HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Լրատվամիջոցներին պակասում է համերաշխությունը

Հարցազրույց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվի հետ

Պարոն դեսպան, ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայաստանից:

Պարգեւներից բացի՞ (ժպտում է): Ինչ-որ բան սկսած լինելու զգացմունք է: Բայց դեռեւս ահագին բան կա անելու: Մեկ-երկու շատ լավ ձեռքբերումներ կան 3.5 տարվա ընթացքում: Այսինքն՝ հիմքը դրված է, ընդհանուր շրջանակը` որոշված, բայց դեռ ահագին բան կա անելու:

Ես նման պատասխան չէի ակնկալում, ես ուզում էի իմանալ, թե Ռոյ Ռիվը ոչ որպես դեսպան ինչ է թողել այստեղ եւ ինչ է տանում: Քաղաքականությունից, դիվանագիտական պատասխաններից բացի:

Շատ դժվար է տարանջատել անձը եւ մասնագիտությունը, որովհետեւ 35 տարուց ավելի է` դիվանագիտական աշխատանքի եմ եւ երբեւէ անձնական տեսանկյունից չեմ նայել հարցին: Սխալ է, երբ իմ պաշտոնում գտնվող մեկը զգացմունքորեն վերաբերվի խնդրին, երկրին, որտեղ աշխատում է: Դու պետք է մի կողմ կանգնես, պետք է պայքարի մաս չդառնաս, որպեսզի լավագույնս նպաստես գործին: Իհարկես, ես սիրել եմ Հայաստանը եւ հավանում եմ այստեղի մարդկանց: Լավ ժամանակ եմ անցկացրել այստեղ: Բայց ինձ համար հիմնականը իմ գործն է եղել: Դրա համար եմ ես այստեղ:

Լավ, ինչն եք սիրել այս երկրում. ջուրը, օդը, արեւը, եղանակը:

Ցուցակը, իհարկե, մեծ է, բայց քանի որ այստեղ ծով չկա, ինձ ինչ-որ բան էր պակասում, քանի որ սիրում եմ սուզվել: Ես շատ ուրախ եմ, հաճելի ժամանակ եմ անցկացրել այստեղ: Ինձ դուր է գալիս բնությունը, մարդիկ, բայց ես դրա համար չեմ այստեղ:

Կարո՞ղ է Վրաստան եք գնում սուզվելու համար:

Մտածում եմ դրա մասին: Ես փոքր նավակից տեղափոխվում եմ մեծ նավ:

Հանգստյան օրերին ինչո՞վ էիք զբաղվում:

Քիչ ժամանակ եմ ունեցել, որ ճամփորդեմ, բայց երբ ունեցել եմ, գնացել եմ Դիլիջան: Շատ եմ հավանում, որովհետեւ այն Կովկասում ամենանմանն է Ուելսին:

Ձեր այստեղ գտնվելու ընթացքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:

Այն փաստը, որ բոլորը գիտեն, որ մենք այստեղ ենք եւ ինչ կարող ենք անել, ինչով կարող ենք օգնել: Մենք աշխատում ենք բոլորի հետ, փորձում ենք օգնել, աջակցել բոլորին այս կամ այն հարցերում:

Ձեր գրասենյակը Ա1+-ի կապակցությամբ տարբեր ժամանակներում հայտարարություններ է անում, բայց որեւէ բան չի փոխվում: Ձեր կազմակերպությունը գուցե հեղինակություն չունի՞ մեր երկրում, եւ դա՞ է պատճառը, որ չի ազդում։

Դա անհավանական է հնչում։ ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի կամ Եվրամիության պես կազմակերպությունների հավաքական ազդեցությունը պրոբլեմների վրա ուշադրություն հրավիրելով` այստեղ փոփոխություններ առաջացնելն է։ Նկատի ունեմ, որ մենք մահակ կիրառող չենք։ Մենք աշխատում ենք համոզելով, դիվանագիտությամբ։ Բայց մեր միասնական ջանքերն ի վերջո փոփոխությունների կհանգեցնեն։ Դրսի ոչ մի ուժ նման ազդեցություն չի կարող ունենալ ինքնավար պետության վրա։ Արդյունքն այն է, որ եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրոպական կառույցներին, նրա համար այդ գործընթացը գնալով ավելի է դժվարանալու։ Նույնիսկ կարող են զրկել անդամակցությունից։ Հայաստանն ու նրա ժողովուրդը պետք է ընտրեն իրենց ճանապարհը, իրենց տնտեսության, հասարակության զարգացման ուղին։ Ուրիշ ոչ մեկը չի կարող դա անել։ Մենք կարող են աջակցել, ուղենշել, խորհուրդ տալ, բայց Հայաստանն ինքը պետք է ընտրի իր ապագան։

Ինչ-որ պահի մտածում եմ, որ Ձեր հայտարարույթուններն իսկապես ավելորդ են եւ ոչ մի բանի վրա չեն ազդում, ընդհակառակը, վատ ներգործություն են ունենում: Մանավանդ որ այդ հայտարարություններից հետո հակառակ ռեակցիա է լինում:

Հայաստանը ԵԱՀԿ անդամ է եւ որոշակի պարտավորություններ է ստանձնել, հետեւաբար եւ պետք է կատարի դրանք։ Դա այդպես է Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, յուրաքանչյուրի համար։ Մեր դերն է հրապարակայնացնել եւ ցույց տալ չկատարված պարտավորությունները։ Դա է ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, Եվրամիության դերը։ Մենք ունենք սկզբունքներ, եւ եթե անդամ պետությունները չեն հետեւում դրանց, հետեւում է ճնշումը։

Դուք շատ եք շփվում հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ է պակասում նրանց, ի՞նչն է լավ կամ ի՞նչն է վատ:

Համերաշխությունն է պակասում: Պետք է ջարդել մի քանի լրագրողական կազմակերպությունների միջեւ առկա մերժողական վերաբերմունքը եւ միասին ձայն բարձրացնել մասնագիտական կարեւոր խնդիրների համար։ Պետք է միասին լինեն, քանի որ մյուս կողմի համար շատ հեշտ է նրանց մասնատելը։ Այնուհետեւ, նրանք պետք է անցնեն բողոքի պայքարի։ Դուք պետք է պատրաստ լինեք խոսելու եւ ընդդիմությանը եւս ներգրավելու քննարկումների մեջ՝ առանց մի կողմ քաշվելու։ Առաջին պրոբլեմը ԶԼՄ-ի սեփականատերերի խնդիրն է։ Ընդհանրապես, դա ամբողջ աշխարհում տարածված խնդիր է։ Երկրորդը լրագրողական էթիկայի խնդիրն է։ Բոլորը պետք է ներգրավվեն օրենքների մշակման, քննարկումների գործընթացում: Դուք չեք կարող բոյկոտել, մի կողմ քաշվել։ Վերցնենք մի օրինակ. «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» առնչվող բոլոր դատական գործընթացները իշխանությունների ձեռքին արդյունավետ գործիք էին խնդիրը մեկ տարի հետաձգելու համար։ Բայց այդպես չէր լինի, եթե բոլորն իրենց ջանքերը միացնեին եւ գործեին միասին։ Կարծում եմ` «Ա1+»-ի հարցն այդ պարագայում ավելի շուտ կարելի էր լուծել։

Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում Ձեր նշած խնդիրները լուծելու, ինչ-որ ճանապարհ կա՞:

Մենք արդեն պայմանավորվածություն ունենք աշխատելու օրենսդրական փոփոխությունների վրա, որը շատ պրոբլեմների հիմքն է։ ԶԼՄ-ը պետք է միավորվեն մեկ միասնական թիմում, որպեսզի հասնեն այդ նպատակին։ Դա նշանակում է նստել նույն սեղանի շուրջ այն մարդկանց հետ, որոնց նույնիսկ չեք սիրում, չեք վստահում, կամ կասկածում եք։ Պետք է անեք դա, հակառակ դեպքում` երբեք առաջ չեք գնա։

Ես ինքս դեմ եմ այդ օրենքներին, կոնկրետ մամուլի մասին օրենքին, որովհետեւ դրանով մեր գլխին նոր փորձանք ենք բերելու:

Հենց Ձեր այս վերաբերմունքն է իմ կարծիքով հանգեցրել այն վիճակին, որում հիմա հայտնվել են ԶԼՄ-ը: Օրենքը, միեւնույնն է, կընդունվի, քանի որ դա Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորություններից մեկն է։ Հիմա եթե ընդհանրապես չմասնակցեք պրոցեսին, ապա վատ օրենք կընդունվի։ Եթե մի կողմ քաշվեք ու բոյկոտեք, փաստորեն դուք էլ մեղավոր կլինեք վատ օրենք ընդունելու մեջ։ Ես գիտեմ, որ կա այդպիսի դառը փորձ, երբ ձախողվել է, բայց միեւնույնն է, պետք է նորից փորձել: Դա առաջ շարժվելու միակ ձեւն է։ Չարժե նստել մի կողմում եւ մեղադրել բոլորին սխալների համար։

Այստեղ օրենքի խնդիրը չէ։ Ուղղակի օրենքները չեն գործում Հայաստանում: Մենք փայլուն օրենքներ ունենք, բայց դրանք չեն գործում: Միջազգային կազմակերպությունները արդեն նման օրենքի վրա աշխատել են: Վերցնենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, դա հենց Ձեր նշած համագործակցությամբ է ստեղծվել. միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպություններ եւ կառավարություն: Եւ մենք գիտենք, թե դա ինչ օրենք է: Հիմա էլ «Մամուլի մասին» օրենքը, ոչ բանիմաց փորձագետներ են գուցե եղել, չգիտեմ:

Միակ բանը, որ կարող են անել միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է։ Եւ երկրորդը՝ համակարգելը։ Բայց եթե միայն մի կողմը մասնակցի այս գործընթացին, ասենք` միայն կառավարությունը կամ միայն Ազգային ժողովը, ապա անիմաստ է։ Եւ դուք կունենաք օրենքներ, որոնց արժանի եք դրանց մշակմանը չմասնակցելով։ Միջազգային կազմակերպությունները չեն կարող պարտադրել օրենքներ կամ լուծումներ ազգային կառավարություններին։ Մենք կարող ենք ավելի լավ ուղիներ ցույց տալ եւ աշխատել, որ դրանք հասանելի լինեն։ Դա կիրականանա, եթե բոլոր շահագրգիռ կողմերը մասնակից դառնան։ Սա ոչ թե հեղափոխության, այլ մասնակցության կոչ է:

Մենք անընդհատ կոռուպցիայի փաստեր ենք հրապարակում, բայց ոչինչ չի փոխվում, այդ օրենքը մեզ ի՞նչ պետք է տա, մենք որեւէ ազդեցություն չունենք: Լրատվամիջոցները հեղինակություն, ազդեցություն չունեն: Իմ կարծիքով, ավելի շատ սրա մասին պետք է մտածենք: Այսինքն՝ երբ հրապարակում ենք, թե վարչապետն այսքան փող է վերցրել, ինչ-որ մեկը դրանով պետք է զբաղվի:

Լիովին համաձայն եմ: Ներկայումս դուք չունեք հակակոռուպցիոն օրենսդրություն։ Նաեւ չունեք հատուկ մարմին, որը կզբաղվի կոռուպցիայի դեպքերով։ Մեր հանդիպման ժամանակ Նախագահ Քոչարյանն ինձ վստահեցրել է, որ ինքն անձամբ կհետեւի, որպեսզի սեպտեմբերին ներկայացվի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Տեսնենք՝ աշնանն ինչ տեղի կունենա: Ճիշտ է, կարող ենք գրել եւ ընդունել ամենակատարյալ օրենքները, սակայն խնդիրը օրենսդրության կիրառումն է։ Եւ դա Հայաստանի հասարակության եւ ոչ թե միջազգային կազմակերպությունների պարտականությունն է հետեւել կառավարության գործողություններին։ Մենք կարող ենք ձեզ աջակցել միջոցներով, խորհրդատվությամբ, տեխնիկայով` դա անելու համար։ Դուք պետք է փոխեք։ Եւ, վերջապես, դուք եք ընտրել ձեր կառավարությունը, անկախ նրանից՝ ձեր կածիքով ընտրությունները թափանցիկ ու արդար էին, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter