում ինքը շատ անելիք չի ունենա: Պարզապես անցած երկու տարիների ընթացքում գաղափարը խմորվեց, հասունացավ բոլորի մեջ ու հիմա ճիշտ պահին իրենք հայտարարում են նոր կուսակցության ստեղծման մասին:

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Գաղափարակից լիբերալների ալյանս ԳԱԼԱ» կուսակցության հիմնադիր համագումարը: Մասնակցում էին 80 ներկայացուցիչ Գյումրիից, Երեւանից, Լոռու, Արմավիր եւ Գեղարքունիքի մարզերից: Կուսակցության տարածքային կազմակերպություններում ընդգրկված անդամերի թիվը 365 է: Համագումարի ժամանակ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Վահան Խաչատրյանը:

Նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանի փոխանցմամբ՝ իրենց կուսակցությունը բաց է բոլոր համակիրների ու գաղափարակիցների համար: Նորաստեղծ կուսակցությունը նախ մասնացելու է Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, իսկ հաջորդ քայլը խորհրդարանական ընտրություններն են:

«Խնդիրն այն է, որ տեղական եւ երկրի կառավարմանը մասնակցելու, արմատական փոփոխություններ անելու համար միայն որպես լրատվամիջոց հանդես գալը քիչ է՝ պետք էր նոր գործիքակազմ,-նշում է Արմենուհին,-դրա համար էլ ստեղծվեց կուսակցություն: Առաջին քայլը կլինի ուժեղ թիմով առաջիկա ավագանու ընտրություններին մասնակցելը: Փորձելու ենք ընտրություններին գնալ դաշինքի ձեւով, որովհետեւ հասկանում ենք, որ միայնակ ավելի թույլ կլինենք, եւ պետք չէ բաժանել դաշտը, եթե ընդդիմադիր քաղաք է ՝ուրեմն ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա համախմբվել, մի կողմ դնել ամբիցիաները, տարբեր տարակարծություներն ու հասկանալ, որ սա լոկալ առճակատում է»:

Այս ընացքում հանդիպումներ եւ քննարկումներ են եղել Ժառագություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի եւ Ժուռնալիստների «Ասապարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ: Թե ինչ ֆորմատով կմասնակցեն ընտրություններին եւ ով կգլխավորի ցուցակը՝ պարզ կդառնա միայն հանդիպում-քննարկումներից հետո:

Զրուցակիցս վստահ է, որ ընտրություններում հաջողելու են, քանի որ թիմում ընդգրկված են մարդիկ, ովքեր վարկաբեկված չեն եւ իշխանությունները չունեն որեւէ մեկի դեմ վարկաբեկող ինչ որ ինֆորմացիա: «Չկա որեւէ կոմպրոպատ, որ իշխանությունը ցանկացած ժամանակ կարողանա օգտագործի մեզանից որեւէ մեկի դեմ, փորձի վարկաբեկել: Ես հավատացած եմ, որ քաղաքական դաշտում նոր շտրիխ է լինելու մեր կուսակցությունը, նոր երանգ է մտցնելու էդ խամրած, վարկաբեկված, բովանդակությունից զրկված դաշտում»,-զրույցն ամփոփում է Արմենուհի Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter