HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

ԼՂ հարցում օղակը սեղմվում է. ինչու են միջնորդներն շտապում

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ փորձ է արվում ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակում առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Հանդիպման ժամկետները, սակայն, դեռևս հստակեցված չեն: Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսվում է օգոստոսին:

Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո` հունիսի 29-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է ԼՂ կարգավորման նոր բանակցությունների համար հարթակ տրամադրել: Փարիզից արված երկրորդ պաշտոնական առաջարկությունն էր, ինչը հիմք է տալիս ասելու, որ Վաշինգտոնի և Մոսկվայի համաձայնությամբ նախագահների հաջորդ հանդիպումը, թերևս, կկայանա օգոստոսին Փարիզում և կդառնա Վիեննայի, ապա նաև Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների տրամաբանական շարունակությունը:

Փարիզի այս նախաձեռնությունը հետապնդում է երկու նպատակ: Առաջինը հանդիպումների «մոդերատորի» էստաֆետը Ռուսաստանից վերցնելն է և թույլ չտալը, որ գործընթացը Մոսկվան տանի ՄԽ մեջ մտող մյուս երկրների համար անվերահսկելի և անկանխատեսելի հունով:

Նման կասկածներն առաջացան Վիեննայի հանդիպումից հետո, երբ Մոսկվան հանդես եկավ ոչ միայն սանկտպետերբուրգյան «սեպարատ» հանդիպման նախաձեռնությամբ, այլև բանակցությունների սեփական և Վիեննայից զգալիորեն տարբերվող օրակարգ առաջադրելով:

Երկրորդ՝ սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած համատեղ եռակողմ հայտարարության մեջ արվել էր ՄԽ մյուս համանախագահների համար մտահոգիչ երկու շեշտադրում: Նախ՝ այնտեղ, որպես Վիեննայի պայմանավորվածություն, նշվում էր միայն հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացումը՝ անտեսելով միջադեպերի արձանագրման տեխնիկական միջոցների տեղակայման հարցը:

Մինչդեռ Վիեննայի համաձայնությունների համատեքստում վերջինիս առանձահատուկ նշանակություն էր տրվում: Երկրորդ՝ հայտարարությունից հետևում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնություն են հայտնում եռակող ձևաչափով կանոնավոր հանդիպումներ անցկացնելու կապակցությամբ: Սակայն ոչ թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ներքո, այլ ընդամենը «ի լրումն» վերջինիս աշխատանքի: Սա ակնհայտ ակնարկ էր առ այն, որ Ռուսաստանըն ձգտում է ՄԽ եռանախագահության ձևաչափն ընդամենը վերածել իր կողմից կառավարվող բանակցային գործընթացի կցորդի: Եվ ահա Սանկտ-Պետերբուրգից անմիջապես հետո նոր հանդիպում նախաձեռնելով՝ Ֆրանսիան փորձում է ձախողել այդ ընթացքը և ստիպել Մոսկվային գործընթացը վերադարձնել ՄԽ համատեքստ:

Առաջին հայացքից թվում է, թե Փարիզի այս նախաձեռնությունը բխում է հատկապես հայկական կողմի շահերից, որովհետև կանխվում է Մոսկվայի միակողմանի ճնշումների ազդեցությամբ մեղմ ասած ոչ ցանկալի լուծումների գնալու հեռանկարը: Իրականում, սակայն, կարող է տեղի ունենալ լրիվ ուրիշ բան:  

Առաջին հերթին փաստացի օրակարգից հանվում են 1994 և 1995թթ. ստորագրված հրադադարի խախտման համար Բաքվի պատասխանատվության, այդ պայմանագրերով հաստատված ստատուս քվոն վերականգնելու և նոր պատերազմի վերսկսումը հնարավորինս կանխելու հարցերը: Վիեննայի հանդիպումից առաջ Երևանն այս ուղղությամբ երեք պահանջ-նախապայման ներկայացրեց՝ հասկանալի դարձնելով, որ առանց դրանց բավարարման, ԼՂ կարգավորման որևէ բովանդակային բանացկության մեջ չի մտնելու:

Վիեննայում հայկական դիվանագիտությանը կարծես թե հաջողվել էր ինչպես այդ նախապայմանների, այնպես էլ դրանց բավարարման մեխանիզմների շուրջ փոխըմբռնման հասնել միջազգային հանրության հետ:

Սակայն ընդամենը մեկ ամիս անց՝ առանց այդ պայմանների բավարարման գոնե տեսական երաշխիքներ ստանալու, Սանկտ-Պետերբուրգում մտնելով ԼՂ կարգավորման քննարկումների մեջ՝ Երևանը փաստացի չեզոքացրեց Վիեննայում ձեռք բերված այդ թվացյալ հաջողությունը: Երևանը հասկանալի դարձրեց, որ չունի բավարար կամք՝ իր իսկ առաջադրած նախապայմանների կատարմանը հասնելու համար, հետևաբար կարելի է հանգիստ շրջանցել, ապա նաև վերջնականապես օրակարգից հանել դրանք:

Վիեննայի անդիպումից հետո անցել է մեկուկես ամիս, սակայն անգամ այսպես կոչված համաձայնեցված՝ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մոնիթորինգային թիմի ընդլայնման ուղղությամբ ոչ մի էական քայլ չի արվել: Այսօր արդեն ոչ ոք չի խոսում միջադեպերի արձանգրման մեխանզիմների ներդրման մասին: Եթե Փարիզի հանդիպումը ևս կայանալու է այս պայմաններում, ապա որևէ կասկած չկա՝ այնտեղ քննարկման հիմնական առարկան լինելու է այսպես կոչված կազանյան սկզբունքներով հակամարտության կարգավորումը:

Նման պայմաններում Փարիզի նոր հանդիպման անցկացումը վերջակետ է դնելու Հայաստանի՝ ընդամենը մեկ ամիս տևած «նախապայմանային սկզբունքայնությանը»: Վաիշնգտոնին, Մոսկվային և Փարիզին ոչ թե պատերազմի կանխման մեխանզիմների ներդրումն է հետաքրքրում, այլ հակամարտության շուտափույթ կարգավորմանը հասնելը՝ անկախ նրանից՝ կողմերից որն է գնում զիջումների:

Այս փուլում բոլոր կողմերը փորձում են համոզել, որ ներկայումս շփման գծում պահպանվող հարաբերական անդորրը ոչ միայն հսկայական զոհողություն, զիջում է Բաքվի կողմից, այսպես կոչված՝ «խոշոր ներդրում» հակամարտության կարգավորման գործըթնացում, այլև բանակցությունների շարունակման ամենակարևոր երաշխիքը: Աստիճանաբար փորձ է արվում սեփական կամքով Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանումը մատուցել որպես հայկական կողմի առաջադրած «նախապայմանների» կատարում:

Գործում է մի պարզ տրամաբանություն. եթե Ադրբեջանը պրովոկացիաների չի դիմում, պահպանում է հրադադարը, ապա չկա լրացուցիչ միջոցառումների, մեխանիզմների տեղակայման օբյեկտիվ անհրաժեշտություն. հետևաբար բոլոր նախադրյալներն ապահովված են հայկական կողմի ակնկալած խաղաղության պայմաններում բանակցությունները շարունակելու համար: Միտումնավոր անտեսվում է այն փաստը, որ հրադադարն Ադրբեջանը հիմա պահպանում է ոչ թե ստանձնած լրացուցիչ պարտավորությունների հիման վրա, այլ միայն իր ցանկությունից ելնելով, որը կարող է, առանց պատասխանատվության մասին մտածելու, խախտել ցանկացած պահի:

Հիմնական խնդիրը, սակայն, այն է, որ Բաքվի այդ «զիջման» դիմաց միջնորդները զիջում են ակնկալելու նաև Երևանից: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի «զիջումների», որոնք արվում են բանակցությունների համար պայմաններ ստեղծելու հարցում, Հայաստանից զիջումներն ակնկալվելու են կարգավորման հարցում: Դրա համար միջնորդները Երևանին ոչ մի լրացուցիչ պահանջ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. դրանք լիարժեք արտահայտված են կարգավորման այն սկզբունքներում, որոնք դրված են բանակցությունների սեղանին: Ապրիլյան պատերազմից տաս օր անց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ աշխատանքային միակ բանակցվող փաստաթուղթը, որը գտնվում է սեղանին, Կազանի փաստաթուղթն է՝ հաստատելով, որ Հայաստանի համար այն ընդունելի է:

Ավելի ուշ «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը պետք է հաստատեր, որ կազանյան փաստաթղթով դրված է ոչ միայն տարածքների զիջման, այլև ԼՂ-ին փաստացի հավերժ միջանկյալ կարգավիճակ շնորհելու խնդիրը: Եվ Երևանից միջնորդների ակնկալիքը լինելու է հայկական կողմից հենց այս լուծումներին գնալու երաշխիքներ ստանալը: Չի բացառվում, որ Փարիզում փորձ է արվելու Երևանին մղել այդ զիջմանը: Փարիզը կարող էր դառնալ սանկտպետերբուրգյան սայթաքումները սրբագրելու միջոց, եթե Երևանը նորից պահանջեր ներկայացրած նախապայմանների կատարումը, որը գոնե ժամանակ շահելու և այդ ժամանակը բոլոր առումներով պատերազմին նախապատրաստվելուն ծառայեցնելու հնարավորություն կտար:

 Սակայն Երևանի հույսն այն է, որ դիրքորոշման կարծրացման գնացող Ադրբեջանը շարունակելու է մերժել մադրիդյան սկզբունքների հիման վրա ներկայացվող առաջարկությունները, ինչպես դա արեց 2011թ. Կազանում: Եվ դրանով Հայաստանին կձերբազատի իր համար անցանկալի զարգացումներից: Նման մարտավարությունը, սակայն, իսկական թակարդ է: Որովհետև եթե Բաքուն ինչ-որ պահի թոթափվի պատերազմի միջոցով հարցն իր օգտին լուծելու սին պատրանքներից և սկսի առաջնորդվել գործընթացից նվազագույն կորուստներով դուրս գալու  սկզբունքով, կարող է և համաձայնել այդ տարբերակին: Այդ դեպքում թակարդից դուրս գալու դիվանագիտական ոչ մի շահեկան ելք Հայաստանի իշխանությունը չի կարող ունենալ: Այս իմաստով նման ինտենսիվությամբ հանդիպումների կամզակերպումն ավելի շատ նմանվում են օղակը Երևանի պարանոցին սեղմելուն և դրան հայաստանյան հասարակայնությանն աստիճանաբար ադապտացնելուն:  

Լուսանկարը` president.am-ի  

Մեկնաբանություններ (5)

Marine
Իսկ ուր է Ղարաբաղի ժողովուրդը: Ղեկավարության մասին չեմ ասում,այլ իրենց ղարաբաղցի համարող իսկական ղարաբաղցիները,թե արդեն ուշացել եմ,եվ չկան այդպիսիք այլեվս;
НОРИК
Мирные решение обозначает ТИХО ВЕРНУТЬ РОДНЫЕ ЗЕМЛИ. НО ЭТО НЕ РЕШЕНИЯ. Кому
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բանակցությունների ա՛յս ձևաչափը տանում է դեպի «հողերի վերադարձ՝ կարգավիճակի դիմաց»-ին: Իբր սա ո՞վ չգիտի: Եթե սա չեք ուզում,ուրեմն ԼՂՀ-ի դե յուրե ճանաչում: Որտե՞ղ մնաց «ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության» պայմանագիրը:
Գևորգ
Ինչքան էլ սեղմել մեկ է մեծ բան չի փոխվելու, քանի որ ընդհանուր մոտեցում չկա: ՀՀ - ն պիտի անուղղակիորեն մի նոր գաղափար ,,ծլնգացնի,, - այն է` ,,եթե իրոք երկարատեւ խաղաղություն ենք ուզում, ապա ամենագործուն միջոցը զենքի բալանս հաստատելն է, , Սա պիտի որ կպչի, դատելով մեծերի տրամադրություններից:
հայ
ՀՀ պետք է ներկայանա Փարիզյան հանդիպմանը, միանգամայն պարզ ու հասկանալ բոլորի համար, առաջարկությունով։ Դա կայանում է հետևյալում՝ Արցախը հանդիսանում է իր բնակիչների հայրենիքն ու հազարամյակների բնօրրանը, այն չի կարող լինել որևէ պետության կամ սուբյեկտի սեփականությունը, բացի Արցախահայերից։ ՀՀ և ԼՂՀ պատրաստ են բանակցելու Ադրբեջանի սանձազերձած պատերազմի արդյունքում ազատագրված ԼՂՀ անվտանգության գոտի հանդիսացող վիճելի տարածքների շուրջ, միմիայն ԼՂՀ անկախ կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո։ Անորոշ օրակարգով, անսկզբունքային հայտարարություններով և հետագայում դրանցից հրաժարվելով, միայն ավելի է ծանրացվում առանց այդ էլ ծանր խնդիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter