HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնիի մարզամշակութային կենտրոնի կիսակենդան գոյությունը

Մետաքսե Պետրոսյան

Անկախ Հայաստանի կերտումն ու պատերազմական վիճակը գյուղերում հետին պլան մղեցին մշակույթն ու հոգեւոր դաստիարակության հարցերը։ Գյուղական ակումբները, մեծամասամբ, կորցրին իրենց առաջնահերթ՝ համայնքային առօրյան բազմաբովանդակ ու հետաքրքիր  դարձնելու գործառույթը։ Գառնիի մշակույթի կենտրոնը 1996թ․ փոխանցվել է համայնքապետարանի հաշվեկշռին։ Իհարկե, դժվար ժամանակներ էին նման հաստատություններին հարկ եղած ուշադրություն ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու առումով, սակայն այդ «դժվարությունները» Գառնիի համայնքապետարանի համար առ այսօր մնում են չհաղթահարված։

Գառնին մշակույթի տուն ունեցել է 1947թ.-ից: Փայտաշեն կառույցն ունեցել է գրադարան եւ 80 տեղանոց կինոդահլիճ: Գործել է ժողովրդական երգ ու պարի խմբակ, թատերախումբ: Գյուղի բնակչությունը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել այս խմբերում: Խմբերը համերգներ են տվել ոչ միայն գյուղի բնակչության համար, այլեւ հանրապետության տարբեր շրջաններում: Կինոդահլիճը հանդիսատեսի պակաս չի ունեցել:

Գառնիի ընդարձակմանը համընթաց նոր մշակույթի տան անհրաժեշտություն է առաջանում, եւ 1975 թ.-ին կառուցվում է երկհարկանի ընդարձակ մի կառույց, որը ներառում էր գրադարանը, կինոդահլիճը, բիլիարդի սրահը, աշխատասենյակներ, մարզասրահ, խմբակների պարապմունքների համար սենյակներ, հանդերձարան եւ այլն:  Ընդլայնվում է գործող խմբակների թիվն ու մարդկանց ակտիվ ընդգրկվածությունը դրանցում։ Ժողովրդական երգ ու պարի խմբին ավելանում է նաեւ էստրադայինը։ Թատերական խումբը դառնում է առավել բազմանդամ ու կենսունակ գյուղի առաջադեմ ու կրթված երիտասարդության շնորհիվ։ Գործում են առաջին բուժօգնության տասնամսյա դասընթացներ` երեք խմբով, կարի ու ձեւի, մեքենագրության խմբակները։

Այդ տարիներին ակումբը դարձել էր մտավոր ու ինտելեկտուալ շփման մի վայր, ուր աշխատանքից ազատ ժամերին հավաքվում էին ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ` մի քիչ «հոգեւոր սնունդ» ստանալու ու միմյանց հետ շփվելու համար։

Երգի ու պարի համույթները շրջագայել են նախկին Միության տարբեր քաղաքներում ու հանրապետություններում։ Մայրաքաղաքի առաջատար երգիչ, երգչուհիների, էստրադային ու ժողովրդական համույթների (Օրբելյանի սիմֆոնիկ նվագախումբ, Թ․Ալթունյանի ժողովրդական երգի ու պարի) ելույթների, ինչպես նաեւ թատերական (Հ․Թումանյանի անվ․տիկնիկային, Պատանի հանդիսատեսի, Գ․Սունդուկյանի անվ․պետական ակադեմիական թատրոնների) ներկայացումների պակաս գառնեցի հանդիսատեսը չէր զգում։

Քիչ չէին հանդիպումները մշակույթի, գիտության անվանի գործիչների հետ։ Այս ամենին գումարվում էր նաեւ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում անցկացվող ամենամյա ազգագրական երգ ու պարի փառատոնը, ամենատարբեր դասական ու սիմֆոնիկ, էստրադային երգի մրցույթ-փառատոններն ու համերգները, որոնց մասնակցում էին ոչ միայն հայաստանյան, այլեւ խորհրդային արվեստի ամենահայտնի դեմքերն ու անունները։ 1985 թ․այստեղ անցկացվեց նաեւ ռուսական հայտնի «Երգ- 85»-ը։ Գառնեցին այս առումով կարելի է ասել մի քիչ «շփացած» էր եւ դժվար էր նրան զարմացնել հայտնի անուններով։ Նրանց մի զգալի մասի հետ անձամբ էին հանդիպում ու շփվում։ Սակայն, ինչպես ամեն լավ բան, սա նույնպես իր ավարտն ունեցավ։

Խորհրդային ժամանակաշրջանի գյուղական ակումբի ակտիվ կենսագործունեությունն ու թողած կենսագրությունը համեմատության մեջ չեն կարող դրվել մարզամշակութային կենտրոնի նեկայիս կիսակենդան վիճակի հետ։ Տասնամյակներով այս մշակույթի օջախում ոչ մի լուրջ միջոցառում չի  անցկացվել։ Կինոցուցադրումները դադարեցվել են 90-ականներից։ Կինոդահլիճը հանդիսատեսին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն արվել, չնայած ցուցադրման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումների առկայությանը, իսկ միջոցառումներ կազմակերպելը, մայրաքաղաքից համերգային, թատերական կամ այլ խմբեր հրավիրելն անհնար է, ինչպես տնօրենն է ասում՝ դահլիճի անմխիթար վիճակի պատճառով։

«Մեր ջանքերն այդ ուղղությամբ ապարդյուն են անցնում, քանի որ ոչ մեկին չի ձգում նման անհրապույր դահլիճում նստել ու որեւէ բան դիտել, էլ չեմ խոսում ձմռան ամիսների մասին, երբ այն բացարձակապես անօգտագործելի է դառնում»,- ասում է Գառնիի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Վաղինակ Թադեւոսյանը:

Կառուցման օրից մինչ այժմ ոչ մի հիմնավոր վերանորոգում չտեսած շենքն «օգնություն» է ակնկալում։ Մասնակի նորոգում կատարվել է 1983թ․`անհրաժեշտ հարթության բերելով դահլիճի հատակը, որն այդպես էլ անավարտ վիճակում է, մինչ հիմա մանրահատակը չի տեղադրվել։ Շենքը չունի ջեռուցում, ձմռան ամիսներին էլեկտրական վառարանով տաքացնում են երկու աշխատասենյակ, որտեղ հավաքվում են բոլոր աշխատողներն ու պարի դասարանը։ Կտուրը քայքայվել է, գարնան ու աշնան տեղումների հետեւանքով ծեփաթափ, բորբոսած  պատերի «պատկերազարդ» հետքերն ամենուր են։

Գյուղն ունի երկու գրադարան՝ թիվ 1 մասսայական գրադարանը եւ մանկական գրադարանը։ Մասսայական գրադարանն ի սկզբանե գործել է մշակույթի տան շենքում, որտեղ շուրջ 16․000 կտոր գրականությունն անմխիթար վիճակում է ։ Գույքը յոթանասունականների կահույք է, որը որքան էլ խնամքով պահպանված, այնուամենայնիվ, մի կերպ է դիմանում գրքերի ու ժամանակի բեռին, ամեն վայրկյան փլվելու ենթակա։ Ամբողջովին քանդված մանրահատակը պարզապես շարվել է ու ծածկվել թաղիքով։ Նույն վիճակն է նաեւ մյուս աշխատասենյակներում։

Համատարած հնոտիքի մեջ աչքի են զարնում միայն հաշվապահի աշխատասենյակի նոր համակարգիչն ու գրասեղանը։ Երկու դաշնամուրներից մեկն ընդհանրապես օգտագործման պիտանի չէ, մյուսն էլ մի կերպ է արձագանքում։ Աշխատասենյակներում նույնիսկ աթոռ դժվար էր գտնել, եղածներն էլ մաշվածությունից պատռված կամ առանց թիկնակի։ Մինչդեռ, Գառնիի համայնքապետարանի գույքագրման փաստաթղթերը ցույց են տալիս, որ մշակույթի տան հաշվեկշռում առնվազն 77 աթոռ կա։

Գրադարանի վարիչ Մելանյա Հակոբյանը ցավով է խոսում գրքերի անմխիթար վիճակի մասին։ Ցրտի պատճառով, նաեւ գրադարակների վրա թափվող անձրեւաջրերի հետեւանքով 200 կտոր գրականություն անընթեռնելի է դարձել, մյուսները խունացել են, իսկ «ողջ» մնացածներն էլ տասնամյակների օգտագործումից են մաշվել։

«Եթե նախկինում գրադարանից օգտվում էին առավելապես ուսանողներն ու չափահաս տարիքի ընթերցողը (նախկինում տարեկան 2500 ընթերցող էր, ներկայումս`1500), ապա այժմ դպրոցականներն են մեծ թիվ կազմում, բայց ծրագրային գրականության մեծ պակաս ունենք։ Գրադարանում վերջին 20 տարիներին գրեթե համալրում չի եղել կամ ընդամենը մեկ օրինակ կա, որի համար աշակերտն ամիսներով պետք է սպասի մինչեւ հերթն իրեն հասնի»,- փաստն արձանագրում է գրադարանավարը։  Համայնքապետարանի հաշվեկշռին անցնելուց հետո գրականության ֆոնդը թարմացնելու համար ընդամենը մեկ անգամ 100.000 դրամ է հատկացվել։ Նույնիսկ առօրյա օգտագործման անհրաժեշտ գրենական պիտույքների պակաս ունեն, ցանցային հեռախոսից զրկված են անկախացումից ի վեր։

Մանկական տիկնիկային թատերական խմբակի առկայությունը ոգեւորող է, բայց այն գործում է անկանոն։ Կենտրոնի խմբավար Սուսաննա Ստեփանյանը պատմում է, որ առաջին ներկայացումը բեմադրել է  2011-ին՝ Հ․Թումանյանի «Կիկոսի մահը»։

Տիկնիկները, բեմական դեկորներն ինքն է պատրաստել։ Խմբում կար ութ երեխա` 10-14 տարեկան։ Ներկայացումը հաջողություն ունեցավ, սակայն հետագայում որեւէ աջակցություն չստանալով ներկայացումներ պատրաստելու համար` հարկադրված թողեց խումբը։ Վերջերս կրկին նախաձեռնել է, եւ այժմ «Երեք խոզուկները» բեմադրության նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։

Ըստ մարզամշակութային կենտրոնի տնօրեն Վաղինակ Թադեւոսյանի՝ արդեն հինգ տարի մաս-մաս վերանորոգում են շենքի կտուրը։ «Տարեկան մոտ 1 մլն դրամ է հատկացնում համայնքապետարանը, որով հատվածաբար փոխում ենք կտուրը, սակայն դեռ չենք ավարտել, դահլիճի մասը դեռ մնացել է»,- պարզաբանում է նա։ Անձրեւահեռացման համակարգը վերանորոգվել է 1998թ․-ին՝ հայտնի արվեստաբան Մարկոս Գրիգորյանի ֆինանսական օժանդակությամբ։ «Շենքի հիմնանորոգման համար ամեն տարի դիմում եմ տարբեր հիմնադրամների, սակայն մերժվում եմ»,- հավելում է տնօրենը։ Մերժման պատճառը, տնօրենի ասելով, շենքի չափազանց ծախսատար լինելն է։

Շենքում շրջելու պահին, այնուամենայնիվ, մատնացույց արեց իր «բեղուն» աշխատանքի վերջին արգասիքը․«Այս գրադարակները, որ տեսնում եք, վերջերս Խնկո Ապոր անվան գրադարանից եմ գնել, էժան գնով։ Իրենց մոտ դուրս էին գրում, գնացի բերեցի»։

Ընթացիկ տարում անցկացվելիք միջոցառումների մասին հարցին՝ տնօրեն Թադեւոսյանը նշեց պարային համույթի մասնակցությունը հեթանոսական տաճարի տարածքում հուլիսի 3-ին անցկացված Վարդավառի տոնակատարությանը։ Այլ անելիք տարվա կտրվածքով չմտաբերեց։ Ակամա խոստովանեց, որ մշակույթի տան ներկայիս կրավորական դերի հարցում իր մեղքի բաժինն էլ կա։

Մշակութային կենտրոնն ունի 3 մեթոդիստ, 1 խմբավար, նույնիսկ 2 հավաքարար,իսկ նման կենտրոնների համար առաջնահերթ գործառույթ ունեցող գեղմասվարի հաստիքի լինել-չլինելը շփոթմունք էր առաջացնում աշխատողների մոտ։ Գեղմասվարի մասին մեր հարցապնդմանը հաշվապահը պատասխանեց, որ հաստիքացուցուցակով ունեն, բայց սույն անձի ինքնությունն անստույգ էր։

Մշակույթի տան տարեկան բյուջեն 22 մլն դրամ է, որն, ըստ տնօրենի, բավարարում է 16 աշխատողների աշխատավարձերի վճարմանը, կոմունալ վճարներին, գրենական պիտույքներին ու տրանսպորտային ծախսերին։ Աշխատավարձի չափի վերաբերյալ մեր հարցին հաշվապահը պատասխանեց, որ բոլոր 16 աշխատողներն էլ վարձատրվում են նվազագույն աշխատավարձի չափով՝ 55·000 դրամ, անկախ աշխատանքային ստաժից կամ աշխատանքի բնույթից` լինի մեթոդիստ, գրադարանավար, թե հավաքարար։ Իսկ թե ինչ հիմքով է այդ ստանդարտացումը, հաշվապահը պատասխանեց, որ բյուջեն հաստատում է համայնքապետարանը, ինքն էլ սահմանում է աշխատավարձի չափը։

Վ․Թադեւոսյանի ասելով՝ ներկայումս մարզամշակութային կենտրոնում գործող պարի խմբի (80 հոգի, անձը՝ 2000 դրամ), կարատե դո մարզաձեւի (40 մարզիկ, անձը՝ 3000 դրամ) ամսավճարներից գոյացած գումարներով լուծվում են ընթացիկ հարցեր՝ պարային զգեստներ են պատվիրում, պարուսույցին ու մարզչին են վճարում (վերջիններս նաեւ բյուջետային աշխատողներ են), խմբերի արտագնա ելույթների կազմակերպման եւ նման այլ հարցեր։ 

Կենտրոնում զարգանում է «վերջին ընթրիք» կազմակերպելու մշակույթը

Մարզամշակութային կենտրոնի շենքում է տեղակայված Էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Զբոսաշրջության ինֆորմացիոն կենտրոնը», որը վերանորոգվել ու կահավորվել է նախարարության միջոցներով։ Այդ միջոցներով փոխվել է նաեւ մուտքի դուռը, սանհանգույցը, ներկվել է սենյակին հարակից միջանցքը։ Տնօրենն ասում է, որ սենյակը նախարարությանը տրամադրվել է անհատույց։ Մյուս թեւում գտնվող մի սենյակ էլ զբաղեցրել է համայնքային ոստիկանությունը՝ դարձյալ անհատույց։ Իսկ շենքի հյուսիսային թեւում գտնվող նախկին ըմբշամարտի լայնարձակ մարզասրահը, տնօրենի հավաստիացմամբ, «իր ծախսով» կիսել է, վերածել հոգեհացի սրահի՝ գյուղացիների խնդրանքով եւ անհատույց տրամադրում է նրանց։

Մարզասրահն իրականում ոչ թե կիսվել, այլ ամբողջովին վերանորոգվել է ու վերածվել հոգեհացի սրահի։ Իսկ մարզակա՞նը, կարատե դո՞ն ··· Տնօրենը նրանց մասին էլ է հոգացել․մարզիկները պարապմունքներն անցկացնում են պարի դասարանում։

Սակայն պարասրահի վիճակը նույնպես մխիթարական չէ։ Տարիներ շարունակ երեխաները դասերն անցկացնում էին բետոնածածկ հատակին, կիսատ-պռատ ջեռուցման պայմաններում։ Անցյալ տարի վերջապես հատակ է արվել, հայելիներ են տեղադրվել, բայց անձրեւաջրերը շարունակում են հոսել։ Առաստաղի որոշ հատվածներ ծեփաթափ են ու պատված բորբոսով։ Երեխաները զգեստափոխվում են միջանցքում։

Համայնքի ղեկավարի պարտավորությունը համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական եւ մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները կազմակերպելն է (ՏԻՄ օրենք, 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Օրենքում, ինչպես տեսնում ենք, հանգուցյալների հոգեհացը կազմակերպելու վերաբերյալ որեւէ կետ չկա։ Ուրեմն, ի՞նչ իրավասությամբ է նա մարզադահլիճը վերանորոգելու անվան տակ վերանորոգված շինությունը վերածել հոգեհացի սրահի։ Հավանաբար, «վերջին ընթրիքը» հարկ է, որ ըստ պատշաճի լինի տրամաբանությամբ։

Լուսանկարները՝ Գառնիի մարզամշակութային կենտրոնի, Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter