HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում սպանված ընտանիք է հայտնաբերվել

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի:

Մահվան հանգամանքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: Սակայն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախնական տվյալներով, նրանց մահը վրա է հասել երկու օր առաջ. մայրը և ավագ դուստրերը՝ Արմինեն և Ասյան մահացել են բութ գործիքով հասցված հարվածների հետևանքով, իսկ կրտսեր երեխան՝ Սերյոժան խեղդամահ է եղել:

«Հետքը» փորձեց գյուղացիներից մանրամասներ ճշտել: Բնակիչներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց, որ Քաչոտյանները սովորական, միջին եկամուտներով ապրող, համեստ գյուղացու ընտանիք էր: Ամուսինը գնում էր արտագնա աշխատանքի, իսկ կինն ու երեխաները զբաղվում հողագործությամբ ու անասնապահությամբ: Վաչիանի բնակիչն ասաց, որ դեռևս հայտնի չեն մահվան հանգամանքները, սակայն արդեն պարզ է, որ տեղի է ունեցել դաժան սպանություն: 

Դեպքի վայրում երեկ գիշերն աշխատել են քրեագետ-փորձագետները: Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական վարկած չի հրապարակել և չի հայտնել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածներով է գործ հարուցվել: 

Նշենք, որ Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը: 

Հուղարկավորության օրը դեռևս հայտնի չէ: Հարազատները սպասում են հոր ժամանելուն, որից հետո կորոշվի հուղարկավորության օրը: 

Վաչիան գյուղի լուսանկարը՝ wikipedia-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter