Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի

Քառօրյա պատերազմի զոհերը․ «Մտա հիվանդանոց ու տեսա, որ վերջ արդեն»



Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Նվեր Սիմոնյանի հերթափոխի զինվորական կոշիկները դեռ պատշգամբի մահճակալի մոտ տիրոջն են սպասում։ Նվերի տատիկը՝ Սվետլանա Սիմոնյանը, պատմում է, որ թոռը սիրում էր պատշգամբի մահճակալին հանգստանալ աշխատանքից հետո։ Վերջին մի քանի տարիները Նվերը տատիկի հետ էր ապրում։ Վերջինս մենակ էր մնացել և առողջական խնդիրներ ուներ։

«Նվերի հետ շատ էինք կապված ծնված օրվանից։ Մայրը ծննդաբերելուց հետո ծանր վիճակում էր, բժիշկները հույս չէին տալիս, որ կապրի։ Ես եմ նրան խնամել, մինչև մայրը կազդուրվել է»,- պատմում է տիկին Սվետլանան։

Նվեր Սիմոնյանը Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում ապրող բազմազավակ ընտանիքից էր։ Երկու եղբայրներով մի քանի տարի է՝ պայմանագրային զինծառայողներ էին պաշտպանության բանակում։ Հայրը՝ Սարոն, երկրորդ կարգի հաշմանդամ է, ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է աչքը կորցրել։

Նվերը 6 զավակներից ավագն էր։ Նշանված էր, աշնանը պետք է ամուսնանար։ Տատիկը իր տունը թոռանն էր նվիրաբերել, որ ամուսնանալուց հետո նորապսակներն առանձին ապրեն։ Նվերն արդեն տան վերանորոգման աշխատանքներն էր սկսել։

Ապրիլի 1-ին Նվերը պետք է ճամբար գնար։ Վաղ առավոտյան զանգեց ու ասաց, որ տատը դուռը բացի, եկել է։

«Ես էլ ասացի, Նվեր, տատիկիդ դեռ խաբող չի եղել, երբ գաս, էն ժամանակ կկանչես, դուռը կբացեմ։ Հեռախոսի գծից այն կողմ լսեցի ընկերների ծիծաղն ու Նվերի ձայնը, որ ընկերների մոտ պարծենում էր, որ իր տատիկին ոչ մեկ չի կարող խաբել»,- հիշում է նա։

Այդ օրը կեսօրին Նվերը տուն եկավ։ Առավոտյան Ստեփանակերտում քննության էր։ Տիկին Սվետլանան հիշում է, որ թոռանը կատակով ասաց՝ ի՞նչ կլինի՝ էս անգամ նշանակետին մի խփի, որ էլ քեզ առաջ չտանեն։

Նվերն  էլ կատակով պատասխանեց․ «Տատի՛կ, մյուս անգամ քեզ եմ իմ հետ տանելու քննության, որ դու նշանակետին չկպնես»։

Երեկոյան Նվերը բոլոր բարեկամների հետ խոսաց ու պառկեց քնելու։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ սկսվեց հերատակոծությունը, Թաղասեռ գյուղում հստակ լսվում էին հրթիռակոծության ձայները։ Զրուցակիցս պատմում է, որ ձայներն ավելի ու ավելի էին ուժգնանում։

Առավոտյան ժամը 4-ին Նվերը վեր կացավ․ տագնապ էին տվել արդեն։ Հավաքվեց, զանգեց եղբորը՝ Ազատին, մեքենա կանչեցին ու մեկնեցին դիրքեր։

Ապրիլի 2-ին ամբողջ օրը տիկին Սվետլանան չէր կարողացել թոռների հետ կապվել։ Միայն երեկոյան Նվերը զանգեց ու ասաց, որ չանհանգստանա, ամեն ինչ հանգիստ է, ու որ ինքը մի քանի ժամից տուն է գալու։

Գյուղում արդեն բոլորը խոսում էին, որ դիրքերում պատերազմ է։ Ապրիլի 4-ի առավոտյան Նվերը վերջին անգամ խոսեց տատիկի հետ ու ասաց, որ ամեն ինչ լավ է, բայց երկար խոսել չի կարող, հեռախոսի մարտկոցը լիցքավորում չունի։

«Ասացի Նվեր, ո՞նց է ամեն ինչ լավ, եթե կրակոցների ձայները մինչև գյուղ հասնում է։ Նա էլ կատակով ասաց, որ տեսնես կրակոցները խանգարում են քնել, երեկոյան մի բաժակ թթի օղի կխմես, որ հանգիստ քնես»,- պատմում է տիկին Սվետլանան։

Միայն երեկոյան նա լուր ստացավ, թե իբր Նվերը վիրավորվել է, հոսպիտալում է և ուզում է իրեն տեսնել։ Տատը չհավատաց լսածներին՝ ասելով, որ մի քանի ժամ առաջ է խոսել Նվերի հետ։

Նվերը կրտսեր եղբոր՝ Ազատի հետ էր այդ օրը դիրքերում։ Նվերը եղբորը խնդրել է ինչ-որ բան բերել։ Ազատը հազիվ է հասցրել մի քանի մետր հեռանալ, երբ արկը պայթել է։ Պայթյունից բաձրացած փոշու մեջ Ազատը սկզբում չի կողմնորոշվել՝ ով որտեղ է։ Պայթյունի ալիքն ամեն մեկին մի կողմ է շպրտել։ Նվերը մահացու բեկորային վնասվածք է ստացել։ Եղբոր գրկում նա միայն հասցրել է ասել, որ իրեն վատ է զգում։

«Մտա հիվանդանոց ու տեսա, որ վերջ արդեն»,- հազիվ արտասանեց տիկին Սվետլանան ու լռեց։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ