HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը որոշել է տնտեսումներ անել դաստիարակների, ուսուցիչների ու գրադարանավարների աշխատավարձի հաշվին

Վարչական բյուջեի «այլ դոտացիաներ» տողով նախատեսվել է պետբյուջեից 2016թ.-ին Ալավերդի համայնքին հատկացնել 65 մլն. դրամ: «Դրանից 34 մլն. դրամը չի հատկացվելու՝ քառօրյա պատերազմի հետևանքով պետբյուջեում առաջացած ճեղքվածքի պատճառով»,- բացատրում է քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Չվճարված դոտացիայի՝ համայնքի բյուջեին պատճառած վնասները փակելու համար Կ. Փարեմուզյանը մշակել է քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձի խնայողաբար վճարման ծրագիր, որը չի ներկայացրել համայնքի ավագանու քննարկմանը: Ծրագրով քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական 6 ՊՈԱԿ-ներից 4-ը հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը փակվել են: Օգոստոսի 1-ից դրանցից թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները կաշխատեն մեկական խառը խմբերով:

Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանի նախադպրոցական 6 ՊՈԱԿ-ների մոտ 100 աշխատողներ կզրկվեն հուլիս, օգոստոս ամիսների իրենց աշխատավարձից: Երաժշտական դպրոցների ուսուցիչները սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների մեկ դրույք աշխատանքի դիմաց կստանան 0,5 դրույք աշխատավարձ: Երկու գրադարանների 10 աշխատողների  նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը կկրճատվի 50%-ով և կդառնա 27 հազար դրամ:

«Քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձը 50 տոկոսով նվազեցվել է նրանց խնդրանքով և դիմումով»,- բացատրում է Կ.Փարեմուզյանը:

Թիրախում հայտնված աշխատողների մեծ մասը աշխատում են նվազագույն աշխատավարձով և շատ դեպքերում իրենց ընտանիքի միակ աշխատողն են: Նրանք դժգոհում են քաղաքապետի կողմից առաջարկվող աշխատավարձի խնայողաբար վճարվող ծրագրից: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն էլ չի ընդունում, որ համայնքի բյուջեում ստեղծված ֆինանսական ճգնաժամը պետք է լուծում ստանա միայն ավագանու որոշումով:

Խնայողության ծրագրի շուրջ «Հետքը» հարցեր է ուղղել քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին:

- Ինչ նպատակ է հետապնդում քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձերի վճարման խնայողության Ձեր հեղինակած ծրագիրը:

- Ուրեմն մենք ունենք ֆինանսական խնդիր, որն առաջացել է «այլ դոտացիաներ» տողով համայնքի բյուջեին պետբյուջեից նախատեսված 65 մլն. դրամ դոտացիայի 34 մլն. դրամը չվճարելու պատճառով: Մշակել ենք ծրագիր, որպեսզի մարդ չկրճատենք՝ հասկանալով, որ 2 ամսվա տնտեսումներով մենք համայնքի բյուջեն կբերենք բալանսի: Համոզված եմ, որ կոլեկտիվներն էլ նորմալ ընկալել են էդ ամեն ինչը, որոշել ենք այսպես ասած անցումային ինչ որ տարբերակ: Այսինքն, եթե 2 գրադարաններն իրար հետ ունեն մի 10 աշխատող, հերթապահության պես մարդիկ գնան աշխատանքի: Մի 10 օր մեկը գնա, 10 օր մյուսը:

- Կվարձատրվե՞ն այդ ժամանակ գրադարանների աշխատողները:

- Այո, վարձատրվում են: Խնդիրը երկու ամսվա տնտեսումն ա: Ինչո՞ւ ենք հստակ ասում 2 ամիս, որովհետև այդ 2 ամսվա տնտեսումը համայնքի բյուջեն կբերի բալանսի: Բայց էդ պրոցեսը տարբեր ՊՈԱԿ-ներում տարբեր ձևով կլինի: Օրինակ, երաժշտական դպրոցներում կտևի 3-4 ամիս, գրադարաններում՝ 4 ամիս: Այսինքն, մեզ պետք է էդ տնտեսումը՝ մինչև տարեվերջ: Քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի 2 մանկապարտեզներին նույնպես առաջարկել ենք մեկ խմբով աշխատել: Ես չեմ ասել՝ մանկապարտեզները փակեք: Մեր կողմից խոսքը գնացել է միայն Սանահին կայարանային և Սանահին գյուղական թաղամասերի մանկապարտեզները փակելու մասին:

- Բայց հուլիսի 1-ից չեն աշխատում քաղաքի ամենամեծ Ս./Սարահարթ թաղամասի թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները: Հաշվի առել ե՞ք այդ թաղամասի աշխատող մայրերի երեխաների խնդիրը:

- Այո, չեն աշխատում, որովհետև այդ մանկապարտեզների վարիչները խոսել են  ծնողների հետ: Քանի որ գիտեն, որ ծանր տնտեսական վիճակ է, վարիչները ասել են՝ կարող են հուլիս ամսին էլ մանկապարտեզները փակել: Ես, որպես համայնքի ղեկավար, ասել եմ՝ հուլիս, օգոստոս ամիսներին մեկ խմբերով աշխատեն: Սեպտեմբերից էլ նախկին ծանրաբեռնվածությամբ կաշխատեն բոլոր մանկապարտեզները:

Ալավերդու թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները

- Ինչպե՞ս է  Ձեր նախաձեռնած տնտեսումը դրսևորվելու երաժշտական դպրոցներում:

- Երաժշտական դպրոցում ուրեմն կոլեկտիվի հետ մենք հանդիպեցինք: Հուլիս ամսին արձակուրդայինը ստանում են, օգոստոսին չեն աշխատում, սեպտեմբեր, հոկտեմբեր՝ 0,5 դրույք են աշխատում:

- Մեր տեղեկությունով՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին այստեղ ուսուցիչները 1 դրույք պետք է աշխատեն, 0,5 դրույք աշխատավարձ ստանան:

- Այո:

Իսկ գրադարաններու՞մ:

- Գրադարաններում էլ՝ նույն ձևի: Կարող են իրենք որոշեն, որ երկու մարդ է գալիս աշխատանքի՝ 5 մարդու տեղ, կամ մի 3-4 ամիս կես դրույքով ընդհանուր են աշխատում: Մի խոսքով՝ իմաստը էն է, որ մարդ մի քիչ գոնե գումար ստանա, որովհետև հասկանում ենք սոցիալական վիճակը բոլորի մոտ էլ ծանր է, բայց նաև մենք տնտեսենք:

- Քաղաքապետարանի աշխատողների նկատմամբ նախատեսե՞լ եք աշխատավարձի տնտեսումներ:

- Քաղաքապետարանի աշխատակազմը 5 օր իրեն հաշվին է գնալու արձակուրդ՝ քաղաքապետից բռնած: 

- Այսինքն, էդ մարդիկ աշխատանքի են գալու, բայց չե՞ն վարձատրվելու:

- Գործի կարան չգան, չվարձատրվեն: Բայց իմ պարագայում ես գործի գնալու եմ, բայց  չեմ վարձատրվելու: Աշխատողներն էլ կարող են գալ և չվարձատրվեն:

- Բայց չե՞ք կարծում, որ աշխատողների աշխատանքային իրավունքներն եք խախտում:

- Բացարձակ: Կարան չգան:

- Մարդիկ հարցնում են, թե ինչու հանրապետության մյուս քաղաքներում էսպիսի խնդիրներ չեն առաջացել:

- Նախ, էս վիճակը ամբողջ հանրապետությունում է՝ իմ ունեցած տվյալներով: Հասկանալով էս բոլոր դժվարությունները՝ ինձ թվում է՝ ինչ-որ մի ձևի փորձում են էս ամեն ինչը ավելի սրված ներկայացնել՝ կոպիտ ասած:

- Պարոն Փարեմուզյան, 34 մլն. դրամ տարվա կեսին համայնքի բյուջեին չվճարելը առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող բյուջեի համար՝ լուրջ խնդիր է:

- Մենք էսօր գիտենք, որ մինչև տարեվերջ 34 մլն. դրամ պետք է տնտեսենք:

- Աշխատավարձի խնայողաբար վճարման Ձեր առաջարկած ծրագրով որքա՞ն է կազմել  քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձի կորուստները:

- Բյուջեից աշխատավարձի մասով 34 մլն. դրամ է պակասել :

- Այսինքն, քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողները 34 մլն. դրամ աշխատավարձ չեն ստանա: 

- Այո: Հնարավոր է՝ այլ դոտացիայի տողով, որ նախատեսված էր, աշնանը մի մասը տրվի: Երբ տրվի, մենք մեր ժողովրդին էլ ենք ասել, որ աշխատավարձի կամ պրեմիայի տեսքով մենք կփոխհատուցենք: Դուք գիտեք, որ սա մեզ համար ամենածանր տարին էր: Բացի այն, որ բյուջեում ունենք 100 մլն. դրամ ճեղքվածք, դրանք  բնապահպանական վճարներն էին, «Մանես» հիմնադրամի 69,9 մլն. դրամ բարեգործական ծրագրերի դադարեցումը, այս չվճարված 34 մլն. դրամը, դրան գումարած՝ ուժգին քամիները, հեղեղումները, դրան գումարած՝ ապրիլյան կռիվները, դրան գումարած՝ ինչ-որ մի բան էլ կար, դրան գումարած՝ մի քանի բաներ, չնախատեսված:

- Ինչո՞ւ համայնքի բյուջեի ֆինանսական ծանր այս վիճակը և մասնավորապես Ձեր ծրագիրը չեք ներկայացրել ավագանու քննարկմանը:

- Նախ, դրա համար ավագանու որոշում պետք չէ, երեխեքի հաճախումը նվազել է, դրա համար ենք սարքել մի խմբանոց մանկապարտեզներ: Եթե գրադարանավարը գրել է, որ ուզում եմ ինձ իմ հաշվին գնամ էս ինչքան օրով, ինչի՞ մասին է խոսքը:

- Երաժշտական դպրոցների ուսուցիչներն է՞լ են Ձեզ գրավոր խնդրել, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին իրենց  աշխատած 1 դրույքի դիմաց վճարեք 0.5 դրույք աշխատավարձ:

- Չէ:

- Այդ մասին ի՞նչ կասեք:

- Երաժշտական դպրոցի աշխատողն էլ նույն ձևի գրել է, որ թույլ տվեք իմ հաշվին գնամ արձակուրդ:

- Մարդիկ Ձեզ դիմում են գրել, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին իրենք աշխատեն մեկ դրույքով, դուք իրենց վճարեք 0, 5 դրույքով: Ավագանին համայնքի բյուջեն հաստատող և վերահսկող մարմին է և բյուջեի ցանկացած փոփոխություն Դուք պարտավոր եք ներկայացնել ավագանու քննարկմանը:

- Սրանից հետո ես էլ Ձեզ ոչինչ չեմ ասի: Ընդամենը մենք ծանր տնտեսական վիճակում ենք, խնդրել ենք կոլեկտիվին, որպեսզի կրճատումներ չանենք: Մարդիկ ասել են՝ մենք մեր հաշվին կգրենք, կգնանք տուն:

Հ.Գ.

Ալավերդու քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների նկատմամբ հուլիսի 1-ից առանց ավագանու որոշման կիրառվող ապօրինի ծրագրի մասին բացատրություն խնդրեցինք Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանից: «Միանշանակ դա պետք ներկայացվի ավագանու քննարկմանը: Միայն ավագանու որոշումով, աշխատողների հետ համաձայնության գալով և ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներով կարելի է լուծել համայնքի բյուջեում առաջացած ֆինանսական ճգնաժամը: Ես այդ մասին կտեղեկացնեմ մարզպետին»,- ասաց Դավիթ Մանուչարյանը:

Մեկնաբանություններ (25)

ես
Մի անեկդոտ կար՝ մոտավորապես էսպիսի․ հավաբուծարանի տնօրենությունը որոշում է, հաշվի առնելով տնտեսական նեղ պայմանները, ամեն հավի իր տասնյոթ դրամ կերավարձը տալ՝ գնան կուտ առնեն ուտեն-ֆռֆռան․․․
Հրանտ
Ժողովուրդը խնդրելա որ առանց աշխատավարձի աշխատի,էս մարդն էլ ընդառաչելա,ժողովրդի ասացը ՕՐԵՆՔԱ,այ տենց,իմացեք:
Դոնարա
«Քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձը 50 տոկոսով նվազեցվել է նրանց խնդրանքով և դիմումով»,- բացատրում է Կ.Փարեմուզյանը:Էլ ով դիմանա:Էսա որպես առաջավոր փորձ կտարածեն բոլոր մարզերում,օրիգինալ լուծումա ,մարդիկ փող չեն ուզում,բռնում են զոռով վարձատրում,մի քիչ ել մարդկանց ցանկությունով պետքա աշխատել,տակ դեռժատ,էն 50 տոկոսն էլ հոկտեմբերից կտրեք ամեն ինչ կնորմալանա:
Սարմեն
Վանափորի քաղաքապետ Դարբինյանը կարա հանգիստ թոշակի գնա,նոր ավելի լավ բոցեր արդեն կստանանք Ալավերդուց՝ ,,.... դրան գումարած՝ ինչ-որ մի բան էլ կար, դրան գումարած՝ մի քանի բաներ, չնախատեսված:,,Պարզ ու հասկանալի:
Աշխեն
Տո շատ էլ լավա արել,ընտրել եք,հիմա էլ վայելեք.Բարի ախորժակ:
ես
Հա,մի բան էլ հիշեցի․ Մոլլա Նասրեդինը որոշում է էշին սովորեցնել, որ առանց սննդի ապրի։ Կամաց սնունդը պակասեցնում է։ Մի օր էլ էշը, սովին չդիմանալով, սատկում է։ Մոլլան հիասթափվում է․ իր հաշվարկով էշը պիտի հաջորդ օրվանից ապրեր անսնունդ կենսակերպով․․․ Հիմա քաղաքապետը Նասրեդինի փորձն է ուզում կիրառել խեղճ ալավերդցիների նկատմամբ, որոնք « խոնարհաբար խնդրել են» նասրեդինական սննդակարգի կապել իրենց․․․
gr
էս ինչ քրդի բազարա եղել, ովա սենց խայտառակ վիճակ տեսել, մենակ լոռին կարա իրա մարզպետով հանդերձ սենց ծիծաղելու վիճակ ստեղծի: ինչ ուզում էն էլ անում են ոչ տեր կա ոչ տիրական: հարամելա ամբողջ մարզը:
Գագո
Տիկին Փարեմուզյան, էս ոնց եք հասցնում համ համ ձայնագրությունը վերծանեք, համ նույն ոճի մեջ տասը հատ մեկնաբանություններ գրում անհանգստացած հասարակության կոմղից, դուք երևի ձեզ մեկ մեկ նամակներ էլ եք գրում?
Արփինե
Ես մի բան կարամ ասեմ,քաղաքապետը սխալ թիմա հավաքել իրա շուրջ,շատ ափսոս որ ակնհայտ բաներ կան որ չի նկատում,իսկ ինչ վերաբերվումա Ակների ջրագծին ,էդ փողերը լրիվ ուրիշ մարդա կերել,ու բոլորն էլ գիտեն ով
Ես եմ Ալավերդին
Գրիշն ես, թե եսիմ ով ես կամ ընդհանրապես ԻՆՉ....սադի ու ակների ջրագծի միլիոնները լափողը հիմի հանգիստ իրա տանը քնած ա դու անտեղի սրտահան մի ըլնի...քաղաքի փողոցներն էլ քեզ ու քեզ նմաններն էլ որ մաքրեն, թևերները չի ցավի: Շաբաթօրյակները մենակ հավաքարարների համար չեն այլ ամբողջ քաղաքի բնակիչների: քիչ վայրահաչեք: կարող ա մի օր էլ որոշեք որ քաղաքապետն ու իրա աշխատողները հաց չեն ուտելու...կամ էլ էս նախանձակույտից մի քանիսին ա ընտրելու իրան խորդական...դե գնացեք տեղներդ ցույց տվեք, համ էլ ծանր մի տարեք որ գրել եմ Ես եմ Ալավերդին, ուզում եք դուք էլ էղեք, տեղ շատ կա ու փողով չի, պաշտոն, մաշտոնն էլ կապ չունի
Ես եմ Ալավերդին
Հարգանքներս քոմենթ գրող ակտիվ հանրությանը: Ասում եք էս ի՞նչ ա պատահել: Էս ինչ սև ամպեր են կուտակվել քաղաքիս գլխին: Փակվել են մանկապարտեզները, առանց աշխատավարձ են մնացել դաստիրակներն ու գրադարանավարները, բողոքի ալիք է ամբողջ քաղաքում, ինչ են մտածում քաղաքային իշխանությունները: Թարգե՛ք, հերիք է այ «մտահոգ խելոքներ»: Բա ուրիշ խնդիրների ու աղետների ժամանակ էդ որ ծակերում եք, որ չեք երևում: Բա էն ուժեղ քամիների ժամանակ, որ քաղաքապետարանին ու ալավերդցիներին Ռուսաստանում ապրող ալավերդցիներն էին օգնում որ մեկդ ձեր չկրճատված աշխատավարձից 10 դրամով օգնեցիք ձեր քաղաքին: Էն որ սելաֆը սաղ քաղաքը հող ու կեխտ արավ, քանդեց որ մեկդ մի լապատկա վերցրիք ու մի բանով օգնեցիք: էն որ գործարանը կրճատեց սաղ ծրագրերը ու էդ մանկապարտեզներին կաթ ու մածուն տալը մնաց մի քանի մարդկանց վրա, էդ թվում և քաղաքապետի, որ մեկդ փորձեցիք ինչ որ բան անել: Էն որ քաղաքն են մաքրում, շաբաթօրյակ են անում, հիմնարկների աշխատողներից բացի հատուկենտ ալավերդցիներ են տանից դուրս գալիս: Թե? մի քանիսը պարտք են, ով անի չանի, ձեր գործը մենակ քննադատելն ա: Հա շատ էլ թե քաղաքապետարանը պարտավոր է ու պետք է միշտ էլ պարտավորացնել, որ ավելի լավ աշխատի: Բայց պարտավորացնել ճիշտ ձևով, օգնելով, ոչ թե բամբասելով: Խավարը անիծելու փոխարեն ամեքդ մի մոմ վառեք:
Ակտիվ քաղաքացի
Եթե յուրաքանչյուր քոմենթ գրող պատկերացներ, թե ինչպես է ձևավորվում իրենց քաղաքի բյուջեն, ամեն մի հոդված ինչի վրա կարելի է ծախսել, էս քոմենթները չէին լինի երևի, ինչի երևի, քանի որ էստեղ հիմնականում գրում են մարդիկ (կամ մէկ մարդ մեկ հոգու անունից), ովքեր իմանան, չիմանան, մեկա պետք է մի վատ բան գրեն: Ես չեմ կարծում, որ այս ֆինանասական ծանր պայմանները չեն ազդել քաղաքապետարանի ու քաղաքապետի աշխատավարձերին: մարդիկ համարել են, որ ավելի լավ կլինի մեկ երկու ամիս նեղը լինեն բոլորով, քան թե լինի կրճատումներ:
Դավիթ Ն.
Տիկին Լարիսա, մեկ էլ մի խնդրանք ձեզ: Մանկապարտեզների փակվելը ահագին լուրջ հարց ա, թեկուզ որ ասում են ժամանակավոր ա, բայց էնքան լուրջ չի, ինչքան էս գործարանի գազը, որ լկտիաբար բաց են թողում էս քաղաքի ու ժողովրդի վրա: Մի էրկու ամիս մարդիկ կես աշխատավարձ ստանալով, էրեխեքն էլ մանկապարտեզ չգնալով հիվանդություններ ձեռք չեն բերի հաստատ, բայց էն ինչ որ էս գազից կլնեն, ահավոր հետեվանքներ կարա ունենա: Էս խնդիրն էլ ահագին ավելի հին ա , քան մանկապարտեզների փակվելը: Էս մասով հոդվածը ե՞րբ ենք տեսնելու: Թե կարող ա դրանք ձեզ բան-ման են ասել: Մի էրկու լուրջ խնդրի տեղ էլ գիտեմ, որ ձեն չեք հանում, ձեզ ֆեյսբուկով կգրեմ: Քաղաքապետին էլ թողեք հանգիստ աշխատի, տակից էլ էդ մարդու չուզողները շատ են, լավ բանը մեզ չի սազում:
Դավիթ Ն.
Էս ինչ կարգին տեղեկացված խելացիներ կան մեր քաղաքում, էսքան մտածող գլուխներ կան մենք էլ բանից անտեղյակ: Բյուջե են քննարկում ֆոնդային, վարչական, ինչի փողով ինչ անեն, ում կրճատեն, ում դնեն: Դե բա էսքան խելացիներով ամոթ չի՞ որ Ալավերդին էսքան տարում Եվրոպա չի դարձել: Բա հավաքվեք քաղաքի խնդիրներն էլ սենց լուծեք էլի, տներում նստած կոմենթ գրելու տեղը մի բանով էլ դուք օգուտ տվեք ձեր քաղաքին: Ոչ թե կիկոս արեք..քաղաքապետը ավտո ա առնում, էսքան միլիոն, էնքան միլիոն: Էսքան գրողների մեջ գոնե 10 հոգին քաղաքապետի ավտոն լավ ա ճանաչում ու հաստատ գոնե մի անգամ տեսած կլնեն, որ ինչ աշխատում ա, իրա ավտոն ա քշում: Էս խելացիներից ոնց չլնի մի 5 հոգին էլ կիմանա որ քաղաքապետը Երևանում տուն վաղուց ունի: Բայց էս ամեն ինչը մի կողմ ժողովուրդ ջան: Մի կոմենթում գրած էր որ բարեկամներին կրճատի բյուջեն էլ ավելցուկ կտա: Ինչքան գիտեմ աշխատող բարեկամ ու հարազատ չունի, բայց կրճատումներ որ անի շատ լավ կանի: Ահագին մարդ կա որ ժամկետանց են վաղուց, մի մասն էլ թոշակի տարիքը վաղուց անցած բայց աշխատում են ու խոսքս մենակ քաղաքապետարանի մասին չի, նույն գրադարանում էլ երաժշտականում էլ, մանկապարտեզներում էլ լիքն են տենց մարդիկ: Այ որ մի քիչ դրանցով զբաղվի, բյուջեն կարող ա ավելցուկ չտա, բայց մի քիչ բալանսի կգա:
Ինա
Լարիսա ջան քաղաքապետը հաստիքներով զբաղվումա որ տենց հարցեր ես տալիս, դրանով Ֆշիկնա զբաղվում իրան հարցրու տենանք մարդիկ ինչի են ուզում առանց աշխատավարձի աշխատեն:
Սպարտակ Ալեքսանյան
ափսոս որ քաղաքապետի մասին սենց վատ բաներ են գրում,էն մարդու մասին որ էսդքան բարիա,էդքան աշխատող,շատ եմ ափսոսում,բայց մյուս կողմից էլ հասկանում եմ են մարդականց ովքեր անարդարություն են տեսնում,տեսնում են թե անպետք խորհրդականն ու մնացած անպետք աշխատողներն ինչպես են ուտում մեր համայնքի փողերը
Աշխեն
Սրանք անուղղելի են,փոխանակ իրանց սխալը հասկանան ու ընդունեն,դեռ մի հատ էլ ձեռ են առնում մարդկանց,իրանք հայրենասեր մեռնում են,մենք էլ էս երկրի ու քաղաքի թշնամին ենք,անամոթանալուն պտի սահման ըլնի:
Գրիշ
Գլուխդ պատովն ես տվել, որ դու ես ալավերդին: Ուրեմն մենք մեր 55 հազար դրամ աշխատավարձից, որով հազիվ գոյատևում ենք, պտի է քամիների վնասն էլ հատուցեինք, հա, այ դեբիլ: Բայց մոռացել ես Ակների ջրագծի համար քաղաքապետիդ լափած 20 մլն. դրամի վնասն էլ մեր ողորմելի աշխատավարձից պահանջես: Ակները ջուր ստացավ բոլ-բոլ: Երկու դեբիլ խորհրդական է պահում 200 հազար դրամ աշխատավարձով , դե թող կրճատեր էլի: Ներողություն մի 70 մլն.դրամ փող էբյուջեից ծախսում է աղբահանության համար, , պտի գնայինք փողոցները մաքրեինք, որ էդ էլ համփ աներ: Բա սադը: Վայ Ձեր տերը մեռնի հա: քաղաքի վերջն ա
Aram
Այ մարդ նոր քաղաքապետա դեռ չի հասցրել աշխատի,մենակ Երևան հասցրելա մի տուն առնի, թողեք իրա գործերը անի նոր կմտածի քաղաքի մասին
Գոհար
Խայտառակությունա կատարվում,մարդկանց շանտաժով գոյության միջոցից զրկելով հլա դեռ խելք են շանց տալի, էդ ոնցա խելքներդ չհասավ ձեր աշխատավարձը 2ամսով կտրեք,թե մեզանից օգտակար գործ եք անում:Ամոթա,սա անելու բան չի,մտացեք ու ձեր վրա պատկերացրեք մեր վիճակը:
Մանե
,,ՆՈՐ ՇՈՒՆՉԱ,, ՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔՍ,ԲԱՅՑ ՑԱՎՈՔ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ
Սերգո
Բոլոր վայրահաչներին՝ ձեր տգիտությունն ու բազարի կնիկությունը էստեղ մի ցույց դրեք, լաչառությունով չի, նախ ոչ մեկը ավտոմեքենա չի առել, երկրորդ եթե առնեն էլ պիտի առնեն ֆոնդային բյուջեով, եթե փող լինի ֆոնդային բյուջեում, միայն ֆոնդային բյուջեով, իսկ աշխատավարձները և մանկապարտեզների ծախսերը կատարվում են միայն վարչական բյուջեով, վարչական բյուջեով միայն և շատ երազելով անգամ հնարավոր չէ ֆոնդային բյուջեում միլիարդներ ունենալու դեպքում անգամ աշխատավարձ տալ կամ սնունդ առնել մանկապարտեզների համար: կարող են միայն հիմնական միջոցներ գնել կամ նորոգումներ ու շինարարություն անել, պարզա?: Սա մեկ, երկրորդ էս թունավոր թարախապալարները, որ սաղ կյանքում միայն թալանելուն են սովորել, խիստ էրված վառված են, որ փորձ է արվում կարգ ու կանոն սահմանել քաղաքում, որ թալան չլնի, ատկատ չլնի, մեկը տասի գնով քաղաքապետարանի վրա ապրանք ծախել չլնի, հիմա էս մարդիկ իրենց թարախը սրա նրա վրա (մեղա աստծո էս խոսքի համար), խաղաղվեք ամեն ինչ ձեր ջգրու լավա ըլնելու:
Աշխեն
Ստրկատիրական կարգերում ստրուկներին գոնե օրը 3 անգամ սնունդ էին տալի,իսկ հիմա ուլտիմատում են դնում՝ կամ անվճար աշխատեք կամ էլ դիմում գրեք հեռացեք:Իրանց ճող կաբինետների ու պադավատների ծախսերը թող կրճատեն,ոչ թե մարդկանց հացի փողը:Սենց ղեկավարներին աշոտյան անելա պետք:
ք.դ
իբր մի շատ փող են ստանում հիմա էլ չեն ուզում հա ստանան? պարզապես ստիպված են էտ մարդիկ որ ասում են որովհետև կամ - կամ հարց էք դրել առաջները դրա համար էլ էտ վիճակնա: տենաս էտ հրաշք օրինագծի համար ինչ մեդալիա արժանանալու էս օրենքի հեղինակը; թե պաշտոնի բարձրացում ու էլի ինչ ուզի էն էլ անի բեզպռիդելի նման քվոտա կստանա: հա? երևի ըտենց մի բան կա էն 16 միլիոնանոց մեքենաները որ քիչ գումարով առնեիք , գերազանց կլիներ ու էս մարդկանց սենց փաստի առաջ չեք կանգնացնի: ով ա էս նախագծի հեղինակը մի հատ լիմոնադով գլխին տանք: վաղն էլ կասեք տներներիցտ գնացեք ուր ուզում էք մի աննորմալ բան էնք որոշել գեղի հարսներով: էս ուր էս գնում ալլահվերդի կանգնի իջնողներ կան: մի գուցե անունը փոխեք մի լավ բան ստացվի: ալավերդին գա իրա առաջվա տեսքին թե դժվար հարամածա արդեն ապականած թու
Վարդուհի
Քաղաքապետի աշխատավարձը ամենաբարձն է, թող 6 ամիս չստանա,մի քանի բարեկամ-ազգական էլ հաստատ կունենա քաղաքապետարանում աշխատող,դրանցն էլ կրճատի:Կարող ա ավելցուկ բյուջե ստացվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter