HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Բոլոր նրանց համար, ովքեր բացակա են... մասնավորապես` Սիդի»

Բրայըն Համֆրիսը նոր ձայնագրված երգի վերջին միքսերն էր կարգի բերում, երբ նկատեց, որ ստուդիայի բաց դռնից ներս մտավ մի տարօրինակ մարդ՝ լուռ, անթարթ հայացքով նայելով հաջորդ երգի ձայնագրությանը պատրաստվող տղաներին:

1975թ. հունիսի 5-ն էր: Հանրահայտ «Abbey Road» ձայնագրման ստուդիայում «Փինք Ֆլոյդի» («Pink Floyd») անդամները գերլարված աշխատում էին խմբի 9-րդ ստուդիական ալբոմի համար: Երբ նա ներս մտավ, ամեն մարդ, այդ թվում խմբի երաժիշտները, մի քանի րոպե ապշահար նրան էին նայում, քանի որ ոչ ոք սկզբում չճանաչեց տարօրինակ տեսքով երիտասարդին: Նա փոքր-ինչ անհամաչափ գեր էր, ամբողջովին սափրել էր գլուխը, նույնիսկ՝ հոնքերը և շարունակում էր նրանց՝ հատկապես կիթառը ձեռքին նստած Գիլմըրին նայել սառը, անթարթ հայացքով: Հետո, երբ նա վերջապես կոտրեց այդ տարօրինակ լռությունը իր՝ «Շատ լավ, ուրեմն ե՞րբ եմ կիթառս գործի դնելու» հարցով, ամեն ինչ պարզ դարձավ նրանց համար: Հասկանալի, բայց միևնույն ժամանակ ծանր մի բան պարզվեց այդ պահից հետո. ասես ինչ-որ մեկը վերևից անսպասելիորեն սառը ջուր լցրեց նրանց տագնապած ու անորոշության մեջ ծանրացող մտքերին:

Այդ տարօրինակ արտաքինով երիտասարդը Սիդ Բարեթն էր՝ լեգենդար խմբի հիմնադիրը, սիրտը, հոգին, միտքն ու ուղղություն տվողը, նա, ով ուղենիշ ու խորհրդատու եղավ նրանց համար ոչ միայն խմբից հեռացվելուց, այլև նույնիսկ մահվանից հետո:

Նա համարվում է ռոք երաժշտության մեջ փսիխոդելիկ ուղղության հիմնադիրներից մեկը:

Երաժիշտ, երգիչ, երգահան, նորարար, պոետ, նկարիչ, ում առավել շատ հիշելու են որպես «Pink Floyd» ռոք խմբի հիմնադիր անդամ, առաջատար երգիչ և կիթառահար: Հենց նա էր խմբի անվանման և առաջին տարիների ստեղծագործությունների հիմնական հեղինակը, գործիքավորողը, ոճական ուղղության գլխավորողն ու, առհասարակ, խմբի ոգին, շարժիչ ուժը: 1965թ. ստեղծված խումբը երկու տարվա ընթացքում մեծ հաջողություններ ունեցավ: Բարեթի անսովոր, բայց անսահման հետաքրքիր մոտեցումն իր հետքն արդեն գծում էր խմբի հետագա ընթացքի վրա: Նրա խոհափիլիսոփայական բանաստեղծությունները, միախառնվելով Ռոջեր Ուոթերսի երևակայական, միստիկ երաժշտական էֆեկտների հետ, հիպնոսի նման կլանում էին ունկնդիրներին՝ տեղափոխելով բոլորովին այլ մոլորակից հնչող և նրա աներևակայելի խորքերը տանող մի տարածության մեջ: Խումբը ակումբային միջավայրից շատ արագ տեղափոխվեց ձայնագրման ստուդիաներ, ապա՝ մեծ համերգասրահներ, որտեղ արդեն երաժշտության նոր ալիքն առավել մեծ տարածություններ սկսեց ալեկոծել:

«Pink Floyd»-ի հաջողությունները, սակայն, կարծես ուղիղ համեմատական էին դառնում Բարեթի առողջությանը: Նա կախվածություն ուներ թմրադեղերից, ինչը գնալով ավելի ու ավելի էր խորանում: Բարեթի ստեղծագործական ներքին մղումները, երևակայական անսպասելի ու հետզհետե ավելի հանելուկային դարձող աշխարհի հակադրությունն իր իրականության հետ ի վերջո նրան հոգեկան անկայունության հասցրեց: Նա համերգներին սկսեց հայտնվել տարօրինակ տեսքով և պահվածքով, հաճախ րոպեներ շարունակ չկարողանալով կենտրոնանալ՝ որտե՞ղ է հիմա և ի՞նչ է ուզում: Այս ամենն ի վերջո հանգեցրեց նրան, որ 1968թ. Սիդ Բարեթը հեռացվեց խմբից:

«Pink Floyd»-ի իր նախկին գործընկերները տարբեր առիթներով  խոստովանել են, որ դա շատ ծանր փուլ է եղել նրանց համար, Բարեթի հեռացման որոշումը ընկերները շատ դժվար են կայացրել, բայց ստիպված էին անել, այլընտրանք չկար: Նրա հեռացումից հետո էլ, տարիներ անց Բարեթի խորհրդավոր ներկայությունը շարունակում էր մնալ խմբում: Այս տաղանդավոր երիտասարդի անբացատրելի կերպարը խոր հետք է թողել նրանցից յուրաքանչյուրի կյանքում և ստեղծագործության մեջ՝ շարունակելով ուղղորդել նրանց ու արտահայտվել հետագա գործունեության մեջ: Բարեթի՝ վաղաժամ հանգչող աստղային կյանքին են նվիրված խմբի լավագույն երգերից մի քանիսը:

Տեսնելով ընկերոջն այդ սարսափելի վիճակում՝ Ուոթերսն իրեն ահավոր վատ զգաց, ինչպես ինքն է զրույցներից մեկում նշում՝ «սիրտն ասես կտոր-կտոր եղավ»: Վաղաժամ հանգչող այս շլացնող փայլով աստղի մասին էր երգը, որը քիչ առաջ կարգի էր բերում հնչյունային ինժեները: «Shine On You Crazy Diamond». «Pink Floyd»-ի երկացանկում այսուհետ չմոռացվող մի երգ, որն իրականում նվիրված էր Սիդ Բարեթին` նրա տաղանդի ու կործանվող էության հանդեպ ափսոսանքի սուր ցավով: Եվ ահա ներս էր մտել նա՝ խենթի նման ու իր խելագարեցնող հայացքով ասես հաստատում էր նրան նվիրված երգի և իրականության միջև սահմանի բացակայության մասին:

Այս ամենից կուտակված զգացողությունների, չխաղաղվող մտքերի, հավանաբար ինչ-որ չափով նաև մեղավորության, ափսոսանքի, անելանելի հոգեկան ընդվզումների հնչյունային պատկերն էր ամփոփվում խմբի 9-րդ ալբոմում: «Wish You Were Here». այսպես կոչվեց այն: Ալբոմը ոչ միայն անփոխարինելի երաժշտության հավաքածու էր, այլև հուսահատ ձայնով խոստովանություն՝ Բարեթի տաղանդի, նրա բացակա ներկայության ու նրանից ճառագող լույսի հանդեպ: Համանուն երգը դարձավ ընկերոջ համար գրված հերթական ձոն-խոստովանությունը, որը մինչ օրս համարվում է «Pink Floyd»-ի լավագույն երգերից մեկն ու Բարեթի խորհրդանիշը:

Խոսելով այս երգի մասին՝ Ուոթերսը միշտ կարևորել է ասելիքի ընդգրկուն, ավելի լայն գաղափար ունենալու խնդիրը: Նրա մեկնաբանությամբ՝ «Wish You Were Here»-ը մարդու մեջ ապրող ներքին հակասությունների մասին է, շրջապատից ու ինքն իրենից օտարված եսի, սեփական էությունը ջլատող էգոիզմի և իդեալիզմի միջև պայքարի, ոչ թե ուղղակիորեն Բարեթի մասին: Եվ այնուամենայնիվ, « Չնայած «Shine On You Crazy Diamond»-ն է ամբողջությամբ Սիդին նվիրված, իսկ «Wish You Were Here»-ն ավելի ընգրկուն է իր իմաստային առաքելությամբ, միևնույն է, ես չեմ կարող երգել այն՝ առանց Սիդի մասին մտածելու»,- ասում է նա «Pink Floyd: The Story Of Wish You Were Here» ֆիլմում:

Սկզբում Ուոթերսը գրեց բառերը: Հետո Սիդին փոխարինած Դեյվիդ Գիլմըրի հետ սկսեցին աշխատել երաժշտության ուղղությամբ: Գլխավոր երգչի դերն այս երգում ստանձնեց Գիլմըրը:

Ալբոմի բնօրինակում երգը սկսվում էր ռադիոյից հնչող ձայնային էֆեկտով: Ասես ինչ-որ մեկը փնտրում է իրեն հարազատ որևէ FM-ային տիրույթ և ահա կանգ է առնում դրանցից մեկի վրա: Այստեղից խշխշոցով լսվում են կիթառի հնչյուններ, և որքան ավելի հստակ են դրանք դառնում, այնքան դուրս են սահում ռադիոընդունիչից ու մտնում իրական տարածք: Գիլմըրի արտահայտիչ վոկալի առաջին իսկ հնչյուններից էլ դրանք հաստատվում են այստեղ: «… Երբ երկրորդ կիթառը ձուլվում է հնչող ձայնին, երկու հատվածների միջև լսվող անհավասարության զգացումը սկսում է կտրուկ անէանալ,- գրում է երաժիշտ և ռոք երաժշտության մեկնաբան Էնդրյու Լեհին,- երկրորդ կիթառը հնչում է բարձր և մաքուր, իսկ առաջինն արդեն պարզապես ուրվականն է, գունատ ստվերը այս մեկի, ձայն, որն այսպիսին պիտի լիներ, եթե հնչեր իր սկզբնական վիճակում»: Լեհին այդպիսին էր տեսնում Բարեթին նախկինում և հիմա՝ գունատ ուվական մի մարդու, ով մինչ այդ հստակ էր, մաքուր ու անբիծ, ինչպես իր երաժշտությունը:

Ռադիոփնտրտուքների մեջ առավել գիտակ երաժշտասերները անմիջապես կարող են ճանաչել Չայկովսկու սիմֆոնիաներից մեկը: Երգի ձայնագրության ժամանակ խումբը որոշեց համագործակցել այն ժամանակ արդեն հայտնի ջութակահար Ստեֆըն Գրապելիի հետ: Վերջինս աշխատում էր կողքի ստուդիայում և մեծ ոգևորությամբ համաձայնեց մասնակցել ձայնագրությանը:

«Wish You Were Here»-ը խմբի ամենասպասված կատարումներից է համերգների ժամանակ: Հետագայում երգը ընդգրկվեց «Pink Floyd»-ի տարբեր ալբոմներում և հավաքածուներում: 2005թ., երբ  երկարատև տարաձայնություններից, բաժանումից և բուռն դատական վեճերից հետո խումբը մի քանի ժամով վերամիավորվեց, լոնդոնյան բեմերից մեկում կրկին հնչեց «Wish You Were Here»-ը կենդանի կատարմամբ: Ուոթերսը 30 տարի անց էլ այս երգին մոտենալիս, մտովի տեսնում էր հին ու տաղանդավոր ընկերոջ պատկերը: «Բոլոր նրանց համար, ովքեր բացակա են, և ,իհարկե, մասնավորապես՝ Սիդի»,- ասաց նա՝ անդրադառնալով հնչած երգերին և կարճատև միավորմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter