Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Երիցյանների չեխական ունեցվածքի սեփականատերը փոխվել է



սկիզբը

Վերջերս գրել էինք գործարար Ալբերտ Երիցյանի եւ նրա որդու ընտանիքի չեխական ունեցվածքի մասին: Մասնավորապես, հայտնել էինք, որ Ռոբերտ Երիցյանը՝ Ալբերտ Երիցյանի որդին, հոր հետ 2006-ին Պրահայում հիմնադրել էր «Jeritsyan Holding» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ: Ներկայում ընկերության փայատերերն են Ռոբերտը (40 %), կինը՝ Լիլիթ Ասատրյանը (40 %), եւ նրանց որդին՝ կրտսեր Ալբերտը (20 %):

Պարզել էինք նաեւ, որ ընկերության հասցեում՝ Պրահայի Չոտեշովսկա փողոցում, գրանցված է նաեւ ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող Ռոբերտ Երիցյանը, ով ՀՀ քաղաքացի է: Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով՝ «Jeritsyan Holding»-ը սեփականության իրավունքով 387 քմ ընդհանուր (306+81) տարածքով հողակտոր ուներ մայրաքաղաքի Կիյե թաղամասում (Տալինսկա 1026/67 հասցեում), որտեղ գործում է «Էրիկայի մոտ» ռեստորանը: Փաստորեն, հողամասը Երիցյանները վարձով էին տվել ռեստորանի տերերին:

Սակայն պարզվում է՝ «Հետքի» հոդվածից հետո հողամասի նոր սեփականատեր է դարձել Հարություն Սարուխանյանը:

Չեխիայի իրավաբանական անձանց հանրային ռեգիստրի համաձայն՝ նա ՀՀ քաղաքացի է եւ գրանցված է Երեւանի Թումանյան 11Ա-ում: 2006-ին Հ. Սարուխանյանը «Գոռ եւ Մարիա» անունով ՍՊԸ է հիմնել Պրահայում (Gor & Maria s.r.o.), որի հասցեն մինչեւ 2008 թ. հենց Տալինսկա 1026/67-ն էր: Եթե իր ընկերությունը նա գրանցել էր Երիցյանների սեփական տարածքում, դա խոսում է նրանց կապի մասին: Չի բացառվում, որ տարածքի իրական տերը կրկին Երիցյանները լինեն, ովքեր պարզապես ցանկացել են այսուհետ գաղտնի մնալ:  

2008-ին Սարուխանյանն իր ընկերության հասցեն փոխել է՝ տեղափոխելով մայրաքաղաքի Կարլին թաղամաս: Ընդ որում՝ «Գոռ եւ Մարիա» ՍՊԸ-ն նույնպես զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, ինչը հայաստանցի հայերի հիմնական գործունեությունն է Չեխիայում: Ընկերության միակ փայատերն ու տնօրենը հիմնադրման պահից հենց Հ. Սարուխանյանն է: Ներկա հասցեում՝ Ռոհանսկե նաբրժեժի 657/7-ում (Rohanské nábřeží 657/7, Karlín, Praha), «Գոռ եւ Մարիա»-ն սեփականություն ունի: Բազմաբնակարան այս շենքում կան թե գրասենյակային, թե բնակելի տարածքներ:

Այս շենքում սեփականություն ունեն նաեւ Արամ եւ Կարինե Մարությանները, ովքեր ամուսիններ են: Արամ Մարությանը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի նախկին տեղակալն էր (նաեւ Ավստրիայի պատվո հյուպատոսը Հայաստանում), ում ընկերությունը՝ «Atlantis European Airways»-ը, համատեղ թռիչքներ էր կազմակերպում «Չեխական» եւ «Ավստրիական» ավիաուղիների հետ: Այս գործունեության մութ մանրամասների մասին «Հետքը» գրել է:    


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ