Կիրակի, 23 սեպտեմբերի

«Փյունիկը» հաղթեց, սակայն դուրս մնաց հետագա պայքարից (լուսանկարներ)


Գագիկ Աղբալյան

Այսօր հայկական երեք ֆուտբոլային ակումբներ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներն անցկացրին։

Երեւանի «Փյունիկն» ընդունել էր Ջիբրալթարի «Եվրոպային», որին առաջին խաղում պարտվել էր 0։2 հաշվով։

Սարգիս Հովսեփյանի սաները խաղի սկզբից փորձեցին նախաձեռնությունը պահել իրենց ձեռքերում, սակայն դարպասապահ Գոռ Մանուկյանի կոպիտ սխալի արդյունքում առաջինը գոլ ընդունեցին։ Նման զարգացումից հետո «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու համար պարտավոր էր հաղթել արդեն երեք գնդակի առավելությամբ։

Առաջին խաղակեսի 25-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը հաշիվը հավասարեցրեց։ Երկրորդ խաղակեսում երեւանյան թիմը մի քանի գլուխ բարձր էր Ջիբրալթարի իր մրցակիցներից, սակայն առավելագույնը, որ հաջողվեց իրականացնել, եւս մեկ գոլ խփելն էր։ Այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ Մինասյանը։

Հիմնականում պատանի ֆուտբոլիստներից կազմված «Փյունիկի» 2։1 հաշվով հաղթանակը թիմին ոչինչ չտվեց։ Հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստացավ «Եվրոպան»։

Հետխաղյա ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտարարեց, որ հրաժարական է տալու, քանի որ չի կատարել ակումբի ղեկավարության առաջադրանքը։ «Չկարողացա կատարել աաջադրանքը, եւ հիմա պետք է գա մեկը, ով ավելի լավ կկարողանա ղեկավարել թիմը: Այս պահին ես այսքանը կարողացա անել»,-ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Հրաշք կարող էր գործել Հայատանի գավաթակիր, Երեւանի «Բանանցը», որը Կիպրոսում խաղաց կարգով բարձր «Օմոնիայի» հետ։

Երեւանյան խաղն ավարտվել էր կիպրոսցիների՝ նվազագույն հաշվով առավելությամբ։ Պատասխան խաղի հիմնական ժամանակում «Բանանցը» կատարեց նվազագույն խնդիրը․ Ացամազ Բուրաեւը հաշիվը դարձրեց 0։1՝ հօգուտ «Բանանցի»։ Սակայն լրացուցիչ երեսուն րոպեների ընթացքում «Օմոնիան» չորս գոլ խփեց եւ անցավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ։     

Օրվա հերոսը Գյումրու «Շիրակն» էր, որ տնային խաղում հաղթահարեց վրացական «Դիլայի» (Թբիլիսի) արգելքը։ «Շիրակը» նույնպես առաջին խաղում պարտվել էր 1։0 հաշվով եւ, ինչպես «Բանանցը»՝ Կիպրոսում, խաղի հիմնական ժամանակի 90 րոպեներին մեկ գնդակի առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ։

Լրացուցիչ ժամանակում կողմերից որեւէ մեկը հաջողության չհասավ, եւ նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար։ Այստեղ «Շիրակը» հաղթեց 4։1 հաշվով եւ հաջորդ փուլում խաղալու իրավունք ստացավ։

Այսպիսով, հայկական երկու թիմեր՝ «Շիրակը» եւ Երեւանի «Ալաշկերտը» շարունակում են իրենց պայքարը եվրոգավաթների խաղարկությունում։ «Ալաշկերտը», հիշեցնենք, հուլիսի 12-ին Թբիլիսիում կհյուրընկալվի տեղի «Դինամոյին»։


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։