HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շուլի Հակոբյան. «Իմ արածը հերոսություն չէր, առաջադրանք եմ կատարել»

Զորակոչին զուգահեռ սկսվել է նաեւ Հայաստանի սահմանների պաշտպանների զորացրումը: Այսօր հայրական օջախ վերադարձավ ապրիլյան քառօրյա պատերազմում 3 տանկ ոչնչացրած եւ Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Շուլի Հակոբյանը:

ԼՂՀ զինված ուժերի ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն իր գործողություններով աչքի էր ընկել ապրիլի 4-ին՝ Թալիշի ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս: Կես ժամվա ընթացքում տղան երեք հատ T 72 էր խոցել: Նրա ընկերը՝ գյումրեցի Ռաֆայել Հովհաննիսյանը, ով երեք «պոստ» այն կողմ էր եղել՝ նույնպես 3 տանկ էր խոցել, ու դիրքերում տղաների սխրանքի մասին խոսելիս պարզապես ասում էին՝ «Գյումրին 6 տանկ է խփել»:

Գյումրեցի հերոսի համար հանդիսավոր դիմավորում էին կազմակերպել քաղաքի մուտքի մոտ, այնուհետեւ նրան ընդունեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Շուլիին իր բարեխիղճ ծառայության եւ կատարած հերոսության համար:

«Իմ արածը հերոսություն չէր, առաջադրանք եմ կատարել:- նկատեց Շուլի Հակոբյան,- Հերոսություն կլիներ, եթե վերցնեինք մի գումարտակ եւ սերժանտի կարգավիճակով կատարեինք մայորի պարտականություն: Իմ պարտքն եմ կատարել, մենք բոլորս էլ կատարել ենք մեր պարտքը հայրենիքի հանդեպ՝ հետ ենք մղել թշնամուն: Հիմա շատ մարտական ընկերներ կողքիս չեն, փառք ու պատիվ նրանց՝ ընկան հերոսի մահով: Ես հիմա տանն եմ ու ցանկանում եմ խաղաղ երկինք նոր զորակոչվողներին»:

Ապագա անելիքների մասին Շուլին ասաց, որ պատրաստվում է շարունակել ուսումը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում: Առաջարկ է եղել մնալ զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող, սակայն այս պահին առաջնայինը համարում է տնտեսագետի մասնագիտությանը լիարժեք տիրապետելը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ թիվ 27 դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գարեգին Ջանբազյանը: Վերջինս հայտարարեց, որ քիչ են դեպքերը, երբ աշակերտը կրկնում է ուսուցչին եւ արժանանում նույն պարգեւին: Գարեգին Ջանբազյանը, ով եղել է հրետանավոր, 90-ականներին մասնակցել է արցախյան գոյամարտին եւ Մարտական խաչով պարգեւատրվել Հորադիզում 4 տանկ և մեկ մարտական հետեւակի մեքենա ոչնչացնելու համար: Ըստ նրա՝ սա ոչ թե պատահականություն էր, այլ օրինաչափություն: «Եթե հաշվի առնենք Շուլիի մեծ հետաքրքրությունը, որ ուներ նա զինվորական գործի նկատմամբ, դաստիրակությունը եւ գեները, կասեմ, որ իր կատարած հերոսությունը սպասելի էր»,- նշեց Գարեգին Ջանբազյանը:

Հաշվի առնելով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախությունը՝ Շուլի Հակոբյանը քաղաքապետի կողմից պարգեւատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter