HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ետընտրականից նախընտրական

Հայաստանում այսօր շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ Սահմանադրական դատարանը եւ նրա նախագահ Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական դատարանը մարտի 24-ին մերժեց փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումը:  Նա «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդն է եւ նախագահական ընտրություններում գրավել էր երրորդ տեղը: Այս մերժումով, սակայն, չավարտվեց Գ.Հարությունյանի անձի նկատմամբ հասարակական ուշադրությունը£ Սահմանդրական դատարան է դիմել նաեւ Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը մարտի 5-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

ՍԴ-ում Ստեփան Դեմիրճյանի լիազոր ներկայացուցիչ« ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ իրենց ներկայացրած դիմումն այնքան հիմնավոր է, որ դժվարանում է պատկերացնել, թե ՍԴ-ն ինչպես պետք է այն մերժի: ՙՄենք ՍԴ-ում պետք է փորձենք ապացուցել, որ ի սկզբանե պետական մակարդակով գործել է մի համակարգ, որը նպատակաուղղված է եղել անօրինական ընտրություններ անցկացնելուն»,- ասում է Վ.Դալլաքյանը:

Ս. Դեմիրճյանի թիմը պատրաստվում է դատարանին ներկայացնել ընտրություններից առաջ շրջանառության մեջ եղած, Քոչարյանի օգտին քվեարկված հազարավոր քվեաթերթիկներ: «Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որ ընտրատարածքային հանձնաժողովների անդամները կամ նախագահները դիմումներ են գրել հանձնաժողովի ընդդիմադիր անդամի փոխարեն, որ իբր վերջինս դուրս է գալիս հանձնաժողովից: Կամ անօրինական ձեւով կասեցրել են այդ անդամների լիազորությունները, եւ հանձնաժողովում մնացել են միայն Քոչարյանի կողմնակիցները: Հանձնաժողովները փակելուց մի քանի րոպե առաջ արդեն գործի են անցել ոստիկանները, որոնք տեղամասերից դուրս են արել ընդդիմության վստահված անձանց:

Կան տեղամասեր, որտեղ ընտրողների 90-98 տոկոս մասնակցություն է եղել, Քոչարյանը 90 տոկոս ձայն է ստացել: Երբ խրոնոմետրաժ ենք արել, պարզվել է, որ նման տեղերում մեկ ընտրողի քվեարկությունը տեւել է ընդամենը 17 վայրկյան: Այսպիսով` ստեղծվել է պետական մի համակարգ, որն ապահովել է անօրինական ընտրությունների անցկացումը»,- ասում է Վ. Դալլաքյանը: Նման բազմաթիվ փաստերի առկայությունը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը պարզապես չի կարող հաշվի չառնել: ՍԴ-ի անդամները, Վ.Դալլաքյանի կարծիքով, Հայաստանի պատմության մեջ մնալու հնարավորություն ունեն:

«Մեր փաստարկներն անխոցելի են, բայց այդ փաստերի որակումը պետք է տան Սահմանադրական դատարանի 9 անդամները: Եւ նրանցից 5-ի քվեարկությունը բավարար է, որ Հայաստանը գնա ժողովրդավարության ճանապարհով»- մարտի 27-ին ասել է Վ. Դալլաքյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում:

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանն ավելի հոռետես է. «Մեկ ամիս առաջ խոսելով Արտաշես Գեղամյանի հայցի ճակատագրի մասին` հայտարարել էի, որ այն մերժվելու է: Այս դեպքում եւս համոզված եմ, որ Ստեփան Դեմիրճյանի հայցը մերժվելու է, չնայած շատ հիմնավոր ապացույցներ կան ընտրությունները չեղյալ հայտարարելու համար: Ուղղակի Հայաստանի պատմության մեջ չկա մի դեպք, երբ ՍԴ-ն գործադիր իշխանության դեմ վճիռ կայացնի»:

Նախագահի մեկ այլ թեկնածու, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը մարտի 28-ին Երեւանում ընդդիմության հանրահավաքում ժողովրդին խնդրեց չհուսալքվել եւ հավատալ, որ Սահմանադրական դատարանն ուժ «կգտնի օրինական եւ արդար վճիռ կայացնելու»: Նախագահի թեկնածու, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը 1996 թվականին մասնակցել էր նախագահական ընտրություններին եւ դրանց արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել Սահմանադրական դատարան, ասաց. «1996 թ. որեւէ հույս չունենալով` ես դիմեցի ՍԴ եւ պարտադիր էի համարում, որ այս անգամ նույնպես դիմեն: Ընդ որում` այս անգամ ավելի շատ հույս կարելի է ունենալ, որ ՍԴ-ն որեւէ դրական որոշում կկայացնի, որովհետեւ կա եվրոպական հասարակական կարծիք, որի հետ ՍԴ-ն պետք է հաշվի նստի: ՍԴ-ն հիմա այնքան էլ իշխանությունների կցորդը չէ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ: Ես չեմ պնդում, որ ՍԴ-ն վճիռ կկայացնի հօգուտ դիմողի, բայց դրա հավանականությունը զրո չէ»,- ավելացրել է Վ.Մանուկյանը:

Հանրահավաքներ անցկացնող միավորված ընդդիմադիր ուժերը Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ հնարավոր են համարում Սահմանադրական դատարանի միջոցով ՀՀ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մոտ է ընդդիմության թեւերից մեկի հետ: Որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների համար հենց սա է նման համոզվածության հիմքը: Չնայած, հակառակ դրան, շատ քաղաքական գործիչներ համոզված են, որ Գ.Հարությունյանը նման քայլի երբեք չի գնա:

Կոմունիստական նոմենկլատուրայի այս ներկայացուցիչը շատ զգույշ է եւ իր քայլերը «յոթ անգամ չափում է, նոր անում»: Միաժամանակ նա նաեւ հասկանում է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չափազանց թույլ դիրքերը:

Չի բացառվում, որ ներքաղաքական իրադարձությունների կիզակետում կարող է հայտնվել այդ պաշտոնյան եւ այս փուլում որոշիչ դեր ունենալ: Ինչպես արդեն նշեցինք, Սահմանադրական դատարանը նման իրավիճակում հայտնվել է 1996-ի նախագահական ընտրություններիից հետո: Ուժային կառույցներն այն ժամանակ սատարեցին Լ.Տեր-Պետրոսյանին` նրան թույլ չտալով զիջել իշխանությունը: Դատարանը մերժեց նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը: Սակայն երկու տարի անց նման ձեւով իշխանության եկած Լ.Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ:

Շատ գործիչներ եւ քաղաքական մեկնաբաններ նրա հրաժարականը հիմնականում կապում են այդ ընտրությունների հետ: Նա լեգիտիմ չէր, ուստի իր շրջապատի պատանդն էր: Այսօր որոշ գործիչներ եւ մեկնաբաններ, զուգահեռներ տանելով այս երկու ընտրությունների միջեւ, համոզված ասում են, որ նման վախճան կունենա նաեւ Ռ.Քոչարյանի իշխանությունը:

Նա նույնպես պատանդ է ընտրախախտումներ կատարած իր շրջապատի ձեռքում: Իսկ երկրում ստեղծված ներքաղաքական վիճակը սկսում է նմանվել 1998-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին:

1998-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը` Հայաստանի ամենաազդեցիկ դեմքը« սատարելով Ռ.Քոչարյանին` խոչընդոտեց Կարեն Դեմիրճյանին դառնալ նախագահ: Սակայն կարճ ժամանակ անց նույն պաշտպանության նախարարը դաշինք կազմեց Կ.Դեմիրճյանի հետ եւ «վերցրեց» խորհրդարանի մեծամասնությունը: Շատերը գիտակցում էին, որ այդ երկու քաղաքական առաջնորդներն իշխանությունն օրինական ճանապարհով փորձում են վերցնել Ռոբերտ Քոչարյանից:

Եթե տեղի չունենար 1999թ. հոկտեմբերի 27-ը, երբ խորհրդարանում գնդակահարվեցին ԱԺ նախագահ Կ. Դեմիրճյանը եւ վարչապետ 2003-ին Վ.Սարգսյանը« ապա երկրի կառավարման ղեկը Ռ.Քոչարյանի ձեռքում չէր մնա:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն օժանդակեց Ռ.Քոչարյանին` լինելով նրա նախընտրական շտաբի պետը« եւ նրան դարձրեց նախագահ: Իսկ այժմ միացել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի «Հանրապետական» կուսակցությանը եւ փորձում է լուծել խորհրդարանում մեծամասնության հարցը: Բնականաբար, երկրի նախագահը դեմ է նման ռեւանշին եւ ամեն ինչ պետք է անի դրան խանգարելու համար:

Ինչքան էլ նախագահ Քոչարյանը եւ պաշտպանության նախարարը հայտարարեն, որ իրենց միջեւ հակասություններ չկան, միեւնույն է, արդեն հստակ է, որ այդ հակամարտությունն առկա է եւ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց խորանալու է: Այսօր Քոչարյանը ստիպված է դիմակայել մի քանի ճակատով: Այս տարիների ընթացքում նա այդպես էլ չկարողացավ ձեւավորել իր թիմը եւ հենարան քաղաքական ուժը:

Սերժ Սարգսյանի տանդեմը հանրապետականների հետ շատերին է մտորելու տեղիք տալիս: Միանշանակ քայլեր անելը շատ գործարարների, քաղաքական ուժերի համար պարզապես կործանարար կարող է լինել: Արդեն տասը տարի մշտապես ուժային կառույցներ ղեկավարած Սերժ Սարգսյանը շատ բան գիտի: Նա տիրապետում է հսկայական տեղեկատվության, որը ցանկացած պահի կարող է դուրս ՙսպրդել՚ նրա հովանավորությամբ լույս տեսնող թերթերում:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի ձերբակալության մասին Սերժ Սարգսյանն առայժմ լռում է: Նա կարծես փորձում է հեռու մնալ այս պատմությունից եւ իր անունը չկապել ձերբակալության հետ: Համենայնդեպս« դարձյալ դժվար է կռահել, թե մոտ ժամանակներս ինչ տեղի կունենա ներքաղաքական դաշտում:

«Հանրապետական» կուսակցությունը, որն իր բոլոր ռեսուրսները ներդրել էր ի նպաստ Քոչարյանի, այսօր տագնապի մեջ է: «Հանրապետական» վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համար արդեն հայտնի է, որ Քոչարյանի վարչապետը լինելու է դաշնակցությունը ներկայացնող Արտաշես Թումանյանը: Իսկ դաշնակցությունը լուրջ խնդիրներ ունի Ներքին գործերի եւ ազգային անվտագության նախկին նախարար Սերժ Սարգսյանի հետ: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հենց նրանց ջանքերով մի կողմ մղվեց Քոչարյանի շտաբը ղեկավարող պաշտպանության նախարարը: Նախագահական ընտրությունների ընթացքում Քոչարյանի ունեցած բոլոր ձախողումները հենց նրան են վերագրվում:

Մյուս կողմից` իր հեղինակությունը ինչ-որ չափով վերականգնելու համար Քոչարյանն այսօր կտրուկ քայլեր անելու ժամանակ չունի: Իսկ ժամանակը երբեք այնքան ի վնաս նրա չի աշխատել, որքան այսօր: Նրա շրջապատում ոմանք պնդում են նման քայլերի անհրաժեշտությունը:

Այդ քայլերից մասնավորապես նշվում է մի քանի նախարար պաշտոնանկ անելը, ովքեր իրենց աթոռներն օգտագործում են միայն սեփական բիզնեսը զարգացնելու համար եւ ժողովրդի համար կաշառակերության խորհրդանիշներ են: Հաջորդ քայլերից մեկը, որ Քոչարյանին համոզում են անել« տնտեսության առանձին ոլորտներում մենաշնորհ ունեցողներին դրանից զրկելն է:

Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բայց Քոչարյանին համոզում են նաեւ բացել «Ա1+» հեռուստաընկերությունը: Սակայն նման խորհուրդներ տվողները համոզված են, որ Քոչարյանն այդ քայլերը չի կարող անել: Նա իր շրջապատի պատանդն է եւ զորակցող թիմ չունի: Քոչարյանը երբեմն ստիպված է լինում զբաղվել ամեն ինչով եւ խոսել ամեն ինչի մասին:

Նրա Գլխավոր դատախազի մտքով նույնիսկ չի անցել, որ Տիգրան Նաղդալյանի սպանության «բացահայտման» մասին խոսելն իր մենաշնորհն ու պարտականությունն է: Այսօր Քոչարյանը նորից շրջանառության մեջ է դրել 40 հազար աշխատատեղ ստեղծելու պատմությունը, որը միայն քմծիծաղ է առաջացնում: Նախագահ Քոչարյանին մնացել է ընդամենը մի բան` կատարել նաեւ մամլո քարտուղարի պարտականությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter