Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մխիթարվենք Մխիթարյանով, կամ անդունդի երկու կողմերում


Ընթացիկ շաբաթը հայկական ֆուտբոլում իրադարձային էր, շատերը կասեն՝ պատմական: «Եվրո-2016»-ին զուգահեռ հայ ֆուտբոլասերների ուշադրությունը գամված էր երկու դրվագի՝ Հենրիխ Մխիթարյանի Անգլիա տեղափոխվելու եւ եվրոպական ակումբային մրցաշարարերում մեր թիմերի ելույթների վրա: Ու որքան էլ նշված երկուսը մեր ֆուտբոլի անբաժան մասն են, իրարից տարանջատված են անդունդով:

Անցած օրերին ավարտվեց Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը: Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը», հաղթահարելով անդորրական «Սանտա Կոլոմայի» արգելքը (0-0, 3-0), մտավ հաջորդ փուլ, որտեղ մրցելու է Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Փոխչեմպիոն Գյումրու «Շիրակն» էլ Եվրոպայի լիգայում սեփական հարկի տակ միայն 11 մ հարվածաշարի շնորհիվ անցավ վրացական Գորիի «Դիլային» (0-1, 1-0, 11 մ՝ 4-1): Երկրորդ փուլում գյումրեցիների մրցակիցը կլինի Սլովակիայի Տռնավա քաղաքի «Սպարտակը», որն ընդհանուր 6-0 հաշվով ջախջախել է Մալթայի «Հիբերնիանսին»:

Մեր ակումբային ֆուտբոլն այնքան տխուր վիճակում է հայտնվել, որ 2013/2014 մրցաշրջանից Հայաստանի չեմպիոնը խաղում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից (մինչ այդ մեր ներկայացուցիչը ներգրավվում էր երկրորդ փուլից): Բանն այն է, որ մեր երկրի ակումբային վարկանիշը, ինչը կախված է ակումբների ելույթներից, բավականին ընկել է, եւ 55 անդամ ունեցող ՈւԵՖԱ-ում այս առումով Հայաստանը վերջին տասնյակում է: Դրա պատճառով էլ երկրի չեմպիոնն իր ուղին սկսում է ամենաներքեւից՝ ընկերակցելով գաճաճ երկրներին:

Բայց ինչո՞վ ենք մենք տարբերվում նույն գաճաճներից, երբ չենք կարողանում թվացյալ առավելությունը նյութականի վերածել, ինչի հետեւանքով սղոցվում են մի ամբողջ ֆուտբոլային հանրության նյարդեր: Օրինակ՝ «Ալաշկերտը» եթե Անդորրայում մի լավ «ծեծած» (ֆուտբոլային իմաստով) լիներ փոստատարներին (գաճաճ երկրների հավաքականներն ու ակումբները կիսապրոֆեսիոնալ են, եւ ֆուտբոլիստների մեծ մասի հիմնական աշխատանքը լրիվ այլ է, անդորրացիներին էլ հաճախ փոստատարներ են անվանում), ապա Երեւանում այդքան նյարդեր չէինք քայքայի: Սիմուլյացիայի դիմելն ու հենց առաջին րոպեներից խոտածածկին թավալ գալն ու ժամանակ ձգելը «fair play»-ի՝ «արդար խաղի» կանոններից չի բխում, սակայն ի՞նչ կարող ես ասել մի թիմի, որի («Սանտա Կոլոմայի») գլխավոր մարզիչն արդարացնում է այդ մոտեցումը: Նման դեպքերում պետք է ուղղակի սառնասիրտ լինել, սեփական խաղը խաղալ եւ գոլերով ապտակել թույլ մրցակցին: «Ալաշկերտը» դա արեց, ինչպես գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կասեր, «ճզմեց» անդորրացիներին, չնայած վերջիններս բավականին խոցվել էին այդ բառից:

Գյումրվա հանդիպումն էլ ցույց տվեց, որ «Շիրակը» կարգով բարձր է Վրաստանի բրոնզե մեդալակիր «Դիլայից», սակայն անդորրացիների պես վրացիներն էլ ձգտում էին ամեն հպումից հետո ոտ ու գլուխ բռնած ընկնել գետնին եւ փորձել պահպանել առաջին խաղի իրենց հաղթանակը ընդհանուր դիմակայությունում:

Զգացվեց «Շիրակի» խաղացողների վարպետության պակասը հատկապես գրոհի եզրափակիչ փուլում. օրինակ՝ թե ինչպես խաղավերջում՝ 1-0 հաշվի ժամանակ, Դավիթ Հակոբյանը դարպասից մի քանի մետր հեռավորության վրա անհասկանալի ձեւով բարձր հարվածեց, այնինչ կարող էր հաշիվը դարձնել 2-0 եւ ցտեսություն ասել վրացիներին, որոնց երկրպագուներն իրենց անպարկեշտ էին պահել Գորիում՝ քարեր նետելով մեր ֆուտբոլասերների ավտոշարասյան վրա: Այդուհանդերձ, «Շիրակը» 11 մ հարվածաշարի շնորհիվ երկրորդ փուլում է:  

Կարելի է ասել, որ վատ հանդես չեկավ նաեւ գավաթակիր Երեւանի «Բանանցը», որը, սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվելով Կիպրոսի «Օմոնիային», հյուրընկալվելիս կարողացավ նույն 1-0 հաշվով հաղթանակ տանել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, սակայն կիպրական թիմի փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն իրենց վարպետության ու «Բանանցի» անփույթ պաշտպանության արդյունքում 30 րոպեում 4 գոլ խփեցին: Կարելի է համաձայնել երեւանցիների գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ, ով ասել է, թե տղաները մինչեւ վերջ նվիրվել են, բայց դա բավարար չէր:

Փաստն այն է, որ մեր ակումբային ֆուտբոլը այսօր շատ է հետ մնում կիպրականից: Կիպրոսի թե ֆուտբոլային ենթակառուցվածքները, թե շրջանառվող ֆինանսները երազանքի պես բան են մեր աղքատիկ առաջնության համար:

Բայց ի՞նչ ասել Հայաստանի 13-ակի չեմպիոն «Փյունիկի» մասին, որը, ինչպես ծաղրել էր երկրպագուներից մեկը, զիջեց զեյթուն հավաքողներին՝ Ջիբրալթարի գավաթակիր «Եվրոպային» (0-2, 2-1. շեշտենք, սակայն, «Եվրոպայի» խաղացողների գերակշիռ մասը իսպանացիներ են, չնայած ոչ բարձրակարգ): Հիմնականում 97-98 թթ. ծնվածներով համալրված բրոնզե մեդալակրի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն իրեն նախապես ապահովագրել էր, որ թիմի խնդիրների մասին տեղյակ է պահել ղեկավարությանը, սակայն վերջինիս որոշումն է եղել եվրոպական մրցաշարից առաջ չհամալրել թիմը, խաղալ սեփական կադրերով, ինչի արդյունքը տեսանք՝ «Փյունիկը» խայտառակվեց, Հովսեփյանն էլ հայտնեց իր հրաժարականի մասին: Հովսեփյանի ասելով՝ ներկա «Փյունիկը» ապագայի թիմ է, ֆուտբոլիստների աճը երեւալու է 1-2 տարուց, բացի դրանից՝ թիմի գլխավոր խնդիրը հավաքականի համար կադրեր պատրաստելն է: Լավ է, որ թիմի առաջատար պաշտպաններ Լեւոն Հայրապետյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, տեղափոխվել են Իրանի ու Կիպրոսի ավելի բարձրակարգ առաջնություններ, ինչից կշահի ազգային ընտրանին, սակայն փորձառուների պակասի կամ բացակայության դեպքում, երբ չկա  հատկապես գոլահար հարձակվող, գրեթե անհնար է պատկերացնել, թե թիմն ինչպես պիտի առաջ գնա, կամ թե ում կենդանի օրինակով պիտի սովորեն պատանի խաղացողները, բացի դրանից՝ նման ցավոտ պարտություններն ինչ հետք կթողնեն նրանց վրա:

«Փյունիկը» հանուն հավաքականի (եթե կարելի է այդպես ասել) փյունիկ թռչունի պես ինքակիզման է գնացել, բայց թե մոխիրից ինչ դուրս կգա, պարզ չէ: Երեւանյան խաղում վճռական եղավ ջիբրալթարցիների խփած գոլը, ինչը 23-ամյա դարպասապահ Գոռ Մանուկյանի կոպիտ սխալի արդյունք էր, բայց Հովսեփյանն ասում է. «Չեմ ուզում մեղադրել մեր դարպասապահին, այդպես էլ է պատահում»: Առնվազն տարօրինակ է. այդ գոլը թիմին զրկեց խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու հնարավորությունից ու գուցե մյուս փուլ դուրս գալուց: Այնինչ խաղից հետո Մանուկյանի դեմքին նայելիս դժվար էր կռահել՝ այս տղան զգու՞մ է մեղքի իր բաժինը, թե՞ նրա համար միեւնույնն է: Ավելի շուտ՝ երկրորդը: Եվ նա ազգային հավաքականի թեկնածու է:

Տպավորություն է, որ «Փյունիկը» թերագնահատել էր «Եվրոպային», այլապես այդքան անփույթ չէր գործի առաջին խաղում եւ երեւանյան հանդիպման սկզբում (պատասխան խաղում պարզ դարձավ, որ «Եվրոպան» անանցանելի պատնեշ չէ նույնիսկ պատանիների համար): Եվ այդ վերաբերմունքը հերթական տխուր վիճակագրության հիմք դարձավ:

2013/14 մրցաշրջան- Եվրոպայի լիգայում Գյումրու «Շիրակը» տանը 3-0 հաղթեց Սան Մարինոյի «Տրե Պենե» թիմին, սակայն անհամեմատ թույլ մրցակցից անպատվաբեր պարտություն կրեց դրսում 0-1 հաշվով: Դա այդ թիմի առաջին ու առայժմ վերջին հաղթանակն է Եվրոպայում (մնացած 9 խաղում թիմը նույնքան պարտություն է կրել):
2014/15- Չեմպիոնների լիգայում Հայաստանի չեմպիոն «Բանանցը» Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային» դրսում պարտվեց 0-1, իսկ տանը հաղթեց 3-2, սակայն հաջորդ փուլ անցան անդորրացիները, քանի որ մրցակցի դաշտում երկու գոլ էին խփել: Առաջին ու առայժմ վերջին անգամ այդ թիմը հաղթահարեց մեկ փուլ:
2015/16- Եվրոպայի լիգայում Երեւանի «Ուլիսը», որի մեծաթիվ լեգեոներներն արդեն մտովի այլ թիմում էին, հյուընկալվելիս 0-0 խաղաց Մալթայի «Բիրկիրկարայի» հետ, իսկ այստեղ պարտվեց 1-3:
2016/17- Եվրոպայի լիգայում «Փյունիկը» անակնկալ պարտություն կրեց «Եվրոպայից»՝ 0-2, իսկ տանը 2-1 հաշվով հաղթանակը բավարար չէր՝ երկրորդ փուլ մտնելու համար: Մինչ այդ «Եվրոպան» 4 խաղ էր անցկացրել եվրոպական ասպարեզում եւ բացառապես պարտվել էր՝ նույնիսկ գոլ չխփելով ու ընդունելով 13 գնդակ: «Փյունիկին» ջիբրալթարցիները խփեցին 3 գոլ ու մտան հաջորդ փուլ. իրականացած երազ:    

Ահա թե ինչպիսի հաճելի ու սպասված մրցակից ենք դարձել գաճաճ երկրների թիմերին: Ու ի՞նչ ենք սպասում, եթե մեր բարձրագույն խմբի առաջնությունում 2016/17 մրցաշրջանում խաղալու է ընդամենը 6 թիմ (առաջին խմբի 8 թիմերից 6-ն էլ նրանց դուստր թիմերն են): Այնինչ նույն Անդորրայի բարձրագույն խմբում հանդես է գալիս 8, իսկ Ջիբրալթարում՝ 10 թիմ:

2016/17 մրցաշրջանում մեր 4 թիմերը Եվրոպայում տարան 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղացին, 4 պարտություն կրեցին: Դա Հայաստանին բերեց վարկանիշային 7 միավոր (հաղթանակը գնահատվում է 2, ոչ-ոքին՝ 1): Քանի որ որակավորման փուլում են միավորները ձեռք բերվել, կիսվում են՝ 3,5, ինչն էլ բաժանվում է 4 թիմի՝ 0,875: Հենց այսքան միավոր կավելանա մեր երկրի ակումբային վարկանիշին այս պահի դրությամբ: Հուսանք, որ «Ալաշկերտն» ու «Շիրակը» դեռ որոշ ավելացումներ կանեն: 2015/16 տարում, օրինակ, հայկական թիմերը 1,625 միավոր հավաքեցին: Հիշեցնենք, որ երկրի ակումբային վարկանիշը կազմվում է վերջին 5 մրցաշրջաններում թիմերի ելույթներից, եւ հենց վարկանիշային դիրքով է որոշվում, թե երկիրը քանի թիմ է ներկայացնում եվրոպական մրցաշարերում, ու դրանք որ փուլից են սկսում մասնակցությունը: Այս պահին Հայաստանը որոշակի բարելավել է դիրքերը եւ 54 երկրների մեջ (չհաշված դեռեւս ելույթներ չունեցած ՈւԵՖԱ-ի նոր անդամին՝ Կոսովոյին) 48-րդից տեղափոխվել է 43-րդ տեղ: Բայց մյուս տարի մեկնարկող (2017/18) մրցաշրջանից առաջ ելակետային են համարվելու 2011/12-2015/16 թթ. արդյունքները, ըստ որի՝ մենք ունենք 4,125 միավոր եւ 48-րդն ենք: Տխուր է, բայց փաստ:

Անդունդից այն կողմ

Հայկական ակումբային ֆուտբոլին կարծես զուգահեռ՝ այլ իրականությունում կատարվեց մի տրանսֆեր, որն անչափ ուրախացրեց մեր երկրպագուներին: 2009-ի հունիսին «Փյունիկից» հեռացած Հենրիխ Մխիթարյանը 7 տարի անց՝ 2016-ի հուլիսի 6-ին, հայտնվեց Եվրոպայի ու աշխարհի գրանդ ակումբներից «Մանչեսթեր Յունայթեդում»: Վերջինս հայ կիսապաշտպանի համար Դորտմունդի «Բորուսիային» նախապես առաջարկել էր 24 մլն եվրո, բայց հիշենք, որ Հենոն 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդ էր տեղափոխվել 27,5 մլն-ով (սա՝ ըստ «Շախտյորի», իսկ եվրոպական մամուլի տվյալներով՝ 25 մլն-ով), բայց Գերմանիայում մեծ աճ էր գրանցել ու անցած մրցաշրջանում հենց Բունդեսլիգայի խաղացողների կողմից ճանաչվել լավագույնը: Ժոզե Մոուրինյոյի թիմն, ըստ գերմանական մամուլի, հետո առաջարկեց 42,5 մլն եվրո: Ըստ գերմանական «Sueddeutsche Zeitung»-ի` գործարքի գինն, ի վերջո, կազմեց 42 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 4 տարով՝ եւս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Հենրիխի տարեկան աշխատավարձը կկազմի 12,5 մլն եվրո, իսկ 8 մլն էլ կստանա հենց «ՄՅՈւ»-ն ընտրելու համար:

Մխիթարյանի կարիերան՝ ակումբները, խաղերը եւ գոլերը

«Յունայթեդը» ֆուտբոլի հայրենիք Անգլիայի ամենատիտղոսակիր թիմերից է. երկրի 20-ակի չեմպիոն է (երկրի ռեկորդ), 12-ակի գավաթակիր (ռեկորդի կրկնություն), 4 անգամ շահել է Անգլիայի Լիգայի գավաթը, 3 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը, 1-ական անգամ ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը, Սուպերգավաթը, Միջմայրցամաքային գավաթը, մեկ անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն: Այս մրցանակներով «կարմիր սատանաներն» անհամեմատելի են Դորտմունդի «իշամեղուների» հետ:

Դեռ 2013-ին Հենրիխը «Շախտյորից» կարող էր տեղափոխվել Անգլիա՝ «Լիվերպուլ», բայց ավելի համառ էր «Բորուսիան»: Մխիթարյանի տեղափոխությունը Գերմանիա ճիշտ էր նրանով, որ անցումը ուկրաինական ֆուտբոլից արեւմտաեվրոպական թոփ հնգյակ (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) սահուն կատարվեց (տես «Ապահովել տեղ հիմնական կազմում»): Իր խաղաոճով եւ ունիվերսալությամբ նա արագ համակերպվեց Յուրգեն Կլոպի թիմին, ապա Թոմաս Տուխելի օրոք դարձավ Եվրոպայի լավագույն ասիստենտներից մեկը՝ վերջին մրցաշրջանում թիմում խփելով 23 գոլ, կատարելով 32 գոլային փոխանցում:

Այժմ եկել է ժամանակը, երբ Մխիթարյանը պիտի էլ ավելի թրծվի անգլիական ֆուտբոլում, որտեղ թույլատրելի կոշտությունը մի փոքր ավելի է, քան Գերմանիայում: Որոշակիորեն տարբեր է նաեւ խաղաոճը՝ հայտնի բրիտանական ֆուտբոլը. եզրային անցումներ եւ երկար փոխանցումներ դեպի մրցակցի տուգանային հրապարակ, օդային պայքար, գլխով գրագետ խաղ անկյունային եւ տուգանային հարվածների ժամանակ: Անշուշտ, պորտուգալացի «Յուրահատուկը»՝ Մոուրինյոն, ունի իր ոճը՝ խաղ պաշտպանությունից, բայց Ժոզեի թիմերը, ամուր թիկունք ունենալով, երբեք ագրեսիվության պակաս չեն ունեցել: Ընդ որում՝ մանչեսթերցիների կազմը համալրել է աշխարհամասի լավագույն ռմբարկուներից մեկը՝ Զլատան Իբրահիմովիչը, ինչը «ՄՅՈւ»-ի գրոհային թափը կբազմապատկի: Հենրիխի ունակությունները Մոուրինյոն շատ լավ ուսումնասիրել է եւ նրան ներկայացնելիս շեշտել թիմային խաղացող լինելը, տաղանդը, գոլային հոտառությունը:    

Հավաքականի ապագան

Հայաստանի հավաքականը, բոլոր ֆուտբոլիստների հանդեպ հարգանքով հանդերձ, մեծ հաշվով մեկ հոգու թիմ է, այսինքն՝ թիմ, որտեղ կա մի աստղ, իսկ մյուսները համախմբված են նրա շուրջ: «Եվրո-2016»-ում այդպիսին էր համարվում Գարետ Բեյլի Ուելսը, չնայած դրանում կա նաեւ Աարոն Ռեմզիի նման խաղացող, առանց որի Բեյլի խաղը պորտուգալացիների դեմ չստացվեց: Մենք չունենք քիչ թե շատ որակով ներքին առաջնություն, պետության աջակցությունը ֆուտբոլին զրոյական է, պաշտոնյաների դերը սահմանափակվում է մարզադաշտի հատուկ օթյակում նստելով, իսկ մերոնց գոլ խփելու դեպքում՝ երեխայի նման հրճվելով: Բայց այդ հրճվանքը մշտական դարձնելու գործը կամ դրա փորձը ամբողջությամբ այն մարդկանց վրա է, ովքեր այսօր ակումբներ են պահում:

Մյուս կողմից՝ 20-30 հոգու հավաքագրելով երկար ճանապարհ չես գնա (կդառնաս, օրինակ, «Երեւան Յունայթեդ». ֆուտբոլասերները երեւի կհիշեն այս ակումբը), պետք է սեփական ենթակառուցվածքներ ունենաս՝ մարզադպրոց, ինչու չէ՝ թեկուզ վարձակալած մարզադաշտ, մանկապատանեկան թիմեր, երիտասարդական եւ վարպետ թիմ, որոնք կխաղան առաջին եւ բարձրագույն խմբերում: Այս ամենը ստեղծելու եւ պահելու, մարդկանց վարձատրելու համար հսկայական ռեսուրսներ են պետք, ինչի տակից դուրս գալը շատ դժվար է, եւ ակումբի սեփականատերը կամ բաժնետերերը Հայաստանի տնտեսական ներկա վատթար պայմաններում ֆինանսավորումը պիտի ապահովեն իրենց այլ բիզնեսների հաշվին, որովհետեւ թիմերն ինքնաբավ չեն: Եվրոպական մրցաշարերից ստացած մի քանի հարյուր հազար եվրոները, բնականաբար, շոշափելի օգուտ են ակումբներին, բայց եւ արագ սպառվում են: Չկան գովազդից ստացվող եկամուտներ, եթե մի երկու թիմի մարզաշապիկին գովազդ էլ կա, ապա դա նրա տիրոջ մեկ այլ ընկերության ապրանքանիշն է: Այնինչ այս ամենը լրիվ այլ՝ պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դրված Եվրոպայում: Իսկ Հայաստանում, ստացվում է, ֆուտբոլային թիմ պահելն արկածախնդրության պես բան է:

Այս պայմաններում մեր ընտրանու համար ելքը տեղի ֆուտբոլիստներին արտասահմանյան ավելի որակյալ առաջնություններ ուղարկելն է: «Եվրո-2016»-ի հայտնություններ Ուելսի, Իսլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի եւ Ալբանիայի հայտացուցակներում չկային ներքին առաջնություններում խաղացողներ՝ բացառությամբ ալբանացի պահեստային երկու դարպասապահների: Այս պահին Ուելսն ու Հս. Իռլանդիան ակումբային մակարդակով մեզնից ավելի ցածր վարկանիշ ունեն, փոխարենը Բեյլի թիմը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, հասավ մինչեւ կիսաեզրափակիչ: Ահա թե որքան մեծ կարող է լինել անդունդը ներքին առաջնության եւ ազգային հավաքականի միջեւ: Հենրիխ Մխիթարյանի հերթական շռնդալից տեղափոխությունը եւ վերջին տարիներին գաճաճ երկների թիմերից մեր ակումբների շարունակական պարտությունները այդ անդունդի խորացման լավագույն ապացույցն են:  

Առաջին լուսանկարում՝ Հենրիխ Մխիթարյանը «կարմիր է», «Եվրոպայի» ֆուտբոլիստը մխիթարում է փյունիկցի Արթուր Քարտաշյանին

Լուսանկարները՝ «Հետքի», manutd.com-ի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։